ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թակարդը և քաղաքականությունը

Թակարդը և քաղաքականությունը
23.05.2024 | 19:05

Ինչպես խուսափել խայծից կամ, ժողովրդական լեզվով ասած, «կուտը չուտել»։ Ահա մի կարևոր հարց, որի մասին չի խոսվում և անտեսված է։ Սիրելիներս, այս հարցը արժեր քննարկել մեր հավաքական ինքնության տեսանկյունից աստվածային լույսի ներքո, սակայն չբարդացնելու համար խոսենք քաղաքական ու ժողովրդական լեզվով։ Նախ, ասենք հայտնի բանաձևը. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»: Ինչ կուրության և ինչ փոսի մասին է խոսքը։ Սովորական իմաստով հասկանալի է՝ ոչ միայն հեռուն, այլ մոտիկն էլ չես տեսնում ու ընկնում ես փոսը, այսինքն, լուծում ես ստամոքսի խնդիր՝ արագ ու անմտորեն կուլ ես տալիս խայծը։ Քաղաքական իմաստով այս կարճամտությունն է, երբ աթոռից կամ նրա վրա նստողից այն կողմ չես տեսնում, ավելի պարզ՝ չունես տեսանելի ու իրագործելի նպատակներ ո՛չ մոտիկ, և ո՛չ էլ հեռու ապագայի համար։ Ահա այս իմաստով փոսը քաղաքական ձախողումն է, երբ կազմակերպված կառուցվածքները, բարենորոգվելու փոխարեն, կազմալուծվում են (հիշել Մելիքի կեղծ հրավերը, ու Դավթի` հորն ընկնելը)։ Պատճառները՝ հավկուրություն՝ մեր բարձրորակ արժեհամակարգի անտեսում, խմբային շահերի գերակայում, ենթակայական կառավարում, երբ կառավարումը իրագործում են կամակատարները, ենթարկվելով տեսանելի կամ ոչ տեսանելի այլ ուժերի, որոնց նպատակները չեն համընկնում տվյալ հանրության իրական շահերի հետ։ Այլ կերպ՝ երբ չունես կառավարման համակարգ քո հավաքական ինքնության պահպանման, զարգացման և նրա ստեղծած արժեքների տարածման համար, ինչպես նաև եռաշերտ ռեսուսների արդյունավետ կառավարման ու եկամուտների արդար ու համաչափ բաշխման գործուն եղանակներ։ Հետևաբար, ընկնում ես փոսը կամ կանգնում կոտրած տաշտակի առջև՝ ամեն ինչ վերածելով աղետի։ Մինչդեռ ապագայի կամ երկարաժամկետ լինելության խնդիրը լուծելու համար, արդեն բազմիցս խոսել եմ, դա միայն ու միայն հարազատ մնալն է մեր հավաքական ինքնությանը և տգիտությունից անցում կատարելն է լույսի, մեղքից՝ ապաշխարության, սպառողականությունից՝ բարիքների ստեղծման, պատրանքներից՝ աստվածային ու մարդկային իրողությունների։ Ցավոք, սա անբացատրելի է այժմյան քաղաքական լեզվով, քանզի այն սահմանափակված է գծային միավեկտոր կամ ճակատային հարթային երկվեկտոր մտածողությամբ։ Ահա թե ինչու են կարևորվում հոգևորը և մեր առաքելական եկեղեցու սրբազան բանաձևումնները հոգևոր Հայաստանի կայացման համար, ինչը ապահովելու է մեր տեղը աշխարհում այժմ և հետագա դարերում։ Մի խոսքով, մեր հավաքական ինքնության պաշտպանության գիտակցում և կիրառում՝ տիեզերական արդարության ու ներդաշնակության հիմքերով։ Առաջ Աստված:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 5640

Մեկնաբանություններ