ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի երեխաների գոյությունը վտանգի տակ է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները կոչ են անում գործել անհապաղ

Արցախի երեխաների գոյությունը վտանգի տակ է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները կոչ են անում գործել անհապաղ
17.10.2020 | 21:31

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ են անում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:


ՀՀ նախագահի տիկին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան (2019-ից) Նունե Սարգսյանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի առաջին հայ դեսպան (2007-ից), Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանի, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2009-ից), օպերային սոպրանո, Միջազգային պարօլիմպիկ կոմիտեի պատվավոր անդամ, Հյուսիսային Օսեթիայի և Ալանիայի ժողովրդական արտիստ, Բելառուսի վաստակավոր արտիստուհի Մարիա Գուլեգինայի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2016-ից), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Ռոմա» ՖԱ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2019-ից), հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին ուղղված կոչում, մասնավորապես, ասված է, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվում է լայնամասշտաբ ռազմական հարձակում Թուրքիայի օժանդակությամբ և մասնակցությամբ, որը գնալով ահագնանում է: «Ինչպես վկայում են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ զեկույցները, լայնածավալ օդային և ցամաքային հարձակումների թիրախ են դառնում քաղաքացիական բնակչությունը, հիվանդանոցները, փրկարարական կենտրոնները, դպրոցները, եկեղեցիները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, ինտենսիվորեն կիրառվում են ռազմական ավիացիա և բոլոր միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, ինչպիսիք են կասետային մարտագլխիկներով հրթիռները և այլ ահաբեկիչ միջոցներ: Խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված անկանոն և թիրախային հարվածները հանգեցրել են համատարած ավերածությունների, մեծաթիվ կորուստների և ծանր վիրավորումների, որոնք հասցվել են նաև երեխաներին և կանանց: Այսօր Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև:


Սրանք մարդու իրավունքների, Ժնևի կոնվենցիաների և Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են: Սա պարզապես հարձակում չէ հայերի վրա, այլ ոտնձգություն մարդասիրական հիմնարար նորմերի և ՄԱԿ-ի որդեգրած արժեքների նկատմամբ: Ցավոք, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության ուշադիր հայացքի ներքո: Երեխաները դառնում են անողոք արյունահեղության զոհեր, ենթարկվում են հոգեբանական ցնցումների, կրում տառապանքներ և ծայրահեղ կարիք ունեն սատարման՝ անկախ իրենց ազգությունից և բնակության տարածքից՝ միաժամանակ պահպանելով ոչ մեկին իրենց հետևում չլքելու աներեր վճռականությունը: Այս պահին Արցախի երեխաների գոյությունը վտանգի տակ է, սակայն մնացյալ աշխարհի երեխաների պես նրանք ևս ունեն ապրելու և պաշտպանված լինելու իրավունք. բոլորը՝ կոմայի մեջ գտնվող 15-ամյա Ռոբերտը, կյանքի ու մահվան սահմանագծին դեռևս պայքարող 2-ամյա Արծվիկը, Արծվիկի 9-ամյա սպանված քույրը և շատ ուրիշներ…


Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ՝ մենք կոչ ենք անում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների՝ հնչեցնել իրենց ձայնը, օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները: Խաղաղության կոչերով և մտահոգություններով հանդես գալը չի տվել ոչ մի արդյունք: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածին համապատասխան՝ ցուցաբերե՛ք մարդասիրական օգնություն Արցախում ապրող մարդկանց: Հետևողական եղեք, որ մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքն ու ոչ ոքի չանտեսելու ձեր հանձնառությունը առանց նախապայմանների կյանքի կոչվեն բոլորի համար և ամենուր:


Թույլ չտա՛նք, որ մեր լռությունը խլացնի անզեն մանուկների և նրանց համար հոգ տանողների ճիչերը:
Ինքնե՛րս չձախողվենք՝ որպես կարեկցանքի, արդարության և խաղաղության համար հոգ տանողներ:
Հենց այս վճռորոշ պահին է անհրաժեշտ կատարել համարձակ քայլեր՝ մարդկային կյանքերի փրկության համար: Մենք ցանկանում ենք մնալ հպարտ անդամները այնպիսի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքի, որը նկատում է ակնհայտը, դատապարտում է բարոյազուրկը և անտարբեր չէ անպաշտպան տուժածների հանդեպ»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին ուղղված կոչում:


Սերգեյ Սմբատյանը երկար տարիներ համագործակցում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ. դեռևս 2009 թվականին մաեստրո Սմբատյանի կողմից հիմնվել է ՅՈւՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը, որը ելույթներ է ունեցել Հայաստանում և Եվրոպայում։

Դիտվել է՝ 5913

Մեկնաբանություններ