38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՏՏ ոլորտը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանդես կգա սեփական առաջարկություններով

ՏՏ ոլորտը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանդես կգա սեփական առաջարկություններով
18.05.2014 | 12:58

Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարեց, և հանվեց պարտադիր բաղադրիչը։ Բավարարո՞ւմ է արդյոք փոփոխությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին։ Այս հարցով դիմեցինք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։ «Օրենքն ամբողջությամբ, իհարկե, չի բավարարում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պատրաստվում է սեփական առաջարկություններով հանդես գալ։ Մեկ ամսվա ընթացքում կներկայացնենք, ինչի մասին տեղեկացրել ենք վարչապետին։ Սակայն փաստաթուղթն այս փուլում բավարարում է այնքանով, որ գործարարների վրայից ճնշումն ու անորոշումը մի քիչ հանում է։ Օրենքում էլի թերություններ կան. օրինակ աշխատողն ինքը պետք է դիմի, որպեսզի աշխատավարձից պահումներ չանեն։ Կարելի էր հակառակը սահմանել. պահել միայն նրանցից, ովքեր կդիմեին և կխնդրեին կատարել պահումներ։ Իրավական տեսանկյունից փաստաթղթի տրամաբանությունը սխալ է կառուցված։ Ամեն դեպքում նոր օրենքն անորոշության դաշտն էականորեն պարզեցրեց։ Եվ դա դրական է։ Մեկ ամսվա ընթացքում կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մենք մեր առաջարկություններով հանդես կգանք, կտեսնենք՝ ինչը կընդունի կամ չի ընդունի օրենսդիր մարմինը, և կկարողանանք կարծիք հայտնել, թե որքանով է համակարգը մեզ բավարարում»,- նշեց Կարեն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է խոշոր կազմակերպությունների համար պարտադիր աուդիտի պահանջը վերացնելուն, ապա Կարեն Վարդանյանը կարծում է, որ այդ պարտադիր բաղադրիչից իրականում ոչ ոք չէր էլ օգտվում. «Խոշոր օլիգարխիկ հիմնարկներն այդ գործիքին անլուրջ էին վերաբերվում։ Հսկայական ընկերությունը մի 200 հազար դրամ վճարում էր փոքր աուդիտորական ընկերություններին ու ասում՝ ինձ ֆորմալ աուդիտ արեք։ Թեև նույնիսկ այդ ձևական աուդիտը բավականին օգուտներ էր բերում։ Այդ ընկերությունների ղեկավարները տեսնում էին իրենց վիճակը, օլիգարխները մի քիչ «սպիտակ» մարդ էին դառնում։ Չեմ կարծում, թե այդքան էլ ճիշտ էր պարտադիր աուդիտը վերացնելը։ Հակառակը՝ ես կխստացնեի աուդիտի պահանջները, ինչը կհանգեցներ նրան, որ ընկերությունները սպիտակ դաշտ կգային։ Բացի այդ, օլիգարխները հիմնականում լավ կառավարիչներ չեն, մեր խոշոր բիզնեսի համակարգում մեկ-երկու լավ կառավարիչ գտնվի կամ ոչ, և այդ աուդիտը թույլ էր տալիս տեսնել, թե կառավարումն ինչպես է ընթանում»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ