Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կանոնակարգի հետքերով

Կանոնակարգի հետքերով
06.09.2024 | 20:52

Այսօր Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթն ուղարկեց Սահմանադրական դատարան։

Մինչ այդ իշխանական ողջ քարոզչամեքենան Կանոնակարգի հաստատումը ներկայացրեց որպես դիվանագիտական ձեռքբերում, անգամ՝ հաղթանակ:

Եվ այստեղ է, որ կարիք կա բացել որոշ չակերտներ, որպեսզի հետո չասեն՝ բա ինչու այսպես եղավ, ախր մենք այլ բան էինք հասկացել:

Այո՛, Կանոնակարգի առաջին հոդվածով ֆիքսվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

Բայց հոդվածում կա այսպիսի նկատառում ևս.

«Այն բոլոր դեպքերում, երբ խաղաղության պայմանագրի ու միջպետական հարաբերությունների կարգավորման մասով կողմերն այլ բան կորոշեն, կգործեն այդ պայմանավորվածության սկզբունքները»:

Ստացվում է, որ ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ:

Կանոնակարգով հաստատվում է նաև այն, որ գործընթացը հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, խիստ հավանական է այլ սկզբունքներով ընթանա։

Իսկ երբ Հայաստանի կառավարության հրապարակած փաստաթղթում ընթերցում ենք՝ «Եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին» արտահայտությունը, հասկանալի է դառնում, որ Կանոնակարգը դառնում է, մեղմ ասած, վիճելի թղթի կտոր:

Այս հանգամանքն Ալիևի համար մանևրելու հոյակապ առիթ է, որովհետև ըստ այդմ՝ Բաքուն ապահովում է իրեն ալիբի, ըստ որի տարբեր սահմանահատվածներում շանտաժի ու հարկադրանքի քաղաքականությամբ կամ պարզապես հղում տալով վերոնշյալին առաջ է քաշելու իրեն ձեռնտու իրավական հիմքեր:

Արդյունքում կստացվի, որ ոչ թե Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով է սահմանազատվելու ու սահմանագծվելու Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը, այլ ըստ Ալիևի հայեցողության ու քմահաճույքի:

Այսկերպ՝ Ալմա-Աթային հղում տալը կդառնա ձևական մի բան:

Ստացվելու է, որ սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են այդ հռչակագրի հիման վրա, բայց գործնականում սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանը կարող է վկայակոչել այդ նորմն ու սեփական պատկերացումներով ու ցանկություններով առաջ մղել գործընթացը։

Այս համատեքստում տեղին է հիշել Ալիևի մի քանի անգամ հնչեցրած հայտարարություններն առ այն, որ սահմանազատման գործընթացը սկսվել, շարունակվել և ավարտվելու է բացառապես Բաքվի թելադրած օրակարգով և ներկայացրած քարտեզներով:

Էլ չեմ խոսում վերջինիս, որպես անկեղծ թշնամի, բացահայտ ծավալապաշտական նկրտումների, «արևմտյան Ադրբեջան» նարատիվի, խոստումներն ու ստանձնած պարտավորությունը չկատարելու մասին՝ փաստելով, որ Ադրբեջանը վստահելի ու պայմանագրաունակ պետություն չէ և որի ուժի ու սպառնալիքի լեզվով հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ ցցուն վկայությունն է այն բանի, որ չի պատրաստվում կնքել խաղաղության պայմանագիր:

Ադրբեջանը, եթե ազնիվ ու պատրաստակամ լիներ, ապա Հայաստանի սուվերեն տարածքներից դուրս կբերեր իր զինուժը, կհամաձայներ հայելային հետքաշմանը, կապառազմականացներ Հայաստանի հետ ունեցած սահմանները, ազատ կարձակեր գերիներին:

Իհարկե, այս ամենը մենք չենք տեսնելու:

Սակայն խնդիրներն այսքանով չեն ավարտվում:

Կանոնակարգի երկրորդ հոդվածի, համաձայն ընդգծվել է, որ սահմանազատման աշխատանքների ընթացքում կողմերը կարող են օգտագործել այդ հարցին վերաբերող բոլոր քարտեզները կամ քարտեզագրման նյութերը:

Սա նշանակում է, որ ցանկացած պահին, երբ պետք է Ալիևը կարող է 26, երբ պետք է 69, 75 թթ. քարտեզներն առաջ մղել:

Այսինքն՝ ինչպես չկա մեկ ընդհանուր ու վերջնական փաստաթուղթ, այնպես էլ չկա կոնկրետ մեկ քարտեզ, ըստ որի կողմերը կիրականացնեն այս ողջ գործընթացը սկզբից մինչև վերջ:

Եվ սա ինչ-որ տեղ հիմնավորվում է նրանով, որ Ալմա Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային որևէ նկարագիր:

Ինչպես ասում են՝ տակը քարտեզ չկա:

Այս մասով միակ դրականն այն է, որ անխտիր բոլոր քարտեզները մեզ ձեռնտու են, մանավանդ որ ըստ այդ քարտեզների մեր մասով տալիքն արդեն տրված է ու տալու բան այլևս չկա, իսկ Ադրբեջանն ահռելի տարածքներ պետք է վերադարձնի:

Կանոնակարգի հինգերորդ հոդվածի երրորդ կետը ևս տարակուսանք առաջացնող է.

ըստ այդմ՝ փաստաթուղթը երեք լեզվով է՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն:

Ընդգծվում է, որ եթե կանոնակարգի վերաբերյալ տարընթերցումներ լինեն, ապա կողմերն առաջնորդվելու են ռուսական տարբերակով, ինչը նշանակում է ռուսերեն լեզուն պետք է դիտարկել ոչ թե հաղորդակցության միջոց, այլ հստակ ուղերձ, առ այն, որ սահմանազատման աշխատանքների «կուռացիան» Ռուսաստանի մենաշնորհն է:

Հիմա տեսնենք, թե արդյո՞ք այս կանոնակարգով Ադրբեջանը դեօկուպացնելու է ՀՀ 250 կմ և ավելի տարածքը, արդյո՞ք դուրս է գալու նույն Տավուշի Բերքաբերի 900 հեկտար հողերից:

Տեսնենք, արդյո՞ք Կանոնակարգը երաշխավորելու է ՀՀ տարածքային վերականգնումն ու հետայսու սահմանների անձեռնմխելիությունն ու անսասանությունը:

Այ, երբ այդ ամենը հողի վրա տեսնենք, նոր կֆիքսենք ու կհաստատենք, որ կանոնակարգը լավն է, աշխատող է և իրեն արդարացնող:

Իհարկե, խիստ թերահավատ եմ:

Ես նման լավատեսության հիմքեր չեմ տեսնում՝ առնվազն վերոնշյալ պատճառներով:

Որքան էլ որ մի շարք փորձագետներ (իհարկե շատերը իշխանամերձ) փորձեն փաստաթուղթը համարել դիվանագիտական հաջողություն, փաստ է, որ Կանոնակարգը չի կարող երաշխավորել ո՛չ ՀՀ-ից օկուպացված տարածքների դեօկուպացիան և ո՛չ էլ սահմանի ողջ երկանքով մեկ քարտեզի սկզբունքով դելիմիտացիան:

Ինչևէ, հետևենք ընթացքին:

Ի դեպ, դեռ հարց է, թե արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանը կանոնակարգը հակասահմանադրական չի ճանաչի և թե արդյո՞ք Ադրբեջանի պառլամենտը կվավերացնի այն:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 7056

Մեկնաբանություններ

սյան/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ