ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նախախնամության հայտնությունը

Նախախնամության հայտնությունը
07.04.2024 | 14:55

Որպեսզի Աստվածամայրը՝ մարդկության ամենաերանելի Մայրը ծնվեր, անհրաժեշտ եղավ Աբրահամից սկսած՝ հավատացյալ ընտրյալ հայրերի երեք 14 սերունդ: Այսինքն թե՝ Մարիամը սովորական ծնունդ չէր: Այլ՝ արքայական հավատին կոչված մարդկության հույսերի ծնունդն էր, որ Սուրբ Հոգուց հղիանալով՝ պիտի ծներ աշխարհի Փրկչին: Իր խոնարհությամբ Մարիամը Սուրբ եկեղեցու խորհրդակիրը դարձավ մարդկանցս մեջ, մեղավորներիս համար, որ որոնում ենք նրա Որդու բարեհաճությունը ժառանգել: Մայր Միջնորդ, որ նրա խոնարհությանը օրինակելով՝ մեր սրտերում էլ ծնվի Հիսուս: Եվ վերստին ծնունդ ունենանք: Ինչպես Հակոբի եւ Եսավի մայրը, որ Հակոբ որդու Աստվածապաշտության նախանձավորությունը տեսնելով՝ իր խորհուրդներով եւ առաջնորդությամբ հենարան եղավ Հակոբին՝ Հոր օրհնության ամենաարժեքավոր մասը ժառանգել, այդպիսի եւ առավել խորհրդատու է մեր Աստծո Մայրը՝ Մարիամը, Փրկչի Ավետարանը սիրողներիս համար՝ բոլոր ժամանակներում, որ անհամեմատ առաջ անցնենք օրենքով ընթացողներից: Եվ իր խոնարհ օրինակով Սրբուհի Կույսը խորհրդատու, բարեխոս է դառնում մեզ, ամենահոգածու օգնական: Մարդկության մեջ այն միակ Մայրն է, ում բոլոր ազգերն են իրավամբ երանի տալիս, ինչպես որ կյանքի գիրքն է մեզ ազդարարում:
(Ղուկաս, 1:46-48):
- Ահա քո մայրը,- ասաց Խաչյալ Հիսուս Հովհաննես աշակերտին՝ ցույց տալով Մարիամ Աստվածամորը: Եվ Հովհաննես աշակերտի համար մորն ասաց,- Ահա քո որդին: Այս վերաբերվում է բոլոր քրիստոնյաներիս:
Եվ եկեղեցում, պաշտամունքի ժամանակ, երբ բեմում դրված Մարիամի պատկերին ենք նայում՝ մանուկ Հիսուսը գրկին, հաճախ, որպես հոգեվիճակի նկարագիր, այդ մանկան փոխարեն մեզ ենք տեսնում. այդպես մենք եւս հոգեւորապես հայտնվելով Սուրբ Հոգու եւ Մայր եկեղեցու խորհրդակիր Մարիամ մոր գրկում, մեր հոգեվիճակով որդեգրվում ենք Աստծուն ու այդպես մեծանում՝ Տիրամոր բարեխոս խնամքի ներքո, մինչեւ հասակ առնենք՝ մեր հոգին առողջացնող շնորհների քաղցր բարերարությունների մեջ եւ արդեն իսպառ հանձնվենք բարի հովիվների Հովվին՝ Աստծո Որդուն՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Որին փա՛ռք հավիտյանս. ամե՛ն:
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ ՄԵՐ ՀՈԳԵՒՈՐ
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳՆ ԸՆԴՈՒՆՈՂԸ
Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան՝ Աթո՛ռ փրկության, Աղբյու՛ր անսպառ լույսի, Անապական Կույս եւ Անապական տաճար, Առաքելություն կատարյալ. եւ հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է եւ անգամ մեծ սրբերը իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալ:
Հայերս Տիրամորն ենք պարտական մեր ազգային ընդհանուր դարձի համար էլ, քանի որ մեր ազգային ընդհանուր դարձը եղավ Հռիփսիմյան կույսերի Հայաստան գալու եւ նրանց այստեղ նահատակվելու շնորհիվ: Իսկ Հռիփսիմյան կույսերին Տիրամայրն էր, որ տեսիլքի մեջ երեւալով պատվիրեց ու ասաց.
- Կգնաք Հայաստա՛ն:
«Մեզ համար (Հայոց աշխարհում) լույս ծագեց, (կանանց) միջոցով, որոնցով որ մեղքն էր աշխարհ եկել… որովհետեւ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է»,- Հռիփսիմյան կույսերի առաքելության եւ նրանց Հայաստան ուղարկող Աստվածամոր մասին գրեց երանելի այր Խորենացին:
Եվ երախտապարտ հայ ժողովուրդը բազմաթիվ սքանչելի երգեր եւ շարականներ ձոնեց սրբուհի մայր Աստվածածնին:
Գրեթե անհնար է ժողովրդի մեջ առանց արցունքի լսել այդ գերահրաշ երգերը, մանավանդ, երբ անկեղծ եւ սրտաբուխ են կատարվում:
Տիրամայրը հայ քրիստոնյայի նեղության ժամին առաջին օգնության հասնողն է ու մխիթարողը, ժողովրդական լեզվով ասած. «մեր հոգեւոր շտապ օգնությունն է, մեր աղոթքի հեռախոսզանգը առաջինն ընդունողը», ասես մշտապես սպասելիս լիներ մեր դիմում խնդրանքին, եւ մեծ մասամբ անպատասխան չի թողնում: Այդ բանի համար ենք նեղության ժամին առաջինը դիմում նրան: Եվ Նա պատասխանում է մեզ մխիթարող հոգածություններ գործադրելով, մի բան, որի մասին բազմաթիվ վկայություններ կան թե հայ եւ թե միջազգային իրականության մեջ:
Հայ քրիստոնյաներիս համար Տիրամայրը Հայոց մխիթարության Մայրն է ու սրբության սկիզբ վստահարանը, սրբություն, որ խոնարհեցնում է Աստծո մանուկներիս՝ մեր Տիրոջ՝ Քրիստոսի կատարելության Կամքին միանալ՝ Հայր Աստծո առաջ:
Մեր խոսքը շարունակենք Մեսրոպ Վարդապետի (Մաշտոցի) շարականից մեկ իմաստուն հատվածով.
«Բարեգո՛ւթ ծնող, լսելի՛ արա Որդուդ ականջին, իմ՝ քո ծառայի պաղատանքները, եւ ինձ համար էլ աղերսիր Նրան, զի ամենայն ինչ, որ դու կամենաս, կարող ես եւ քեզ՝ Աստծուց երբեւէ մերժում չի լինում: Քո միջոցով էր, որ երկնի Աստված մեզ Հայր անվանվեց եւ Աստվածորդին երկրում երեւաց, շրջեց մարդկանց մեջ, ճանաչեցրեց Սուրբ Հոգուն եւ մենք Նրա սրբությամբ մաքրագործվեցինք»:
Պարզապես սքանչելի է՝ հստակ, ամիջական մտքով եւ Հոգու Առաջնորդությամբ, եւ նույն Սուրբ Հոգով լցվելով էր, որ Եղիսաբեթը աղաղակեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, եւ օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը» (Ավետարան ըստ Ղուկասի, 1:42):
Եթե ուշադիր լինենք՝ ամեն ազնվական ծնունդ է Տիրամորով սկսվում, ինչպես որ Հիսուսի Ծնունդը, որ Տիրամորով եղավ, եւ մենք մկրտվելով նույնպես Տիրամորն ենք որդեգրվում, որ ինչպես գրկանոց մանուկ Հիսուսին, մեզ եւս Սուրբ Հոգով գրկում, սկսում է հոգեւորապես սնել ու մեծացնել: Այդ մասին իսկ Տիրամայրն ինքն էլ է իր միջազգային երեւումներից մեկի ժամանակ ասել: Մեջբերենք.
«Կանչում եմ երեխաներին, նրանց, ովքեր իրապես հավատարիմ են ինձ, ովքեր իրենք իրենց հանձնել են ինձ, որպեսզի իրենց առաջնորդեմ դեպի իմ աստվածային Որդին, նրա՛նց, որոնք իմ գրկում, իմ ձեռքերում են մեծանում, եւ իմ հոգով են ապրել»:
Այս երեւման կոչը վերջին ժամանակներում հոգով եռալու եւ Նեռին ընդդեմ լինելու մասին է, այսինքն՝ մեր ժամանակների մասին, քանի որ 666 նշանակիր գազանն արդեն պատմականորեն է գտնվում աշխարհում:
Սուրբ Գրիգոր Նարեկացին Տիրամորը նվիրած ադամանդակուռ առանձին ներբողից բացի, իր Ողբերգության Մատյանում մեր խիստ նեղությունների ժամին Տիրամոր ապավինությանը դիմելու առանձին բաժին ունի՝ երեք աղոթքներով.
«Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներո՜վ հասիր օգնության, ո՜վ Դու Գովյալըդ բոլոր կանանց մեջ, ծնրադի՜ր խնդրիր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ո՜վ ծնողդ Աստծո»:
(շարունակելի)

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ