ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բա թե՝ «կադաստրի վկայական»… ձյուն գա թյուրքական զիբիլով քսպված գլխիդ

Բա թե՝ «կադաստրի վկայական»… ձյուն գա թյուրքական զիբիլով քսպված գլխիդ
02.06.2023 | 15:59

«Լոռու Չեզոք գոտու» մեջ մտնում էին Բորչալուի գավառի Ալավերդու, ՈՒզունլարի (Օձուն) և Վորոնցովկայի (Կալինինո, հետագայում Տաշիր) շրջանները՝ 41 գյուղերով; Այն Խորհրդային Հայաստանին է միացվել 1921թ. փետրվարի 16-ին և առ այսօր չունի «կադաստրի վկայական»՝ ինչպես մոտ ապագայում իրեն կարող է թույլ տալ ասել ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, եթե Վրաստանը տարածքային պահանջներ ներկայացնի Հայաստանին:

Իսկ, որ սրա իշխանության երկարաձգման դեպքում նման բան լինելու է՝ կասկածից վեր է: Կասկածից վեր է նաև, որ այս «ժողովրդավար իշխանությունը» կբավարարի այդ պահանջները՝ չվնասելու հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու տարածաշրջանում հաստատված «փխրուն» խաղաղությունը:

Եվ մի գեղեցիկ օր (Աստված մի արասցե) Տաշիրի տարածաշրջանում դեռևս մնացած ազգաբնակչությունը ըստ իրեն տրված «կադաստրի վկայականի» կարթնանա ոչ թե Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի կազմում, այլ Վրաստանի Հանրապետության Քվեմո-Քարթլի երկրամասի Մառնեուլի մունիցիպալիտետի տարածքում՝ շրջապատված «եղբայրաբար» տրամադրված ադրբեջանցիներով (իմացողները գիտեն, որ Վրաստանի այդ տարածքների բնակչության ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ են): Եվ սուսուփուս կշարունակի իր «խաղաղ» գոյակցությունը «եղբայրական միջավայրում»:

Վրաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը ի լուր աշխարհի կհայտարարի օրինականորեն Վրաստանին միացված տարածքներում առկա ազգաբնակչության անվտանգության բարձր երաշխիքների մասին, իսկ Հայաստանի վարչապետն այդ ամենը մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացնի որպես մեծագույն ձեռքբերում՝ «տարածաշրջանում հաստատված կայուն խաղաղությանը» չվնասելու համատեքստում:

Արցախի 120 000 ազգաբնակչությանը «եղբայրական Ադրբեջանի» ողորմածությանը թողնելու պատրաստ իշխանությունը առանց աչք թարթելու նույնը կանի նաև «Լոռու Չեզոք գոտու» ազգաբնակչության պարագայում: Կասկածողները թող 6-7 տարով մտովի հետ գնան ու պատկերացնեն Հայաստանի որևէ ղեկավարի, որը փրփուրը բերանին, գիշերուզօր ամենատարբեր ամբիոններից քարոզում է Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս լինելու մասին:

Պատկերացրեցի՞ք:

Չի ստացվու՞մ:

Որովհետև այն ժամանակ բացառվա՞ծ էր նման բան:

Այո, ճիշտ եք՝ բացառված էր:

Իսկ այսօր դա սովորական ընթացիկ պրոցես է, որը «մեծարգոն» քափուքրտինք կտրած կամենում է հասցնել իր համար ցանկալի ավարտի:

Դե, ուրեմն մի կասկածեք, որ «Լոռու Չեզոք գոտու» պարագայում ևս կանի:

«Մեծարգոյի» կողմնակից հարգարժան տաշիրցիներ, շարունակե՛ք անձնազոհաբար պաշտպանել նրա վարած «խաղաղարար» քաղաքականությունը, որը մոտ ապագայում հնարավոր է ձեզ ընծայի նվիրական «կադաստրի վկայականը»՝ Վրաստանի Հանրապետության Քվեմո-Քարթլի երկրամասի Մառնեուլի մունիցիպալիտետում օրինական բնակության վկայականը:

Ինձ և ինձ նմաններին էլ ներողամտորեն վերաբերվեք, որ «հիմարաբար» շարունակում ենք մտասևեռված մնալ Արցախը Ադրբեջանի կազմ չմտցնելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում բնակվելու վրա և որպես «չար ու նախանձ ապազգային տարրեր» չենք գնահատում «մեծարգոյի» գերմարդկային ջանքերը, ուղղված «տարածաշրջանում կայուն խաղաղության» հաստատմանը:

Բա թե՝ «կադաստրի վկայական»…ձյուն գա թյուրքական զիբիլով քսպված գլխիդ :

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4632

Մեկնաբանություններ