ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հիշողություն ունենալու հատկությունն ամենաշատը հարկավոր է մեր ժողովրդին»

«Հիշողություն ունենալու հատկությունն ամենաշատը հարկավոր է մեր ժողովրդին»
03.04.2009 | 00:00

«ԵՍ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՄ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԶՂՋՈՒՄ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆՆ ունի քաղաքապետի իր նախընտրելի թեկնածուն: Այս և այլ թեմաների մասին՝ մեր հարցազրույցում:
«ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾՆ ԱՐԵՑԻՆ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՏԻԺ ՉՍՏԱՑԱՆ»
-Պարոն Իսաբեկյան, ինչպե՞ս ընդունեցիք «Միասին» շարժման կազմակերպած ակցիան՝ ընդդեմ կաշառակեր դասախոսների: Այն կարելի՞ է արդյունավետ քայլ որակել՝ երևույթի դեմ պայքարելու իմաստով:
-Չէի ցանկանա ուրիշների մտքերը կրկնել, բայց ասեմ, որ նման բաներն անթույլատրելի են ընդհանրապես: Երկար տարիներ լինելով գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր՝ գիտեմ, թե որքան վտանգավոր է, երբ այդպիսի ալիքներ են բարձրանում: Պիտի ասեմ, որ գեղարվեստի ակադեմիայի կոլեկտիվը, բարեբախտաբար, զերծ է կոռուպցիոն երևույթներից: Եվ սա կարող է հաստատել մեր ուսանողության ճնշող մեծամասնությունը: Եթե նույնիսկ մեկ-երկու հոգի էլ հակառակն ասեն, հավատացնում եմ, որ դա անձնական ինչ-ինչ պատճառներով պայմանավորված դժգոհության, չարացածության հետևանք է լինելու: Իհարկե, պետք է պայքարել բացասական երևույթների դեմ, բայց ոչ այն ձևով, որի մասին Դուք հիշատակեցիք: Որովհետև եթե նույնիսկ մի մարդու հանդեպ սխալ հասցեագրված մեղադրանք հնչեր, պատկերացրեք, թե դա ինչ մեծ հոգեկան ցնցում պիտի լիներ նրա համար, նրա ընտանիքի, նրա շրջապատի համար: Եվ շատ դժվար է նման բաներից հետո վերականգնել մարդու բարի անունը: Կա անմեղության կանխավարկած հասկացությունը: Նախ` պետք է ապացուցել մարդու մեղավորությունը, ապա նոր միայն ի ցույց դնել հանրության առաջ և պատժել: Ես սրա կողմնակիցն եմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ մարդիկ իրենց արարքների համար պետք է պատասխան տան: Մեր դժբախտությունը գալիս է նրանից, որ մարդիկ իրենց ուզածն արեցին ու համապատասխան պատիժ չստացան: Հիմա էլ շատերն այդ մասին մոռացել են, ու նույն այդ մարդիկ դուրս են եկել և ասում են. «Եկեք ձեզ մի անգամ էլ նույն փորձություններին ենթարկենք»: Սա անպատիժ մնալու հետևանքն է:
-Դուք կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք:
-Ես ընդհանրապես նկատի ունեմ բոլոր անպատիժ մնացած մեղավորներին: Միշտ հիշում եմ հորս խոսքը, որ կյանքի փորձով էր եկել այդ եզրակացության: Նա ասում էր, որ հիշողություն ունենալու հատկությունն ամենաշատը հարկավոր է մեր ժողովրդին: Մանավանդ այսօրվա իրականության մեջ դա մեզ շատ է անհրաժեշտ: Բայց, ցավոք, չեմ տեսնում, որ մենք լավ հիշողություն ունենք:
«ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՀԱՆՈՒՆ ԴԻՊԼՈՄԻ ԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԲՈՒՀ»
-Եթե անգամ գեղարվեստի ակադեմիայում կոռուպցիան բացառվող երևույթ է, չի կարելի նույն բանը պնդել մեր հանրապետության բուհական համակարգի հարցում առհասարակ: Ըստ Ձեզ՝ այս երևույթի ավելի մեծ մեղավորը կաշառք տվող ուսանո՞ղն է, թե՞ վերցնող դասախոսը, ո՞վ է նախաստեղծում կոռուպցիայի պարագան:
-Ես չեմ պատկերացնում, թե ինչ դասախոս, ինչ պրոֆեսոր պիտի լինի, որ պարզապես ուսանողից կորզի կաշառքը, ստիպի իրեն կաշառք տալ: Կարծում եմ, որ այս հարցում գլխավոր մեղավորները վատ սովորող ուսանողներն են, այն անբան ուսանողները, որոնք, չգիտես ինչու, ընդունվել են բուհ, և հայտնի չէ, թե ինչ են ուզում դառնալ: Այդպիսիք ընդամենը ժամանակ են անցկացնում բուհում, բանակից են պատսպարվում, իսկ ծանրությունն ընկնում է նրանց ծնողների ուսերին, որոնց հնարավորություններով ուզում են ձգել իրենց սովորելու ընթացքը: Այդպիսիք չեն էլ հասկանում, որ բարձրագույն ուսումնական հաստատությունում անցկացրած ժամանակը նրա համար է, որ մարդը ձեռք բերի մասնագիտություն, հետագայում այդ մասնագիտությամբ օգտակար լինի առաջին հերթին իր ընտանիքին, ապա և իր հայրենիքին:
-Չե՞ք կարծում, որ մեզ մոտ բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ ձգտումը ոչ թե ուսումնատենչության, այլ դիպլոմամոլության (եթե կարելի է այսպես արտահայտվել) նշան է:
-Ստիպված եմ համաձայնել Ձեզ հետ: Մեծ մասամբ հանուն դիպլոմի են ընդունվում բուհ: Մերը արվեստի բուհ է: Ես ամեն տարի նոր ընդունվածների հետ զրուցում եմ և կարմիր թելի նման շեշտում այն միտքը, որ նրանք գիտակցեն, թե ուր են ընդունվել, ինչի վրա պիտի ծախսեն իրենց ժամանակը, որ այդ ժամանակը նրանք կա՛մ պիտի իզուր կորցնեն, կա՛մ այդ ընթացքում ձեռք բերեն կարևոր գիտելիքներ: Մարդը պիտի գիտակցի, թե իր կյանքի (որի տևողությունը շատ կարճ է) մի զգալի հատվածն ինչին է նվիրում. գիտելիքներ ձեռք բերելո՞ւն, արվեստի մարդ դառնալո՞ւն (որ շատ դժվար, արգելքներով լի ուղի է), թե՞ աննպատակ ժամանակ անցկացնելուն:
«ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՈՐՈՇ ԲԱՆԵՐ ՎԵՐԱՆԱՅԵԼ»
-Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կարո՞ղ է կասեցնող գործոն դառնալ բուհական կրթության հանդեպ համատարած մղումի հարցում:
-Այս ճգնաժամը մի փոքր աբստրակտ բան է: Ես չգիտեմ, թե այն հատկապես որ օրը կգա, երբ մարդիկ իրենց կաշվի վրա այն կզգան: Իսկապես, դրա ծանր ազդեցությունն զգալու դեպքում քիչ թե շատ լուրջ ընտանիքը պետք է խելացի վերաբերվի իր ֆինանսներին՝ սկսած ծնողներից, վերջացրած երեխաներով: Արդյո՞ք հայ իրականության մեջ մարդիկ կնստեն ու կմտածեն իրենց սխալ ու ճիշտ ծախսերի մասին և կգիտակցեն, որ իրենց երեխային, անկախ շնորհքից ու ընդունակություններից, բարձրագույն կրթության տալու մոլուցքը պետք է չափավորել: Չնայած սրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աշխատատեղեր չկան, գործարաններ չկան, որ մարդիկ գնան բանվորություն անեն, աշխատեն տարբեր մասնագիտություններով, մի բան, որ շատ անհրաժեշտ է յուրաքանչյուր հասարակության համար: Մարդիկ ձգտում են մի բան անել, իսկ մի բան անելը նաև սովորելն է: Բայց ճգնաժամի պայմաններում ստիպված կլինեն որոշ բաներ վերանայել: Մարդիկ դեռ չեն պատկերացնում, թե ինչ կբերի այդ ճգնաժամը, ինչքան կտևի, ում վրա կանդրադառնա, ում վրա՝ ոչ:
-Կարծում եք` ճգնաժամը ոմանց վրա կարող է և չանդրադառնա՞լ:
-Դա կախված է նրանից, թե ինչքան կտևի այն, թե որքան հմուտ կլինեն մեր երկրի ղեկավարները և ինչ ուղղությամբ կտանեն երկիրն այս ընթացքում: Ես շատ կուզենայի, որ մեր կանայք ու հատկապես տղամարդիկ աշխատանք ունենային: Միայն այդ դեպքում կարող է Հայաստանում լավ մթնոլորտ լինել: ՈՒրիշ դեպքում անհնար է: Մարդը պիտի աշխատանք ունենա, առավոտը պիտի գնա իր գործին, երեկոյան գա տուն ու ընտանիքի հետ իր հացը կիսի: Սա է երջանկության առաջին պայմանը: Այն, ինչ կատարվում է աշխարհում՝ գլոբալ իմաստով, ցույց է տալիս, որ ամեն բան Ամերիկայից է կախված: Եթե նրանք քայլեր կատարեն իրենց տնտեսությունն արագ կարգավորելու ուղղությամբ, մյուս երկրներում էլ վիճակն արագ կկարգավորվի: Ինչպես որ ԱՄՆ-ը փչացրեց ամբողջ աշխարհի տնտեսական գործընթացները, այդպես էլ կարող է շատ արագ վերականգնել:
-Կրթության ոլորտի պատասխանատուները բազմիցս նշել են, որ մեր կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները, ինտեգրացումը եվրաստանդարտներին արվեստի բուհերում, մասնավորապես՝ գեղարվեստի ակադեմիայում և կոնսերվատորիայում, ենթադրում են համահարթեցումից զերծ, առանձնակի մոտեցումներ: Այս խնդիրներն ինչպե՞ս են անդրադառնում Ձեր աշխատանքի վրա:
-Համոզված եմ, որ բարեփոխումները շատ անհրաժեշտ էին: Մեր բուհը հիմա համագործակցում է արտասահմանյան, մասնավորապես՝ ֆրանսիական մի քանի բուհերի հետ, և ես տեսնում եմ, թե ինչպես են ընթանում այս պրոցեսներն արտասահմանում: Ի դեպ, ասեմ, որ նրանց մոտ էլ այդ ամենն ավարտված չէ, ընթացքի մեջ է: Եվ այս իմաստով նրանք էլ շատ դժվարություններ ունեն: Այս ոլորտում առաջարկվող բոլոր փոփոխությունները կատարելու գործում կրթական հաստատություններն արտասահմանում ստանում են պետության աջակցությունը: Այնպիսի օգնություն, որը հնարավոր չէ համեմատել մեր պետության տրամադրած օգնության հետ: Այդ փոփոխությունները, որոնք հիմնականում արդեն կատարված են մեր կրթական ոլորտում, նաև արվեստի բուհերում են ընթանում: Մենք հիմա անցել ենք որակի հետ կապված խնդիրներին, կարգավորում ենք որակի գնահատման չափանիշները: Իսկ նման բաներն իրենց հիմքում պիտի ունենան լուրջ ֆինանսական բազա: Մի բան, որից հիմնականում զրկված են մեր շատ բուհեր, մանավանդ արվեստի բուհերը: Վերջիններս ֆինանսապես ավելի խոցելի վիճակում են, քան մյուս մեծ բուհերը:
-Այդ խոցելի վիճակը պետական միջոցների անբավարարությա՞մբ, թե՞ ոչ նպատակային տնօրինմամբ է պայմանավորված:
-Պետությունն այս ծրագրին ֆինանսական աջակցություն ընդհանրապես չի ցուցաբերում: Բոլոր ծախսերը հոգում ենք բուհի հաշվին, իսկ բուհն առանց այն էլ բազում խնդիրներ ունի՝ շենքի պահպանություն, տնտեսական հարցեր և սրանց նման այլ բաներ: Սովետական շրջանում այս ամենն արվում էր պետության կողմից, և բուհը մտածում էր միայն կրթական խնդիրների մասին: Հիմա ուրիշ կերպ է: Եթե անգամ պետության կողմից որոշ աջակցություն լինում է, դա շատ հեռու է մեր ակնկալածից: Բայց, անկախ ամեն ինչից, այդ փոփոխություններն անհրաժեշտ էին բուհին: Ամբողջ աշխարհն առաջ է շարժվում, և եթե որոշվել է, որ մենք պիտի ինտեգրացվենք եվրոպական ուսումնական տարածքին, ես դրան լիովին համաձայն եմ:
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՇԱՏ ԼԱՅՆՍԻՐՏ ՄԱՐԴ Է»
-Իսկ անհատ մեկենասների աջակցությունը չե՞ք ստանում:
-Դրա անհրաժեշտությունը մենք միշտ զգում ենք: Բայց լավ չէ, որ նման օգնություններն անհատական վերաբերմունքի վրա են ձևավորվում, ռեկտորի անձնական կապերով, ընկերական շրջապատով են պայմանավորվում, ցավոք, նաև քաղաքականացվում: Լավ կլիներ, որ Եվրոպայի նման մեզ մոտ էլ այդ հովանավորների գործունեությունը կառավարվեր պետության լծակներով: Մենք համագործակցում ենք արտասահմանյան չորս բուհերի հետ, որոնք բոլորն էլ ունեն հովանավորներ, և այդ հովանավորչությունը վերահսկում է պետությունը։ Դա մի այնպիսի կարգավորված համակարգ է, որ հովանավորն ուզած-չուզած աջակցում է բուհին, նա ուրիշ ճար չունի: Լիմոժի՝ աշխարհում հայտնի հախճապակու գործարանի տնօրենը, օրինակ, իր քաղաքի արվեստ ուսուցանող հաստատության հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Այդ հաստատության կերամիկայի բաժինն ուղղակի կադրեր է պատրաստում հախճապակու գործարանի համար: Եվ պետությունն էլ հարկային դաշտում սահմանում է պետական արտոնություններ նրանց համար, ովքեր հովանավորում են բուհերի գործունեությունը:
-Տարիներ առաջ գեղարվեստի ակադեմիան Գագիկ Ծառուկյանից թանկարժեք նվեր ստացավ՝ արվեստանոց Փարիզում: Սա ռեկտորի հանդեպ անհատական վերաբերմունքով պայմանավորված քա՞յլ էր:
-Նախ և առաջ ասեմ, որ Գագիկ Ծառուկյանն իմ լավ բարեկամն է: Ի վերջո, ստացվել է այնպես, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ ու դրա համար չեմ զղջում: Իսկապես ջերմ մթնոլորտ է տիրում այդ կուսակցության ներսում: Բացի դրանից, Գագիկ Ծառուկյանն իր տեսակով շատ լայնսիրտ մարդ է: Ես եմ նրան հայտնել, որ Փարիզում՝ Cite des art-ում, կա արվեստանոց, որի ղեկավարության հետ ես նախնական պայմանավորվածություն ունեմ այն ձեռք բերելու հնարավորության մասին: Գագիկ Ծառուկյանն այդ ժեստը կատարեց առաջին հերթին հանուն մեր ուսանողության, հետո, ինչո՞ւ չէ, նաև՝ հանուն ինձ: Նրա վճարած 80 հազար եվրո գումարի դիմաց մենք ձեռք բերեցինք 30 տարի այդ արվեստանոցը տնօրինելու իրավունք: Առաջին անգամը լինելով՝ ոչ միայն պրոֆեսիոնալ արվեստագետները, այլև ուսանողները հնարավորություն ստացան գնալու և նվազագույնը երկու ամիս աշխատելու, ապրելու Cite des art-ում: Արդեն յոթ-ութ ուսանող եղել է այնտեղ, հիմա էլ մեկն աշխատում է:
-Քաղաքապետի մոտալուտ ընտրություններին մասնակցելիս Դուք պիտի առաջնորդվեք որպես երևանցի՞, որպես գեղակադեմիայի ռեկտո՞ր, թե՞ որպես ԲՀԿ անդամ:
-Առաջին հերթին՝ որպես երևանցի, իհարկե: Որովհետև սա իմ քաղաքն է, ես այստեղ եմ ծնվել ու սիրում եմ Երևանը: Միշտ ցանկություն կա, որ քաղաքը ղեկավարի բանիմաց, տնտեսությունից հասկացող և լավ մի մարդ: Իհարկե, նաև առաջնորդվելու եմ որպես «Բարգավաճ Հայաստանի» անդամ: Մեր ցուցակի առաջին համարը Հարություն Քուշկյանն է, ում մասին միայն լավ բաներ կարող եմ ասել: Նա ոչ միայն լավ բժիշկ է, այլև լավ կազմակերպիչ: Այն բոլոր լավ հիվանդանոցները, որ մենք ունենք այսօր Երևանում, Քուշկյանի կազմակերպչական աշխատանքի շնորհիվ են: Իսկ եթե մարդը կարողանում է ճիշտ կազմակերպել աշխատանքը մի ոլորտում, շինարարություն վարել, արդյունքների հասնել, նույն կերպ էլ կարող է դա անել ամբողջ քաղաքի համար և դառնալ նրա լավ ղեկավարը: Ոչ մի վատ բան չեմ կարող ասել նաև Գագիկ Բեգլարյանի մասին: Նա էլ փորձառու է, ղեկավարել է Կենտրոն համայնքը և մի շատ կարևոր արժանիք ունի՝ իգդիրցի է:
-Այսինքն՝ Ձեր հայրենակիցը:
-Այո՛: Իսկ դա մեծ առավելություն է:
«ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈ, ԷԼԻ ՍԿՍԵԼ ԵՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ»
-Ադմինիստրատիվ լարված աշխատանքի պայմաններում կարողանո՞ւմ եք ստեղծագործել, ժամանակ առ ժամանակ լինել ուղղակի նկարիչ:
-Գիտեք, որ երկար ժամանակ հայրիկս հիվանդ էր, և այդ շրջանում ինձ համար շատ դժվար էր ստեղծագործել: Նաև տարիքս ու ամեն տեսակի հոգսերն էին հավանաբար իրենց գործն անում՝ դառնալով մի շարք հիվանդությունների պատճառ: Ես ինքս ինձ ու բոլորին ապացուցել եմ, որ եթե հիվանդությունները չխանգարեն, կարող եմ և՛ ռեկտորական իմ աշխատանքը կատարել, և՛ ստեղծագործել: Վերջին երկու ամսում, փա՜ռք Աստծո, էլի սկսել եմ ստեղծագործել: ՈՒ դրանք իմ կյանքի այն պահերն են, երբ ես ինձ իսկապես երջանիկ եմ զգում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2819

Մեկնաբանություններ