ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն ընդլայնվում է

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն ընդլայնվում է
08.03.2014 | 11:20

2012թ. հուլիսի 1-ից մեկնարկել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ), որի բյուջեն կազմում էր 100 միլիոն դրամ։ Մեկ տարի անց բյուջեն կրկնապատկվեց՝ դառնալով 200 միլիոն դրամ։ Ինչպես 2012, այնպես էլ 2013 թվականին ծրագիրը գործել է չորս հիմնական ուղղություններով՝ երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետական բարձր մակարդակով հետևողականորեն ուշադրության կենտրոնում են պահվում երիտասարդների, մասնավորապես, երիտասարդ գիտնականների խնդիրները։ ՀՀ նախագահի կողմից երիտասարդ գիտնականներին հատկացվող բյուջեի ավելացումը Կառլեն Խաչատրյանը պայմանավորում է նաև արդեն հատկացված գումարների ծախսման արդյունավետությամբ։ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի իրականացման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ենք ծավալել ծրագրային ուղղությունների վերաբերյալ, և կարող ենք փաստել, որ այսօր ԵԳԱԾ-ն գոնե երիտասարդ գիտնականների մի ստվար զանգվածի պատկերացումներին համահունչ գործունեություն է ծավալում»,- ասում է ԵԳԱԾ ղեկավար մարմնի ներկայացուցիչը։
Վերջին շրջանում ֆեյսբուքում քննարկումներ են ծավալվում երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասին։ Որոշ մարդիկ, հաճախ նաև կեղծ օգտատերեր, շահարկում են այն։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ ցանկացած լավ բան միշտ էլ քննադատության է ենթարկվում։ «Կան մարդիկ, ովքեր չարախոսում, չարախնդում են։ Նորմալ եմ վերաբերվում այդ ամենին, յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, և ըստ էության, երբ ուշադիր ուսումնասիրում ենք բողոքողներին ու նրանց արտահայտած կարծիքները, դրանք շատ նույնական են և ըստ իս, որոշ չափով՝ ուղղորդված։ Եթե խոսքը ԵԳԱԾ ֆեյսբուքյան խմբում ծավալվող քննարկումների մասին է, ապա ԵԳԱԾ ղեկավար մարմնի համոզմամբ՝ քննադատողների ճնշող մեծամասնությունը կեղծ պրոֆիլներով է հանդես գալիս՝ դրանով իսկ ապացուցելով, որ որոշակի մարդիկ գուցե նեղ-անձնական խնդիրներ լուծելու համար փորձում են ստվեր գցել ծրագրի վրա։ Պետք է նաև հաշվի առնել, որ մեր ծրագիրն իրականացվում է մրցութային հիմունքներով, և այն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն չեն արժանացել աջակցության, պատճառը ոչ թե իրենց կամ իրենց ներկայացրած հայտի մեջ են փնտրում, այլ փորձում են մեղքը բարդել որոշում կայացնողների վրա»,- նշում է Կառլեն Խաչատրյանը։
Մեր զրուցակիցը նաև ընդգծում է, որ իրենք կապվում են սոցիալական ցանցերում այդ հարցերը բարձրաձայնողների հետ, հանդիպում, քննարկումներ ծավալում. «Փորձը ցույց է տալիս, որ բողոքողների ճնշող մեծամասնությունը խուսափում է մեզ հետ հանդիպումից, ինչը նաև հիմք է ենթադրելու, որ նրանք կեղծ պրոֆիլներով են հանդես գալիս։ Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանը, ապա վերջիններիս կողմից արվող ցանկացած առաջարկ ԵԳԱԾ ղեկավար մարմինը միշտ քննարկել է, առաջարկներ ներկայացնողներին մենք սիրով հրավիրում ենք մեր նիստերին, և երիտասարդ գիտնականները ծրագրի բարելավման ուղղությամբ իրենց դիտարկումներն ու նկատառումներն են ներկայացնում, որոնք հետագայում հաշվի ենք առնում»,- ասում է Կառլեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ այսօր քննարկվում է գիտական աշխատանքների հրատարակման աջակցման մրցույթի հարցը։ Քննարկվում է նաև մեկ այլ ծրագիր՝ արտասահմանում միջնաժամկետ վերապատրաստման հետ կապված։ «Սրանք նախաձեռնություններ են, որոնք պատրաստվում ենք կյանքի կոչել երիտասարդ գիտնականների առաջարկով»,- ասաց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղարը։
Նշենք նաև, որ ԵԳԱԾ-ն վերջերս փոփոխություն է կատարել գիտական գործուղումների ֆինանսական աջակցության ծրագրի կարգում: Մասնավորապես` հետայսու կարող են դիմել այն երիտասարդ գիտնականները, ովքեր ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կամ արտասահմանյան գիտական պարբերականներում առնվազն մեկ գիտական հոդված ունեն: Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ այս փոփոխությամբ փորձել են որոշակիորեն հստակեցնել երիտասարդ գիտնականի սահմանումը։ «Մեր ծրագրում երիտասարդ գիտնական ենք համարում ՀՀ բուհերում կամ գիտահետազոտական կենտրոններում գիտական հետազոտություն իրականացնող մինչև 35 տարեկան անձանց։ Ուսանողների մասով երբեմն խնդիրներ էին առաջանում, և շահարկումներ արվում, թե արդյոք 4-րդ կուրսի ուսանողը երիտասարդ գիտնակա՞ն է, որ գիտական գործուղման աջակցություն է ստանում։ Որպեսզի խուսափենք նման խնդիրներից, որոշեցինք փոփոխություն անել կարգում և ավելացնել գիտական հոդվածի առկայությունը»։
Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ մոտ օրերս կհայտարարվի երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման մրցույթը, և գիտական խմբերը կկարողանան մինչև 1 միլիոն դրամի շրջանակներում որոշակի սարքավորումներ կամ գիտական նյութեր ձեռք բերելու համար հայտ ներկայացնել։ Նա նաև կոչ արեց երիտասարդ գիտնականներին հանդես գալ առաջարկներով, ներկայացնել իրենց գաղափարներն ու տեսակետները՝ խոստանալով դրանք անպայման դնել քննարկման։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ