Ամոնդավա ցեղի օրենքով
10.01.2020 | 00:07
Գուցե ինչ-որ մեկի տանը տոնական սեղանը դեռ չի հավաքվել, ու տարեմուտի հերթական կենացն է բարձրացվում: Ողջ լերուք: Թող կատարվեն ձեր ցանկությունները: Մնացածը կյանքը գիտի, Աստված կտնօրինի: Ամեն ինչ իր ժամանակին: Ամազոնի ամոնդավա ցեղի բառապաշարում չկա «ժամանակ» բառը: Նրանք չունեն ժամանակի պատկերացում, ապրում են ժամանակի մեջ ու ժամանակից դուրս:
Մենք գիտենք, որ ժամանակը նաև հայրենիք է, բայց ճանաչու՞մ ենք մեր երկիրը: Գիտե՞նք, որ Հայաստանից միգրանտների մեծ մասը անցած տարիներին աշխատանք է փնտրել Ռուսաստանում: Վիճպետկոմի ժողովրդագրական զեկույցի համաձայն՝ 2017-2018-ին միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսությունների անդամների 61 %-ը (137,7 հազար մարդ) 2018-ին դեռևս եղել է կամ այլ երկրում, կամ՝ Հայաստանի այլ վայրում, 38 %-ը (86,7 հազար մարդ) վերադարձել է արտագնա աշխատանքից, 1 %-ն առաջին անգամ է տվյալ բնակավայրում՝ 2,4 հազար մարդ: Միգրանտների մեծ մասը մեկ տարուց պակաս է բացակայել, 13 %-ը՝ 1 տարի և ավելի: 2018-ին միգրանտների 89,8 %-ը աշխատանք փնտրելու նպատակով Ռուսաստան է գնացել: Եվրոպական երկրներում աշխատանք է փնտրել 2 %-ը: 3,2 %-ն աշխատանք է փնտրել Երևանում, 1,9 %-ը՝ ՀՀ մարզերում, 1,4 %-ը՝ Արցախում: Այլ երկրներում աշխատանք է փնտրել 1,2 %-ը, ԱՊՀ երկրներում՝ 0,5 %-ը: Կարո՞ղ էին նրանք չհեռանալ Հայաստանից: Նոր Հայաստանից: Տեսականորեն՝ այո, գործնականում՝ ոչ: Քանի դեռ մեր տնտեսական հեղափոխության հիմքում ոչ թե աշխատատեղերի ստեղծումն է, այլ ՀԴՄ-ների հաշվարկը: Պետբյուջեով նախատեսվում է 6,5 % տնտեսական աճ, կառավարությունն ընդունում է, որ թռիչք չէ, առավել ևս՝ վագրի: Ոմանք երևի հիշում են, որ մեր միֆական վագրը շարունակ ցատկում է՝ սկսած Վարդան Օսկանյանի ելույթներից, բայց այնքան աննկատ, որ միայն ինքը գիտի՝ ու՞ր ու ինչու՞:
Անցյալ տարի տնտեսության կառուցվածքում առաջատար 3 ճյուղերն էին՝ ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, ծառայության ոլորտը՝ խաղերը, մոտ 25-30 % աճով, հանքարդյունաբերությունը՝ 18 % աճով: 2020-ին ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի հարցը փակվեց, մնում են խաղերը, կեցցե ֆուտբոլը և 2020-ի Եվրոպայի առաջնությունը: Հանքարդյունաբերության հարցում դժվար է կեցցե ասել: Ինչպես քաղաքական ու տնտեսական օրակարգի հիմնական խնդիրները, Ամուլսարի շահագործման հարցը կառավարությունը բարեհաջող 2019-ից փոխանցեց 2020-ին: Փաստ չէ, որ 2020-ին էլ հարցը կլուծվի: Անգամ Լիդիանի՝ Կանադայի դատարան դիմելուց հետո: Կառավարության հապաղումը զուգորդվում էր դրսից հմտորեն դիրիժորվող բնապահպանական շարժումներով: Տարօրինակ ու շահախնդիր են Հայաստանի «բնապահպանները»: Նրանց 2019-ին բոլորովին չէր մտահոգում Երևանը ողողած աղբը, չէր մտահոգում կանաչած Սևանը, Ամուլսարից բացի չէին մտահոգում մյուս հանքերը, որ շատ ավելի վտանգավոր են: Նրանք կենտրոնացած էին Ամուլսարի վրա: Դա ինքնին ախտորոշում է և դատավճիռ: Մենք գնում ենք ուրույն, ցավոք, ոչ միշտ արդյունավետ ճանապարհով: Մենք, որպես կանոն, սևեռվում ենք մեկ խնդրի վրա ու չենք տեսնում մյուս խնդիրները: Օրինակ՝ չենք տեսնում, որ «հանուն» քաղաքական բնապահպանության պետբյուջե չեն մտնում այն գումարները, որ պիտի ծախսվեին աշխատատեղեր բացելու վրա ու միգրացիոն պատկերը փոխելու: Չենք տեսնում, որ այդ գումարներով բանակ պիտի պահվեր: Չենք տեսնում, որ Ամուլսարի պատճառով Հայաստան ներդրումներ չեն մտնում այն ծավալով, որ գալու էին: Տնտեսական հեղափոխությունը վերածում ենք տնտեսական ստրկամտության կամ տնտեսական վրեժխնդրության: Ինչու՞:
Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հիմնական ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: 2019-ին 2018-ի համեմատ հավաքվել է 200-220 մլրդ դրամ կամ 15 %-ով ավելի: 220 միլիարդից 90-ը տնտեսական աճի արդյունքում է, 75-ը՝ մեքենաների ներմուծումից, 60-ը՝ հարկային վարչարարությունից: Հիմա եթե հանում ենք մեքենաներն ու հավելում մոլախաղերը, ի՞նչ է ստացվում: Տարեվերջին կհասկանանք:
2013-ին մաքսային միությանը, 2015-ին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետևանքով՝ 2020-ին ունենալու ենք անխուսափելի գնաճ, որ ազդելու է կենսամակարդակի վրա: Նաև՝ գնողունակության, նաև՝ աղքատության աճի: Հետևաբար՝ արտագաղթի:
ՈՒ այս ամենի դեմ կառավարությունը, չհաշված ՀԴՄ-ները, ունի մեկ համադարման՝ բարձր տեխնոլոգիաները: 2010-2017-ին ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 29,8 %աճ։ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ ՀՆԱ-ի 5 %-ն է, ներառում է 20 000 մարդ` աշխատանքային ռեսուրսի 2 %-ը, գործում են 850 ձեռնարկություններ։ Կառավարության աջակցությունը ոլորտին, թերևս, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումն է, մեկ էլ՝ բարձրահունչ ելույթները երկրում ու արտասահմանում: Կա՞ պետական ռեալ աջակցություն: Կա՞ պետական ֆինանսավորում բարձր տեխնոլոգիական լուծումների վրա աշխատող ձեռնարկություններին, գիտահետազոտական ու զարգացման աշխատանքների պետական ֆինանսավորում, չէ՞ որ վարչապետը քանիցս ասել է՝ փող կա, չգիտենք որտեղ արդյունավետ ծախսել: Ծախսեք նպատակային: Բոլորովին պարտադիր չէ, որ ԱԺ պատգամավորները դեկտեմբերին 3 անգամ պարգևատրում ստանան, պետական ծառայողների աշխատավարձերի ու պարգևատրումների անհասկանալի սանդղակը բացի ֆինանսական անհավասարությունից բարոյական անհավասարություն է ստեղծում, որը հակառակն է սիրո հեղափոխության: Միլիարդները փոշիացնելու փոխարեն՝ ՏՏ ոլորտին հատկացնելը կդառնա ներդրում:
Աշխարհն անցնում է 5G կապին, իսկ Հայաստա՞նը: Կա՞ պետություն-մասնավոր գործընկերություն: Կա՞ ՏՏ տեխնոլոգիաների զարգացմանը անհրաժեշտ օրենսդրական դաշտ, բավարա՞ր է մտավոր սեփականությունը պաշտպանված, կա՞ն բավարար թվով որակյալ մասնագետներ, որ կարող են նոր մակարդակի բարձրացնել ոլորտը, կա՞ համագործակցություն արտասահմանում աշխատող հայերի հետ: Պատրա՞ստ է Կենտրոնական բանկը դադարեցնել արգելքները բանկերի վրա՝ կրիպտոբորսաների հաշիվների սպասարկման մեջ, կարո՞ղ ենք օրենքով կարգավորել գաղտնարժույթների թվային տնտեսությունը։ Պատրա՞ստ ենք բլոքչեյն տեխնոլոգիան կիրառել կադաստրի պետական կոմիտեում, կենտրոնական դեպոզիտարիայում, պետական ռեգիստրում: Երբ պատրաստվում ենք հումանիտար առարկաների ուսուցման հաշվին դպրոցներում ու բուհերում խորացնել բնական գիտությունների ուսուցումը, որ ինքնին անխելամիտ ու ռիսկային է, շարունակելու ենք նույն «Ինֆորմատիկա» առարկան դասավանդե՞լ, թե՞ ժամանակակից տեխնոլոգիաների մասին տեղեկություններ ենք տալու ու հմտություններ ենք զարգացնելու: Ի վերջո, մեզ համար ձև՞, թե՞ բովանդակություն են ՏՏ տեխնոլոգիաները: Եթե բովանդակություն են, ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարության, էլեկտրոնային արդարադատության զարգացման նպատակով պետպատվերների համար կազմակերպվող մրցույթներում ի՞նչ վերաբերմունք ունենք մեր ընկերություններին: Կարողանու՞մ են ՏՏ ոլորտի բիզնեսխմբերն աշխատել պետական կառավարման մարմինների հետ: Որքանո՞վ է միջին վիճակագրական հայը հասկանում ու պատկերացնում՝ ի՞նչ են ՏՏ տեխնոլոգիաները, ինչպե՞ս կարող են փոխել իր կյանքը, գովազդու՞մ ենք ոլորտը, նպաստու՞մ ենք նոր մարդկանց ներգրավմանը: Թե՞ հենց դա է կարևորը՝ չհասկանան, բայց հավատան:
ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերյալ 2019-ին հրապարակել էր զեկույց, որն ընդգծում էր՝ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի օտարերկրյա ներդրումների հետ՝ հոսքը կրճատվել է: Անհանգստություն էր հայտնվում բիզնեսի հանդեպ ոչ մրցակցային գործընթացների վերաբերյալ, որ խաթարում են ներդրողների վստահությունը: Ներդրումային միջավայրի վրա խիստ բացասական ազդեցություն են թողնում հատկապես քաղաքական ցնցումներն ու չկայունացող ներքին մթնոլորտը: Զեկույցում հատուկ շեշտվում էր Հայաստանի ներդրումային միջավայրի վրա Ամուլսարի չկարգավորված խնդրի բացասական ազդեցությունը. «Խոշորագույն ներդրումային ծրագրերի, մասնավորապես՝ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության Ամուլսարի ծրագրի շուրջ կոնֆլիկտը, բիզնեսի հանդեպ ոչ մրցակցային պայմանների (խտրական) դրսևորումները և վերջին քաղաքական փոփոխությունների հետ ասոցացվող անորոշությունները ներդրողների շրջանում առաջ են բերել «դեռ սպասենք, տեսնենք» վերաբերմունքը»: Իրավիճակի շտկման համար առաջարկվում էր ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի առևտրային հատվածը, որը «լիազորված կլինի լուծել բիզնեսների միջև վեճերն ու անարդարությունները»:
Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի տարեկան ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ՀՀ-ն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք տնտեսության խթանման մեջ մեծ դեր կունենան, կա՞ն մեգանախագծերի գոնե աղոտ նախագծեր: Թե՞ հայտարարություն էր՝ ով լսի՝ լսի, ով հավատա՝ հավատա: Քանի դեռ կառավարության ամեն նիստում վարչապետը գտնում է մի պատրվակ՝ հնչեցնելու իր նշանավոր դարձած «թաթիկներ կտրելը», «պառկցնելը», «պատերով տալը» նոր վարիացիաներով, քանի դեռ արտասահմանյան ամեն այցի ժամանակ մի առիթ գտնում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի կամ այլ բրենդի տակ ահուսարսափ սփռելու, քանի՞ գործարար պիտի վախը բռնի ու Հայաստան գա: Բիզնեսը, որ հեղափոխություն չի սիրում ու չի սիրում աղմուկ, չի սիրում դատ ու դատարան, ինչու՞ պիտի տարվի հայկական թավիշով, որ բնավ էլ թավշե չէ: Հեղափոխությունը բրենդ էր 2018-ի գարնանը, աշնան սկզբից բրենդը քամուն տրվեց՝ վարվող արտաքին քաղաքականության պատճառով: Այս ընթացքով մեգանախագծերը կմնան կառավարության մեգաերազանք կամ մեգապատրանք, որով կփորձեն կերակրել հպարտ քաղաքացիներին: Փաստացի՝ 2019-ին իշխանությունը բարեհաջող հետաձգեց վիճահարույց խնդիրները բոլոր ոլորտներում՝ սկսած ՍԴ-ից, մինչև դատական համակարգի, ներեցեք, որ հիշեցնում եմ՝ վեթինգ: Ստամբուլյան կոնվենցիա ու Ամուլսար: Անորոշ մնաց «Սանիտեկի» հարցը: Փոխարենն օր առ օր մեզ մատուցվում են նորանոր ձերբակալություններ ու ձգձգվող հետաքննություններ կամ դատավարություններ: Իսկ դա վկայում է ճգնաժամ՝ պետական կառավարման ճգնաժամ, և որ ավելի վատ է՝ չգիտակցվող ճգնաժամ, հետևաբար՝ հաղթահարման ուղիներ չորոնող: Այս ընթացքով ցանկացած, անգամ ամենահեղահեղահեղափոխական իշխանություն վտանգում է պետությունը: Պետության ինքնիշխանությունը: Պետության անվտանգությունը: Պետության զարգացումը: Իսկ մենք ապրում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, ու դա արդեն ոչ թե հիշեցում է, այլ փաստի արձանագրում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հուսանք, որ այս տարի ԿԳՄՍ-ն մեզ նոր «Հուզանք ու զանգ» չի հրամցնի, մեր միակ կենսական խնդիրը չեն լինի միասեռականները, կամ՝ «նախորդ հանցավոր ռեժիմի» հետ համեմատության մեջ «Նոր Հայաստանի» նվաճումները: Հուսանք, որ մեզ կդադարեն հրամցնել հակահերոսներին՝ հերոսների կերպարով: Կդադարեն վախեցնել ու սպառնալ՝ սև ու սպիտակի խրամատ խցկելով: Հուսանք, որ 2020-ը կդառնա հեղափոխության ինքնագիտակցության ժամանակ, երբ վերջապես կձևավորվի ընկալումը, որ թշնամին ոչ թե ներսում է, այլ դրսում: Երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ: ՈՒ Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել: Հուսանք, որ դա այս իշխանության մասին կասվի: Գոնե 10 տարի հետո: ՈՒ՝ կներեք, որ դուք գուցե Ամանորի սեղանները չեք հավաքել, իսկ ես վերադարձնում եմ իրականություն: Բայց մենք Ամազոնի ամոնդավա ցեղից չենք: Գուցե բարեբախտաբար, գուցե՝ դժբախտաբար: Խաղացեք բոլոր խաղերը, խուսափեք բումերանգ նետելուց. հետհարվածը միշտ անկանխատեսելի է, բայց՝ անխուսափելի: Ողջ լերուք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ