Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման
04.10.2019 | 00:35
Պաշտպանության և անվտանգության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս սիրում է մտքի այնպիսի գոհարներ շաղ տալ, որոնք մի կողմից նրա իրական էության, իմա` մարդկային աղճատված նկարագրի մասին են վկայում, մյուս կողմից մտահոգության առիթ են տալիս, ստիպում հարցադրել` այս մարդն ընդհանրապես ի՞նչ գործ ունի պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հետ, սա դեռ հերիք չէ, նա է ղեկավարում նաև ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Երկու օր է, ողջ համացանցը քննարկում է Արփինե Հովհաննիսյանի մասին Քոչարյանի, ինչպես ռուսը կասեր` «ниже плинтуса», հայտարարությունը։ Վերջինս սոցցանցերում «հաճոյախոսությունների» պակաս չունի, այստեղ են ասել՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։
Սակայն առավել զզվելի էր տեսնել, թե ինչպես էին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրը դահլիճում իրենց պահում ոչ միայն Անդրանիկ Քոչարյանը, այլև խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող շատ տղամարդիկ։ Քոչարյանը իրեն հերոս էր երևակայում, աջ ու ձախ մեծ ոգևորությամբ պատմում էր, թե ինչ մեծ քաջագործություն է արել, իսկ թիմակիցները հռհռում էին ու հավանության նշան տալիս։
Նվաստ «խրախճանքի» բոլոր մասնակիցներին ու միայն համապատասխան մասնագիտության տեր կանանց հանգով հռհռացող «տղամարդկանց» խորհուրդ կտայինք մեկ անգամ ևս աչքի անցկացնել նախկին դատախազ, Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանի հրապարակումը իրենց` «մեր ժամանակի հերոսի», մասին ու կրկին հռհռալ։
Բայց կառավարությունն այնքան էլ հաղորդ չէր Քոչարյանի ինքնամոռաց հրճվանքին, բոլորը հեռախոսների մեջ էին մտած, առավել խառն էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ողջ ժամանակ Ֆեյսբուքով նամակներ էր գրում։ «Իմքայլականներն» էլ անընդհատ կառավարության անդամներին էին մոտենում, զրուցում, այնքան մեծ էր այս իրարանցումը, որ ղեկավարության նկատողությանն արժանացան։ Իսկ այդ ողջ ընթացքում Քոչարյանը շարունակում էր ԱԺ-ով վերուվար անել ու հերոսանալ՝ իրենից ոչնչով չտարբերվող թիմակիցների մոտ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ