Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ջա՜ն, ժողովուրդն աշխատի, չինովնիկները մեքենաներով ֆռֆռան

Ջա՜ն, ժողովուրդն աշխատի,  չինովնիկները մեքենաներով ֆռֆռան
08.10.2013 | 00:59

2014-ի պետբյուջեի նախագիծն արդեն ԱԺ-ում է, և շուտով կսկսվեն բյուջետային քննարկումները։ Կրքերը թեժ են լինելու. քննարկվելու է ոչ միայն գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, այլև այդ փաստաթղթով պայմանավորված որոշվելու է ժողովրդի կենսամակարդակի ինչպիսին լինելը։
Այսօր արդեն փաստ է, որ նախատեսվում է կենսաթոշակների 15 % և աշխատավարձերի 40 % բարձրացում։ Ինչ խոսք, որ սա շատ կարևոր գործընթաց է հատկապես առկա սոցիալական լարվածության և գնաճի պայմաններում։ Իհարկե, լավ կլիներ, որ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումն ավելի զգալի լիներ, բայց չմոռանանք, որ տնտեսությունը դեռ ամբողջապես դուրս չի եկել ճգնաժամից, իսկ շինարարական ոլորտը, որն ապահովում է տնտեսական աճի առյուծի բաժինը, գնալով նվազում է։ Այս իրավիճակում նախատեսվող բարձրացումն արդեն կարելի է ձեռքբերում համարել։ Բայց եթե ուսումնասիրում ենք պետբյուջեի ծախսային հատվածը, ապա շատ հարցեր են առաջանում։ Եվ պարզվում է, որ ցանկացած դեպքում կարելի է կենսաթոշակներն ու աշխատավարձերը նախատեսվողից ավելի բարձրացնել պետական ապարատի որոշ հատվածի պահպանման ծախսերի կրճատման հաշվին։
Եվ այսպես, 2014-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի համաձայն, պետական պաշտոնյաներին սպասարկելու նպատակով լուրջ գումարներ են ուղղվելու 996 ծառայողական մեքենաների պահպանման համար։ Նկատենք, որ այս թվի մեջ ներառված չեն հարկային և մաքսային մարմինների, պարտադիր կատարման համակարգի տրանսպորտային միջոցները։ «Վերնախավին» սպասարկող ավտոմեքենաների համար պետբյուջեի նախագծով հատկացվող գումարը գերազանցում է 1,4 մլրդ դրամը։ Նախատեսվում է ծառայողական յուրաքանչյուր մեքենայի համար վճարել տարեկան 1,2 մլն դրամ։ Գումարի մնացած մասը կհատկացվի այդ մեքենաների ապահովագրմանը, որը շատ «չաղլիկ» գումար է՝ 42 մլն դրամ։
Չէ, մենք բոլորովին դեմ չենք, որ մեր հայրենի պետական ծառայողները կամ էլ, ինչպես ընդունված է ասել, չինովնիկները, ծառայողական մեքենաներով ֆռֆռան ու իրենց լավ զգան։ Բայց ո՞ւմ հաշվին։ Պետբյուջեի միջոցները գոյանում են մեր հարկատուների հաշվին։ Արդյունքում ստացվում է, որ ժողովուրդն աշխատում է, որ չինովնիկն իրեն լավ զգա։
Ինչո՞ւ չէր կարելի կրճատել սպասարկող մեքենաների թիվը, մանավանդ որ դրանք ծառայում են ոչ միայն խիստ բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև վարչության և բաժնի պետերին, որոնց ձեռքը քարի տակ չէ, և կարող են երթևեկել նաև իրենց սեփական մեքենաներով։ Մենք, իհարկե, վերջիններիս գրպանը մտնելու ցանկություն չունենք, և այս վերլուծության նպատակն է, որ բյուջետային սուղ միջոցները ճիշտ բաշխվեն։ Ի դեպ, նկատենք, որ ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման փորձ արեց Վրաստանը և չտուժեց։ Համաձայնեք, եթե կրճատվի ծառայողական ավտոմեքենաների թիվը, ապա հնարավոր կլինի այդ խնայված լրացուցիչ գումարներն ուղղել սոցիալական ոլորտ՝ բարձրացնելով կենսաթոշակներն ու աշխատավարձերը։ Իհարկե, վատ չէր լինի, բայց այդպես չէ և միակ ուրախացնող բանն այն է, որ ծառայողական ավտոմեքենաների պահպանման և սպասարկման համար նախատեսվող գումարը հաջորդ տարվա համար չի ավելացել՝ այս տարվա համեմատ։
Ընդհանուր առմամբ մեր երկրում բյուջետային ծախսերի ավելի քան 5 %-ը բաժին է ընկնում պետական ապարատի պահպանմանը։ Այս տարվա համեմատ հաջորդ տարի շուրջ 440 մլն դրամով կավելանան պետական ապարատի պահպանման ծախսերը, ինչը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի վերջին թանկացումներով։ Սրանով պայմանավորված 2014-ի պետբյուջեն վճարելու է 2 մլրդ դրամ, իսկ կապի ծառայություններից օգտվելուն կուղղվի 1,7 մլրդ դրամ։ Ապացուցված փաստ է, որ գործուղումների և ծառայողական ուղևորությունների վրա բավականին մեծ գումարներ են ծախսում գործադիր և դատական իշխանության մարմինները։ 2014-ի պետբյուջեի նախագիծը ևս դա է ապացուցում. հատկացվելու է 2 մլրդ 23 մլն դրամ, ինչը 175 մլն դրամով ավելի է այս տարվա հատկացումներից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ