ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Այնշտայնը, հայոց տառապանքները, Ռեմբրանդը...

Այնշտայնը, հայոց տառապանքները, Ռեմբրանդը...
30.05.2014 | 11:21

«Գաղտնիքի զգացողությունը ամենահրաշալի բանն է, որ մենք կարող ենք զգալ: Այն ցանկացած իրական գիտության և արվեստի աղբյուրն է»:


Ա. ԱՅՆՇՏԱՅՆ

ՈՒղիղ 85 տարի առաջ Լայպցիգի համալսարանի շրջանավարտ, 24-ամյա Հակոբ Գրիգորի Ճրճրյանը (Յակոբ-Գրիգոր Ճրճրեան) Վենետիկի Սբ. Ղազար կղզում լույս տեսնող «Բազմավեպ» ամսագրի 1929-ի հունիսի և հուլիս-օգոստոսի համարներում գերմաներենից թարգմանաբար ներկայացնում է Ալբերտ Այնշտայնի 2 գիտական հոդվածները` «Նոր կարելիութիւն` ձգողականութեան և էլեկտրականութեան կեդրոնական անդատեսության մասին» վերնագրով: Այդ հոդվածների առանձնատիպը 1969-ին կրկին Սբ. Ղազարում տպագրվել է թարգմանչի միջոցներով և հատուկ ուղարկվել Խորհրդային Հայաստանի ԳԱԱ-ի հիմնարար գրադարանին, ԵՊՀ-ի գրադարանին և ԳԱԱ-ի նախագահ Վ. Հ. Համբարձումյանին… և ոչ մի արձագանք: Մատների վրա կարելի է հաշվել այն լեզուները, որոնցով XX դարի մեծագույն մտածող Այնշտայնը թարգմանվել է կենդանության օրոք` իր թույլտվությամբ:
Երբ, շուրջ 40 տարի առաջ, «հայտնաբերեցի» Հակոբ-Գրիգորին, պարզվեց, որ նա ճանաչված անուն է սփյուռքահայ մտավորականության շրջանում, իսկ Հայաստանում գիտեին միայն նրանք, ովքեր ի պաշտոնե զբաղվում էին սփյուռքի խնդիրներով կամ ունեին անձնական կապեր նրա հետ:
Թերևս խորհրդային կաղապարված մտածողության և բնագետ մտավորականության անտեղյակության պատճառով է, որ ֆրանսահայ մշակութաբան, թարգմանիչ, գրող, գերմանագետ, սփյուռքում հայոց լեզվի մաքրության հետևողական պաշտպան, այդ գործի անզիջող նախանձախնդիր Հակոբ-Գրիգորը, որպես Այնշտայնի գործերի հայ թարգմանիչ «չի ներկայացվել» ո՛չ հայրենիքում և ո՛չ էլ սփյուռքում:
Հայերեն թարգմանված հոդվածներից առաջինի բնագիրը լույս է տեսել 1928-ին, իսկ 2-րդինը` 1929-ին. դրանք շարունակական բնույթի են և վերաբերում են ձգողական և էլեկտրական դաշտերի միասնական տեսության նոր հնարավորությունների ձևակերպմանը: Երկու հոդվածներն էլ հայերեն թարգմանության մեջ ներկայացված են մեկ վերնագրի տակ:
1929-ին Բեռլինում աշխատող Այնշտայնին Հակոբը Լայպցիգից պաշտոնապես դիմում է նամակով` հայցելով թույլտվություն մեկ հոդվածի թարգմանության համար: Անմիջապես ստանում է 1929-ի մայիսի 2-ին գրված պատասխան նամակը հետևյալ բովանդակությամբ. «Ինչ որ ինձմե կախյալ է կթույլատրեմ Ձեզի թարգմանության տպագրությունը այն աշխատության, որ սակայն իր այդ միակ ձևին մեջ բոլորովին անհասկանալի պիտի ըլլար» (թարգմանությունը Հ. Գ.-ի):
«Կարևորը գործը սկսելն էր,- հետագայում պատմում էր Հակոբ-Գրիգորը,- իսկ հետո ավելի լավ մասնագետները թող որ շարունակեն իմ կիսատ թողած թարգմանության գործը»:
Սակայն, ցավոք, այդպես էլ այն շարունակություն չի ունենում:
«Ինձի համար մեծ պատիվ ու երջանկություն է, որ առաջին թարգմանիչն եմ եղած Այնշտայնի երկերուն»: (Սույն հոդվածում չակերտների մեջ առնված Հակոբ-Գրիգորի մտքերը վերցված են ինձ հասցեագրված նամակներից):
Հաշվի առնելով Այնշտայնի դիտողությունը, Հակոբը թարգմանում է ևս մի հոդված, որտեղ նախորդում արծարծված մտքերը Այնշտայնը փորձում է ավելի հասկանալի դարձնել:
Իր երկրորդ` 1929-ի սեպտեմբերի 29-ի պատասխան նամակում, Այնշտայնը, իրեն բնորոշ համեստությամբ, պատասխանում է, որ «իր ուսումնասիրությունները միասնական դաշտի տեսության մասին դեռևս բավարար չեն ներկայացնելու ամփոփիչ հրատարակման, դեռ բավականին շատ ժամանակ կպահանջվի այդ ամենի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»:
Երիտասարդ, բազմաշնորհ Հակոբը առավել կարևորել էր ոչ թե հոդվածի բուն նյութը, այլ երևույթը` հայերեն ներկայացնել գրեթե միաժամանակ գիտության ամենավերջին նվաճումը` ընդհանուր հարաբերականության տեսությունը և ոչ թե հանրամատչելի տարբերակով, ինչպես ընդունված էր եվրոպական շատ երկրներում, այլ մաթեմատիկական ձևակերպումներով բուն տեսական աշխատանքը:
Բացի այդ, Այնշտայնի 2 գիտական հոդվածների միաժամանակ արված հայերեն թարգմանությամբ Հակոբ- Գրիգորը ցանկացել էր ոչ այնքան հայ բնագետների ուշադրությունը հրավիրել 20-րդ դարի մեծագույն գիտնականի մտքի և երևակայության ճախրանքի մաթեմատիկական ձևակերպումներին, որքան փորձում էր հայ մտավորականությանը հիշեցնել «ոսկեդարյան» ավանդույթը, ըստ որի` աշխարհի մեծագույն մտածողների ստեղծագործությունները պետք է թարգմանվեն հայերեն, փոխանցվեն սերնդեսերունդ մայրենի լեզվով՝ խթանելով հայերեն լեզվամտածողությունը: Միաժամանակ ցանկանում էր օրինակ ծառայել Խորհրդային Հայաստանի բնագետ գիտնականներին` նորագույն հայտնագործությունները անպայման ներկայացնել նախ հայերենով, հետո նոր միջազգային տարածում ունեցող որևէ լեզվով: Նա կարծում էր, որ հայ բնագետը պետք է շատ զգույշ վարվի օտար լեզվով ստեղծված գիտական եզրերի (տերմինների) հարցում և հնարավորինս հայերեն մտածողության շրջանակներում ձգտի իմաստալից ներկայացնել օտարահունչ եզրերն ու բառերը: Այս գաղափարի և դրա իրականացման ականատեսն ենք Հակոբ-Գրիգորի թարգմանչական, հրապարակախոսական, գիտական, գրական բոլոր ստեղծագործություններում` մինչև իր կյանքի վերջը (1985 թ.):
Կարծում եմ` լեզվաբանական առումով, հետաքրքրություն են ներկայացնում սույն թարգմանության մեջ օգտագործված բոլոր հայերեն եզրերը։ Համաձայն Հակոբ-Գրիգորի` «եթե հայերեն պիտի գրենք կամ թարգմանենք, պետք է մաքուր հայերեն շարադրենք մեր մտքերը առանց օտար բառեր գործածելու: Եթե քիչ մը դժվար կհասկնաս պարզապես անոր համար է, որ բառերուն եվրոպական իմաստները հայացուցած եմ ինքս: Ամոթ է, որ փոխ առնինք բառեր, որոնց հայերենը արդեն ունինք կամ կրնանք շատ դյուրությամբ թարգմանել»: Ահա ֆիզիկայում և մաթեմատիկայում գործածական այն եզրերի ոչ լրիվ ցանկը, որոնք Հակոբ-Գրիգորն օգտագործել է իր թարգմանության մեջ և նրանց համապատասխան ներկայումս կիրառվող հիմնականում օտար եզրերը.

1. անդատեսություն - դաշտի տեսություն
2. անդակարողություն - դաշտի պոտենցիալ
3. ամբողջական հաշիվ - ինտեգրալ
4. բնագիտական - ֆիզիկական
5. գետնաչափական - գեոդեզիստական
6. դատարկություն, անջրպետ - վակուում
7. եռանդ - էներգիա
8. երևակայական - կեղծ
9. կարողություն - պոտենցիալ
10. հեռազուգահեռականություն -պարալելիզմ
11. համանման - ադեկվատ
12. հոդ - անդամ
13. համաչափ - համեմատական
14. հակափոփոխական - կոնտրավարիանտ
15. համակարգեալ - կոորդինատ
16. համակարգության դրություն -կոորդինատական համակարգ
17. համափոփոխական - կովարիանտ
18. ձգողական - գրավիտացիոն
19. ձգաձիգ - վեկտոր
20. ձգտիչ - թենզոր
21. շրջանափոփոխական - ինվարիանտ
22. չափագիտություն - չափողականություն
23. ծանուցիչ - ինդեքս
24. ձևական - ֆորմալ
25. տարբերական, պակսում - դիֆերենցիալ
26. տեղական բաղկացուցիչ - լոկալ կոմպոնենտ
27. խոտորում - դիվերգենցիա
28. թվաբանագետ - մաթեմատիկոս
29. շրջումներ (Լորենցի) - փոխակերպում և այլն...
Եվ այսպես 2 ոչ ծավալուն հոդվածներ 7 էջի սահմաններում և 30-ից ավելի հայերեն նոր եզրեր, որոնք այդպես էլ, ցավոք, շրջանառության մեջ չմտան Խորհրդային Հայաստանի ֆիզիկոսների և մաթեմատիկոսների շրջանում: Եվ դրա հիմնական պատճառը, ինչպես նշվեց, թերևս հայաստանաբնակ գիտնականների անտեղյակությունն էր Հակոբ-Գրիգորի թարգմանություններին:
Համացանցի օգնությամբ վերջերս ինձ հայտնի դարձավ, որ, իրոք, այդ հոդվածների առանձնատիպը գտնվում է ՀՀ ԳԱԱ-ի հիմնարար գրադարանում, սակայն ոչ թե Այնշտայնի անվան տակ, ռուսերենից թարգմանված նրա հանրամատչելի գործերի կողքին, այլ Հակոբ -Գրիգորի, և դա էլ կարծես քիչ է` «Հարաբերականության տեսության» առարկայական ցանկում տեղադրելու փոխարեն ներկայացված է... «Էլեկտրատեխնիկայի» ցանկում: Անտեղյակության և անփութության ինչպիսի զուգադիպություն: Հուսանք, որ սույն հոդվածի հրապարակումից հետո կուղղվի այդ թյուրիմացությունը ինչպես ԳԱԱ-ի, այնպես էլ ԵՊՀ-ի գիտական գրադարաններում:


Նորայր ԽՐԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ