ԼՀԿ-ն պատրաստվում է 2021-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններին
09.06.2020 | 00:50
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կիրակի օրը՝ հունիսի 6-ին, վարչության նիստ է անցկացրել: Լուսավորականները հանդիպել են բոլորի աչքից հեռու՝ Վանաձորում: «Ինչու՞ եք գաղտագողի հանդիպել, համավարակի պայմաններում ի՞նչ թաքուն ռազմավարություն եք մշակում իշխանության թիկունքում»,- կեսկատակ-կեսլուրջ հարցրինք Ազգային ժողովի համանուն խմբակցության պատգամավորներից մեկին: «Թաքուն կամ գաղտագողի չենք հանդիպել, ուղղակի որոշեցինք այս անգամ մաքուր օդին, բնության գրկում հավաքվել ու հետագա անելիքներից խոսել: Ինչ էլ որ քննարկել ենք, իշխանության հետ որևէ կապ չունի: Հիմնական խոսակցությունն ու քննարկումը վերաբերել է կուսակցության մարզային գրասենյակների աշխատանքին, համավարակով պայմանավորված՝ դրանց գործունեության կարգի փոփոխությանը: Այսինքն, ուղիներ ենք փնտրել, որ կորոնավիրուսը որևէ կերպ չխոչընդոտի մարզային գրասենյակների աշխատանքին»,- ասաց մեր զրուցակիցը։
«Իրատեսի» տեղեկություններով, սակայն, ԼՀԿ-ականները պատահական չէ, որ հենց Վանաձորում են հանդիպել. նրանք հենց այսօրվանից մտածում են 2021-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին: Եկող տարի Վանաձորը նույնպես քաղաքապետ է ընտրելու, և լուսավորականները կիրակի օրվա նիստում հիմնականում այդ հարցի շուրջ են կենտրոնացել, քննարկել՝ ում թեկնածությունն են առաջադրելու, ռազմավարական ինչ քայլեր են մշակելու և այլն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ