ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սահմանային մեկ դիրքը շատ ավելի կարևոր է, քան այս ամբողջ դոնքիշոտյան գրոհը

Սահմանային մեկ դիրքը շատ ավելի կարևոր է, քան այս ամբողջ դոնքիշոտյան գրոհը
13.09.2023 | 11:50

Ծավալվել է հայ-ադրբեջանական/ղարաբաղյան հակամարտության լուսաբանման, մեկնաբանման, վերլուծման, բացատրման, բացահայտման և էլի մի հինգ-վեց տեսակի դիսկուրս: Այդ դիսկուրսը նման Է մի բարձրահարկ շենքի, որի բոլոր հարկերի իմաստուն բնակիչները «հիմնավոր» բացատրում են, թե Լեռնային Ղարաբաղը ինչ է, որտեղ է, ինչպես է հայտնվել այստեղ կամ այնտեղ, որ օրենքով, որ հռչակագրով, որ միջազգային պայմանագրով և այլն: Բավականին խրոխտ և «համոզիչ» յոթ հարկանի բարդ ստորադասական նախադասություններով, առաջին հարկից մինչև վերջին հարկի բնակիչները, շարքային քաղաքացիներից և բեսեդկաների քաղաքական մեկնաբաններից մինչև բարձրաստիճան պետական այրերը, բեսեդկեքից մինչև ՄԱԿ-ի բարձր ամբիոն և միջազգային ֆորումներ բացահայտում են, թե երբ և ով է առաջինը Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: Ականատես ենք «դարակազմիկ հայտնագործությունների», որոնք առավել կարևոր են, քան, ասենք, Արքիմեդի և Նյուտոնի մտքի փայլատակումները: Հանճարեղ երգիծաբան Հակոբ Պարոնյանը այս առիթով ժամանակին գրել է, թե ինչպես թաղականների ժողովին մեջ բոլոր մութ կետերը լուսավորվում են, իսկ լույս կետերը՝ մթնեցվում:

Այս երեսնամյա մղձավանջին, կարծես թե, վերջ չկա: Եվ մինչ շարունակվում է այս դարակազմիկ դիսկուրսը, շարունակվում են նաև զոհերն ու կորուստները: Մինչ թափահարվում են միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները, Ադրբեջանը հանգիստ և հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի իր վերջնանպատակը, որն է՝ Արցախի հայության դուրս մղումը երկրից: Ինձ թվում է, որ Բաքվում ծաղրում և հրճվում են, երբ տեսնում են, թե ինչպես են հայերը մեծից-փոքր հերոսանում այդ կատաղի «պայքարում»: Դեռ ավելին, հավանաբար հրճվում են նաև, երբ տեսնում են մասնակիցների բարձրաստիճան կազմը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակի առաջնորդներով: Իսկ իրականում այդ բոլոր մեկնաբանությունների և բացատրությունների օգտակար գործողության գործակիցը զրո է: Ավելի լավ է ընդհանրապես չխոսել կամ քիչ խոսել և մեկընդմիշտ դուրս գալ բարոյական հաղթանակներով ապրող ազգային բարդույթից: Սահմանային մեկ դիրքը շատ ավելի կարևոր է, քան այս ամբողջ դոնքիշոտյան գրոհը: Պուտինն էլ արդեն ընդգրկվեց այս բանավեճում: Դե, ես էլ ընդգրկվեմ և դիսկուրսը փակեմ մեկ նախադասությամբ: «ԽՍՀՄ պետության մեջ կար ԼՂԻՄ, որի բնակչությունը, ինչպես բոլորը, ունի ինքնորոշման իրավունք, Տվե՛ք նրան այդ իրավունքը և մի կախվեք հռչակագրերից ու պայմանագրերից»:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ