ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Աղմկոտ միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով»

«Աղմկոտ  միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով»
03.12.2013 | 12:01

Երևանի բնապահպանական բազմաթիվ խնդիրներին այսօր ավելացել է նաև տարեցտարի աճող էկոլոգիական աղմուկը, որը, աղտոտել-ծանրացնելով մայրաքաղաքի մթնոլորտը, իսկական պատուհաս է դարձել բնակչության համար:
Վերջինիս չափը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության «Ակուստիկա» ՓԲ ընկերության գիտական կենտրոնի փորձագիտական խումբը Երևանի մայրուղիների շրջակայքում վերջերս անցկացրել է դիտարկումներ: Պարզվել է, որ նշված տեղանքներում տիրող աղմուկն ու դրա տարեկան աճը աշխարհի մեծ քաղաքների ցուցանիշների համեմատությամբ բարձր են և շատ հատվածներում գերազանցում են անգամ 90 dB-ն (դեցիբել):
Վերոհիշյալ խումբը սոցիոլոգիական հարցումներ է կատարել նաև Երևանի բնակելի զանգվածներում ապրող շուրջ 1000 բնակչի շրջանում: Հարցվածների 95 տոկոսը նշել է, որ աղմուկն իրենց հետապնդում է ամենուրեք` տանը, դրսում, հանգստյան գոտիներում և հասարակական վայրերում: Նրանց մեծ մասը միաժամանակ գանգատվել է ընդհանուր նյարդային վիճակի, գլխացավի, քնի և հաղորդակցական խանգարումների հետ կապված գործոններից:
-Նախ` ի՞նչ է աղմուկը և ինչպե՞ս է այն ներգործում մարդու վրա:- Այս հարցով սկսեցինք մեր զրույցը ՀՀ առողջապահության նախարարության «Ակուստիկա» ՓԲ ընկերության գիտական կենտրոնի տնօրեն, բժշկակենսաբանական ակադեմիայի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:
-Աղմուկը տարբեր ձայների անկանոն, քաոսային զուգորդություն է, որի բացասական ազդեցությունն անմիջապես անդրադառնում է մարդու լսողական ապարատի վրա: Շեղելով վերջինիս ուշադրությունն ու մտքերի կանոնավոր ընթացքը` այն դառնում է նաև աշխատանքային սխալների պատճառ:
Աղմուկը խաթարում է նաև մարդու հավասարակշռության ապարատի գործունեությունը` առաջացնելով հարբածության զգացողություն: Աղմկոտ միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով, երբ ծխելու պատճառով այդ թիվը 6-8 տարի է: Ավստրիացի հետազոտող Գրիֆիտի տվյալներով էլ` այն նաև վաղաժամ ծերանալու պատճառ է հանդիսանում: Ընդ որում, հետազոտողի տեսանկյունից, կանայք աղմուկի հանդեպ ավելի զգայուն են, քան տղամարդիկ:
-Բացի վերոհիշյալ գործոններից, օրգանիզմում էլ ի՞նչ խանգարումներ է առաջացնում աղմուկը:
-Աղմուկի երկարատև ազդեցությունից խախտվում են մարդու կենտրոնական նյարդային համակարգը, արյան շրջանառությունն ու սրտի ռիթմիկ աշխատանքը: Այն, լսողական ապարատի գործունեությունը (ֆունկցիան) խանգարել-թուլացնելուց բացի, դառնում է նաև նյարդային հիվանդությունների (նևրոզների) պատճառ: ՈՒժեղ աղմուկն անդրադառնում է նաև մարդու հոգեկան ներաշխարհի վրա` ակտիվացնելով հատկապես նրա ներքին օրգանների գործունեությունը, որի պատճառով օրգանիզմում սկսում են արտադրվել հորմոններ և ադրենալինի որոշ քանակություն:
Կենդանիները, աղմուկն ընկալելով որպես վտանգի նշան, փախչում են, ինչը պատճառ է դառնում հավաքված ադրենալինի ծախսման: Մարդն էլ է դա նույն կերպ ընկալում, սակայն նա չի փախչում, և ստացվում է, որ նա չի ծախսում արտադրված ադրենալինը, ինչը հանգեցնում է սթրեսի (ճնշվածության, ընկճվածության կամ ընկճախտի): Նշված գործոնը կարող է հանգեցնել ամեն տեսակi հիվանդությունների, անգամ քաղցկեղի:
Պատահական չէ, որ ռոք համերգներից հետո մարդիկ ագրեսիվ են դառնում, սկսում են ինչ-որ բաներ կոտրել: Այսինքն, մարդը, որը ստացել է ազդանշան, պետք է ինչ-որ գործողության դիմի, որպեսզի ծախսի օրգանիզմում կուտակված ադրենալինը:
Ասեմ, որ շատ բարձր աղմուկից օրգանիզմում արդեն բույն դրած հիվանդությունը կարող է խորանալ` հանգեցնելով մահվան: Այս առումով խոցելի են համարվում հատկապես երեխաներն ու ծերերը, քանի որ նրանց օրգանիզմն ավելի դյուրաբեկ ու թույլ է: Աղմուկը խախտում է նաև մարսողությունը, քայքայում օրգանիզմում դանդաղ վերականգնվող վիտամին C-ն`առաջացնելով սրտանոթային, հիպերտոնիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ:
Նշեմ, որ աղմուկի հոգեբանական հետևանքները (դյուրագրգռություն, աշխատունակության անկում, ընկճվածություն), եթե շուտ են վերականգնվում, ապա ֆիզիոլոգիական հետևանքները (իմունային համակարգի թուլացում, արյան բաղադրության որոշակի փոփոխություն և այլն) վերականգնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենօրյա ձայների 1 դեցիբել ավելացումը հանգեցնում է աշխատունակության 2-3 տոկոս նվազեցման:
-Աղմուկը կարո՞ղ է ազդել շրջակա միջավայրի վրա։
-Այո, աղմուկը ազդում է ոչ միայն մարդու առողջության ու կյանքի տևողության, այլև շրջակա միջավայրի, այսինքն` բույսերի և կենդանիների վրա:
Նշեմ, որ բույսերը նույնպես ընկալում են ձայները, երաժշտությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր աղմուկը բացասաբար է ազդում-անդրադառնում ինչպես բույսերի աճի, այնպես էլ միջատների և սողունների հետագա զարգացման վրա: Ապացուցված է նաև, որ սերմերն ավելի ուշ են ծլարձակում, եթե աղմկոտ տարածքում են ցանվել:
Եթե ուշադրություն դարձնենք, Երևանում բնակվող թռչունների կենսակազմին, կզգանք, որ այն փոխվել է, և երգեցիկ թռչունների փոխարեն մեր այգիներում այսօր թևածում են մոխրագույն ագռավները: Երգող թռչունները հեռացել են քաղաքից, որովհետև նրանց համար այդ կակաֆոնիկ (աններդաշնակ, խառնաղմկոտ) միջավայրն անտանելի է:
Այո, աղմուկի ավելացման ազդանշան Երևանում պետք է հնչեցվեր դեռ այն ժամանակ, երբ այգիներից հեռանում էին երգեցիկ թռչունները։
-Աղմուկի թույլատրելի նորման ինչքա՞ն է համարվում:
-Թույլատրելի նորման համարվում է մինչև 40-55 դեցիբելը: Մինչև 140 դեցիբելի հասնող աղմուկից կարող է պայթել ականջի թմբկաթաղանթը, իսկ 140-160 դեցիբելը կարող է նույնիսկ հանգեցնել մահվան: Օրինակ, օդանավերի թռիչքային գոտում չափից ավելի աղմուկի պատճառով մահվան դեպքեր են գրանցվել, երբ մարդու սիրտը աղմուկին չի դիմացել և պայթել է:
Նշեմ, որ այսօր եվրոպական շատ երկրներում ինքնաթիռների վայրէջքներն ու թռիչքները թույլատրվում են միայն առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 10-ը: Հայկական ավիաուղիների ինքնաթիռները, չնայած տնտեսական վնասին, նույնպես ենթարկվում են այդ օրենքին և արգելված ժամերին չեն թռչում Եվրոպա:
Այսօր բազմաթիվ երկրներում աղմուկը կարգավորվում է օրենքով, նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում ՈՒկրաինան ընդունել է աղմուկի մասին օրենք: Եվրոպական երկրներից առաջին անգամ (1979 թվականին) այն կիրառվել է Նիդերլանդներում: Հաջորդը Ֆրանսիան է, Իսպանիան, այնուհետև` Դանիան: Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը 2008 թվականին ստորագրել է մի օրենք, որով սահմանվում է մինչև 1 մլն ռուբլի (մոտ 38000 դոլար) տուգանք` գիշերային ժամերին աղմկելու համար:
Ասեմ, որ աղմուկի գործոնի առումով այսօր լուրջ պրոբլեմներ ունեն աշխարհի շատ երկրներ: Այսպես, օրինակ, Անգլիայում բարձր աղմուկի պատճառով յուրաքանչյուր երրորդ կինն ու չորրորդ տղամարդը տառապում են նևրոզով: Իսկ Ֆրանսիայում հոգեբուժական հիվանդանոց դիմած յուրաքանչյուր հինգերորդ այցելուի բանականության կորուստը բարձր աղմուկի պատճառով է: Փարիզի Օռլի արվարձանում, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենախոշոր օդանավակայանը, քաղաքի մյուս շրջանների համեմատությամբ, յոթ անգամ ավելի է նյարդային համակարգը հանգստացնող դեղամիջոցների վաճառքը: Գերմանիայի առողջապահության ֆեդերալ նախարարությունը հաստատել է, որ իրենց երկրում աղմուկն անհանգստացնում է յուրաքանչյուր երրորդ բնակչին:
-Ի՞նչ ճանապարհով կարելի է մեղմացնել աղմուկն ու լուծել դրա հետ կապված խնդիրները:
-Առաջին հերթին ապակենտրոնացման ճանապարհով, որպեսզի մեկ տեղամասում, կամ քաղաքի առանձին հատվածներում մարդկային և տրանսպորտային կուտակում-խցանումներ չլինեն: Այնինչ նշված գործոնն այսօր ոչ միայն մեր մայրաքաղաքի կենտրոնական մասում է, այլև ծայրամասերում:
Հաճախակի դարձած այդ խցանումները, որոնք «հագեցած» են ավտոմեքենաների hզոր շչակների, շարժիչների, ինչպես նաև փողոցի տարաբնույթ ժխոր-ձայնարկումներով` խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների աշխատունակության և ընդհանուր վիճակի վրա։ Նշված գործոններից հատկապես վտանգվում-շեղվում են վարորդի կողմնորոշումն ու ուշադրությունը, արագանում են արյան շրջանառությունն ու սրտի ռիթմը, թուլանում-խաթարվում շարժումների համաձայնեցվածությունը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Այնպես որ, Երևանն աղմուկից բեռնաթափելու խնդիրը լուծման կարիք ունի:
Այսօր մարդիկ աղմուկի ներթափանցումը կանխելու և դրանից ձերբազատվելու համար գտել են նաև մեկ այլ տարբերակ` բնակարանում ստեղծելով հերմետիկ փակվող դուռ-պատուհաններ և օդորակիչներ (կոնդիցիոներ): Սակայն, այդուհանդերձ, մայրաքաղաքում շարունակում են միմյանց մոտիկ կառուցվել բետոնապատ օբյեկտներ և շենքեր, որոնք նպաստում են ձայնային ալիքների անդրադարձմանը` կրկնակի մեծացնելով աղմուկի բացասական ազդեցությունը։ Այն նվազեցնելու լավագույն միջոցը կանաչ տարածքներ ավելացնելն ու դրանք հատկապես մեծատերև ու առավել սաղարթախիտ ծառերով պատելն է: Լայնատերև, սաղարթախիտ ծառերի առկայության պարագայում ձայնային ալիքները, բախվելով դրանց, զգալիորեն նվազում են։
Պետք է ավելացնել և պահպանել նաև ճանապարհներին եղած գազոնները (սիզամարգ) և կանաչ գոտիները, որոնք, օդի աղտոտվածությունը մեղմելուց բացի, կլանում են նաև ձայները: Այս մեթոդը նշված գործոնի դեմ միանգամայն իրագործելի տարբերակ է։
Այսօր Երևանում օրեցօր սնկի պես աճող սրճարանների, ռեստորանների, ինչպես նաև երաժշտական սկավառակների վաճառքի կետերի (CD-ների) կողքին մենք հանգստյան գոտիների և անաղմուկ միջավայրերի կարիք ունենք: Վերոհիշյալ օբյեկտների սեփականատերերը կարծում են, որ բարձր երաժշտություն հնչեցնելով ավելի շատ այցելուներ կգրավեն, սակայն իրականում քայքայում են մարդկանց առողջությունը։ Նշված բոլոր հասարակական շինություններից հնչող աղմուկը, որը ցերեկը պետք է 55 դեցիբել լինի, գիշերը` 45, այսօր նորմայից բարձր է 20 դեցիբելով: Այդ վիճակն է մշտապես տիրում, օրինակ, Օղակաձև զբոսայգում, որտեղ իրար ագուցված-հյուսված սրճարաններից օրնիբուն հնչող բարձր երաժշտությունը վանում է հանգստանալու եկած մարդկանց, վերջիններս էլ սեփական անձը աղմուկից ձերբազատելու համար փախչում-հեռանում են:
Նյու Յորքում, օրինակ, այն սրճարաններն ու ռեստորանները, որոնց ներսում հնչող երաժշտությունը լսվում է 4,5 մետր հեռավորությունից, տուգանվում են 8 հազար դոլարի չափով։ Կորեական քաղաքների փողոցներում կան հատուկ ցուցանակներ, որոնք չափում են հենց այդ պահին այդ վայրում առկա աղմուկը, իսկ որոշ ավտոճանապարհների վրա և մայրուղիներին հարող հատվածներում պլաստիկե վահանակներ են դրվում, որ ուժեղ աղմուկը չհասնի քաղաք։
Ասեմ, որ այսօր ակտիվ շինարարության և տրանսպորտային միջոցների ավելացմանը զուգահեռ, Երևանին աղմուկ է «մատակարարում» նաև նրա մետրոն: Դրանով 15-20 րոպե երթևեկելու դեպքում ուղևորի լսողական ապարատը ենթարկվում է որոշակի վտանգի, քանի որ գնացքի երկաթյա անիվների և ռելսերի շփումից առաջացած աղմուկը` և՛ թունելում, և՛ վագոնների մեջ, անցնում է վտանգավորության շեմը (Երևանի մետրոյում աղմուկը մինչև 75-80 դեցիբել է):
ՈՒղևորներին նշված վտանգից ձերբազատելու և աղմուկի թողած բացասական ազդեցությունը բացառելու նպատակով, օրինակ, Կանադայում մետրոյի գնացքը երթևեկում է ռետինե անիվների կամ հատուկ բարձիկների վրա` նվազագույնի հասցնելով աղմուկը:
-Պարոն Առաքելյան, աղմուկի բացասական ազդեցությունների դեմ պայքարի ինչպիսի՞ քաղաքականություն ունենք, կամ մշակվե՞լ է այդպիսի փաստաթուղթ, չէ՞ որ օրվա հրամայականը պահանջում է, որ առողջապահությանը վերաբերող օրենքներում, քաղաքների պլանավորման և արդյունաբերական գործընթացների որոշակիացման ժամանակ այս խնդրին լուրջ ուշադրություն դարձվի:
-Ցավոք, առայսօր, աղմուկի բացասական ազդեցությունների դեմ մեզանում պայքարի ոչ մի քաղաքականություն չի մշակվել: Հայաստանում այդ բաց ոլորտն այսօր կարգավորվում է գրեթե չգործող մի քանի հոդվածով և հատուկենտ մարդիկ են տեղյակ, որ աղմկողները պատժվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով: Դրանով նախատեսվել է 20-30 հազար դրամ վարչական տուգանք` գիշերային ժամերին (ժամը 2200-600) լռությունը խախտելու, բարձրաձայն երգելու, երաժշտական գործիքներ նվագելու, ձայնային ազդանշաններ տալու, բարձր միացրած հեռուստացույցից, աղմկող այլ սարքերից օգտվելու և այլ տեսակի աղմուկ առաջացնելու համար: Նույն օրենսգրքի 83 և 84-րդ հոդվածներով` 50-80 հազար դրամի տուգանք է սահմանվել աղմուկի չափանիշները գերազանցող տրանսպորտային միջոցներ օգտագործողների համար:
Բացի վերոնշյալից, ՀՀ առողջապահության նախարարի կողմից 2002 թվականին ընդունվել են սանիտարական կանոններ, որոնցում նախանշվել են աղմուկի չափանիշները աշխատատեղերում, բնակելի շենքերում և հասարակական վայրերում: Նշված կանոններում, աղմուկի սահմանված նորմերը խախտողների համար սահմանվել է վարչական ընդհանուր պատասխանատվություն` դրա շրջանակներում էլ` 40 հազար դրամից մինչև 120 հազար դրամ տուգանքի գանձում: Սակայն, քանի որ «Աղմուկի մասին արգելքի» օրենք դեռևս չկա, այդ մեխանիզմը լիաժեք չի գործում, և տեսանելի արդյունքներ դեռևս չեն գրանցվել: ՈՒնենք նաև նորմատիվ իրավական շատ ակտեր, որոնք ենթաօրենսդրական ակտեր են և այդ խնդրի լուծումը սահմանում են տարբեր կանոններով, սակայն եթե վերոհիշյալ օրենքը չընդունվի-չգործի, այս ասպարեզում ևս հաջողություն չենք ունենա:
Ասեմ, որ աղմուկը, որը կարգավորվում է Օրհուսի կոնվենցիայով, և որի վերաբերյալ շատ երկրներ արդեն իրավական ակտեր են ընդունել, բազմակողմանի խնդիր է, ունի տնտեսական, իրավական, սոցիալական և առողջապահական ասպեկտներ: Այդ իսկ պատճառով «Աղմուկի օրենքի» ընդունումը պետք է իրականացնել լայն հասարակական քննարկումների արդյունքում: Կարծում եմ, որ այս ոլորտը իրավական դաշտում գրանցելու համար Հայաստանին անհրաժեշտ է նաև տեխնիկական աջակցություն: Միաժամանակ մենք պետք է Եվրոպայի փորձը հաշվի առնենք, քանի որ արտերկրում, երբ որևէ արտադրամաս սկսում է գործել, մասնագիտական չափումների մեջ մեծ տեղ է հատկացվում նաև աղմուկի գործոնին:
Նշեմ նաև, որ մեր կառույցի մասնագետներն արդեն մշակել և պատրաստվում են ՀՀ կառավարություն ներկայացնելու «Աղմուկի դեմ հետազոտությունների անցկացման» հատուկ ծրագիր, որով առաջարկվում է միջազգային չափագիտական և էլեկտրոնային սարքավորումների, ձայնամեկուսացված հակաարձագանքային խցիկների, ինչպես նաև հիգիենիկ, ֆիզիոլոգիական, կենսաֆիզիկական և տեխնիկական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրել աղմուկի կենսաբանական ազդեցության հետևանքները մարդկանց և կենդանիների վրա: Հանրապետության մի շարք ձեռնարկություններում տիրող արտադրական աղմուկը նվազեցնելու նպատակով ծրագրում առաջարկվել է օգտագործել ճարտարապետաշինարարական ակուստիկայի ժամանակակից հնարավորությունների կիրառում, լաբորատոր եղանակով մշակված և աղմուկի նորմատիվները կարգավորող, կանխարգելող սարքավորումների ներդրում:
Ներգործող աղմուկի գումարային դոզայի ցուցանիշներից ելնելով` կենտրոնում մշակվել են նաև սանիտարահիգիենիկ, լսողական, կենտրոնական նյարդային, սրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ տեղաշարժերը գնահատող նորմատիվներ: Բացի դրանցից, մասնագետները նախատեսել են հինգ տարին մեկ կազմել աղմուկի տարածքային քարտեզներ, որոնց միջոցով հետագայում կկարգավորվեն փողոցներում և որոշ օբյեկտներում նորմայից ավելի գրանցված աղմուկի չափանիշները, մի բան, որ արդեն իրականացվում է շատ երկրներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվել է զուգահեռաբար կազմել ուսուցման ձեռնարկներ, շարունակել զանգվածային հարցումների անցկացման պրակտիկան: Առաջարկվել է նաև գործողության մեջ դնել փոփոխական աղմուկների օպերատիվ գնահատման կայանքը:
Ի դեպ, «Ակուստիկայի» կենտրոնում, որը մինչև 1991 թվականը Հայաստանի մեծ քաղաքներում վերահսկում էր աղմուկի աղբյուր հանդիսացող օբյեկտներն ու ձեռնարկում սանիտարական կանխարգելիչ գործողություններ, դեռևս 1976 թվականին ստեղծվել է Երևանի աղմուկի առաջին և միակ քարտեզը: Դրանում կարմիրով ուրվագծված Մխիթար Հերացու փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում նշված ժամանակահատվածում համապատասխան միջոցառումներ են անցկացվել, որոնք նպաստել են աղմուկի մեղմացմանը:
Հավելեմ, որ տրանսպորտային միջոցների ավելացման և շինարարության հետ կապված վերջին երկու տարում նորից ավելացել է նշված փողոցների աղմուկը` ցերեկվա ժամերին հասնելով մինչև 95 դեցիբելի:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հ. Գ.- Սակայն աղմուկի մասին ինչպիսի միջոցառումներ և օրենքներ գրվեն-կիրառվեն, մարդն առաջին հերթին իր ենթագիտակցության մեջ պետք է ստեղծի-ունենա-պահպանի ինքնատիրապետման-ինքնակառավարման վարվելակերպը, արվեստը: Եթե նա տիրապետում է այդ արվեստին և կուլտուրական մարդ կոչվելու հավակնություն ունի, ապա պարտավոր է թե՛ գործողության, թե՛ տրամադրության բոլոր պահերին իր անձը կառավարել-դրսևորել այնպես, որ չխաթարվեն իր կողքին ապրողների ինչպես իրավունքներն ու պայմանները, այնպես էլ անդորրն ու հանգիստը:
Աղմուկ ստեղծելը, գոռալը, պոռթկալը, եթե ներելի են կուլտուրայի ստորին աստիճանի վրա կանգնած մարդկանց և վայրենի ցեղերին, ապա անթույլատրելի, անհարիր են դաստիարակված, սեփական անձը հարգող մարդուն: ՈՒ եթե այդ մարդն ապրում է հասարակության մեջ և ցանկանում է օգտվել նրա հետ շփվելու հաճույքից, ապա պարտավոր է շատ բաներում կրճատել ինքնադրսևորման ազատությունն ու շատ հաճախ ճնշել սեփական ցանկություններն ու գործողությունները: ՈՒրիշ ելք չկա: Աղմուկի արգելման մասին օրենքը, գրված թե չգրված, հասարակության մեջ գործում է ամենուրեք և անընդհատ, և մենք բախվում ենք նրա հետ ամեն րոպե:

Դիտվել է՝ 4864

Մեկնաբանություններ