Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մինչև ե՞րբ ենք հայտնի կենդանու ականջում քնած մնալու

Մինչև ե՞րբ ենք հայտնի կենդանու ականջում քնած մնալու
16.10.2015 | 01:13

Ադրբեջանական քարոզչամեքենան անպատկառության սահմանը վաղուց տվել-անցել է, մենք էշի ականջում դեռ քնած ենք: Բանը հասավ նրան, որ ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի «Военная тайна» հաղորդաշարի հեղինակ Իգոր Պրոկոպենկոն է արդեն «դարի բացահայտումն» անում` հազարամյակների պատմություն ունեցող հայ գիտամշակութային ողջ ժառանգությունը հողին հավասարեցնելով: Մի դեղնակտուց ադրբեջանցի պատմաբանիկի էլ բերում-կանգնեցնում է դիմացը, որ սա իր ցնդաբանություն-նաղլը «գիտականորեն» հիմնավորի: Է, հա՜, աղվեսն իր պոչն է վկա բերում, բա ո՞ւմ պիտի բերեր, լեթարգիական քնի մեջ ազգային սնապարծության երազն օրորող հայ պատմաբանի՞: Ասենք, ծախու հեռուստալրագրողի՞ն ինչ կա, փող տվող եղավ, լավ էլ կբերի, Ադրբեջան կոչվող տարածքն էլ իսպառ կջնջի աշխարհի քարտեզից:
Լավ, հանգիստ թողնենք լրագրողի մասնագիտությունը պոռնկության հետ հաճույքով զուգակցող պրոկոպենկոներին, դառնանք մեզ: Ո՞Ւր է «մեր պատասխանը Չեմբեռլենին», ընդ որում, ծանրակշիռ ու հեղինակավոր պատասխանը: Փա՜ռք Աստծո, հայերով ու Հայաստանով զբաղվող լուրջ պատմաբաններ կան, այդ թվում` ռուս, հեռուստաժա՞մ էր պետք գնել նույն РЕН ТВ-ից, գնեինք ու միլիոնների ականջին հասցնեինք մեր ճշմարտությունը, որ տառաճանաչ դարձած յուրաքանչյուր ստահակ մի քանի արծաթով չդնի ու հեգնախառն ցինիզմով գլխիվայր շուռ տա: Չէ, ո՞նց կլինի, մենք ամեն «դատարկ» բանի վրա փող ծախսող չենք, հետն էլ մի «իմաստուն» ասացվածք գիտենք ընդամենը, որ հրաշալիորեն արդարացնում է էշի ականջում քնած լինելու մեր մշտական կեցվածքը. «Շունը հաչա, քամին փչի»: Պատկերացրեք, լավ էլ փչում է քամին ու հաչոցն այդ տարածում աշխարհով մեկ: Գուցե հանգի՞ստ թողնենք վերջապես հայտնի կենդանու բազմաչարչար ականջներն ու մտածենք շան հաչոցը կտրելո՞ւ մասին:
Ի դեպ, երբ ասում եմ «մտածենք», իհարկե նկատի ունեմ մտածելու և խելամիտ հակահարված տալու ունակ, քիչ թե շատ հանրային ճանաչում ունեցող յուրաքանչյուր հայի, սակայն խոսքս ամենից առաջ երեք պետական գերատեսչությունների մասին է՝ մշակույթի նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, արտաքին գործերի նախարարություն։ Թե՞ այս կառույցները ղեկավարող բարձրաստիճան չինովնիկները մոռացել են, որ «մի ժամանակ մի բան էլ էին անում»։ Մտածում էին։


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ