ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները խստացվել են

Գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները խստացվել են
23.01.2014 | 16:23

Կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները: Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) սկսում է գիտական հրատարակությունների գրանցման գործընթացը` նոր չափանիշներին համապատասխան:
Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահի տեղակալ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ընդգծելով, որ փոփոխությունների արդյունքում կբարձրանա պետական հրատարակությունների մակարդակը, քանի որ ԲՈՀ-ի ընդունելի ցուցակում հայտնվելու գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները խստացվել են:
Ցուցակում կընդգրկվեն այն պարբերականները, որոնք հրատարակվում են գիտական կենտրոնի կամ որևէ գիտական կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորությամբ: Յուրաքանչյուր պարբերական հրատարակություն պիտի ունենա գիտական խորհուրդ, որում ընդգրկված պետք է լինեն համապատասխան ոլորտի գիտությունների դոկտորներ:
Պարբերականը պետք է տպագրվի տարին առնվազն երկու անգամ, նվազագույնը 100 տպաքանակով, առաքվի Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական գրադարաններ: Ընդ որում, պարբերականի հավելվածները այսուհետ չեն փոխարինելու գիտական պարբերականներին: Մյուս պահանջը. գիտական պարբերակաները պետք է ունենան կայք, որտեղ բոլոր նյութերը պետք է ունենան հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրեր` 50-60 բառի սահմաններում, բանալի բառեր, նաև հեղինակների մասին տեղեկություններ: Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ դրանցով կարող են հետագայում ստուգել այս կամ այն հոդվածի, հեղինակի պատկանելությունը: Ինչ վերաբերում է օտարալեզու պարբերականներին, դրանք պետք է ունենան հայերեն տիտղոսաթերթ: Ընդ որում, հրատարակվող նյութերը պետք է գրախոսվեն կամ երաշխավորված լինեն տպագրության:
Սույն փոփոխությունները, զրուցակցիս կարծիքով, միանշանակ դրական են: «Մինչ այս ցածր մակարդակի ատենախոսություններ էին ներկայացնում ԲՈՀ-ին, որոնց պահանջները ձևական տեսանկյունից բավարարված էին,- ասաց նա:- Մի կարևոր փոփոխություն էլ կա. ցուցակում ինքնաբերաբար ընդգրկվում են բոլոր այն պարբերականները, որոնք ներառված են միջազգային պարբերականների համակարգում կամ Web of Science կամ Scopus ցիտման համակարգերից որևէ մեկում: Գիտական հրապարակումների շտեմարան է սա, ցավոք, Հայաստանից միայն երեք պարբերական է ընդգրկված»: Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ մեր գիտությունը չի կարող սահմանափակված լինեն մեկ հանրապետության շրջանակում, իր համաշխարհային ազդեցությունը նաև պետք է ունենա, ընդգրկված լինի համաշխարհային դասակարգման պարբերականների ցուցակում:
Ինչ վերաբերում է ընթացակարգին, ԲՈՀ-ը սահմանել է մոտ մեկ ամիս ժամանակ բոլոր պարբերականների համար, որ եթե չեն բավարարում այդ պահանջներին, ուղղումներ անեն և գիտական պարբերականի գիտական խորհրդի նիստ հրավիրեն: Դրանից հետո երկու շաբաթվա ընթացքում հայտերը կուսումնասիրվեն, մարտի 1-ին կհրապարակվի Հայաստանում ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակը:
Անդրադառնալով մեր հարցին` փոփոխությունները բացասական արձագանք չե՞ն առաջացնի ապագա ատենախոսների շրջանում, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե բացահայտ որևէ մեկը կկարողանա դեմ խոսել, իսկ եթե պահանջներին չեն բավարարում, սա շատ լավ հնարավորություն է անորակ «գիտական» հրատարակությունները ԲՈՀ-ի ցուցակից հանելու համար»:
ԲՈՀ-ի նախագահի տեղակալը նշեց նաև, որ սա բարեփոխումների առաջին փուլն է, իրենք քայլ առ քայլ աշխատելու են գիտական աստիճանաշնորհման համակարգի բոլոր թերություններն օրենսդրական հիմնավորմամբ վերացնել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ