Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Պարտքի տակից դուրս չենք գալիս

Պարտքի տակից դուրս չենք գալիս
03.10.2013 | 16:00

Եվրապարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա սպասարկելու արտաքին պարտքը, սակայն դժվար թե որոշ չափով այն մարվի։ «2014-ին 18 մլն դոլարի գումար կունենանք արտաքին պարտքը սպասարկելու համար»,- կառավարության նիստին հաջորդած ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով մեր հարցին, թե արտաքին պարտքի կառավարմանն ուղղված գումարներից պարտքի ո՞ր մասը կարող է մարվել։

Եվ այսպես, կառավարությունը և հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհ են ոչ միայն եվրապարտատոմսերի թողարկումից, այլև այն փաստից, որ միջազգային կառույցները Հայաստանն այլևս չեն ճանաչում որպես աղքատ երկիր։ Նորություն չէ, որ մեր երկրում կարևորը միջազգային կառույցների կարծիքն է, և ոչինչ, որ ժողովուրդը հացի խնդիր ունի։ Ինչևէ։ Եվրապարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տվել միջազգային շուկաներից միջոցներ ուղղել դեպի Հայաստան։ Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ սեպտեմբերի 30-ից այդ գումարներն արդեն գտնվում են ՀՀ կառավարության հաշիվներում։ «Մենք այդ շուկան մուտք գործեցինք ճիշտ ժամանակին։ Եթե մեկ օր շուտ կամ մեկ օր ուշ մտնեինք, ապա չէինք շահի»,- ասաց նախարարը։ Այլ կերպ ասած, առաջին անգամ է, որ Հայաստանը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է հայտնվել։ Իսկ թե որքանով է դա այդպես, ժամանակը կվկայի։ Այս պահին, ըստ նախարարի, եվրապարտատոմսերի թողարկման արդյունքում շուկայում ներդրողների բաշխվածությունը հետևյալն է. 42 %-ը` ԱՄՆ-ից, 23 %-ը` Մեծ Բրիտանիայից, 17 %-ը` Արևմտյան Եվրոպայից և մնացածը` ՌԴ-ից։ Ի դեպ, այս գումարները սպասարկելու են նաև 2009-ին ՌԴ-ից վերցրած վարկը։ Շուրջ 60 մլն դրամ կուղղվի ՓՄՁ-ի ֆինանսավորմանը, 3 մլրդ 900 մլն դրամ` ՓՄՁ ներդրումային վարկային կազմակերպությանը, 1 մլրդ 950 մլն դրամ` արտահանման ֆինանսավորման նոր ձևավորվող ապահովագրական կառույցին, մնացած մասն ուղղվելու է արտաքին պարտքի կառավարմանը։
Ո՞րն է երաշխիքը, որ, օրինակ, արդեն կիսամեռ ՓՄՁ-ին ուղղված գումարները գործնականում նպատակին կծառայեն` կաշխուժացնեն ոլորտը, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ ոլորտում վերջին տարիներին ֆինանսական ներարկումներ են կատարվում։ «ՓՄՁ-ի աշխուժացման երաշխիքը առաջին հերթին այն է, որ վերջին տարիներին պետական ներդրումները ՓՄՁ ոլորտում ամբողջությամբ վերադարձելի են եղել։ Երկրորդ, ի վերջո, նշածս թվերը կոնկրետ գումարներ են, որոնք ուղղվելու են ՓՄՁ ոլորտին։ Դրանից ավելի ի՞նչ երաշխիք եք ուզում»,- ասաց Դավիթ Սարգսյանը, պատասխանելով մեր վերը նշված հարցին։ Մեր ուզածը շատ մեծ բան չէ, ուղղակի ուզում ենք հասկանալ` այս պարտատոմսերի վաճառքի արդյունքում պետական պարտքի ո՞ր մասն է փակվելու, քանի որ շատ է խոսվում այն մասին, թե այն վտանգավոր սահմանին է հասել։ ՈՒզում ենք հասկանալ` այսօր այդ մասով ինչ ունենք, և դրա որ մասը կփակվի։ «Մեր պետական պարտքի չափը վտանգավոր չէ։ Առաջինը ուզում եմ, որ սա հստակ ֆիքսեք։ Հայաստանը չի համարվում արտաքին պարտքի բարձր բեռ ունեցող երկիր։ Մեր արտաքին պարտքն այսօր կազմում է ՀՆԱ-ի 37 %-ը, իսկ ամբողջական պարտքը, վերցրած նաև ներքին շուկայից, 44 % է։ Հիշեցնեմ նաև, որ ԱԺ-ի հաստատած օրենքով, եթե արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 50 %-ը, ապա հաջորդ տարվանից պետբյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել 3 %-ը։ Ասելիքս այն է, որ անգամ այս պարտատոմսերի թողարկումից հետո մեր պարտքը չի գերազանցում 50 %-ը։ Անգամ եթե այն գերազանցեր, ապա բյուջեի դեֆիցիտը 3 %-ից ցածր է, իսկ 2014-ին նախատեսվում է, որ այն կկազմի 2,3 %։ Երկրորդ սահմանումը, ըստ վերը նշված օրենքի, այն է, որ պետությունը չի կարող պարտք վերցնել ՀՆԱ-ի 60 %-ից ավելի։ Վերը նշված երկու սահմանումների դեպքում էլ մեր պետությունը համարվում է միջին պարտքի բեռ ունեցող երկիր։ Այսօրվա դրությամբ ճգնաժամից հետո կան երկրներ, որոնց արտաքին պարտքը ՀՆԱ-ի մեջ 150 % է։ Իհարկե, ես չեմ ուզում համեմատություններ անել, ուղղակի ուզում եմ շեշտել, որ բոլորն իմանան` այսօրվա մեր արտաքին պարտքի բեռը վտանգավոր չէ»,- պարզաբանեց և հավաստիացրեց ֆինանսների նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ