Ներքին քաղաքական զարգացումների վրա մեծ ազդեցություն են ունենալու արտաքին քաղաքական գործոնները
10.01.2020 | 00:33
2020 թվականը բավականին բուռն սկիզբ ունեցավ։ Եվ դա հիմնականում պայմանավորված է իրանա-ամերիկյան հակամարտության բացառիկ սրմամբ։ Այս հակամարտությունը որոշակի լակմուսի թուղթ դարձավ նաև հայաստանյան 2020 թ. ներքաղաքական զարգացումների համար։ Այն ցույց տվեց‚ թե ի վերջո ինչ վեկտոր են ունենալու Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ընթացիկ տարում. ՀՀ իշխանությունը շարունակելու՞ է արդյոք հեղափոխական և հետհեղափոխական գործելաոճը‚ թե՞, այնուամենայնիվ‚ փորձելու է որոշակի փոփոխություններ մտցնել իր մարտավարությունների մեջ՝ համախմբելով հասարակությանը կառուցողական աշխատանքի համար։
Սակայն ինչպես ցույց տվեց իրանա-ամերիկյան զարգացումների շուրջ իշխանական խանդոտ ու կոշտ արձագանքն իր հասցեին հնչող քննադատություններին‚ պարզ է դառնում, որ իշխանությունը և անձամբ վարչապետը շարունակելու են նույն խաղաոճը‚ որ կիրառում էին ընդդիմախոսների նկատմամբ 2018-ի և 2019-ի ընթացքում։ Դա երևաց և այսպես ասած տնայնագործ գեոպոլիտիկների վերաբերյալ վարչապետական հայտնի գրառումից, և ակնհայտ բեմականացված շոուի ընթացքում‚ ըստ որի՝ ԱԱԾ-ն շատ օպերատիվորեն իբր ֆեյսբուքյան կեղծ օգտատերի էր բացահայտել։ Այս ամենը վկայությունն է այն բանի‚ որ իշխանությունը ցանկացած ներքին կամ արտաքին քաղաքական առիթ կօգտագործի իր ընդդիմախոսների դեմ ռեպրեսիոն գործողություններ կատարելու համար։
Այնուամենայնիվ‚ 2020 թվականին փոփոխություններ կարելի է ակնկալել‚ մասնավորապես‚ ընդդիմադիր հատվածում։ 2020 թվականին գրեթե կիսվելու է սահմանադրական այն ժամկետը‚ որը հատկացված է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Դա նշանակում է‚ որ եթե նույնիսկ համարենք‚ թե այս կառավարությունն իր պաշտոնավարումը կձգի մինչև 2023 թվականի հերթական ընտրությունները‚ ապա տրամաբանությունը հուշում է, որ քաղաքական դաշտում արդեն իսկ պետք է պատրաստվեն այդ ընտրություններին։ Բացի այդ‚ նկատենք‚ որ քաղաքական որոշ սեգմենտներ ասպարեզ են նետում արտահերթ ընտրությունների գաղափարը։ Այսինքն՝ ժամկետները քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին ստիպում են ակտիվանալ‚ վերադասավորվել և իրենց տեղը զբաղեցնել ընդդիմադիր դաշտում։ Այս տեսակետից պետք է ակնկալել‚ որ 2020 թվականն ընդդիմադիր բևեռում կարող է լինել հստակ տրանսֆորմացիաների և վերաֆորմատավորման ժամանակաշրջան։
Փորձենք դիտարկել, թե 2020 թվականին ինչ է իրենից ներկայացնելու 2019 թ. կեսերից կենդանության նշույլներ ցույց տվող ընդդիմադիր դաշտը։
1. Ոչ իշխանական հատվածում առաջին հերթին դերակատարություն կունենան նախկին իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ն‚ ՀՅԴ-ն՝ իրենց ավելի մանր նշանակության արբանյակ ուժերով։ Փաստենք‚ որ և հանրապետական կուսակցությունը‚ և դաշնակցությունը տեղի ունեցածի իրական վերաիմաստավորում չեն կատարել։ Դատելով ինքնապաշտպանական գնահատականներից‚ կատարվող վերլուծություններից‚ ներկայացրած փաստարկներից՝ նշված քաղաքական ուժերի կողմից մինչ այժմ այդպես էլ հստակ գնահատական‚ բացատրություն չտրվեց‚ թե ինչու կորցրին իշխանությունը‚ ինչու հարյուրհազարավոր մարդիկ դուրս եկան փողոց‚ որոնք են իշխանափոխության խորքային պատճառները։ Եվ արդեն երկու տարի ապրում են այն իլյուզիաներով‚ թե ահա-ահա ամեն ինչ փոխվելու է ու վերադառնալու է նախկին հուն։ Սա հների ամենագլխավոր թերությունն է։ Բացի այդ‚ նախկինների‚ մանավանդ հանրապետականների մոտ լուրջ ռեբրենդինգի կամ վերակառուցման խնդիրներ չեն կարողանում լուծել։ Եթե անգամ իմիջային առումով ինչ-ինչ փորձեր արվում են‚ ապա կառուցվածքային‚ կադրային առումով որևէ փոփոխության նշույլ անգամ չկա։ Իսկ հին դեմքերով շատ դժվար է լուրջ պայքար մղել իշխանությունը վերադարձնելու համար։
Որոշակի վերապահումներով նախկինների շրջանակին կարելի է դասել նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։ Այս կուսակցությունը‚ բիզնես պրոյեկտ բնույթից ելնելով‚ բավականին զգույշ է և իրեն դիրքավորել է կառուցողական ընդդիմադիր‚ բայց այնուամենայնիվ‚ հեղափոխությանն աջակցող քաղաքական դաշտում։ Ինչպես միշտ՝ այդ քաղաքական ուժի դիրքորոշումը շատ դեպքերում կախված է կուսակցության ղեկավարի բիզնես հետաքրքրություններից‚ երբեմն նաև՝ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից։ Այնուամենայնիվ‚ պետք է փաստել‚ որ «Բարգավաճ Հայաստանին» առայժմ հաջողվում է բարեհաջող լողալ երկու քարի արանքում և պահպանել որոշակի վարկանիշ հանրության որոշ շրջաններում, առաջին հերթին մարզերում։ Համենայն դեպս‚ ԲՀԿ-ին հաջողվում է գտնել քաղաքական օրակարգային որոշ թեմաներ‚ որոնք օգնում են ընդգծել այդ ուժի տիտուլային ընդդիմադիր կարգավիճակը։ Դա առաջին հերթին սեռական փոքրամասնությունների և նման այլ շեղումների շուրջ բարձրացվող աղմուկն է‚ որոշակի անհամաձայնություններն իշխանության տնտեսական քաղաքականության շուրջ և այլն։
2. Ընդդիմադիր դաշտում հաջորդ շերտը վերջին մեկուկես տարվա ընթացքում նոր ձևավորված քաղաքական ուժերն են։ Հատկապես աչքի են ընկնում «Ազգային օրակարգ» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները։ Այդ քաղաքական ուժերը որոշակի թարմություն ունեն‚ բայց առայժմ դրանք աչքի չեն ընկնում ինստիտուցիոնալիզմով‚ մի քանիսն էլ նույնիսկ շատ նման են մարդ-կուսակցության‚ ինչը շատ բնորոշ է Հայաստանին։ Տվյալ դեպքում‚ նշված կուսակցությունների գործելաոճում ակնառու է ակադեմիական ոճը‚ ինչը թերևս կարելի է բացատրել նրանով‚ որ նոր-նոր են փորձում կայանալ և առայժմ այնքան ռեսուրս չունեն‚ որպեսզի մեծ ակտիվություն ցուցաբերեն և լավագույն դեպքում կարող են ընդհանուր երգչախմբին իրենց ձայնը միացնել։ Նշենք նաև‚ որ նորաստեղծ ուժերը փորձելու են իրենց սահմանազատել նախկիններից‚ քանի որ վերջիններս շարունակում են ոչ պոպուլյար մնալ հանրության շրջանում։
3. Ընդդիմադիր թևում երրորդ բևեռ կարելի է համարել դեռևս քաղաքական կուսակցություն չստեղծած, բայց արդեն իսկ քաղաքական նկրտումներ ցույց տված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որը շատ հստակ քայլերով ակնհայտորեն փորձում է մտնել մեծ քաղաքականություն, ցույց է տալիս իր ռեսուրսները, այդ թվում՝ արտաքին քաղաքական կապերը։ Վերջին շրջանում, ըստ էության, ցեմենտում է նաև իր ֆինանսական բազան, որի միջոցով գուցե աշխատի ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության վրա։ Այս ամենը նա գործի կդնի նոր ստեղծված «Հայրենիք հիմնադրամի միջոցով, որի հիմնական նպատակը լինելու է քաղհասարակության ծրագրերին աջակցելը։ Վանեցյանը շատ հեռանկարային քաղաքական գործիչ կարող է լինել։ Նրա շուրջ հնարավոր է համախմբվեն քաղաքական, արտաքին քաղաքական, հասարակական, ֆինանսական ռեսուրսներ։ Վանեցյանը, տիրապետելով հսկայական ինֆորմացիայի, այդ թվում՝ քաղաքական գործիչների վերաբերյալ, մեծ անհանգստություն է առաջացնում վերջիններիս մոտ։ Եվ չի բացառվում, որ եթե 2020-ին Վանեցյանն աստիճանաբար դառնա նաև քաղաքական գործոն, ապա կարող է համախմբող գործոն դառնալ նաև այլ կուսակցությունների համար՝ այլընտրանք հանդիսանալով այսօրվա իշխանություններին։
4. Ընդդիմադիր դաշտի մյուս սեգմենտն այն քաղաքական ուժերն են, որոնք թեև խոսքով իրենց արդեն դիրքավորել են այս դաշտում, սակայն այդուհանդերձ, վերլուծական շրջանակներում դիտարկվում և ընկալվում են որպես գործող իշխանությունների արբանյակներ։ Այս ուժերն այսօր ընդդիմադիր դաշտում են, որպեսզի այս հարթակն անտեր չթողնեն Նիկոլ Փաշինյանի իրական հակառակորդների համար։ Սրանց կարելի է անվանել կոմֆորտային ընդդիմություն։ Դրանք այն քաղաքական ուժերն են, որոնք ասոցացվում են Սորոսի հիմնադրամի հետ։ Խոսքը սորոսածին «Սասնա ծռերի» մասին է, որոնք արդեն հայտարարել են, որ իրենք անհաշտ, արմատական ընդդիմություն են։ Այս խմբին կարելի է դասել նաև «Քո որոշում» կառույցին, որը հիմնականում նույնպես համալրված է պաշտոնապես իշխանության մեջ չգտնվող սորոսածին երիտասարդներով։ Այս կոհորտային կարելի է ավելացնել նաև, այսպես կոչված, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը նախաձեռնում է հեղափոխականներից ավելի հեղափոխական դիրքորոշման նոր հարթակ։ Ընդդիմադիր դաշտում դիրքավորվող սորոսածին այս սեգմենտի հիմնական գործառույթը հեղափոխության պահապանների դիրքերում հանդես գալն է։ Վերջիններս նշում են, որ կողմնակից են «թավիշը» երկաթի վերածելուն։ Պարզ է, որ նրանք պետք է ջանան բազմազանություն մտցնել ընդդիմադիր դաշտում՝ չթողնելով այս հարթակն իրական ընդդիմադիրներին։ Մյուս կողմից նրանք հանդես են գալիս որպես պահեստային տարբերակ՝ ինչ-ինչ զարգացումների դեպքում իշխանություններին փոխարինելու նկատառումով։
Թերևս‚ այս խմբին կարելի է դասել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը‚ որը‚ խորհրդարանում ունենալով խմբակցություն‚ այդպես էլ չի կայանում որպես հստակ քաղաքական դիրքորոշումներ ունեցող ուժ‚ և շատ դեպքերում ուղղակիորեն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը։ Անգամ իր վրա է վերցնում շատ օրենսդրական նախաձեռնություններ‚ որոնք իշխանությունը չի ցանկանում ասոցացնել իր քաղաքական նպատակների հետ‚ առանձնապես այն դեպքերում‚ երբ այդ նկրտումները կապված են լինում իշխանության էլ ավելի ուզուրպացման հետ։ «Լուսավոր Հայաստանի» վարքագիծը շատ դեպքերում քաղաքական և ոչ միայն քաղաքական սակարկությունների տպավորություն է թողնում։ Դրանով է պայմանավորված այն‚ որ Էդմոն Մարուքյանի գլխավորած թիմը մերթ հանդես է գալիս գրեթե արմատական ընդդիմադիր կեցվածքով ու հռետորաբանությամբ‚ մերթ ծայրահեղ իշխանամետ դիրքորոշումներով։
5. Ընդդիմադիր հատվածի ձևավորման վրա կարող են մի շարք գործոններ ազդել, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը։ Թվում է՝ Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ ոչ թե քաղաքականությունն է հետաքրքրում, այլ սեփական խնդիրները։ Բայց եթե սեփական խնդիրների լուծման բանալին ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն է, ապա պարզ է, որ անազատության մեջ գտնվող ՀՀ նախկին նախագահին այլ ելք չի մնալու, և քաղաքականությամբ զբաղվելը նրա համար դառնալու է պաշտպանական վահան։ Այստեղ պետք է նկատենք, որ մեր հանրությունը երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու համար պետք է «շնորհակալ» լինի անձամբ Նիկոլ Փաշինյանին, որը Քոչարյանին խոր թոշակից ու այլ մայրցամաքներից վերադարձրեց Հայաստան ու դարձրեց քաղաքական ֆիգուր։ Այսպիսով՝ երկուսն էլ՝ և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը, դարձան իրավիճակի պատանդները՝ մեկը՝ ֆիզիկապես, մյուսը՝ քաղաքական առումով։
Ամփոփելով վերոնշյալ կետերը՝ նկատենք, որ բավականին բարդ ու շրջադարձային տարի է սպասվում, որի ընթացքում իշխանությունն էլ պետք է փորձի հարմարվել ավելի ամրացող, ավելի կայունացող ու սեգմենտացող ընդդիմադիր դաշտին։ Այս համատեքստում իշխանության առջև նոր խնդիրներ են ծագելու, և ՀՀ ղեկավարությունն ունեցած զինանոցով շատ դժվարությամբ առաջ կընթանա, մանավանդ որ ներքին քաղաքական զարգացումների վրա մեծ ազդեցություն են ունենալու արտաքին քաղաքական գործոնները և չի բացառվում նաև՝ Արցախի շուրջ զարգացումները։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ