Ի թիվս բազմաթիվ ռազմական հանցագործությունների, թշնամու սարսափազդու ոճիրները դեռ շարունակվում են։ Անասնական բնազդներով առաջնորդվող այդ բիոզանգվածը, գազանաբար սպանելով, գլխատելով մեր զինվորներին, չի խորշում դրանք նկարահանելուց ու տարածելուց։ ՈՒ այս ամենը, բնականաբար, միջազգային կույր հանրություն քար լռության պայմաններում։ Բայց այս բորենիները տարածվելու և թարմ զոհեր փնտրելու յուրահատուկ ախորժակ ունեն, այս անտարբերության պատճառով Եվրոպայի սրտում այսպիսի «խրախճանքն» իրեն սպասել չի տա։ Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ռազմական հանցագործությունների շուրջ զրուցել ենք իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր ՍԻՐԱՆՈՒՅՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
-Ակնհայտ է, որ այս պատերազմում ռազմական հանցագործություններն ահռելի չափերի են հասնում։ Այս պահին ունե՞ք տվյալներ, թե դրանց քանի տոկոսն է իրավականորեն ձևակերպված և միջազգային ատյաններին ներկայացված։
-Այդ հարցի հիմնական հասցեատերն արտաքին գերատեսչությունն է, դժվարանում եմ ասել, թե դիվանագիտական խողովակներով որքանն է դրանցից ներկայացվել միջազգային ատյաններին։ Բայց հստակ է, թե որ գործողություններն են վկայում ռազմական հանցագործության մասին, և այդ բոլոր դեպքերում տրվել են գնահատականներ։ Մի շարք հայտարարություններով ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ կարևոր դերակատարներին այդ մասին ուղերձներ հղել է առ այն, որ հակառակորդը չի սահմանափակվում միայն ագրեսիվ պատերազմի վարման տրամաբանությամբ, այդ ամենը զուգորդվում է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության բնաջնջմամբ, որոնք դուրս են պատերազմ վարելու մտադրություններից։
-Այս օրերին ականատես ենք նաև, թե ինչպես է միջազգային հանրությունը քար լռությամբ հետևում այս վայրագություններին, պատերազմական հանցագործություններին։ Սա հաշվի առնելով, ի՞նչ ակնկալիք ունեք ռազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային իրավական կառույցներից, նրանք կարո՞ղ են անկողմնակալ դիրքորոշում ունենալ։
-Նախ երբեք էլ չեմ կարծել, թե միջազգային հանրությունն իրողություններին միշտ ճիշտ է արձագանքում և չունի խտրական վերաբերմունք այս կամ այն իրադարձության վերաբերյալ։ Միջազգային հանրությունն ունի ազդեցության գործիքներ, բայց դրանք ամբողջովին պայմանավորված են շահերով։ Պայմանավորված այն հանգամանքով, թե խնդիրը որ երկրի հետ է կապված, արձագանքն էլ լինում է ըստ այդմ, այսինքն՝ տարբեր ու երկակի ստանդարտներով։ Այս տեսանկյունից մեր հանդեպ վերաբերմունքը հիասթափեցնող է, հատկապես որ Հայաստանը մշտապես փորձել է հաշվի նստել միջազգային հանրության հետ։ Մինչդեռ այսօր այդ հանրությունը մեր շահերը, իրավունքները անտեսում, ոտնահարում է զուտ քաղաքական խնդիրներից ելնելով։ Սա ուղղակի ազդակ է, որը հետագայում Հայաստանի քաղաքական իշխանության կրողները պետք է ճիշտ վերաիմաստավորեն, հասկանան միջազգային հանրության դերը հայության կյանքում։
Քաղաքական ատյանների արձագանքները բավականին թույլ են, բայց իրավական մեխանիզմները փոքր-ինչ այլ կերպ են գործում։ Իհարկե, վերջիններս էլ են ենթարկվում քաղաքական ազդեցությունների, բայց ընթացակարգեր, անկախության ավելի մեծ երաշխիքներ կան, այդ իսկ պատճառով այս ատյաններում ակնկալիքներն ավելի մեծ են։ Սրանում համոզվեցինք, երբ կառավարությունը միջպետական գանգատի շրջանակներում եվրոպական դատարան դիմեց Ադրբեջանի և Թուրքիայի դեմ (հիշեցնենք, որ Արցախյան հակամարտության համատեքստում առաջին անգամ էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ ներկայացնում, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից պահանջվում էր պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալու ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը -Ռ. Խ.)։ Ի տարբերություն քաղաքականի, իրավական ատյաններն ավելի արդյունավետ գործեցին։ Քաղաքական կառույցների շրջանում կա դիմադրություն, իրերն իրենց անուններով կոչելու, արձագանքելու անպատրաստակամություն, բայց վստահ եմ, եթե արտաքին հարաբերություններում քաղաքական ճիշտ աշխատանք տարվի, հնարավոր է այս դիմադրությունը ճեղքել ու հաջողությունների հասնել։ Որքան էլ միջավայրը մեզ համար բարենպաստ չէ, հնարավոր է հաջողություն արձանագրել կազմակերպված աշխատանքի և ճիշտ մարդկանց միջոցով։
-Այս օրերին տեղեկատվական առումով էլ իրավիճակը բավական բարդ է, քանի որ ադրբեջանական կեղծ քարոզչությունը չափազանց մեծ է։ Ի՞նչ պետք է անել, որ միջազգային հանրությունը կարողանա տարբեր կողմերից իրեն մատուցվող տեղեկությունների հոսքի մեջ իրականությունը տեսնել։
-Հայկական կողմն էլ է ակտիվ, մեր ձայնը ևս լսելի է եղել, ուղերձները կարողացել ենք տեղ հասցնել։ Իհարկե, ռեսուրսների և դրանց պլանավորման խնդիր կա։ Քանի որ պատերազմ նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, ու սա մեկ օրվա ծրագիր չէ, կատարվել են նախապատրաստական աշխատանքներ նաև տեղեկատվական դաշտում, որտեղ նրանք ունեցել են և Թուրքիայի աջակցությունը, և ներդրվել են պետական ռեսուրսներ, լրջագույն լոբբիստական խմբերի աշխատանքներ, որոնց հետ ունեն սերտ հարաբերություններ, խոսքը մասնավորապես նավթային բիզնեսում ընդհանուր շահեր ունեցող անձանց, ընկերությունների մասին է։ Այս առումով տեղեկատվական հարթակներում պատրաստվածությունը նախադրյալներ է ստեղծել, որպեսզի ավելի ագրեսիվ և ակտիվ լինի ադրբեջանական կողմը, սուտ իրականություն մատուցի միջազգային հանրությանը։ Կարծում եմ, հայկական կողմը կարողացել է հիմնավոր ապացույցներով կասկածի տակ դնել ադրբեջանական վարկածները և ներկայացնել իրականությունը։ Գուցե ռեսուրսներն անհավասար են եղել, բայց մենք այս հարթակում «դիրքային» պարտություն չունենք։ Ես առնվազն արդյունավետ կգնահատեի այդ աշխատանքները։
-Դուք զբաղվում եք նաև երկու ռազմագերիների հարցերով, ի՞նչ նոր տեղեկություններ ունեք (հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է իրավապաշտպանների (Սիրանույշ Սահակյան, Արտակ Զեյնալյան) պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը ապահովել ադրբեջանական գերության մեջ հայտնված Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը)։ Առայժմ վա՞ղ է խոսել գերիների փոխանակման մասին։
-Այս պահին նոր զարգացումներ չկան, փոխանակման հարցը առկախված է, այն կախված է որոշակի առումով նաև զինադադարի, «Կարմիր խաչի» գործունեության հետ։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է մինչև 22.10.2020 թ. եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։ Այս տեղեկությունը ստանալուց հետո մենք կփորձենք հասկանալ, թե բացի կյանքը և առողջությունը ապահովող գործողություններից եվրոպական դատարանը ինչ դերակատարում կփորձի ստանձնել ռազմագերիների փոխանակման հարցում։ Դրանք սովորաբար «Կարմիր խաչի» ներգրավմամբ լուծվել են քաղաքական համաձայնությունների շրջանակում, բայց չենք բացառում, որ միջազգային ատյաններն էլ կփորձեն ավելի ակտիվ գտնվել և իրենց ջանքերով լուծել հումանիտար խնդիրները։
-Հաշվի առնելով այս օրերին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների, որոնք Հայաստանում մշտապես մեզ այդ ուղղությամբ «դասեր» էին տալիս, վերաբերմունքը պատերազմական հանցագործություններին, ի՞նչ եք կարծում, Հայաստանը չպե՞տք վերանայի նրանց հետ իր աշխատանքը։
-Միանշանակ, պետք է կտրուկ փոփոխություններ լինեն։ Այն համագործակցությունը, աջակցությունը, որ նրանք ստացել են Հայաստանից, որևէ կերպ չեն արտացոլվել վերջին զարգացումներում, հայտարարություններում։ Ավելին, այդ կառույցները միակողմանի գործունեությամբ որակազրկել են իրենց առաքելությունը։ Հայաստանը կարիք չունի համագործակցելու ոչ պիտանի գործընկերների հետ, որոնք չեն մտածում սեփական հեղինակության մասին, չեն արժևորում իրենց առաքելությունը։ Մենք պետք է կարողանանք ստեղծել համագործակություն գործուն հարթակներ։ Այս իրադրությունը հաշվի առնելով`պետք է մեր փոխհարաբերությունները հստակեցնենք, վերարժևորենք։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ