ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
14.07.2017 | 09:51

(սկիզբը՝ այստեղ)

1982 թ. նոյեմբերի 10-ին չորրորդ «առաջնորդ» Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Այդ ժամանակ հսկա երկիրը համարյա չէր շարժվում առաջ: Ճահճացումն ընդգրկել էր ոչ միայն տնտեսությունը, այլև կյանքի բոլոր բնագավառները: Բրեժնևի կառավարումը մտածողության և գործողության պահպանողականության դասական օրինակ է: Բրեժնևը շատ բանի էր ուզում հասնել, բայց ոչինչ չփոխելով: Դա ստեղծում էր կուսակցական ղեկավարման հանգստության, կշռադատվածության, չափավորության երևութականություն: Բայց իրականում երկիրը լրիվ դեգրադացիայի մեջ էր, ինչն առավել ցայտուն երևում էր բարձրագույն ղեկավարի մարազմի մեջ:


Երբ դրանից առաջ էն աշխարհ էր գնացել ու Մունդռիկի դամբարանի կողքին գտնվող պատմության աղբանոցում իրեն պատկանող օրինական տեղն զբաղեցրել գլխավոր գաղափարախոսը` «կալոշավոր» Մ. Ա. Սուսլովը, ՊԱԿ-ի նախագահ Յ. Վ. Անդրոպովը թողեց 15 տարի իր զբաղեցրած պաշտոնը և դարձավ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (փաստացի երկրորդ) և շատ չանցած փոխարինեց կյանքին և գլխավոր քարտուղարի պաշտոնին հրաժեշտ տված Բրեժնևին: Անդրոպովն այդ ժամանակ 68 տարեկան էր (նրա բոլոր նախորդները այդ պաշտոնին հասել էին ավելի «ջահել» հասակում): Անդրոպովի «ղեկավար» կյանքի առաջին կեսն անցել էր կուսակցական, իսկ երկրորդ կեսը` ՉեԿա-ի օրգաններում: Համաձայն բոլշևիկյան չգրված ավանդույթի, Անդրոպովը քաղբյուրոյի իր զինակիցներին հավաստիացրեց, որ «լենինյան» ուղիով շարժումը կլինի անփոփոխ և կշարունակվի: Բայց, մյուս կողմից, նա անպայման պետք է ինչ-որ նոր բան` նոր հայեցակետ, նոր մոտեցումներ առաջարկեր: Առավել ևս, որ ժողովուրդը, համենայն դեպս մարդկանց մեծ մասը, հոգնել էր բրեժնևյան «կայունությունից» և շատ էր ուզում ի դեմս նոր «առաջնորդի» տեսնել իր շահերի իսկական պաշտպանին: Ճիշտ է, ժողովուրդը գիտեր Անդրոպովին որպես երկրի գլխավոր «կագեբեշնիկի», բայց, ըստ էության, նրան համարյա չէին ճանաչում: Նա, անշուշտ, տարբերվում էր իր նախորդներից լայնախոհ մտածողությամբ, վերլուծական կարողություններով, համեստությամբ, թողնում էր լուրջ և խելացի մարդու տպավորություն: Բայց և այնպես նա մինչև ուղնուծուծը լենինյան դպրոցի չեկիստ էր: (Շատերը, համոզված եմ, լավ հիշում են Անդրոպովի իշխանության գալու առաջին շաբաթները, երբ չգիտես ում թեթև ձեռքով, բայց ակնհայտորեն հաշվարկված, տարածվում էր, որ նա սիրում է ամերիկյան ջազ, շոտլանդական վիսկի, անգլիական դետեկտիվ գրականություն, այսինքն` անթաքույց հասկացնում էին, որ գործ ունենք կուսակցական զանազան «բզիկներից» զերծ, լիարժեք ժամանակակից մարդու հետ): Եվ իր հոգեկերտվածքով, մասնագիտությամբ, համոզվածությամբ Անդրոպովը չէր կարող (ի վիճակի էլ չէր) հասարակությանը, կուսակցությանը առաջարկելու որևէ փրկիչ գաղափար, որը դուրս գար լենինյան ուղղափառ վարդապետության շրջանակներից: Եվ այդ մարդը պատմական շատ կարճ ժամանակահատվածում (15 ամիս) դարձավ հսկա երկրի «առաջնորդ»:

Եթե նա երկար էլ ապրեր, միևնույն է՝ այդ աշխարհայացքով և այդ մեթոդներով նրան չէր հաջողվի դրական կամ արմատական փոփոխություններ իրականացնել: Բոլշևիկյան, չեկիստական համակարգի կործանումը հնարավոր չէր կանխարգելել վարչական եղանակներով: Իսկ սկզբունքային, խորքային բարեփոխումների Անդրոպովն ընդունակ չէր: Նա իր ուղղադավանության և միաչափության պատճառով ոչ մի լավ բան չհնարեց, բացի բոլշևիկյան կարգապահության «ձին հեծնելուց»:
Գլխավոր քարտուղարի ուժերը հերիքեցին սկսելու պայքարը լայնորեն արմատացած թափթփվածության, ցոփության, անճշտակատարության դեմ, մի քանի շոշափելի հարվածներ հասցնելու տեղական, ռեգիոնալ իշխանիկներին, հանրապետությունների և մարզկոմների ղեկավարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, նախարարություններին, որտեղ ծաղկում էին կաշառակերությունը, քավոր-սանիկային կապերը, գանձագողությունը:
Հասցրին և գնդակահարել մի քանի մարդու՝ «հատկապես մեծ չափերի հափշտակումների» համար, այդ թվում` մոսկովյան հայտնի ելիսեևյան խանութի տնօրեն Յ. Սոկոլովին, ինչը հասարակական մեծ արձագանք ունեցավ: Հանրությունը սսկվել էր: Շատերը հավանություն էին տալիս այդ վճռական քայլերին, կարծես «կարոտել» էին «հին, բարի ժամանակներին»: Անդրոպովը պահանջում էր կարգի հրավիրել ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև բարձր պաշտոնյաներին, մինիստրներին:


Գալով գերագույն իշխանության, Անդրոպովը արդեն մեկ ամիս հետո աշխատանքից ազատեց ներքին գործերի նախարար, Բրեժնևի վաղեմի հովանավորյալ Նիկոլայ Շչոլոկովին և կարգադրեց նրա դեմ սկսել դատական հետաքննություն: Առաջինը այդ նվաստացումներին չդիմացավ Շչոլոկովի կինը, մասնագիտությամբ բժիշկ-օտոլարինգոլոգ Սվետլանա Վլադիմիրովնան. 1983-ի փետրվարին նա ինքնասպան եղավ:
Բայց հալածանքներն ու քինախնդրությամբ թելադրված ստորությունները շարունակվում էին նույնիսկ Անդրոպովի մահից հետո, որը հասցրեց այս ողբերգության սոսկալի ավարտին. 1984-ի դեկտեմբերին ինքնասպանությամբ կյանքին հրաժեշտ տվեց նաև Նիկոլայ Շչոլոկովը:
Ես կուզեի, իմ հարգելի ընթերցող, ԽՍՀՄ ներքին գործերի բազմամյա նախարար Նիկոլայ Շչոլոկովի մասին այս տխուր պատմությունը լրացնել մի կարևոր բացահայտումով, որը հանրության սեփականությունը դարձավ բավականին ուշ, համեմատաբար վերջերս, երբ Գալինա Վիշնևսկայան մի առիթով ասաց. «Իմ հոգու պարտքն է պատմել այդ մարդու մասին»: Եվ պատմեց: (Նրա հետ զրույցը «Комсомольская правда»-ն հրապարակեց 2010 թ. սեպտեմբերի 8-ի համարում):


Գալինա Վիշնևսկայան հայտնի է իր անաչառ ու անկաշառ էությամբ, կոպտության հասնող ուղղամտությամբ: Նա միշտ մի կողմ էր դնում զանազան դիվանագիտական նկատառումները, երբ կարծիք էր հայտնում այս կամ այն պաշտոնյայի պահվածքի կամ գործելաոճի մասին: ՈՒզածդ ձևով կարող էր «նախշել» ում ասես, սկսած Ռոստրոպովիչի դեմ կոլեկտիվ զրպարտագրի տակ ստորագրած դիրիժորից մինչև իրեն սիրահետող, տզի պես կպած ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Բուլգանինը:
ԽՍՀՄ-ում ապրելու վերջին տարիներին, մինչև երկրից նրան և ամուսնուն՝ XX դարի մեծագույն երաժիշտներից մեկին, թավջութակահար և դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչին աքսորելը (որին 1978 թ. հետևեց նաև ԽՍՀՄ քաղաքացիությունից զրկելը), նրանք երկուսով շատ ջերմ, ընկերական-բարեկամական հարաբերություններ են ունեցել Շչոլոկով ամուսինների հետ: Երկու ընտանիքների ջերմ բարեկամության սկիզբը դրվել էր Ռոստրոպովիչի և Շչոլոկովի տիկնոջ՝ Սվետլանա Վլադիմիրովնայի պատահական ծանոթությամբ, երբ Քիշնևում համերգներ տալուց հետո Մոսկվա թռչելիս ինքնաթիռի սրահում Ռոստրոպովիչը զբաղեցրել է Սվետլանայի կողքի նստատեղը:


Եվ, ինչպես գրում է Գալինա Վիշնևսկայան, իսկ նրա գրածին չի կարելի չհավատալ, բոլոր այդ տարիներին Նիկոլայ և Սվետլանա Շչոլոկովներն իրենց համար եղել են հարազատ մարդիկ, անդավաճան, անշահախնդիր ընկերներ և, մի անգամ չէ, որ իրենց մարդկային, առաքինի պահվածքով նեցուկ են եղել Վիշնևսկայա և Ռոստրոպովիչ զույգին, մասնավորապես հենց այն ժամանակ, երբ նրանք իրենց ամառանոցում օթևան էին տրամադրել Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցինին, ղեկավարվելով մարդկայնության տարրական սկզբունքներով և բոլորովին չպատկերացնելով, թե ինչ մեծության պատմական դեմք է զբաղեցնում իրենց ամառանոցի այգեպանի տնակը:
Այս ամենը խոսում է այն մասին, որ երբեք չի կարելի «հալած յուղի» տեղ ընդունել Անդրոպովի և նրա «շների» սանձազերծած վարկաբեկման քարոզարշավի «փաստերը»: Այս կոնկրետ դեպքում շատ կարևոր դեր էին խաղում Անդրոպովի և Շչոլոկովի անձնական հարաբերությունները, նրանց ղեկավարած գերատեսչությունների հակամարտության և մրցակցության առկայությունը և, իհարկե, ի վերջո այդ հակամարտությունում հաղթած Յուրի Անդրոպովի հիշաչար, քինախնդիր բնավորությունը, լենինյան չեկիստ լինելու նրա նենգ ու ստոր էությունը:


Դժվար է ասել, թե մինչև ուր կարող էր հասնել Անդրոպովը երկրում կարգուկանոն հաստատելու իր արշավում: Հնարավոր է, որ այդ պայքարով նրան հաջողվեր ինչ-որ չափով «պահածոյացնել» համակարգը, ձգձգել մահվան հոգեվարքը, բայց ողջախոհ մարդկանց պարզ էր` վարսավիրանոցներում, խանութներում, բաղնիք-սաունաներում շուրջկալներ սարքելով հնարավոր չէ տնտեսական, գաղափարական, քաղաքական ցուգցվանգում հայտնված ԽՍՀՄ-ը դուրս բերել այդ վիճակից: Անհրաժեշտ էին արմատական բարեփոխումներ, նոր աշխարհայացքի ձևավորում, հրաժարում հին, դարն ապրած մարքսլենինստալինյան հասարակության առաջընթացին խանգարող «ամենահաղթ ուսմունքից», ինչին Անդրոպովը ուղղակի ընդունակ չէր:


Ես շատ լավ եմ հիշում 1973 թ. սեպտեմբերը, երբ արևմտյան ռադիոձայներով, իսկ հետո նաև «самиздат»-ով տարածվեց Ալեքսանդր Սոլժենիցինի «Նամակ Խորհրդային Միության կոմունիստական առաջնորդներին» հռչակավոր փաստաթուղթը: Ցանկացած ողջախոհ խորհրդային քաղաքացի, որ հնարավորություն է ունեցել կարդալու այդ նամակը կամ ծանոթանալու տեքստի հետ, կարող էր միայն զարմանալ. մի՞թե քաղբյուրո կոչվածը կամ ԽՄԿԿ ԿԿ-ն, իրենց հսկայական օժանդակ ծառայություններով՝ փորձագետներ, ռեֆերենտներ, խորհրդականներ, մասնագիտական հանձնաժողովներ, ի վիճակի չեն հասկանալու նամակում բարձրացված հարցերը, անելու անհրաժեշտ եզրակացություններ և մշակելու-իրականացնելու գործողությունների ծրագրեր:


Սոլժենիցինը, իհարկե, բոլորովին էլ միամիտ մարդ չէր, բայց նույնիսկ նա ինչ-որ չափով համոզված էր, որ այդ նամակը, հավանաբար, անպատասխան չի մնա և քաղբյուրո կոչվող պանօպտիկումը ստիպված կլինի որոշ քայլեր ձեռնարկելու, գոնե մի քիչ ժողովրդի մասին մտածելու: Պատասխանը, իրոք, շատ չուշացավ. 1974 թ. հունվարի 7-ի նիստում քաղբյուրոն Անդրոպովի առաջարկությամբ միաձայն որոշում կայացրեց մեծ հայրենասեր, հանճարեղ մտածող, XX դարի մեծագույն գրող, Նոբելյան դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինին երկրից արտաքսելու մասին:
«...Ես, ընկերներ, դեռ 1965 թվականից դնում եմ Սոլժենիցինի մասին հարցը,- հայտարարեց Յ. Անդրոպովը:- Ներկայումս նա իր թշնամական գործունեության մեջ բարձրացել է նոր էտապ: Նա հանդես է գալիս Լենինի դեմ, Հոկտեմբերյան հեղափոխության դեմ, սոցիալիստական հասարակարգի դեմ: Նրա «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» երկը գեղարվեստական ստեղծագործություն չէ, այլ քաղաքական փաստաթուղթ: Դա վտանգավոր է: Մեր երկրում գտնվում են տասնյակ հազարավոր վլասովականներ, օունականներ և այլ թշնամական տարրեր... Այդ պատճառով պետք է ձեռք առնել բոլոր միջոցները, ինչի մասին ես գրել էի ԿԿ, այսինքն` նրան աքսորել երկրից...»: (Չմոռանանք, որ առանց Անդրոպովի անմիջական ցուցումի չէր կարող իրականացվել «ասեղով» մահափորձը): Հենց նույն այս Անդրոպովն է մյուս խայտառակ որոշման նախաձեռնողն ու իրականացնողը՝ ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, հանճարեղ ֆիզիկոս, մեծ հումանիստ Անդրեյ Սախարովի աքսորումը փակ քաղաք Գորկի, ուր արգելված էր օտարերկրացիների մուտքը:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 18687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ