ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց

Գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց
08.05.2015 | 10:15

Ցավալի է հասարակության անտարբերությունը ոճրագործության հանդեպ: Շարունակվում է եզդիների ցեղասպանությունը…
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր գրեթե աննկատ է մնացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում: ԻՊ կոչեցյալի ահաբեկիչները կարծես թե օրեցօր ուժեղանում են, աշխարհի տարբեր վայրերից դրանց շարքերը համալրում են երիտասարդներ, աղջիկներ ու դպրոցականներ, նույնիսկ հակաիսլամական դաշինքի երկրներից:
Քարը նրանց գլուխը, բայց աշխարհը պարտավոր է հասկանալու, որ նրանց ոճրագործություններն ուղղված են ոչ միայն եզդի ժողովրդի, այլև մեր մոլորակի և աշխարհում ստեղծված բարոյական ու քաղաքական համակարգի դեմ: Որքան էլ դա կործանարար լինի մեր ժողովրդի համար, միևնույն է, աշխարհը պետք է ցավ ապրի, որ մեր օրերում տեղի է ունենում ցեղասպանություն, ահավոր ոճրագործություն: Աշխարհի հզորները պարտավոր են կանգնեցնելու սպանդը, այլապես վաղը կամ մյուս օրը ստիպված կլինեն իրենց տանը պայքարել ԻՊ չարիքի դեմ: Մինչդեռ, որքան էլ ցավալի է, աշխարհը գործում է ոչ թե հանուն մարդու իրավունքների, ժողովրդավարության, այլ շահի տեսանկյունից։ Դժբախտաբար ամենուր գերական շահն է դարձել:
Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ոճրագործության։ ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիրներ գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել է մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ է: Արդեն 10 ամիս է, ինչ շարունակվում է ոճիրը, բայց մենք ոչ մի կերպ մեր կողքին չենք տեսնում մեր անկեղծ բարեկամին, մեզ անշահախնդիր օգնող ձեռքը: Սակայն աշխարհի անտարբեր «հզորներ», իմացե՛ք, անկախ ձեր որոշումներից, եզդի ժողովուրդը կարողանում է պաշտպանել իրեն, ինքն է բուժում իր վերքերը: Եզդիական տարբեր զինված ջոկատներ արդեն ռեալ պայքարում են ԻՊ-ի հրեշների դեմ: Ազատագրում են մեր գերիներին, մեր բնօրրանը, մեր Շանգալը, որի վրա 6000-ամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը ապրել և արարել է մինչ օրս:
Այսօր, երբ գերությունից տարբեր ճանապարհներով ազատում են մեր ժողովրդի զավակներին, ԻՊ-ի հրեշները դիմում են ստոր քայլերի: Գերության մեջ գտնվող եզդիներին, ըստ իրենց, «պատժում են» ազգակիցների փախուստի համար: Ականատեսների պատմելով` մի քանի խումբ եզդիների ազատագրելուց հետո ԻՊ-ի հրեշները Մոսուլ քաղաքի մոտ գտնվող ստրկության ճամբարում հավաքել են եզդիների 12-14 տարեկանից բարձր բոլոր երեխաներին և կանանց, շուրջ 500-600 հոգու առանձնացրել են «պատժելու համար»: Պատմում են, որ շուրջ 100-150 հոգու արդեն սպանել են: Մի մասին էլ տեղափոխել են Սիրիայի խորքերը: Դիմում եմ ՄԱԿ-ին, միջազգային մյուս կազմակերպություններին. միջամտեք և ազատեք եզդի գերիներին, թե չէ նրանց էլ, ինչպես 2014 թ. օգոստոս ամսին եզդիաբնակ Քոչո գյուղի բնակիչներին, կարող են ֆիզիկապես ոչնչացնել: Հիշեցնեմ, անցյալ տարվա օգոստոսի կեսերին ԻՊ-ի հրեշները Քոչո գյուղի հազար յոթ հարյուր վեց բնակիչներին պարտադրեցին իսլամ ընդունել։ Նրանք չփոխեցին իրենց դավանանքը: 500-600 հոգու, գերազանցապես երիտասարդ տղամարդկանց, ֆիզիկապես ոչնչացրին, իսկ հազարից ավելի կանանց և երեխաների գերության տարան, որոնց մեծ մասը մինչ օրս գտնվում է ստրկության մեջ, շուրջ 5-6 հազար եզդի կանանց և երեխաների հետ: Ստրկություն 21-րդ դարում։ Իսկ ԻՊ-ի հրեշները հպարտանում են, որ 21-րդ դարում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը:
Մի՞թե գերհզոր պետությունները, միջազգային հանրությունը չեն կարող վերջ տալ այս չարիքին: Առավել քան համոզված եմ` կարող են, բայց չգիտեմ ինչու չեն վերացնում այդ չարիքը: Մի՞թե «շուռ է եկել ծանր քարը» մեր երկրի վրա, ինչպես ժամանակին ասել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը, երբ տեսնում էր, թե ինչպես են Օսմանյան կայսրությունում ֆիզիկապես ոչնչացնում հայ ժողովրդին և մյուս այլադավաններին: Երբ Եվրոպան այդպես էլ չտեսավ, իսկ Ամերիկան «շատ» հեռու է ու դժբախտաբար այսօր էլ լիարժեք չի տեսնում, չի ճանաչում և չի դատապարտում հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Թուրքիան աշխարհին ի պատասխան իր քաղաքականության հիմքում դնում է հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանության ժխտումը: Իսկ մենք սպասում ենք...
Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, մեր հոգևոր առաջնորդանիստում` Լալիշա Նուրանիում, եզդիներս ո՛չ եկվոր ենք, ո՛չ էլ անցվոր: Այն մեր ժողովրդի բնօրրանն է, այնտեղ է եզդի ժողովուրդը ապրել և արարել: Եզդիները նույնիսկ ոչ անհիմն Լալիշա Նուրանին դիտում են որպես «Աստծո դրախտ»: Այնտեղ ամեն բան, ինչ մենք կորցրել ենք, արյունով կպաշտպանենք։ Կպաշտպանենք մեր միասնությամբ, միակամությամբ, ուժով: Ժողովրդագրական, տարածքային, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական, ինչու չէ, նաև ռազմական առումով: Շանգալը, Լալիշա Նուրանին եղել են եզդիներինը և կմնան եզդի ժողովրդի հետ առհավետ:
Հոգուս ճիչն ուզում եմ եզրափակել խնդրանքով` ուղղված առ աշխարհ. գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց ու թույլ չտանք, որ մեկն ու մեկին ոչնչացնեն նրա ազգային կամ կրոնական պատկանելության համար: Ի սեր Աստծո օգնենք, փրկենք 21-րդ դարի եզդի գերիներին:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ