ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

1994-2020․ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական նոր ստատուս քվոն

1994-2020․ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական նոր ստատուս քվոն
20.07.2023 | 16:46

Արցախյան առաջին պատերազմի հետևանքով 1994 թվականի մայիսին հաստատվեց նոր ստատուս քվո։ Մենք ստացանք Արցախի Հանրապետություն՝ նոր տարածքով։ Ստացանք նաև «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակ, ինչին զուգահեռ տեղի էր ունենում հայ-ադրբեջանական մրցակցություն պետականաշինության, բանակաշինության, տնտեսության, դիվանագիտության և այլ հարթակներում։ Այդ մրցակցության մեջ մի մասով հաջողեցինք, մի մասով՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց 1-ին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները և հնարավորություն տվեց թշնամուն օգտվել նույն ժամանակահատվածում արձանագրված մեր բացթողումներից, սխալներից, ձախողումներից։

2020-ի 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին։ Հաստատվեց նոր ստատուս քվո։ Հաստատվեց Մոսկվայի ակտիվ միջամտությամբ։ Նոր ստատուս քվո՝ համեմատաբար լավ պայմաններով, կարող էր հաստատվել նաև 2020-ի հոկտեմբերի 19-ին, բայց Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց։ Եթե նրան մնար, ապա նոր ստատուս քվոն Արցախի ամբողջական վերացումը կլիներ (հիմա Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ)։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հնարավորություն տվեց Մոսկվային Արցախի մի մասը պահել հայկական և, ըստ այդմ, հնարավորություն տվեց ռազմական ներկայություն ապահովել Արցախում։

2025-ին լրանում է եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը, և եթե եռակողմ հայտարարության մասնակիցներից մեկը հայտարարի, որ դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա խաղաղապահները պետք է հեռանան։

2020-ի նոյեմբերի 9-ից էլ պարզ էր, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի ռուս խաղաղապահները 2025-ից հետո չերկարաձգեն իրենց ներկայությունը, և Ադրբեջանը կլանի Արցախը։

Նոյեմբերի 9-ից պարզ էր նաև, որ Հայաստանը պետք է հակառակն անի, այն է՝ ձգտի խաղաղապահների ժամկետի ավելացմանը։

Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ և դավաճանական քայլն այն է, որ ինքը Ալիևի հետ միաբերան կողմ է արտահայտվում ռուս խաղաղապահների գործունեության ժամկետի չերկարացմանը։ Փաշինյանը դա անում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Մոսկվան այդ պայմաններում ստանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասնակիցներից երկուսի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մերժումը։ Էրդողանը հենց այդ մերժումից հետո ինքնավստահ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները 2025-ից հետո պետք է լքեն Արցախը։

Եվ այսպես, տեղի է ունեցել մեծ դավաճանություն։ Փաշինյանը, հակառակ իր խոստումներին ու 2021-ի խորհրդարանական ընտրություններում ներկայացրած ծրագրին, Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Արցախի պաշարումը Փաշինյան-Ալիև-Էրդողան համաձայնության արդյունք է։

Բրյուսելում և Վաշինգտոնում հայ-ադրբեջանական նոր ստատուս քվո է եփվում, որի արդյունքում թիրախավորվում է ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Հայաստանը։ Ստանում ենք անվտանգության զրո երաշխիքներ՝ զուգահեռաբար դառնալով հակառուսական ու հակաիրանական գործիք։

Ի դեպ, նոր ստատուս քվոյի համար Արևմուտքին մեղադրելը երեխայություն է։ Արևմուտքն իր շահն ունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայացնողն է այլոց շահերը սպասարկում՝ անձնական շահի դիմաց։ Արցախը Փաշինյանի անձնական (նյութական) շահի առաջին զոհն է դառնում։ Հաջորդիվ Հայաստանն է։ Հետևաբար, Արցախի անկում թույլ չտալը գերկենսական և գոյաբանական հարց է բոլորիս համար։ Մեր խնդիրն այս փուլում 2020-ի նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի փոփոխություն ի վնաս Հայաստանի ու Արցախի թույլ չտալն է, ինչի կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է։ Փաշինյանի մասնակցությամբ նոր ստատուս քվոն մահաբեր կլինի մեր երկրի համար։

Հ․Գ․ Ստորության և դավաճանության գագաթնակետն է այն մտածողությունը, թե բա՝ Արցախը հանձնելու և 120 հազարին սրի տալու գնով կարելի է Հայաստանը պահել։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3446

Մեկնաբանություններ