ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ախոյանի ախոյանն իմ բարեկամն է, բայց Ախոյանն արժանի չէ իմ թշնամին լինելու

Ախոյանի ախոյանն իմ բարեկամն է, բայց  Ախոյանն արժանի չէ իմ թշնամին լինելու
14.11.2014 | 00:33

Նոյեմբերի 1-ին Սարգիս Հացպանյանը համացանցում և ֆեյսբուքյան իմ էջում զետեղեց «Բոլոր երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը» վերտառությամբ գրվածք: Խոսքն այն մասին էր, որ հոկտեմբերի 28-ին «Արևմտահայոց Ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության Փարիզի գրասենյակի ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը թուրք գրող Իսմայիլ Բեշիկչիին պատվել էր «Գևորգ Սուրենյանց V Տփղիսեցի կաթողիկոս» հուշամեդալով, իսկ հաջորդ օրը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույն մարդուն պարգևատրել էր մայր բուհի ոսկե մեդալով: Հանուն ինչի՞, ո՞ր ծառայությունների համար:
Ո՞վ է Բեշիկչին: «Կարմիր Քրդստանի» գաղափարն առաջ մղող պատմական զեղծարար, որը հեղինակ է 38 գրքի, որոնց մեջ, ըստ Սարգիս Հացպանյանի, հայերիս մասին ընդամենը մեկ Ա4 թղթի չափ հիշատակում կա: Ավելին, այդ մարդը տարածքային պահանջներ է ներկայացնում նաև մեր երկրին:
Սարգիս Հացպանյանին շատ վաղուց չէ, որ ճանաչում եմ, բայց վստահաբար կարող եմ ասել՝ նա ունի ակադեմիական հիմնարար գիտելիքներ, փայլուն տիրապետում է արևմտահայոց պատմությանը և արդի Թուրքիայի իրադրությանը: Եվ ահա նա՝ Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկը, գիտական բարեխղճությամբ ու ամենայն մանրակրկտությամբ, բազմաթիվ աղբյուրների հղումով բացահայտել էր Բեշիկչիի հակահայ գործունեության ողջ էությունն ու հարցրել՝ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին նմանն արժանի՞ էր մեդալների:
Համալսարանից արձագանք չեղավ (և դա «իմաստուն» վարմունք էր), բայց «բացը» լրացրեց Արագած Ախոյանը՝ նոյեմբերի 5-ին ԲՀԿ ձայնափող «Կենտրոն» հեռուստաալիքով խոստանալով «մերկացնել» Հացպանյանին: Ընդ որում, «բոցաշունչ» ելույթն ուներ այնպիսի բառապաշար, որին կնախանձեր անգամ թուրք բազարբաշին:
Ս. Հացպանյանն էլ ի՞նչ պիտի աներ՝ նոյեմբերի 7-ին Ա. Ախոյանին հրապարակավ հրավիրեց բանավեճի: Քանի որ Ս. Հացպանյանը ֆեյսբուքյան իմ էջում էլ էր իր նյութերը զետեղել, այսինքն՝ ուշադրություն էր հրավիրել, որոշեցի մասնակցել քննարկմանը: Բայց քանի որ բացարձակապես գաղափար չունեի Փարիզի գրասենյակի ՀՀ ներկայացուցչի մասին, քալեցի համացանց: Պարզվեց, որ Ա. Ախոյանն ունի միջին մասնագիտական կրթություն և զբաղվում է շինարարական բիզնեսով: Ակնհայտ էր, որ ԱԺ պատգամավորն իր «բարձունքից» չէր իջնի ու չէր գա, բայց հույս ունեի, որ ներկա կլինեն նրա խորհրդատուները: Ավա՜ղ:
Նախ, ԶԼՄ-ներից ընդամենը երկուսս էինք՝ «Ար»-ի թղթակիցը և «Իրատեսի» նվաստս: Եվ դա զարմանալի չէր, հո քաղաքական խարդավանքների վարպետների, շինծու «աստղերի», կոմպրադորական բուրժուազիայի սպասարկուների հավաք չէ՞ր, որ «լուսաբանեին»: (Լրագրություն ունենք՝ աշխարհը չունի…):
Մինչ Ս. Հացպանյանը տասնյակ գրքերով, զանազան հոդվածների պատճեններով, քարտեզներով հյուլե-հյուլե ժամուկես ծվատում էր Բեշիկչիին, ես այլ խոհերի մեջ էի:
Դժվա՞ր է հասկանալ, որ Թուրքիան իննսունիննուկես տարվա տեղեկատվական պատերազմի մեջ է հայության դեմ: Պատերազմ, որն ինչ-ինչ պահերի Թուրքիայի կողմից զուգորդվում է առարկայական անսպեռ քայլերով: Ապացույց՝ «գորշ գայլի» լուսանկարվելը աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ, ինչպես նաև Հանրապետության հրապարակում: Բեշիկչիի այցն ու պարգևատրումը այս շարքից են: Տեսեք, թուրք գաղափարախոսը 17 տարի բանտարկված է եղել, ենթարկվել բռնությունների ու կտտանքների, բայց նա ոչ միայն չի ընդունում Արևմտյան Հայաստանի, այն հայության բնօրրան լինելու պատմական, փաստական անհերքելի իրողությունը, այլև տարածքային պահանջներ ունի ՀՀ-ի և Արցախի հանդեպ: Ի՞նչ վատ է, ինչպես իննսունինը տարի առաջ թուրքը քրդական չեթեներին խրախուսում էր հայ բնիկներին բնաջնջել, այնպես էլ այժմ «գործուղում» է Հայաստան՝ կռիվ գցելով մեր տան մեջ: Սա թուրքական հակազդեցություն է, որի համար օգտագործվում է հայաստանյան կոմպրադոր փողվորը:
Այս փողվորնե՛րն են տուն քանդողները: Հայաստանում գործում է «Ես քեզ՝ փող, դու ինձ՝ ինչ կուզեմ» պայմանագիրը: Կուսակցության անվան տակ ՍՊԸ-ներ են բացում, որտեղ ամեն դրամագռփիչ իր մասնաբաժինն ունի: Մեկը սցենար է գրում ու ցեղասպանության մասին ֆիլմ նկարում, մեկն էլ ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ է և մեդալով պարգևատրում է զեղծարարին:
Լսե՛ք, դուք պետությունը կերել եք ներսից, ինչպես որդը՝ խնձորը, և ստիպել, որ մենք գերադասենք ազգը պետությունից: Դուք իշխանությանն իջեցրել եք ձեր մակարդակին և ինքներդ դարձել տերուտիրակալ: Այս ամենը ձեզ համար քի՞չ է, հիմա էլ ձեռք եք զարկել ցեղասպանությա՞նը: Գոնե անթաղ նահատակների հիշատակը մի՛ պղծեք: Դա չեք մարսի:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Հ. Գ.- Քանի որ ԱԺ պատգամավորը սպառնում էր «մերկացնել» Ս. Հացպանյանին, բնութագրիչ վրձնահարվածներ ներկայացնեմ: Ժամուկես խոսելով Բեշիկչիի մասին, Ս. Հացպանյանը միայն մեկ անգամ հիշեց Ա. Ախոյանին, առանց չարախնդության նշելով. «Չի եկել, որովհետև վախենում է ոչ թե ինձնից, այլ ճշմարտությունից»:
ՈՒ ևս մեկ բան: Երբ 2008-ին ստորագրահավաք է կազմակերպվել՝ Ս. Հացպանյանին բանտից ազատ արձակելու համար, ստորագրել է նաև Բեշիկչին: Այդ բանն իմանալով, բանտարկյալը նրան նամակ է գրել և պահանջել, որ ստորագրությունը հանի։

Դիտվել է՝ 2609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ