Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Արծիվների հաղթական երթը

Արծիվների հաղթական երթը
07.03.2014 | 12:25

«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել ՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Ջավախքի արծիվները Արցախի երկնակամարում» գիրքը, որում պատմվում է Ջավախքի, Ախալցխայի, Թռեղքի (Ծալկա) ազատամարտիկների մասին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ազատագրության գոյամարտին:
Վարդ Ղազարյանն անուն առ անուն հիշատակել է իր հայրենի Ջավախքից Արցախ մեկնած քաջորդիներին: Նրանց մեջ և հանրահայտ անուններ են, ինչպես, օրինակ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայան, «Մալաթիա» երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Վահան Զատիկյան, և՛ անուններ, որոնք պիտի ճանաչելի ու թանկ դառնան հենց այս գրքի կամ նաև այս գրքի շնորհիվ (Սարգիս Բադիշյան, Հարություն Բարսեղյան, Մանվել Մարգարյան, Զարդիկ Խաչատրյան, այլք):
Այրերի կողքին քաջաբար մարտնչել ու հայոց հող Արցախի փրկության գործին իրենց կորովն ի սպաս են դրել նաև կանայք, որոնցից երկուսին (Հեղինե Բդոյան, Արմինե Սարգսյան) իր գրքում դիմանկարել է հեղինակը:
Արցախյան պատերազմի տարիներին մայր Հայաստանի ու նրա վարչական տարածքից դուրս գտնվող հայության զարկերակը բաբախում էր հանուն Արցախի, և արյունատար բազմաթիվ անոթներ, ճյուղավորվելով աշխարհի տարբեր ծայրերից, գալիս էին սնելու արցախահայության գոյատևումի տրոփող փափագը:
Ոմանք զենքով էին կռվում, ոմանք` խոսքով, հորդորով: ՈՒ խոսքն ավելի շատ երգ էր դառնում, բանաստեղծություն, մարտակոչ: Այդպիսիք ևս ներառել է իր գրքում Վարդ Ղազարյանը: ՈՒ ցանկության դեպքում դրանք անգամ կարելի է երգել, քանի որ երգերի տեքստերի հետ տպագրվել են նաև նոտաները:
Ազգի երիտասարդները կռվում էին, իսկ ավագներն ու փորձառուները արժևորում էին նրանց գործը, թղթին հանձնում այդ արժևորումի վավերացումները, ինչպես դա արել է ջավախքցի վաստակաշատ մի այր, անվանի գրող Մկրտիչ Սարգսյանը: Նրա «Սրտի խոսքում» մասնավորապես կարդում ենք. «Հպարտ եմ իմ հայրենակիցների անօրինակ սխրանքի համար, միաժամանակ տասնյակ ու տասնյակ քաջորդիների կորստյան ցավը կրծում է սիրտս` ստվերելով քաջության ու հերոսության բերկրանքն ու հպարտությունը. վիշտ, որը փարատվում է միայն նրանց արարքի մեծությունից ու վեհությունից»:
Ազատամարտիկների անօրինակ վարքն ու հաղթական երթը ոչ միայն գրչի, մտքի տիրույթներում գտնվողների ուշադրության կենտրոնում էր: Կատարվածն այնքան կարևոր էր, այնքան նշանակալի, որ նաև զենքի ու ռազմադաշտի մարդիկ էին ձեռք զարկում գրչին, բառ ու գիր դարձնում իրենց տեսածն ու ապրածը, սրտի խոսք հղում իրենց հետ միևնույն խրամատում կամ մեկ-երկու խրամատ այն կողմ կռվող քաջերին:
Օրինակները բազմաթիվ են, երբ հանուն Արցախի գրիչը փոխարինվել է զենքով, ու նաև` զենքը գրչով: Առաջինների շարքում էին մեր տաղանդաշատ գրողներ Լևոն Խեչոյանը, Վազգեն Սարգսյանը, Հովիկ Վարդումյանը: Իսկ քանի քանիսը իրենց համար էլ անսպասելի դարձան պոետ ու երգահան, հուշագրող ու վավերագրող արցախյան մարտերում` իրենց գլխով անցածը հաղթահարելով նաև ստեղծագործ լույսով:
Բոլոր նրանց իր հպարտության ու քաջալերումի խոսքն է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը «Ջավախքի արծիվները Արցախի երկնակամարում» գրքում: Այդ խոսքը ավագի, փորձառուի իմաստնության, հայի սերնդեսերունդ փոխանցվող ու չխամրող պատմական հիշողության վկայությունն է: Հմուտ զորավարը գրում է. «Հանուն Արցախ-Հայաստան աշխարհի դուք զոհաբերեցիք ամենաթանկը` ձեր կյանքը:
Այդ սխրանքին ձեզ ոգեշնչել է ձեր նախնիների` էրզրումցիների հերոսական կերպարը:
Դուք դարձաք ներշնչման աղբյուր աճող սերնդի համար:
Ձեր ոգին, որպես փարոս, նրանց առաջնորդում է դեպի նորանոր սխրանքներ` հանուն ազատ, անկախ և հզոր Մայր Հայաստանի:
Ձեր պայծառ հիշատակը ընդմիշտ կմնա մեր սրտերում»:
Այդ հիշատակի ոգեկոչման մի անուրանալի փաստ է նաև Վարդ Ղազարյանի կատարած մանրակրկիտ աշխատանքը, որի արդյունքում ծնունդ է առել արժեքներից ամենամնայունը` գիրքը` «Ջավախքի արծիվները Արցախի լեռներում» խոսուն վերնագրով:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ