Ինչպես անվավեր հայտարարել պետությունը
07.02.2020 | 00:45
Լրագրողների բախտը բերել է, հատկապես՝ քրեական գործերով զբաղվող: Թեպետ հիմա բոլոր լրագրողներն են կամա-ակամա զբաղվում քրեական գործերով, որովհետև երկրի առօրյան քրեական քրոնիկոն է:
Կիրակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավոր այցով մեկնում է Արցախ, և՝ սկանդալ Արշակ Զաքարյանին պատկանող ռեստորանում, ՀԴՄ-ի գծով: Թեպետ իրականում սա միջպետական սկանդալ է, որի մեջ որքան ՀՀ վարչապետը, նույնքան Արցախի հարկայինի աշխատակիցներն են ներքաշված:
Երկուշաբթի՝ Մոսկվայից ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջարկում է վերադառնալ և ՀՔԾ-ում ցուցմունք տալ, եթե հարցաքննությունը լինի հրապարակային ու…«վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ»: Միով բանիվ՝ Գևորգ Կոստանյանն առաջարկում է շոու: Շոու, որին պիտի մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ: Հետաքրքիր է՝ ինչու՞ ոչ ՄԱԿ-ի, ՖԻԴԵ-ի կամ ՖԻՖԱ-ի:
Երեքշաբթի՝ ոստիկանությունը ասֆալտին փռելով բերման է ենթարկում Ռուբեն Հայրապետյանին և երկու ընկերներին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: 3 ժամից նա ազատ է արձակվում, ավելի ուշ մեքենաներն են վերադարձվում: Կասկածը չի հաստատվել: Պարզապես՝ պետք էր օրվա սկանդալ, ոչինչ, որ Ռուբեն Հայրապետյանը գործարար է, ու նրա «ասֆալտին փռել»՝ բռնել-բացթողնելը ազդանշան է ներսի ու դրսի գործարարներին՝ մի օր էլ ձեզ են փռելու՝ զենք-զինամթերք, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, եթե հանկարծ որոշեք Հայաստանում ներդրումներ անել, եթե նույնիսկ Պատրիս Լումումբային չեք սպանել:
Չորեքշաբթի՝ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: ԱԱԾ աշխատակիցներն առգրավել են նրա համակարգիչն ու փաստաթղթեր: Նա կալանավորված է:
Հինգշաբթիից կիրակիի սկանդալը կարող եք համարել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները:
Սկսվեց պարզ օրինագծից, որ կարևոր չէ, թե ով է հեղինակել՝ Վահագն Հովակիմյանը, թե Հովակիմ Վահագնյանը, միանշանակ՝ սա ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի գտած լուծումն է ու քաղաքական պատվերը ԱԺ-ին, որ ստորագրել են 37 պատգամավոր: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը. «Հոդված 1. ՀՀ Սահմանադրության 2015-ի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. ՍԴ անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020-ի ապրիլի 1-ը:»:
Հոդված 2. Սահմանադրության սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հարց՝ եթե ամեն ինչ այսքան հեշտ էր, այսքան ժամանակ ինչու՞ չէիք 2 հոդվածով հարցը լուծում: Իրականում այս 2 հոդվածը իրենց հիմքում հակասահմանադրական են: Բայց դա այլևս պատճառ չէ՝ կասեցնելու ՀՀ վարչապետին ու ՔՊ-ին: Սահմանադրության փոփոխությունները չեն կարող կատարվել օրենքով՝ նույնիսկ եթե դա ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ որոշում է: Մեղմ ասած՝ սա ևս քրեական քրոնիկոնից է: Բայց՝ վաղվա: Համաձայն նախագծի հիմնավորման՝ «ՍԴ ներսում և դրա շուրջ ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար»:
«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների և 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում», - նշված է օրինագծի հիմնավորման մեջ։ Ըստ օրինագծի՝ ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաև ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ. «ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ, ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996-ից մինչև 2029-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով»: ՈՒ ի՞նչ:
ՍԴ աշխատանքի վրա ինչպե՞ս է անդրադառնում անդամների պաշտոնավարման ժամկետը: Ինչու՞ է դա սկզբունքային հարց «Նոր Հայաստանում»: Որովհետև ինչպես ասված է հիմնավորման մեջ. «Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված ՍԴ-ի ձևավորումն է»։ Հետո՞: Որքան էլ իշխանությունները շտապում են, գործընթացը արագ չի ավարտվի, նույնիսկ եթե մեկ քվեարկությամբ՝ Հրայր Թովմասյանն ու 6 դատավորները հայտարարվեն անվավեր, իմա՝ կազմալուծեն ՍԴ-ն, նոր դատավորների ընտրությունը տևելու է որոշակի ժամանակ, ու հայտնի չէ՝ այդ ընթացքում Հայաստանը ունենալու՞ է, թե՞ ոչ ՍԴ: Միանշանակ՝ Սահմանադրությունը առանց հանրաքվեի, հընթացս փոփոխելու հակասահմանադրական տարբերակը ստանալու է եվրոպական կառույցների բացասական եզրակացությունը: Սկսած Վենետիկի հանձնաժողովից՝ մինչև ԵԽԽՎ ու ԵՄ: Բայց դա ՀՀ իշխանություններին չի հետաքրքրում: Բացահայտորեն չի հետաքրքրում հասարակությանը: ՈՒ՞մ է հետաքրքրում, որ սա այլևս իշխանության խնդիր չէ, սա հարված է պետականությանը: Չի կարող Աժ ընդունած օրենքով Սահմանադրություն փոխվել, չի կարող ԱԺ-ն չեղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացության համար ոչ միայն ՍԴ-ին, այլև նախագահին ուղարկելու նորմը:
Փաստացի՝ ՔՊ-ն կասկածի տակ է դնում ոչ միայն ՍԴ-ի, այլև ՀՀ նախագահի լեգիտիմության ու վստահելիության հարցը: Թերևս հենց այդ պատճառով էր վարչապետը մի քանի օր առաջ հանդիպել ՀՀ նախագահին: Քննարկման հետևանքը պարզ է: Այլապես փետրվարի 5-ին մի քանի անգամ հետաձգվելուց հետո չէին կայանա ԱԺ խորհրդի նիստը և Աժ արտահերթ նիստը: Հարց՝ ուժի մե՞ջ են Սահմանադրության փոփոխության հանձնաժողովն ու խոստումը: Եթե ՍԴ հարցը իշխանությունը լուծում է մեկ քվեարկությամբ, եթե կառավարման մոդելի փոփոխության խնդիր Նիկոլ Փաշինյանը չի տեսնում, ի՞նչն են փոխելու 2015-ի Սահմանադրության մեջ, որը, ինչպես Կապանի ասուլիսում պարզվեց, արդեն սուպերվարչապետական չէ: Գուցե շուտով նաև պարզվի, որ հանրաքվեում հասարակությունը 100 տոկոսով ձայն է տվել ու կար քաղաքական բոլոր ուժերի կոնսենսուսը՝ բոլորը միակամ խորհրդարանական հանրապետություն էին երազում: Լավ, ինչքա՞ն կարելի է մարդկանց ստել: Ավտոներկրողներին, անասնապահներին, վարորդներին, սպանված զինվորների մայրերին…
Փետրվարի 3-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր կողմերին զսպվածության և լարումը թուլացնելու էր կոչում՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի։
Հունվարի 31-ին գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն էր արել ԵԽԽՎ-ն՝ իշխանություններին կոչելով ՍԴ-ի շուրջ լարվածությունը թուլացնել։ Նույնիսկ Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ երկրների դեսպանների հետ ՍԴ-ի շուրջ իրավիճակը քննարկելուց ու երեկ Աժ արտահերթ նիստը հետաձգելուց հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այս դեպքում՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանը, չհրաժարվեց ոչ լեգիտիմ օրինագծի քննարկումից: Եթե եվրոպացիներին մտահոգում է, որ Հայաստանում վտանգված է Սահմանադրությունը, և ուրեմն պետության ընդունած որոշումների լեգիտիմությունը, ինչու՞ Հայաստանում հասարակությանը չի մտահոգում, որ անվավեր են հայտարարում պետությունը, այսինքն՝ իրենց ու իրենց զավակների գոյությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչն է կարևոր Հայաստանում: «Ամփոփված տվյալների համաձայն 2019 թ. Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավելի է 242 հազար 595-ով կամ 14,7 %-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26,7 %-ով»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել. «Բացի սա՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում: Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14 % և 11,4 % աճով։ Վրաստանն ընդհանրապես տեղ չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում: ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը ևս առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը սակայն նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական)»: Հարցեր կա՞ն: Եթե չկան, հավելեմ. ՀՀ արտաքին պարտքը 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 789,729 մլն դոլար: Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ վերջին ամիսներին արտաքին պարտքն աճել է: 2019-ի հոկտեմբերին արտաքին պարտքը 5 մլրդ 573,289 մլն դոլար էր, նոյեմբերին՝ 5 մլրդ 626,252 մլն դոլար, դեկտեմբերի վերջին՝ 5 մլրդ 789,729 մլն դոլար՝ դեկտեմբերին պարտքն աճել է 163,477 մլն դոլարով: Հայաստանի արտաքին պարտքից 5 մլրդ 300,412 մլն դոլարը կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկի: Դրամով Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 3 տրիլիոն 513 մլրդ 403,1 մլն դրամ, 2 տրիլիոն 777 մլրդ 332,9 մլն դրամ արտաքին պարտքն է: Հիմա հասկանու՞մ եք ամենօրյա սկանդալների պատճառները, որ հանկարծ հարցեր չտաք՝ տեսնում եք, չէ՞, ինչպես է իշխանությունը կատարում ձեր կամքը ու հաճոյանում ձեզ, որովհետև որոշել է, որ դուք այնքան հիմար եք, որ երջանկանում եք բռնեմ-բաց թողնեմներով ու երազում եք ամեն օր տեսնել նույն «կինոն», որովհետև այս ամենը արվում է «ձեր պահանջով»: ՈՒ չհամարձակվեք այնքան անշնորհակալ լինել, որ իշխանությունից պահանջեք աշխատատեղ ու աշխատավարձի բարձրացում, որ իշխանությունից պահանջեք պետության ինքնիշխանություն ու տնտեսական… հեղափոխություն, ընդհանրապես որևէ կենսական հարցի լուծում: Իսկ եթե հանկարծ պահանջեք, կարդացեք վարչապետի Ֆեյսբուքի էջում հրապարակված «Համազգային 6 կոնսենսուսները»՝ որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար ու բանաձև: Վերջ: Նա համբուրում է ձեզ, սիրում է ձեզ ու խոնարհվում է ձեր առաջ: Եթե դա էլ արդեն ձեզ պետք չէ, ուրեմն «նախորդ հանցավոր ռեժիմի» ազդեցության տակ եք, պատրաստվեք «գետնին փռվել»: Եթե դրան էլ համաձայն չեք, այլմոլորակային եք, վերադարձեք ձեր մոլորակ, Հայաստանը ձեր Հայրենիքը չէ:
ՀՀԳ. Երեկ արտահերթ նիստում ԱԺ-ն նոր շրջադարձ արեց, պարզվեց՝ «Իմ քայլը» մտադիր է հանրաքվեի դնելու ՍԴ նախագահի ու 6 անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ