Արդյո՞ք հայաստանցիներին ինչ-որ բան է անհրաժեշտ:
Օրինակ, արդարադատություն, աշխատանք, անվտանգություն, սոցիալական արդարություն, ի վերջո, արժանապատիվ կյանք:
Հայաստանցիների մեծ մասն ամեն ինչից բողոքում է: Սակայն վերջիններս «բողոքները» բացարձակապես անձնական շփումներով են արտահայտում` չեն հրապարակայնացնում:
Երևանում ապաստանած արցախցիներին չեն վճարում իրենց հասանելիք գումարը: Վերջիններս վրդովվում են, սակայն չեն բարձրաձայնում: Ասում են` հոդված գրի, սակայն մեր անունները չտաս:
Հայաստանում կա շուրջ 700 000 ավտոմեքենա և դրանց վարորդների մի մասն օգտվում է Երևանի` շուրջ 14 անգամ թանկացվող, «կարմիրգծավոր» ավտոկայանատեղիից:
Ինչպես տեսնում եք, Երևանի փողոցներում չկա թանկացման դեմ ընդվզող, նույնիսկ 100 վարորդ:
Փողոցներում չեն տիգրանաշենցիները, արծվաշենցիները:
Լուռ իրենց «շրջափակմանն» են սպասում այգեհովիտցիներն ու սյունիքցիները:
Փողոցների տերերն ու տիրակալները բացառապես ոստիկաններն են:
Եվ, ուրեմն, պետք չէ անանուն բողոքել քցողներից, արդարադատությունն ու արդարությունը պղծողներից:
Լուռ ողջունեք այն «կարմիր գծերը», որոնք վաղն են գալու:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ