Այս օրերին հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, Մինսկում մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են բնապահպանության, մշակույթի, գիտության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, զանգվածային լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչներ:
Համագործակցության նախագահությունը ստանձնած Բելառուսի Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպվող «2013 թվականը՝ ԱՊՀ մասնակից պետությունների բնապահպանական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարի» խորագրով համաժողովին մասնակցելու են ԱՊՀ բոլոր երկրների պատվիրակությունները:
Այսօր Հասմիկ Պողոսյանը՝ որպես ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, համաժողովի շրջանակներում մասնակցելու է նաև խորհրդի հերթական նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարների հերթական կոորդինացիոն խորհրդակցությանը: