ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վտանգավոր հանդիպումներ

Վտանգավոր հանդիպումներ
11.03.2023 | 10:25

Դիվանագետը, մինչև խոսելը, առնվազն երկու անգամ պետք է լռի. ՈՒինսթոն Չերչիլի այս խոսքերը կարելի է տարածել անարդյունք թվացող, իրականում վտանգ պարունակող հանդիպումների վրա։


Մարտի 8-ին Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի Գերագույն Իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կարևորել ծայրահեղականության և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը: Գործուղումներից տուն չվերադարձող և, ըստ էության, անարդյունք հանդիպումների կողմնակից ՀՀ ԱԳՆ ղեկավարին փորձենք առաջադրել երկու հարց։


1. Երբվանի՞ց է ՀՀ ԱԳՆ ղեկավարը յուրացրել հոգևոր գործիչների միջև հանդիպումների մենաշնորհը: Պետք է հիշել, որ էկումենիկ եկեղեցական համաշխարհային շարժման մեջ բացառիկ դերակատարում ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին, և հայոց կաթողիկոսը միշտ էլ սպասված հյուր է եղել հոգևոր շփումների խաչմերուկում։ Մ՞իթե ներկա իշխանությունների և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև առկա սառնությունը պետք է պատճառ հանդիսանա նմանօրինակ հանդիպումներում հոգևոր առաջնորդի բացակայության: Կարծում եմ՝ հայկական կողմի խոսքը կլիներ առավել ծանրակշիռ, եթե մեկտեղվեին երկրի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ջանքերը։


2. Իսկ կրոնական ինչպիսի՞ ուղղություն է դավանում Եգիպտոսը: Մեր թվարկության 639 թվականին արաբական զորքերի արշավանքից հետո նվաճված Եգիպտոսում հաստատվել է իսլամ։ 2022 թվականի տվյալներով՝ երկրի 80 մլն բնակչության 95 տոկոսը դավանում է իսլամ, հինգ տոկոսը՝ ղպտի, ուղղափառ, առաքելական քրիստոնեություն։ Կարևոր է հիշատակել, որ Եգիպտոսում դավանում են իսլամի սյունի տարատեսակը, իսկ 661 թվականին, Ալի իմամի զոհվելուց հետո, սյունի և շիա տեսակների բաժանված իսլամական աշխարհում առկա է խոր ու համակարգային, դարավոր ատելություն երկու ուղղությունների դավանողների միջև։ Անշուշտ, հեշտ է շիա իսլամ դավանող Ադրբեջանի դեմ քաջալերող խոսքեր ստանալ Եգիպտոսի սյունի կրոնապետից, բայց պետք է հիշել, որ ներկա պայմաններում կա խոր հակասություն նաև մեր բարեկամ Իրանի շիա կրոնապետերի ու Եգիպտոսի սյունի կրոնապետերի միջև։

Առանձին իրանական կրոնական ղեկավարներ մեծագույն դժկամությամբ են վերաբերվում Եգիպտոսի և Իսրայելի միջև համագործակցությանը, համարելով, որ Եգիպտոսը դավաճանել է Պաղեստինի ազատագրության գործին։ Եթե հաշվի առնենք ժամեր առաջ Իսրայելում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունը Իրանի հասցեին, ապա անկասկած, ՀՀ իշխանության բոլոր մակարդակի գործիչները, նախքան որևէ հանդիպում և ձեռքսեղմում, պետք է երկար մտածեն ու խորհրդակցեն տարածաշրջանը ուսումնասիրած մասնագետների հետ։ Որպես վերջաբան հիշեցնեմ, որ հայկական պատմության մեջ միայն մեկ տիրակալ է ռազմաքաղաքական իմաստով համագործակցել իսլամական պետության հետ. դա Կիլիկյան Հայաստանի իշխան Մլեհն էր, ով Դամասկոսի և Հալեպի ամիրա Նուր էդ Դինի զորքերի հետ արշավում էր խաչակիրների պետությունների դեմ և գերի քրիստոնյաներին վաճառում Հալեպի ստրկության շուկաներում։ Մլեհի նման կեցվածքը խստագույն պարսավանքի արժանացավ, ինչն էլ հանգուցալուծվեց նրա հեռացմամբ։


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 7446

Մեկնաբանություններ