Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՀՀԿ-ն իր առաքելությունը տեսնում է «Այո»-ի համար «Ոչ» ասելու մեջ միայն

ՀՀԿ-ն իր առաքելությունը տեսնում է «Այո»-ի համար «Ոչ» ասելու մեջ միայն
29.10.2015 | 12:05

Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ի սկզբանե ստվերում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ շրջանառության մեջ դնելով մի օրինագիծ, որը 180 հազար քաղաքացու քվեարկությունը կարող է բազմապատկել: Ինչո՞ւ հիմա խնդիրն օրակարգ մտավ, անձնագրերը նույնականացման քարտերով փոխարինելիս ինչո՞ւ հաշվի չի առնվել քվեարկության հարցը: Մի կողմից՝ ոտնահարվելու է 180 հազար քաղաքացու ընտրության իրավունքը, եթե նրանց արգելվի քարտով քվեարկել, մյուս կողմից պատասխան չունի հարցը՝ ինչպե՞ս վերահսկել, թե քանի անգամ են քվեարկել նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները, եթե քարտերը հնարավոր չէ դրոշմակնքել: Երեկ ամբողջ օրը խորհրդարանը նվիրեց ՀՀԿ չորս պատգամավորների մի քանի տողանոց օրինագծին, որ առաջարկում է ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ նույնականացման քարտ ունեցողներին: Ավելի ճիշտ՝ ամբողջ մի օր խորհրդարանը նվիրեց հարցին՝ պարզելու, որ ոչինչ անելու ժամանակ չկա, կա փաստ՝ 180 հազար քաղաքացի քվեարկելու են նույնականացման քարտերով և որևէ հնար չկա՝ բացառել կրկնակի քվեարկությունը: Իսկ պատգամավորները հնարամտության սխրանքներ էին գործում՝ սկսած մկրատով քարտի եզրը կտրելուց, բիզով ծակելուց (21-րդ դարը ԱԺ չի մտնում)՝ վերջացրած առանձին հրապարակելով նույնականացման քարտ ունեցողների ցուցակները, նույնականացման քարտ ունեցողներին կապույտ անձնագրեր տալով, պլաստիկ քարտի համարով տեղեկանք տալով ընտրությունների համար։ Վերջապես՝ առաջարկելով ընտրածների մատները թանաքոտել, որը ոչ ծախսատար է, ոչ էլ ժամանակատար: Բայց բոլոր առաջարկները բախվում էին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի «ոչ»-ին՝ ժամանակ չկա ներդնելու, տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել, Ընտրական օրենսգիրքը վերահսկման հնարավորություն արդեն տալիս է պատճառաբանություններով։ Այսինքն՝ մարդն ասելիք չունի, բայց պարտավոր է դիմադրել և օրինագիծը հիմնավորել: Իսկ դա հենց ի սկզբանե կասկածելի է դարձնում՝ կա՞ արդար հանրաքվեի մտադրություն, թե հին հայկական ընտրական ավանդույթով այս անգամ էլ րոպեում 45+N թվով քվեարկությամբ դեկտեմբերի 7-ին ստանալու ենք կառավարման նոր մոդել: Քաղաքական կամքը Հայաստանում միշտ օրենքից վեր է եղել: Հիմա էլ բացահայտ է, որ 180 հազար քաղաքացու քվեարկությունը վերահսկելի դարձնելու քաղաքական կամք չկա և հարուցվում են տեխնիկական խնդիրներ, որոնք կարող են և համակարգային լինել՝ նկատի ունենալով, որ Հայաստանում չկա անձը հաստատող միասնական փաստաթուղթ, իսկ ընտրողների տեղեկատվական բազաներ ստեղծելու վրա ծախսված գումարները չեն արդարացնում իրենց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ընդամենը մեկ օրինագծի քննարկման ամբողջ պատմությունը չի՞ վկայում, որ կառավարման մոդել փոխելուց հետո էլ Հայաստանում ոչինչ չի փոխվելու, եթե խորհրդարանական կայուն մեծամասնություն է ձևավորվելու ու այդ մեծամասնությունը բոլոր հարցերին պատասխանելու է «ոչ», երբ լուծումները համարի իր համար աննպատակահարմար: Արժի՞, ուրեմն, գնալ հանրաքվեի՝ նույնիսկ «ոչ» ասելու համար: Մինչդեռ ընդամենը մի քիչ քաղաքական ճկունությունը ՀՀԿ-ին թույլ կտար քաղաքական դիվիդենդներ հավաքել ու համաձայնել առաջարկներից որևէ մեկին՝ վստահության հիմք ստեղծելու, ոչ թե անվստահության պատճառ՝ հանրաքվեից համարյա մեկ ամիս առաջ: Ասենք, մատները թանաքոտելու առաջարկին: Ի վերջո, կարի անհրաժեշտության դեպքում այդ թանաքն էլ կմաքրվեր, բայց ՀՀԿ-ն իսկապես պահպանողական կուսակցություն է և իր առաքելությունը պատկերացնում է միայն «Այո»-ի համար «Ոչ» ասելու մեջ:

Դիտվել է՝ 960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ