Առանց այն էլ հեղափոխականացված երկրում հեղափոխություն անելու փորձը հիմարություն է
20.12.2019 | 00:11
Ի դեպ, հենց նոյեմբերի 25-ին Իրանով անցավ հանրահավաքների, ցույցերի և երթերի երկրորդ ալիքը ի պաշտպանություն Իսլամական Հանրապետության իշխանությունների և պետական կարգի։ Հասարակության բոլոր խավերին պատկանող մարդիկ երթեր կազմակերպեցին մայրաքաղաք Թեհրանում` դատապարտելով անկարգությունները, երկրի ներքին գործերին օտարերկրյա ուժերի միջամտությունը։ Նման երթեր եղան նաև Իրանի այլ քաղաքներում։ Ամենուրեք մարդիկ հայտնում էին իրենց համերաշխությունը կառավարության հետ, որը վճռական միջոցներ ձեռնարկեց խռովություններն ու անկարգությունները կանխելու համար, դատապարտում էին հասարակական ունեցվածքը վնասելու փորձերը։ Հանրահավաքներին եկան նաև ԻՀՊԿ-ի զինծառայողները, որոնց շարքային քաղաքացիները դիմավորեցին մեծ ոգևորությամբ` շնորհակալություն հայտնելով, որ նրանք թույլ չտվեցին, որ երկիրը գլորվի քաոսի մեջ։ Թեհրանի հանրահավաքներում նոյեմբերի 25-ին ելույթ ունեցավ անձամբ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Նա ասաց, որ «այս հանրահավաքը դարձավ պատմության մեջ ամենամեծ թշնամու` ԱՄՆ-ի դագաղի ամենամեծ մեխը»։ Նա նախազգուշացրեց Սաուդյան Արաբիային, Իսրայելին, Անգլիային և ԱՄՆ-ին. «Դուք պետք է կանգ առնեք և չանցնեք մեր «կարմիր գծերը», որովհետև եթե դա անեք, մենք ձեզ կոչնչացնենք»։ Սալամին չճշտեց, թե դա ինչ «կարմիր գիծ» է, ինչպես նաև չասաց, թե ինչպես է մտադիր ոչնչացնելու այն պետությունները, որոնց ընդհանուր ռազմական հզորությունը քանիցս գերազանցում է իրանականը։ Բայց դա Արևելքն է, իսկ Իրանը` Արևելքի հնագույն, եթե ոչ ամենահին, քաղաքակրթությունը։
Տեսնենք, թե Սալամին Իրանի «բենզինային խռովությունների» իրադարձություններն ինչպես կապեց Մերձավոր Արևելքում հակաիրանական ուժերի ընդհանուր «հարձակման» հետ։ Անդրադառնալով Իրաքում ու Լիբանանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին ու մեծարելով այաթոլա Խոմենեիին որպես մեծ մարդու, որի վրա «հենվում է ցանկացած ազգ, և նրանից հեռացած ամեն ոք ընկել է» (բառացի մեջբերում - Ս. Շ.), գեներալն ընդգծել է. «Մեր առաջնորդը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի քաղաքականության և Լիբանանում համաշխարհային մեծամտության նկատմամբ և այնտեղ այնպիսի մեծ բանակ է ստեղծել, որից սիոնիստները դողում են գիշեր ու ցերեկ։ Նա Իրաքի ազգը փրկել է դևերից ու մասնատման սպառնալիքից և համախմբել է Իրաքի ժողովրդին»։ Հասկանալի է, որ խոսելով Լիբանանում մեծ բանակի (շիական) ստեղծման մասին, Սալամին համարյա բացահայտ նկատի է ունեցել լիբանանյան «Հզբոլահ» կուսակցության մարտական կազմավորումներն ու ներքին կառույցների միավորումները։ Հայտնի է, օրինակ, որ «Հզբոլահն» ունի իր հետախուզությունն ու հակահետախուզությունը, ռազմական հետախուզությունը և այլն, որոնք գործում են Լիբանանի համանման պետական կառույցներից լիովին անկախ։ Եվ հենց այդ պատճառով լիբանանյան «Հզբոլահի» ուժային ստորաբաժանումները քիչ խոցելի են հակառակորդների կողմից։ Ինչ վերաբերում է Իրաքի տարածքային ամբողջականության և անվտանգության վերականգնման գործում Իրանի առաջնորդի դերի մասին Սալամիի հիշատակմանը, ապա այստեղ աշխարհն անուղղակի ապացույց ստացավ այն բանի, որ 2014 թ. հուլիսին, երբ սկսեց ծավալվել ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումների համընդհանուր հարձակումը Տիկրիտի և Բաղդադի վրա, ԻՀՊԿ-ի կողմից ի կատարում ընդունված հրամանը տվել էր անձամբ այաթոլա Խամենեին, և հենց Թեհրանում է ամենաբարձր մակարդակով որոշվել կոշտ կերպով դիմակայել Իրաքի ու Սիրիայի մասնատման և «անջատված» տարածքներում «Մեծ Քրդստան» ու մի շարք այլ խամաճիկային կեղծ պետություններ ստեղծելու ԱՄՆ-ի և Իսրայելի պլաններին։ Այսինքն` «Համաշխարհային Մերձավոր Արևելքի» նոր քարտեզ ձևավորելու Վաշինգտոնի և Թել Ավիվի ուղեգծին։ Տարվա ընթացքում մենք գրել ենք, թե Իրանի հակամարտությունն ԻՊ-ի հետ ինչու է կոշտ եղել. Թեհրանում հիանալի էին հասկանում, որ ԱՄՆ-ի պլաններում գլխավոր կետը Իրանի ոչնչացումն է։ Ի վերջո, մեր աշխարհում ամեն ինչը փոխկապակցված է, ինչպես էլ անվանեք` հաղորդակից անոթների տեսություն, թե կառավարելի քաոսի տեսություն կամ դավադրությունների տեսություն և այլն։
Ելույթ է ունեցել նաև Իրանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) հրամանատար, գեներալ Թուրաջ Հասանի Մոհադամը, հայտարարելով, որ Իրանը կործանիչ պատասխան կտա իր ներքին գործերին ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական երկրների անհիմն միջամտությանը։ Նշելով, որ երկրի արտահանման ու ներմուծման 93 %-ը կատարվում է ծովով, նա ընդդգծեց, որ ծովը և նավատորմը կարևոր ռազմավարական գործոններ են Իրանի Իսլամական Հանրապետության համար։
Իսկ Իրանի ԱԳՆ-ն, ոչ առաջին անգամ, նշեց Եվրամիության (ԵՄ) ու որոշ եվրոպական երկրների երկերեսանիությունը։ Բայց թերևս առաջին անգամ կոշտ կերպով «տեղը դրեց» եվրոպացիներին։ Իրանի ԱԳՆ-ն ԵՄ-ի հայտարարությունն Իրանում բողոքների առթիվ համարում է միջամտություն իրենց երկրի ներքին գործերին, հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։ Բացի դրանից, նա Եվրոպային մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի գծով գործողությունների համապարփակ համատեղ պլանով (ԳՀՀՊ) «խոստումները չկատարելու» և Թեհրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության ու պատժամիջոցների պաշտպանության համար։ «Վաղուց ժամանակն է, որ Եվրոպան, Իրանում բողոքավորներին աջակցելու փոխարեն, անցնի ԳՀՀՊ-ի գծով իր պարտավորությունների կատարմանը»,- ընդգծել է Մուսավին։
Արդյունքում յուրահատուկ բեկում է սպասվում միջազգային ասպարեզում։ Այսպես, ԱՄՆ-ը «հպարտ միայնության» մեջ մնաց Իրանի գծով ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի նոյեմբերի 22-ի նիստում։ Ահա թե ինչ է ասել Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան Միխայիլ ՈՒլյանովը. «ԱԷՄԳ կառավարիչների խորհրդում Իրանի գծով այսօրվա բանավեճը շատ ծանր էր... Գրեթե բոլորը հավատարիմ են ԳՀՀՊ-ին։ ԱՄՆ-ը մնում է մեկուսացման մեջ»։ ԳՀՀՊ-ն Իրանի հետ Արևմուտքի «միջուկային գործարքն է, որը կնքվել է 2015 թ. հուլիսին ՌԴ-ի և Չինաստանի միջնորդությամբ։ Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան Քազեմ Աբադին հայտարարել է, որ Եվրոպան պետք է վճարի` պահպանելու համար «աշխարհում ամենակարևոր դիվանագիտական նվաճումը»։ «Միանգամայն ակներև է, որ գործերի ընթացիկ վիճակի վրա աչք փակելը ցույց է տալիս, որ եվրոպացիները դեռ պատրաստ չեն վճարելու առավել կարևոր դիվանագիտական նվաճումները և, ինչպես իրենք են դա անում, չտարածման կարևորագույն հիմքերից մեկը պաշտպանելու համար անհրաժեշտ գինը»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ 2015 թ. միջուկային համաձայնագրի պահպանման միակ միջոցն այն է, որ բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները, ավելացրել է, որ Եվրոպան, Իրանին քննադատելու փոխարեն, պետք է նշի ԱՄՆ-ի ապակառուցողական դերը որպես գործերի ներկայիս վիճակի հիմնական պատճառ։ Աբադին նաև նշել է, որ իրանական միջուկային-էներգետիկ ծրագրի վերականգնման կապակցությամբ միջուկային զենքի տարածման մասին Արևմուտքի հայտարարություններն անհիմն են, ընդգծելով, որ այդպիսի մեկնաբանություններն Իրանը հետ չեն պահի իր ազգային պլանների զարգացումը շարունակելուց։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Կոռնել Ֆերուտան ընդգծել է, որ իր գործակալությունը շարունակում է օգտակար համագործակցությունն Իրանի հետ։
Իսկ նոյեմբերի 25-ին, ելույթ ունենալով ամենշաբաթյա մամուլի կոնֆերանսում, Աբբաս Մուսավին դատապարտել է Պարսից ծոցում, ԱՄՆ-ի գլխավորությամբ, միջազգային դաշինքի գաղափարը` հայտարարելով. «Մեր տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը և դերը մենք դիտարկում ենք որպես անկայունության պատճառ։ Մենք ասել ենք մեր հարևաններին, որ անվտանգությունը չի կարող ներմուծվել, ավելի շուտ այն պետք է ձեռք բերվի բոլոր շահագրգիռ երկրների կոլեկտիվ համագործակցությամբ։ Բոլոր երկրները պետք է մասնակցեն տարածաշրջանի անվտանգության ապահովմանը, և «Հորմուզի խաղաղության ջանք» անվանման իրանական նախաձեռնությունը ձգտում է հասնել այդ նպատակին ու նպաստել տարածաշրջանի անվտանգությանը։ Մենք հայտարարել ենք, որ բոլոր երկրները կարող են մասնակցել այդ նախաձեռնությանը, և այդ հարցով նախագահ Ռոհանիի նամակն ուղղվել է բոլորին, հատկապես Պարսից ծոցի առափնյա վեց պետություններին, ինչպես նաև Իրաքին»։ Այնուհետև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը զարմացրել է. «Մենք հույս ունենք, որ նրանք կհրաժարվեն իրենց պատրանքներից և դրականորեն կարձագանքեն խաղաղության մեր կոչին։ Որոշ երկրներ ողջունել են այդ նախաձեռնությունը, մի քանիսը դեռ քննարկում են այն, իսկ երեք երկիր արդեն դրական պատասխան են տվել»։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ այդ երեքից մեկն Իրաքն է, որը ղեկավարում է շիա կառավարությունը, ապա դուրս է գալիս, որ մյուս երկու երկիրը... Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցներն են։ Եվ առավել իրական թեկնածուներն են Օմանը, Կատարը, որը հրաժարվել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին պաշտպանելու «գաղափարից», կամ էլ ԱՄԷ-ն, որը վերջերս «ապասառեցրել» և Իրանին է վերադարձրել նրա փողերը։
Իրանին բացահայտորեն պաշտպանել է նաև Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ կերպով նշել է, որ Իրանի բնակչությանն «աջակցելու» մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությունները կեղծ են, ամերիկացիներն ամեն հնարավոր բան անում են, որ Իրանի բնակչությունը տառապի։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով խախտվում են նաև մարդու հիմնական իրավունքները, Իրանի բնակչության` պարենամթերք, դեղորայք, արտադրանքի բոլոր տեսակներն ստանալու օրինական շահերը։ «Մենք հետևում ենք իրադրության զարգացմանը, տեսնում ենք, թե որքան արտաքին խաղացողներ են փորձում ազդել Իրանի ներքին իրադրության զարգացմանը։ Մենք ուշադրություն ենք դարձրել այն հայտարարությանը, որն իրանական ժողովրդի պաշտպանության խոսքերով արել է պարոն Փոմփեոն։ Այն հարուցել է մեր տարակուսանքը` հաշվի առնելով, որ շատ բաներ, որոնք դժգոհություն են առաջացնում կամ դառնում են Իրանում կատարվող գործընթացների պատճառ, ծագել են հենց ԱՄՆ-ի գործողություններից,- ասել է Զախարովան։
Հատկանշական են նաև ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչիի հայտարարությունները, որը նոյեմբերի 25-ին նախազգուշացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բախվում է օրինականության և հեղինակության ճգնաժամի, որը պետք է լուծվի բարեփոխումների ճանապարհով։ Նա քննադատել է ԱԽ-ի կառուցվածքը` ընդգծելով, որ այն պետք է ընդլայնվի հավասարակշռված ձևով։ Իրանցի դիվանագետը նշել է, որ աշխարհաքաղաքական առումով ԱԽ-ում գերակշռում են արևմտյան երկրները, որոնցից երեքը վետոյի իրավունք ունեն։ «Եվ դա այն ժամանակ, երբ աշխարհագրորեն արևմտաեվրոպական և այլ խմբերը չափազանց են ներկայացված, իսկ հիմնական տարածաշրջանները թվական առումով վատ են ներկայացված և քիչ իրավունքներ ու արտոնություններ ունեն վետոյի իրավունքի կամ մշտական անդամության տեսակետից,- ավելացրել է նա։- Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի անդամների մեկ երրորդը երբևէ Խորհրդի անդամ դառնալու հնարավորություն չի ունեցել, մինչդեռ 20 երկիր է եղել, որոնցից յուրաքանչյուրն այդ մարմնում ծառայել է 10-22 տարի»։ Թախթ-Ռավանչին կոչ է արել` վերացնել և շտկել այդ «անհամամասնությունն ու անարդարությունն» այնպիսի միջոցներով, ինչպիսիք են շատ ներկայացվածների հնարավորությունների սահմանափակումը և ավելի շատ առավելություն տալը նրանց, ովքեր երբեք չեն եղել Խորհրդում կամ քիչ են եղել։ Նա նշել է. «Դա անհրաժեշտ է Խորհրդի անդամ դառնալու համար բոլոր երկրների հավասար հնարավորություններն ապահովելու, ինչպես նաև Խորհրդի վրա որոշակի տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական խմբի գերիշխումը կանխելու համար»։ Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱԽ-ի բարեփոխումները պետք է ապահովեն, որ նրա անդամները որոշումներն ընդունեն ոչ թե իրենց ազգային շահերի, այլ ՄԱԿ-ի բոլոր անդամների ընդհանուր շահերի հիման վրա։ «ԱԽ-ն պետք է նաև դադարեցնի իր գործառույթների չափից դուրս և արագ կիրառման ավելացումը VII գլխի համաձայն։ Օրինակ, այն պատժամիջոցներ է մտցրել այնպիսի իրավիճակներում, երբ այդպիսի գործողությունների անհրաժեշտություն ամենևին չի եղել,- ասել է նա։- VII գլուխը պետք է որպես ծայրահեղ միջոց կիրառվի անհրաժեշտության դեպքում»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ