Այն, որ Արարատ Միրզոյանը չդարձավ ԱԽ անդամ, ոչ այնքան Արարատ Միրզոյանի ցավն է (աչքերից այն կաթում էր` անթաքույց ու խիստ դառնագին), որքան Նիկոլ Փաշինյանի. առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի:
Եվ «քրեական ենթամշակույթի» ջատագովներին ասֆալտին փռելու իր հին մշակույթը կյանքի կոչելուց, թեման այդ դաշտ տանելուց, իրենց թիմային խոր ֆիասկոյից օրակարգը շեղելուց առաջ, նա պետք է գոնե իր համար արձանագրեր՝ թիմն իր «տակից» գնացել է։
Իհարկե, երկար կարելի է խոսել պատճառների մասին, թե ինչու խորհրդարանական երկրում, ուր մեծամասնությունն ունի պահանջվածից էլ ավելի ձայներ, չկարողացավ խորհրդարանի ղեկավարին դարձնել ԱԽ անդամ:
ա) Խորհրդարանի ղեկավարը իր թիմակիցների մոտ ունի շատ ցածր վարկանիշ, այդ իսկ պատճառով էլ թիմը իրեն թույլ տվեց «ուշանալ», «խցանվել», մոռանալ Արարատին և այդպես շարունակ:
բ) Նկատեք` սա մի քանի առումով էր ասիմետրիկ պատասխան Արարատ Միրզոյանին. նա գործուղումները դարձրել է պատգամավորների ինքնագիտակցության, ինքնազգացողության բարձրացման նոմինալ, ու քանի որ չկա բան, որ բումերանգով հետ չշպրտվի. իր «գաստրոլյորները» մեկնել էին թանկ գործուղման (հիմնականում՝ ԱՄՆ), առանց հետ նայելու, առանց իրենց ձայնը Արարատին թողնելու:
գ) Ընդ որում, նրանց մեջ էր նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը (ինչպես ասում են` Նիկոլենց տան աղջիկն ու հարազատը): Նման վարքագծի համար նորմալ քաղաքական ուժը պետք է ոչ միայն անկյուն կանգնեցներ ֆրակցիայի ղեկավարին, այլև պաշտոնանկ աներ, մեծամասնություն ունեցող խորհրդարանի ղեկավարին` Արարատ Միրզոյանին պաշտոնանկ անելուն զուգահեռ, որովհետև, եթե մարդը չի կարող իր «մասին» հոգալ, հաստատապես անզոր է այլոց, էլ չենք ասում երկիր-պետության (մեղա-մեղա) դարդերը հոգալ:
դ) Բայց այստեղ կա նաև մեկ շատ մեծ «հմայք». հաշվի առնելով Փաշինյան Նիկոլի հախուռն-անհավասարակշիռ վարքաբանությունը, դատելով այս հարցի նկատմամբ նրա լեթարգիկ հանգստությունից, հանգում ես եզրակացության` «շեֆին» առանձնապես դուր չի եկել Արարատ Միրզոյանի հավակնոտությունը` բազմել ԱԽ աթոռներից մեկին (չնայած` կառավարությունը դրական եզրակացություն էր տվել), և տապալումը խիստ օրինաչափ էր: Ավելին` դա հատուկ էր Նիկոլ Փաշինյանին, որը իր շրջապատից նախ մեկուսացրեց Արթուր Վանեցյանին, որի վարկանիշն արդեն առաջ էր ընկել Փաշինյանի վարկանիշից, իսկ կառավարական առանձնատանը «տեղակայված» Արարատի ամբիցիան` լինել նաև «ծովերի թագավոր», պետք էր զսպել, չափավորել:
ե) Վերջին պատճառաբանությունը, թերևս, ամենավտանգավորն է բոլոր պատճառների մեջ. փնթիություն, թիմի ներսում` ոչ միայն սորոսների, այլև «սևերի» ու «սպիտակների» լրջագույն տարաձայնություն, որը գնալով ավելի ու ավելի է խորանում, ու Փաշինյանն ի զորու չի լինելու կանգնեցնել այդ ձնագունդը: Մանավանդ` ԲՀԿ-ի պահվածքի վերջին ցուգցվանագային լաբիրինթոսի դրսևորումների հավելմամբ:
Ասել է` 2020-ի հունվարին ընդառաջ, արդեն իսկ տեղի են ունենում լուրջ վերադասավորություններ խորհրդարանում` Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սահմանադրական նորմին զուգահեռ` նայած, թե Փաշինյանն ինչպես կդրսևորի իրեն աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում: Նկատենք, որ ԲՀԿ-«Իմ քայլը» «ձեռնամարտերը» հենց «Իմ քայլի» սորոսական թևն է հրահրում, քանզի անչափ դժգոհ է Փաշինյան-ՌԴ, վերջերս էլ` Լավրով-Փաշինյան «մեղրամսից»։
Շեշտադրենք՝ Արարատ Միրզոյանին նվիրված օրինագիծն ամրագրեց խորհրդարանական մեծամասնության երկրորդ տապալումը` Հրայր Թովմասյանին «նվիրված» նախագծից հետո:
Սա էլ է օրինաչափ: Քայլելով խորհրդարան մտածները վազելով դուրս պետք է թռչեն այնտեղից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ