Ի դեմս երեքշաբթի-հինգշաբթիի, նորից առջևում եվրոպական ակումբային խաղարկության հերթականն ունենք, նորից եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններն անցան Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությունների թելադրած կանոններով ու ոչ միայն։
ԱՆԳԼԻԱ
Հյուրընկալվելիս «Աստոն Վիլային» պարտության մատնեց նախորդ տուրում էլ «Էվերտոնին» ինֆարկտահար արած «Սաուտհեմպտոնը»։ Անգլիացի «սրբերը» հաղթել են 4։3 հաշվով։ Նկատենք, որ նրանք վերջին երկու գոլը բաց են թողել հավելյալ ժամանակում, այլապես հաղթանակն ավելի համոզիչ թվային արտահայտություն կունենար։ Ինչևէ։ Սա «Աստոն Վիլայի» երկրորդ անընդմեջ պարտությունը եղավ, մինչդեռ ընդամենը երկու տուր առաջ էր, որ չորս խաղից հետո բացարձակ արդյունքով դարձել էր պրեմիեր լիգայի ամենախոշոր սենսացիայի հեղինակը։ Նկատենք, որ իր հերթին այս հաղթանակը «Սաուտհեմպտոնին» 13 միավորով տեղ ապահովեց չորրորդ հորիզոնականում։
«Աստոն Վիլայի» օրինակը վարակիչ եղավ և «Նյուքասլին» հյուր գնացած «Էվերտոնի» համար, որը նույնպես կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը՝ 1։2, իսկ սա նշանակեց, որ նախօրեին «Վեստ Հեմին» նույն հաշվով հաղթած «Լիվերպուլը» ստանձնեց միանձնյա առաջատարությունը, ու հիմա պրեմիեր լիգայում չկա թիմ, որ պակաս անցկացրած խաղում հաղթելու հաշվին գոնե միավորներով հավասարվի լիվերպուլցիներին։ Նրանք ունեն 16 միավոր։
«Լիվերպուլի» ու «Էվերտոնի» արանքում 14 միավորով կարողացավ տեղավորվել «Տոտենհեմը»՝ շնորհիվ սեփական հարկի տակ «Բրայտոնի» նկատմամբ տարած հաղթանակի։
Լավագույն հնգյակը եզրափակում է «Վուլվերհեմպտոնը», որը երկու անպատասխան գնդակի առավելությամբ ծնկի է բերել «Կրիստալ Պալասին»։ Նկատենք, որ «Էվերտոնի» ու «Սաուտհեմպտոնի» պես «Վուլվերհեմպտոնն» էլ ունի 13 միավոր։
Պրեմիեր լիգայի առաջին հնգյակի դասավորությունում փոփոխություններ կարող էր մտցնել երեկ «Լիդսին» հյուր գնացած «Լեստերը»։ Բնականաբար՝ հաղթելու դեպքում։ Նկատենք՝ «աղվեսների» հնարավոր ոչ-ոքին նրանց կդարձներ 13 միավոր ունեցող չորրորդ թիմը։
Թեպետ առաջին հնգյակում չեն, սակայն եկեք չմոռանանք մանչեստրյան գրանդ ակումբները, ինչպես նաև «ազնվականներին» ու «զինագործներին»։ Սկսենք վերջինից։ «Արսենալը» հաղթանակով է ավարտել մանչեստրյան վոյաժը։ Մրցակիցը եղել է «Յունայթեդը»՝ 1։0։ Նվազագույն հաշվով է ավարտվել նաև «Սիթիի» հանդիպումը։ Մրցակիցը եղել է «Շեֆիլդը»։ Ինչ վերաբերում է «Չելսիին», «քաղաքաբնակների» պես նրանք էլ են եղել հյուրի կարգավիճակում։ Լեմպարդի սաները «Բյոռնլիին» հաղթել են 3։0 հաշվով։
ՖՐԱՆՍԻԱ
«Լիոն»-«Լիլ» դիմակայությունում հյուրերը չափից դուրս համառ եղան ու չթողեցին, որ առաջատարը միավորից ավելի վաստակի, թեպետ գրեթե ողջ երկրորդ խաղակեսն անցկացրել են տասը հոգով՝ 1։1։ Այս ոչ-ոքին «Լիլին» արժեցավ լիդերության կորուստ, քանի որ «Նանտի» հետ դիմակայությունում «Պարի Սեն Ժերմենը» տոնել էր հաղթանակ՝ 3։0։
ՊՍԺ-ի օրինակով հաղթական մրցելույթ է ունեցել և «Ռենը»։ Մրցակիցն է եղել հյուր ժամանած «Բրեստը»՝ 2։1։ «Պարի Սեն Ժերմենն» ունի 21, «Լիլը»՝ 19, «Ռենը»՝ 18 միավոր։
Առաջին հնգյակի մեջ մտնում են նաև «Նիցցան» ու «Մարսելը»։ Առաջինը դրսում 3։0 հաշվով առավելության է հասել «Անժի» նկատմամբ, երկրորդը, դարձյալ արտագնայում, գերազանցել է «Լորիանին»՝ 1։0։ «Նիցցան» ունի 17, «Մարսելը»՝ 15 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջին եռյակը կազմածներն իրենց ունեցած դիրքում արդեն որերորդ տուրը մնում են անփոփոխ՝ որևէ թիմի չթողնելով մոտենալ իրենց։ Թերևս միակ բացառությունն այն եղավ, որ, ի տարբերություն Մյունխենի «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի», այս անգամ միավոր չվաստակեց արտագնայում նվազագույն հաշվով մենխենգլադբախցիներին զիջած «Լայպցիգը»։ Հետաքրքիր է, որ լայպցիգցիների օրինակով արտագա հանդիպումներ ունեցել են նաև բավարացիներն ու դորտմունդցիները։ Առաջինները պարտության են մատնել ընթացիկ մրցաշրջանում լուրջ խնդիրներ ունեցող «Քյոլնին»՝ 2։1, «Բորուսիան» ծնկի է բերել առաջնության նորեկ «Արմինիային»՝ 2։0։ Նրանք ունեն 15-ական, «Լայպցիգը»՝ 13 միավոր։
Արտագնայում «Ֆրայբուրգի» նկատմամբ 4։2 հաշվով տոնած հաղթանակից հետո աղյուսակի չորրորդ հորիզոնականում հանգրվանեց 12 միավորի տեր դարձած «Բայերը»։ Հինգերորդում մենխենգլադբախցիներն են, վեցերորդում՝ «Աուգսբուրգը»։ Նրանք համապատասխանաբար ունեն 11 ու 10 միավոր։
ԻՏԱԼԻԱ
«ՈՒդինեզեի» հետ արտագնա դիմակայությունում սկուդետեի առաջատարը պատասխան գոլը բաց թողնելուց հետո մոտ էր և երկրորդ գոլն ընդունելուն ու հանդիպման իր համար ցանկալի ելքը խոշոր հարցականի տակ թողնելուն, սակայն տանտերերը չկարողացան նյութականացնել խաղային առավելությունը ու դրա համար թանկ վճարեցին։ Խաղավարտին մոտ Իբրահիմովիչը փայլեց վարպետությամբ՝ դառնալով ոչ միայն գեղեցիկ, այլև հաղթական գոլի հեղինակ։ «Միլանն» արդեն 16 միավորով է միանձնյա առաջատար։
Հավասար՝ 11-ական միավոր ունեցող «Նապոլին» ու «Սասուոլոն» մրցել են իրար հետ։ Հավասար հնարավորությունների խաղում հյուրերն առաջինն են առաջ անցել հաշվի մեջ՝ տանտերերին պարտադրելով հետապնդողի կարգավիճակ։ Մրցակցի դարպասի ճանապարհի որոնումներում նեապոլցիները նաև երկրորդ գոլն են բաց թողել։ Այս հաղթանակը «Սասուոլոյին» 14 միավորով բարձրացրեց երկրորդ հորիզոնական։
Երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակ տոնեց «Սպեցիային» հյուր գնացած «Յուվենտուսը»։ Նշենք, որ հարկադիր մեկուսացումից հետո խաղադաշտ վերառնալը Ռոնալդուն նշանավորել է գոլով՝ 4։1։
Երկու անընդմեջ պարտությունից հետո հաղթանակի բերկրանքը ճաշակեց «Կրոտոնեին» հյուր գնացած «Ատալանտան»՝ 2։1։
Սեփական հարկի տակ «Պարմայից» անփառունակ պարտություն կարող էր կրել «Ինտերը»։ Երկու գոլ «կուլ» տալուց հետո Անտոնիո Կոնտեի սաները, հուրախություն սեփական երկրպագուի, կարողացան խելքները գլուխները հավաքել ու խուսափել պարտությունից։
Տուրում երեք միավոր է կարողացել վաստակել «Ֆիորենտինային» հյուրընկալած «Ռոման»։ Հաղթանակն ամրապնդած գոլը Պեդրոն խփել է մեր Հենրիխ Մխիթարյանի ոսկերչական փոխանցումից հետո՝ 2։0։ Իտալական «գայլերը» 11 միավորով ութերորդ հորիզոնականում են, եզրափակում են նույնքան միավոր ունեցող թիմերի եռյակը։ 12-ական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են «Յուվենտուսն» ու «Ատալանտան»։
Խելահեղ զարգացումներով է առանձնացել «Թուրին»-«Լացիո» դիմակայությունը։ Տանտերերը շահել են առաջին խաղակեսը՝ 2։1։ Երկրորդում հյուրերը բավականին արագ հավասարեցրել են հաշիվը։ Խաղաղ հանգուցալուծումը փոթորկվել է խաղավարտից առաջ՝ տանտերերը կրկին առաջ են անցել հաշվի մեջ։ Հավելյալում հռոմեացիներն արել են անհավանականը։ Առաջին գոլով նախ խուսափել են պարտությունից ու մինչ թուրինցիներն ապշանքի մեջ են եղել շահած դիմակայությունը ձեռքից բաց թողնելու համար, «Լացիոն» խփել է և հաղթական գոլը՝ 4։3։ Այն ունի տասը միավոր։
ԻՍՊԱՆԻԱ
Արտագնայում վստահ հաղթանակ է տարել «Ռեալ Սոսիեդադը»՝ նույնությամբ կրկնելով «Ռեալ»-«ՈՒեսկա» հանդիպման 4։1 հաշիվը։ «Սելտայի» նկատմամբ հաղթանակը հնարավորություն է տվել պահպանելու միանձնա առաջատարությունը։ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմն ունի 18, «արքայականը»՝ 17 միավոր։ Նկատենք՝ «Ռեալ Սոսիեդադն» անցկացրել է ութ, Մադրիդի «Ռեալը»՝ յոթ խաղ։ Սակայն այս ցուցանիշով երկուսի նկատմամբ էլ շահեկան դիրք ունի Մադրիդի «Աթլետիկոն», որի ունեցած միավորները 14-ն են, սակայն՝ վեց խաղից։ Այնպես որ պոտենցիալ առաջատարը մնում են Դիեգո Սիմեոնեի սաները։ Այս տուրի շրջանակներում նրանք արտագնայում երեք միավոր են շահել «Օսասունայից»՝ 3։1։
Հյուր ժամանած «Լևանտեի» հետ ծանր մրցախաղ ունեցավ «Գրանադան», որը հաղթելու դեպքում 16 միավորով կընկերակցեր «Ռեալին»։ Սակայն ի դժբախտություն տանտերերի, արդեն 16-րդ րոպեից մնացին տասը հոգով։ Արդյունքում ամբողջ մի խաղ գնաց գոնե միավոր փրկելու համար, ինչը, ի վերջո, հաջողվեց՝ 1։1։ 14 միավորով «Գրանադան» հինգերորդ հորիզոնականում է, հաջորդում է «Աթլետիկոյին» ու «Կադիսին», որն արտագնայում երեք միավոր է կորզել «Էյբարից»։
Տուրն անհաջողվածներից ստացվեց «Բարսելոնի» համար։ «Ալավեսի» հետ տնային խաղում կատալոնցիները կարողացան ընդամենը մեկ միավոր վաստակել՝ 1:1։ Եթե նշենք, որ վերջին չորս խաղում սա նրանց վաստակած երկրորդ միավորն էր, լրացուցիչ ասելիքի անհրաժեշտություն չի լինի։
«Վալենսիա»-«Խետաֆե» դիմակայությունում հաղթելու դեպքում վերջինս կարող էր վերադառնալ առաջին վեցյակ։ Չվերադարձավ, սակայն պարտադրված ենք այս մրցակցությունը հիշատակելու, քանի որ կրքերի առանձնակի շիկացմամբ է աչքի ընկել։ Խաղի զգալի հատված տանտերերը հանդես են եկել տասը հոգով ու վերջին շնչում ջանացել են պահել հաղթական հաշիվը, սակայն մադրիդցիներին, այնուամենայնիվ, հաջողվել է խաղավարտին կոտրել նրանց համառությունն ու նախ հավասարեցնել հաշիվը՝ 1։1, ապա և անցնել առաջ։ Դա եղել է լրացուցիչում։ Տանտերերը նետվել են հուսահատ գրոհի, որը հյուրերը կարողացել են կասեցնել 11-մետրանոցի գին ունեցող տուգանայինով։ Արդյունքում՝ 2։2։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ