ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ստալինյան ռեժիմն այսօր էլ լուրջ ազդեցություն ունի մեր հոգեբանական պատկերի ու պահվածքի վրա

Ստալինյան ռեժիմն այսօր էլ լուրջ ազդեցություն ունի մեր հոգեբանական պատկերի ու պահվածքի վրա
03.08.2023 | 09:15

Երկար ժամանակ վախի մթնոլորտում ապրած մարդիկ դառնում են ծայրահեղ զգուշավոր, ներփակվում իրենք իրենց մեջ և կորցնում վստահությունը մեկը մյուսի նկատմամբ, քանի որ դա է թելադրում կյանքի հարատևումը տվյալ իրավիճակում։

Իսկ նման իրավիճակը ստեղծվում է լրիվ մտածված ու պլանավորված ձևով, որի դասական օրինակը ստալինյան ռեժիմն էր, որն էլ դեռ մինչև այսօր լուրջ ազդեցություն ունի մեր հոգեբանական պատկերի ու պահվածքի վրա։

Ռուսական կայսրության կամ Խորհրդային Միության նման երկրներում պետության կայունությունը սերտորեն կապված է հասարակ մարդու ունեցած իրավունքների ու ազատության աստճանի հետ։

Բոլոր երկրներում, տվյալ պայմանների ու հոգեբանության դեպքում, կա մարդկանց տրվող ազատության մի աստիճան, որի դեպքում պետականությունն ունենում է առավելագույն կայունություն։

Այս իմաստով, չնայած այն բանին, որ հետագայում խորհրդային պրոպագանդան Ռուսական կայսրությունը բնութագրում էր որպես ժողովուրդների բանտ, իրականում այն շատ ավելի ազատ երկիր էր, քան Խորհրդային Միությունն ինքը։

Բանը հասել էր նրան, որ սիբիրյան աքսորում գտնվող Լենինը, ըստ Կրուպսկայայի հիշողությունների, իր շրջապատի հետ միասին ստիպված էին մի ամբողջ շաբաթ սնվել նույն ոչխարի մսով, էլ չենք խոսում քաղաքական կոնտակտների ու քննարկումների ազատության մասին աքսորի պայմաններում։

Խորհրդային դպրոցական դասագրքերում կար մի պատմություն, որը կոչվում էր «Իր խոսքի տեր մարդը» որտեղ պատմվում էր, թե սիբիրյան աքսորում գտնվող Ստալինը ինչ դժվարություններով էր հասել Սուրեն Սպանդարյանի կազմակերպած քաղաքական սեմինարին։

Իհարկե, այդ պատմության մեջ Սպանդարյանի անունը չկար, որն այդ ժամանակ կուսակցական ռանգով Ստալինից շատ բարձր էր։

Մյուս օրինակը՝ Բաքվում հեղափոխական գործունեություն ծավալելու մեղադրանքով Աստրախան աքսորված Ստեփան Շահումյանը իր աքսորի վայրում աշխատում էր նավթային ընկերությունում որպես գլխավոր ինժեներ։

Նման պատկերի հետ լավ ծանոթ լինելով և աչքի առաջ ունենալով անիմաստ քաղաքական ազատությունները Ռուսաստանում ժամանակավոր կառավարության ժամանակ՝ Ստալինը, միամիտ քաղաքական հակառակորդների հետ հաշիվները մաքրելուն զուգահեռ, երկրում աստիճանաբար հաստատեց, մեղմ ասած, խիստ սահմանափակ ազատություններով ռեժիմ։

Առանց նման խիստ ռեժիմի հնարավոր չէին լինի ոչ կոլեկտիվացումը, ոչ էլ ժամանակակից արդյունաբերության ստեղծումը, որոնք էլ հնարավար դարձրին հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում։

Ստալինի մահից հետո նման ռեժիմը զգալիորեն մեղմացվեց Խրուշչովի կողմից, որը սկզբնական շրջանում բերեց մեծ հաջողությունների, բայց մյուս կողմից էլ, ազատվելով վախից, համակարգը կայունանալու այլ լուծում չգտավ, ինչն էլ աստճանաբար հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզման։

Ռուսաստանի նման հզոր երկրում այսօր էլ ծառացած է մարդկանց ազատության օպտիմալ աստիճանի որոշման հիմնարար պրոբլեմը։

Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա նախկին ժամանակներից ժառանգություն մնացած վախն ու մեկը մյուսին չհավատալը և չվստահելը շարունակում են չար խաղ խաղալ մեր գլխին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ