Ձուկը գլխից է հոտում. վարչապետն ամենալավը գիտի իր կադրերի հնարավորությունները
20.12.2019 | 00:26
Ընդամենը մի քանի օր առաջ համացանցում՝ սոցիալական ցանցերի տիրույթում‚ հայտնվեց մի տեսագրություն‚ որն առնչվում էր 2017 թ. սկզբներին տեղի ունեցած այն ժամանակ դեռևս ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին։ Տեսանյութից տեղեկանում ենք‚ որ կուսակցությունում դժգոհ են վարչության աշխատանքից‚ որը բխում էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած պարտություններից։ Ի դեպ‚ «Քաղպայմանագրում» ընդունում էին‚ որ այդ պարտությունն իրենք կրել են արդար պայքարի արդյունքում‚ և կուսակցության վարչությունն ուղղակի տապալել է աշխատանքները։ Եվ նշված համագումարը‚ հաշվի առնելով ձախողած ընտրությունները‚ պետք է ընտրեր նոր վարչություն։ Այդ տեսաերիզում ելույթով հանդես էր գալիս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը‚ որը վարչության նախկին անդամներին հստակ բացատրում էր նրանց անարդյունավետությունը՝ հերթով ջախջախելով կուսակցության աշխատանքները տապալած գործիչներին։ Մասնավորապես‚ հնչում էին Ալեն Սիմոնյանի‚ Լենա Նազարյանի‚ վերջինիս ամուսնու՝ Նարեկ Բաբայանի‚ Ռոմանոս Պետրոսյանի‚ Արայիկ Հարությունյանի անունները։ Քարը քարին չթողնելով՝ Էդուարդ Աղաջանյանը շեշտում էր‚ որ նշված կուսակցականներից յուրաքանչյուրը տապալել է կուսակցական աշխատանքում ստանձնած պարտավորությունների իր մասը։ Խոսքը վերաբերում էր առաջին հերթին այն ժամանակ «Քաղպայմանագրի» ղեկավար Արայիկ Հարությունյանին‚ որը ձախողել էր ամբողջ կուսակցության և վարչության աշխատանքները։ Հաշվի առնելով‚ որ այդ ամենն ասել է Էդուարդ Աղաջանյանը‚ որը Նիկոլ Փաշինյանի ամենամոտ ու վստահելի շրջանակի մարդ էր‚ պետք է ենթադրել‚ որ այդպիսի գնահատականներ հնչեցնելով՝ նա արտահայտում էր նաև իրենց առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքը։ Սա բավականին հետաքրքիր արձանագրում է‚ եթե այս ամենը սկսենք դիտարկել կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Փաշինյանի հերթական էմոցիոնալ ելույթի ժամանակ, երբ նա հարցադրեց՝ կա՞ն արդյոք պետական ապարատում մարդիկ, որոնք կարող են նորմալ հայեցակարգեր, նախագծեր, տնտեսական ծրագրեր, ճշգրիտ տնտեսական տվյալներ ներկայացնել։ Փաշինյանը սրտնեղեց, որ պետական կարևոր դիրքերում չկան կադրեր, պաշտոնյաներ, որոնք ի վիճակի են պատշաճ մակարդակով փաստաթուղթ ներկայացնելու։ «Մեկ-մեկ նախարարություններից այնպիսի փաստաթղթեր են գալիս, որ ուզում ես ասել՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»,- փաստեց վարչապետը։
Երբ նշված երկու փաստերը՝ տեսաերիզը և վարչապետի վերջին գնահատականը, համեմատում ենք, կարող ենք փաստել, որ ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանը և նրա աշխատակազմի ղեկավարը շատ լավ պատկերացրել են իրենց կադրերի հնարավորությունները։ Տեսանյութում քննադատության արժանացած և ժամանակին իր քաղաքական ու կուսակցական աշխատանքները տապալած կադրերին, որոնք անգամ չեն կարողացել 100 մարդ ղեկավարել, Նիկոլ Փաշինյանն այսօր վստահել է ամենաբարձր պաշտոնները։ Նրանցից երկուսը խորհրդարանի նախագահի տեղակալներ են, մեկը Կոտայքի մարզպետն է, մյուսը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար, և ի վերջո, ժամանակին ՔՊ կուսակցության վարչության աշխատանքները ձախողածին վստահվել է կրթության և գիտության, իսկ հետո նաև՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այստեղ պարզապես մեզ մնում է զարմանալ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, ով ավելի քան որևէ մեկը գիտի իր կադրերի կառավարման, կազմակերպչական ունակությունները (մասնագիտական որակների մասին էլ չենք խոսում), վստահել լրջագույն դիրքեր կառավարման համակարգում։ Եվ ստեղծված իրավիճակի համար զարմանալ պետք չէ. Փաշինյանն այսօր հնձում է այն, ինչ ժամանակին ցանել է։
Այստեղ մի կարևոր բացահայտում նույնպես եղավ։ Երկար ժամանակ հանրության, փորձագիտական շրջանակներում բանավիճում են. երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե երկրում ամեն ինչ աննախադեպ է ու արտակարգ, իրո՞ք հավատում է դրան, թե՞ քաղաքական բլեֆի է գնում, իր անձնական վարկանիշի և PR-ի հաշվին այնուամենայնիվ փորձում է համապատասխան պատկերացումներ ձևավորել։ Ինչպես ցույց տվեց Փաշինյանի վերջին հայտարարությունը, վարչապետը շատ լավ գիտի, թե երկրում ինչ վիճակ է։ Վարչապետի էմոցիոնալ խոսքը կառավարության նիստում ինքնախոստովանանք էր, ինչը շատ հստակ ուրվագծում էր իր կադրային բազայի իրական վիճակը և իր կողմից պարբերաբար հայտարարվող թվերի հավաստիության աստիճանը։
Հետաքրքիր ինքնախոստովանանք էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետական համակարգն ամբողջովին ընդդիմանում է հեղափոխությանը և հակահեղափոխական է։ Սա իհարկե ամենազավեշտալի ինքնախոստովանությունն էր։ Նկատենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, թե երկրում աննախադեպ արդյունքներ են գրանցվել, արդյունավետությունը գերբարձր, աննախադեպ մակարդակի է։ Ընդ որում աննախադեպ բառը նրա բառապաշարում ամենաշատ հանդիպող արտահայտություններից է։ Իսկ դա, որպես կանոն, օգտագործում են հոլովակային բառապաշարում։ Եվ ահա Փաշինյանի կողմից պարբերաբար տարփողվող աննախադեպ տնտեսական արդյունքների ֆոնին նույն ինքը՝ Փաշինյանը, հանկարծ վեր կացավ ու սկսեց ասել, թե պետական ամբողջ համակարգը ընդդիմանում է հեղափոխությանը։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը, իմանալով իր կադրերի ունակությունները, ոչ մեկին առանձնապես չի վստահում աշխատանքը, բայց դա չի նշանակում նաև, որ ինքն է կարողանում այդ գործն անել։ Այսինքն՝ նա սահմանել է միանձնյա իշխանության համակարգ. ինքը որոշում է, ինքը հանձնարարում է, հետո տեսնում է, որ իր կադրերը ի վիճակի չեն կատարելու այդ աշխատանքը, փորձում է ինքնուրույն այդ ամենի տակից դուրս գալ՝ բղավելով, պատին ծեփելով, ինչը իհարկե որևէ լուրջ արդյունք չի տալիս։ Եվ քանի որ նրա անձնական վարկանիշը դեռևս բավարարում է, որպեսզի հենց ինքն էլ մաքրի իր ենթակաների տարրական սխալները, շատ դեպքերում անգամ՝ զավեշտալի ու ոչ խելամիտ որոշումները‚ ստիպված է լինում և որոշում ընդունել, և կատարել, և այդ ամենին PR փաթեթավորում տալ։
Փաշինյանը ստեղծել է պետական կառավարման մի համակարգ, որտեղ ամեն ինչ ինքն է անում, այս պայմաններում ինստիտուցիոնալ համակարգի անհրաժեշտություն չկա, և սահմանված խաղի կանոնները չեն նպաստում արդյունավետ համակարգի ստեղծմանը։ Այս ֆոնին հակահեղափոխական ապարատը կոտրելու մասին վարչապետի հայտարարություններն ընկալվում են որպես սովորական բլեֆ։ Նրա՝ պատերին ծեփելու, ասֆալտին փռելու մասին հայտարարությունները ոչ ոք արդեն լուրջ չի ընդունում, նույնիսկ ձերբակալությունների մասին սպառնալիքներն անարդյունավետ են. մարդիկ անգամ հերթ են կանգնել ու պահանջում են իրենց ձերբակալել։ Այսինքն՝ այդ գործիքակազմն այնքան է արժեզրկվել, որ սկսել են ծաղրել վարչապետին։
Նկատենք, որ ասօր պետական կառավարման համակարգը ղեկավարում են Փաշինյանի լավագույն կադրերը, այլ կադրեր զինանոցում չկան, որպեսզի փոխարինի նրանց, ուստի համակարգը կոտրելու մասին հայտարարությունները սին են։ Ցանկացած ջարդ պետք է սկսվի առաջին հերթին նախարարներից, իսկ քանի որ, ըստ վարչապետի, ամբողջ պետական համակարգն է համառորեն դիմադրում հեղափոխությանը, նշանակում է, որ իր սրտի բոլոր նախարարները պետք է փոխվեն։ Մինչդեռ Փաշինյանը անում է հակառակը. նրանց ամեն մի աղմկահարույց քայլ պաշտպանության տակ է վերցնում, ընդհուպ մինչև տրանսգենդերների, սատանիստների պաշտպանություն։ Գուցե Փաշինյանը ցանկանար Արայիկ Հարությունյանի նման նախարարին փոխել, քանի որ շատ լավ հասկանում է, որ նա իր տակ դրված ական է, և պահեստայինների նստարանին խաղացողներ չունի։
Սակայն փաստերի արձանագրումն այսքանով չի ավարտվում։ Պարզվում է, որ հակակոռուպցիոն պայքարն էլ, որի մասին այդքան շեշտվում է, ի հեճուկս ուժային կառույցների է։ Ըստ վարչապետի, ստացվում է‚ որ ուժային կառույցներն էլ են դեմ վարչապետին ու «հեղափոխությանը»։ Այս դեպքում իհարկե հասկանալի չէ, թե ովքեր են զբաղվում հակակոռուպցիոն գործունեությամբ՝ «Քաղպայմանագի՞րը», թե՞ Սորոսի հիմնադրամը։
Տարվա ավարտին բոլորը փորձում են ամփոփել անցնող 2019 թվականը։ Այս տարին ամփոփեց անձամբ վարչապետը՝ արձանագրելով, որ իշխանափոխությունից ավելի քան 1,5 տարի անց նոր Հայաստանում չկա արդյունավետ աշխատող, գաղափարախոսություն ունեցող պետական ապարատ, չկա իրավական համակարգ, որը հասկանում է, թե ինչ են իրենից պահանջում, և երրորդ՝ իշխանափոխությունից 1 տարի 8 ամիս անց փաստում ենք՝ վարչապետն արձանագրեց իր ինտելեկտուալ բազայի բացարձակ սնանկությունը և, ըստ էության, իրավունք տվեց բոլորին կասկածի տակ դնելու այսօր ընդունվող օրենքների, հայեցակարգերի, վարչապետի կողմից հնչեցվող վիճակագրական տվյալների իսկությունը։ Այս ամենը կարելի է եզրակացնել վարչապետի շատ կարևոր, բայց ամենայն հավանականությամբ, ոչ հավասարակշիռ վիճակում արված հայտարարությունից։ Այստեղ կա մի դրական հանգամանք. գոնե վարչապետը գիտի երկրում տիրող իրական վիճակը, պարզապես ամիսներ շարունակ այդ պատկերը համառորեն թաքցվում էր, բայց եկավ այն պահը, որ կառավարության ղեկավարը կամա թե ակամա խոստովանեց դա ենթագիտակցության մակարդակում։
Այնպես որ՝ տարին ամփոփելու կարիք այլևս չկա. վարչապետն ինքն ամփոփել է իր իշխանության, իր կառավարման համակարգի, իր Ազգային ժողովի, իր քաղաքական հենարանների աշխատանքի որակը։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ