Իրադարձություններին ուշադիր հետևողը կնկատի, որ թուրքական գորշ գայլը նորից է ցուցադրում արյան սովոր ժանիքները, որոնք նկատելի են Հայաստանի և՛ արևմուտքից, և՛ արևելքից, ուր կան նույն ցեղից սերված երկու հանրություններ: Սրանք տարածքային միասնության են ձգտում, որպեսզի կյանք տան Ադրիատիկ ծովից մինչև Խաղաղ օվկիանոս Մեծ Թուրան ստեղծելու զառանցանքին: Սակայն այս երկուսին տարանջատող խոչընդոտ կա: Դա Հայաստանն է, որի հետ նրանք ունեն չլուծված բազմաթիվ խնդիրներ՝ հայոց Մեծ եղեռնի փաստը, սփյուռքահայության պահանջատիրությունը, արցախյան գոյապայքարը: Այսինքն՝ հայերի համար պատմական արդարության վերականգնումը, որը նախկինում մերժվել և այժմ էլ մերժվում է թուրքերի կողմից ոչ թե հակափաստերով, այլ խեղաթյուրումով ու սպառնալիքով:
Այժմ նրանք հոխորտում են, որ եթե զորացող Թուրքիան ուզենա, «երկու թրքության միջև գտնվող Հայաստանը կխեղդվի»: ՈՒստի, Հայաստանը պիտի հրաժարվի պահանջատիրությունից, Արցախից ու 1915-ի հիշողությունից: Թուրքերը պնդում են, որ կոտորածները երկկողմանի են եղել, իսկ երբ օտարներն իրենց աչքի տեսածը վկայակոչելով հակառակն են ասում, նրանց մեղադրում են «հայամետության» մեջ: Աջ և ահյակ թևերից թուրքերը հայտարարում են, որ պատրաստ են իրենց նախնիների ձևով լուծելու Արցախի հարցը` գրավելու Հայաստանի Հանրապետությունը, որին, պանթուրքիզմի նկրտումներին հարազատ, տվել են նոր անուն՝ Արևմտյան Ադրբեջան, և դրա համար ստեղծել քաղաքական մարմին՝ «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»:
Այս նորագոյացությունների մասին սիրում է տարբեր առիթներով ծամծմել Բաքվի սուլթան Իլհամը, որը Թուրքիայի իր ավագ եղբայրների պես հայտարարում է, թե թուրքերն են մարդկության ծնողները և քաղաքակրթության ջահակիրները, որ հայերի նախնիները սերում են իրենց օղուզ ցեղից, իսկ Արշակունիները, Բագրատունիները և Ռուբինյանները եղել են թուրք, թուրք կամ ադրբեջանցի են հայոց մտքի մեծերը և թուրք-սելջուկյան են նրանց ստեղծած մշակույթի հուշարձանները: Այս սուլթանը նաև շատախոսում է Ադրբեջան պետության, ադրբեջանական ժողովրդի ու նրա անկրկնելի «մշակույթի» մասին, որն իրականում պատկանում է հայերին, պարսիկներին, հույներին, վրացիներին, արաբներին, ասորիներին և մյուս հնագույն ժողովրուրդներին: Սա ոչ թե պատմագրություն, այլ պատմատգիտություն է: Չէ՞ որ մինչև 20-րդ դարասկիզբը գոյություն չեն ունեցել ադրբեջանցի կամ ազերի ժողովուրդը և Ադրբեջան պետական կազմավորումը: Իսկ հիմա Իլհամ սուլթանը հայտարարում է, որ Երևանյան խանությունն էլ իրենց արևմտյան նահանգն է եղել, ուստի պիտի միացվի Ադրբեջանին:
Տեղին է ասված՝ «Հասկացողին՝ մին, չհասկացողին՝ հազար ու մին»: Հնագույն ժամանակներից սկսած՝ պատմաբանները, աշխարհագրագետները, ճանապարհորդները մեր տարածաշրջանում անգամ լսած չեն եղել նախ թուրք, ապա՝ ադրբեջանցի ժողովրդի մասին: Եթե նրանք գոյություն ունենային, ապա պարսից արքա Դարեհը փորագրել կտար մ.թ.ա. 521-520 թթ. Բեհեստունի բևեռագիր արձանագրության մեջ, ուր հիշատակված են նրա դեմ ապստամբած հայերը: Մտքի մեծերի վկայությամբ՝ Կուր գետի աջափնյակը հնում զբաղեցրել են Մեծ Հայքի Արցախ և ՈՒտիք նահանգները, ձախափնյակը՝ Աղվանքի ժողովուրդները, որոնք երկար ժամանակ եղել են Պարսկաստանի տիրապետության տակ: Առաջին անգամ Ասիայի խորքերից դեպի արևմուտք արշավանքի ելած սելջուկյան թուրքերն Անդրկովկասի սահմաններին երևացել են 11-րդ դարի կեսերին, ապա անցել Փոքր Ասիա՝ իրենց վրանները խփելու բյուզանդական փառահեղությունների վրա: Նրանց հետևից գալիս են թուրքական զանազան ցեղեր, որոնց մեջ բացակայում են ազերիները: Դա հավանաբար անգիտակցաբար ապացուցվել է նաև 1961 թ. Բաքվում լույս տեսած «Ճանապարհորդները Ադրբեջանի մասին» աշխատությամբ, որում ներկայացված ճանապարհորդների կողմից գրառված են Անդրկովկասի բոլոր ժողովուրդները, բայց չկան ադրբեջանցիները: Իսկ Իլհամ փաշան ու իր նմաններն իրենցն են համարում այդ ճանապարհորդների հուշագրություններում ներկայացված իրադարձությունները, բնիկ ժողովուրդների հայրենի հողերն ու մշակույթը:
Որ 15-րդ դարում նման ժողովուրդ և պետություն գոյություն չեն ունեցել, իր մեծարժեք ճանապարհորդական հուշերում վկայել է 33 տարի Լենկթեմուրի և այլոց գերության մեջ ապրած գերմանացի Յոհան Շիլտբերգերը: Նա հանգամանորեն խոսում է Անդրկովկասի ժողովուրդների մասին, որոնց մեջ բացակայում են ադրբեջանցիները: Իսկ ահա ոչ քիչ էջեր նվիրել է հայերին: Նա ասում է, որ նաև Դաշտային Ղարաբաղը պատկանում էր հայերին, նրանցից էր սովորել հայերեն, ծանոթ էր հայոց կրոնին և աղոթում էր նրանց պես: Հայերը, ասում է գերմանացին, եղել են քաջ ժողովուրդ, սակայն արտաքին հարվածների պատճառով կորցրել են իրենց թագավորությունը: «Այլադավանների մեջ ապրող հայերը, - հայտնում է Յոհան Շիլտբերգերը, - նաև նրանք, որ ապրում են այլ քրիստոնյաների մեջ, միանգամայն ազնիվ մարդիկ են: Նրանք նաև չափազանց լավ վարպետներ են և այլադավաններից ոչ վատ կարողանում են պատրաստել մետաքսե ու թավշե ոսկեթել և ծիրանագույն գործվածքներ»: Եթե հինգ դար առաջ ասպարեզում լինեին ադրբեջանցիներ, ճանապարհորդը, անշուշտ, կգրեր նաև նրանց մասին, ո՞վ էր ձեռքը բռնողը:
Պատմությունից լավ հայտնի է, որ 17-րդ դարասկզբին, թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, նահանջող պարսիկները հակառակորդին ծանր կացության մեջ դնելու համար հիմնահատակ ավերել են Արևելյան Հայաստանի գավառները, հայ բնակչությանը քշել Պարսկաստանի խորքերը: Բնիկներից զրկված հայկական բնակավայրերին անմիջապես տիրացել են թուրքերը, թաթարներն ու քրդերը: Ավելին, պարսից կառավարությունն իր երկրի թիկունքը խռովարար վրացիներից և հայերից պաշտպանելու համար Վրաստանի և Հայաստանի սահմանային գավառները հանձնել է դավանակից թաթարական խաշնարած ցեղերի տնօրինությանը: Այսպես մեր երկիրը, հօգուտ եկվորների, փոխել է ժողովրդագրական պատկերը: Անխաթար է մնացել Լեռնային Ղարաբաղը, որի աննկուն զավակները Խամսայի մելիքությունների միասնության ժամանակներում հերոսական էջեր են գրել հայոց պատմության մեջ, իսկ այժմ արժանապատվորեն դիմակայում են հին ու հայտնի անհաջող հարևանին:
Հիմա իլհամական գրագետները դառնաղի ողբում և Ռուսաստանին ծանրորեն անարգում են այն բանի համար, որ 1828-ի փետրվարին Թուրքմենչայում պայմանագիր կնքելիս հատուկ կետով հայերին Պարսկաստանից հայրենադարձվելու որոշում է կայացվել: Հաջորդ երկու տարվա ընթացքում նրանք բնակություն են հաստատել երկու դար առաջ Պարսկաստան քշված իրենց նախնիների բնօրրան գյուղերում: Իսկ ադրբեջանցիները ճգնում են ամեն կերպ ապացուցել, որ հայրենադարձ հայերը ռուսների չար կամքով բնակության տեղ են ստացել Արարատյան դաշտում, Սևանի ավազանում, Նախիջևանում, Սյունիքում և Ղարաբաղում ադրբեջանցիներից բռնազավթված հողերում, ուստի դրանք պիտի միացվեն Ադրբեջանին, որպեսզի արևելքից դեպի արևմուտք անարգել ծավալվի Մեծ Թուրանը:
Ի դեպ, մեզանից մոտ ժամանակներում` 18-րդ դարի երկրորդ կեսին, մեկ այլ ճանապարհորդ՝ Ի. Գիլդնշտեդը, չորս տարի ուսումնասիրել է Անդրկովկասում տիրող վիճակը լեզգիական անողորմ արշավանքներից հետո: Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան գավառներում նա տեսել է Դաղստանի լեռնականների կողմից ավերված հարյուրավոր գյուղեր և ներկայացրել այժմյան Տավուշի մարզում զենքով դիմագրաված հայկական բնակավայրերը: Այս անկողմնակալ գիտնականը ևս որևէ առիթով չի հիշատակում ադրբեջանցիներին կան Ադրբեջան պետությունը: Ճիշտ է՝ նա հայտնում է, որ կա Գյանջայի խանություն, որի բնակիչ «թարաքյամա» թաթարները խոսում են թուրքական բարբառով: Սա համապատասխանում է իրականությանը: Այսօրվա ադրբեջանցիների լեզուն թուրքերենի բարբառներից մեկն է:
ՈՒստի Անդրկովկասում տարածվող ներկայիս Ադրբեջանը և այնտեղ իրենց ադրբեջանցի անվանողները ֆիկցիա են, քաղաքական շինծու գոյացություններ: Դրանք այդպես սկսել են կոչվել միայն 1918 թ. կեսերից, երբ մեծ մասով կովկասյան թաթարներով բնակեցված երկրամասը «Մուսավաթ» կուսակցության պարագլուխների մտահղացմամբ կոչվեց «Ազերբայջանի Հանրապետություն»: Աշխարհաքաղաքական խառը ժամանակներում ապօրինաբար օգտագործվել էր Պարսկաստանի հյուսիս-արևմտյան նահանգի անունը, որը դանդաղ գործող մեծ ուժի քաղաքական «ական» դարձավ հարևան ժողովուրդների համար: Չէ՞ որ մեզանից շատ առաջ ապրած հանրահայտ պատմագիրներն ու աշխարհագրագետներն իմացել են, որ Կուր գետից հյուսիս կա Ալբանիա (հայերեն՝ Աղվանք) երկրամասը, Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ատուրպետեն (հայերեն՝ Ատրպատական) նահանգը, իսկ նրանց միջև ապրելիս են եղել թալիշները: Իսկ կովկասյան թաթարների զբաղեցրած տարածքն ինչու՞ է կոչվել Ադրբեջան, բնակիչը՝ ադրբեջանցի:
7-րդ դարում Պարսկաստանում արաբների տիրապետության հաստատումից հետո, վերջիններիս լեզվական օրինաչափությանը համապատասխան, արդեն Ազերբայգան ձևով ներկայացվող Ատրպատականը սկսեց կոչվել Ազերբայջան, ապա՝ Ադրբեջան, որը մինչև այժմ գործածության մեջ է: Այդ անունը նաև հետագա դարերում տարածված չի եղել Կովկասյան Ալբանիայում (Աղվանքում), որն արաբներն ասում էին «Առռան» կամ «Արան» ձևով: Պարսկաստանի Ադրբեջան նահանգի պարսկալեզու բնակիչներն ուշ միջնադարերում սկսեցին ձուլվել եկվոր բազմաքանակ թուրքական ցեղերի մեջ և աշխարհագրական միջավայրի անունով կոչվեցին ադրբեջանցիներ: Որ նման անունով էթնոս գոյություն չէր ունեցել, շատ լավ իմացել են անցյալի և լավ գիտեն այժմյան գիտնականները:
Ըստ պարսիկ պատմաբան Էնաեթոլլահ Ռեզայի, Անդրկովկասի մի մասի վրա «Ադրբեջան» անունը դնելով, պանթուրքիստները շուտով նոր գաղափար առաջ քաշեցին: Իբրև թե «Ադրբեջանը» երկու մասի բաժանված մի երկիր է, և սկսեցին այս «մասնատվածության» համար ողբալ իրենց բախտից և գանգատվել ճակատագրից: Ապա նրանք գործածության մեջ մտցրին նոր հասկացություններ՝ Հյուսիսային Ադրբեջան և Հարավային Ադրբեջան, որոնք անհրաժեշտ է միավորել մեկ հզոր պետության մեջ, իրականացնել այն նպատակը, որը դեռ մեկ դար առաջ դրված էր պանթուրքիստների նկրտումների հիմքում:
Սրանց դեմ հանդես են եկել շատ խորագիտակ պատմաբաններ և քաղաքական գործիչներ, իսկ թուրքերն իրենցն են շարունակում: Ապշերոնի սուլթանն էլ ցանկանում է իր մասնակցությունը բերել ցեղակիցների աշխարհակալական երազանքների իրականացմանը, հայերին համարում է իր երկրի միակ թշնամին, իսկ նրանց բնօրրան հայրենիքը՝ «Արևմտյան Ադրբեջանից» զավթված հող: Մարդ արարածը զուրկ չպիտի լինի ամոթի զգացումից: ՈՒստի կեղծարար ու ազգայնամոլ Իլհամ աղային իր ցեղի սիրած ասույթով դիմենք. «Չոխ բաբառլամա, յուխարա ալլահ վար» (Շատ մի բրթբրթա, վերևում աստված կա): Քանի որ տապանաբնակներից սերված հայը եղել, կա ու կլինի պատմական Մեծ Հայքի փրկված այս հողակտորների վրա, որոնք հիմա մարդկությանը հայտնի են Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անուններով:
Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ