ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պամֆլետների առաջացումն Անգլիայում

Պամֆլետների առաջացումն Անգլիայում
26.07.2013 | 15:29

Պամֆլետը (անգլ. pamphlet) դա փոքրածավալ հրապարակային ստեղծագործություն է, որի նպատակն է քաղաքացիական, սոցիալ-քաղաքական մեղադրանքը:

«Պամֆլետ» բառն առաջին անգամ հիշատակվում է XIV դարում. ի սկզբանե այն նշանակում էր բրոշյուր առանց կազմի: Եվ թեպետ իբրև հրապարակախոսության ժանր պամֆլետը ձևավորվել է Բարեփոխման ժամանակաշրջանում, դրա աղբյուրները կարելի է տեսնել դեռևս անտիկ ժամանակաշրջանում:
XVII-XVIII դարերի բուրժուական առաջին հեղափոխությունների օրոք պամֆլետները լայն տարածում են ստացել Եվրոպայում: Այն ժամանակ արդեն գոյություն են ունեցել թերթերը, սակայն վերջինները գտնվում էին ավտորիտար ռեժիմների ձեռքերում: Իսկ պամֆլետները հրատարակվում էին բրոշյուրների ու թերթերի տեսքով` կոչ անելով հասարակական կարծիքը շեղել այս կամ այն քաղաքական հոսանքի կողմ: Հեղափոխությանը նախորդող շրջանում Անգլիայում մեծ տարածում են ստացել եպիսկոպոսների դեմ ուղղված Ջոն Միլտոնի պամֆլետները: Միապետության դեմ ուղղված պամֆլետները տարածվում էին լեվելերների կուսակցության կողմից:
XVII դարավերջում Անգլիայում ձևավորվում է շատ ակտիվ քաղաքական կյանք: Հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է իր արդյունավետության գագաթնակետին: Այդ ժամանակ ստեղծվող գաղափարները մեծ արձագանք ստացան Եվրոպայում և արդիական են մինչև մեր օրերը:
Ոչ պակաս կարևոր է նշել, որ բացի գաղափարախոսական նշանակությունից, XVII դարի վերջի – XVIII դարի պամֆլետներն ունեցել են անկասկած գեղարվեստական արժեք: Բազմաթիվ մեջբերումներ, հղումներ դեպի հին հեղինակությունները, բիբլիական ու անտիկ հերոսներին վկայում են պամֆլետների հեղինակների ու հասցեատերերի կրթական բարձր մակարդակի մասին: Պատահական չէ, որ պամֆլետների հեղինակների մեծ մասը ճանաչված գրական գործիչներ են` բանաստեղծ Ջոն Միլտոնը, գրողներ Ջոնաթան Սվիֆտը, Դանիել Դեֆոն, Ռիչարդ Սթիլը, դրամատուրգ Ջոզեֆ Ադիսոնը:
Ինչ վերաբերվում է XVIII դարի գրականությանը, գիտնականների կարծիքները տարբեր են: Այդպես, օրինակ, գեղարվեստական մտածողության կայացման մասին գրքի հեղինակ` Ջ. ՈՒ. Ջոնսոնի համար գրականության մեջ ամենակարևորը, և առաջին հերթին` վեպը, սկիզբ են առնում Աննա Թագուհու գահակալության (1702 – 1707) ժամանակաշրջանից հետո: Անգլիական լրագրողության մասնագետ ՈՒ. Գրեմը Աննայի իշխանության ժամանակաշրջանը համարում է «ոսկե դար», քանի որ հենց այդ ժամանակ գրականությունը խրախուսվում էր ու ստանում իշխանությունների աջակցությունը:
Առևտրի ու արդյունաբերության ծաղկման «ոսկե դարը» խոստացած էր բոլոր ժողովուրդներին: Պատմական իրողությունը տվել է «համաշխարհային պատմության» լիովին այլ ուղղվածություն: Քաղաքակրթության առջևում ընթացող Եվրոպան հավակնում է համաշխարհային տիրակալությանը և նվաճում այն, ստեղծելով մի շարք կայսրություններ: Եվ դրանցից ամենահզորը` Բրիտանականը:
Վեճեր են առաջանում բառացիորեն բոլոր հարցերի շուրջ: Կյանքի նախկին ընթացքը խախտվում է, տեղի է ունենում լիովին նոր հասարակության կառուցում, այլ սկզբունքների վրա հիմնված: Կենդանի է նոր աշխարհի կառուցման հնարավորությունը` աշխարհի բոլորի ու յուրաքանչյուրի համար: Իսկ դրա համար պետք է պայմանավորվել: Հասարակությունը, հասարակական կառուցվածքը գտնվում է այն դարաշրջանի մտածողների ուշադրության կենտրոնում, առաջացել են հասարակագիտության սաղմերը: Նախահասարակագիտության ժամանակաշրջանն ընդգրկում է XVII-XVIII դարերը, երբ ստեղծվում էր գիտությունն իր ժամանակակից ընկալման մեջ, հիմք էր դրվոմ սոցիալական գիտություններին, որոնք նախապատրաստել են սոցիոլոգիայի առաջացումը` իբրև որակական թռիչք սոցիալական ճանաչման զարգացման ընթացքում:
Հասարակական երևույթների ընկալումը, անկասկած, կախված է այն դիրքից, որն ընդունել է գրողն ու լրագրողը: Հասարակարգի խարխլման այս բուռն ժամանակաշրջանում, հասարակական հարաբերությունների ստեղծման ժամանակ մարդու առջև նոր խնդիր է առաջանում: Եթե նախկինում իր տեղը հասարակության մեջ որոշվում էր ի ծնե, դերերը գրված էին, ճակատագիրը ի վերուստ սահմանված, ապա այժմ մարդը ստիպված է ինքնուրույն լուծել իր առջև ծառացող խնդիրները: Աշխարհը տարբեր է թվում տարբեր տեսակետերից: Կարելի է արտահայտել այս կամ այն դիրքը, սակայն կարելի է պարզապես զբաղեցնել այն:
Մինչ օրս անգլիական հասարակությունն ունի բարձր զարգացած դասային գիտակցություն, և ուստի անգլիացիների վարքագիծը կախված է դասային նախադրյալներից: Դասային տարբերություններն Անգլիայում արտահայտվում են ամեն ինչում` սկսած հագուստից և վերջացած խոսքային վարքագծի ձևերով ու որոշակի բառերի ընտրությամբ: Սակայն եթե այսօր անգլիական հասարակությունը բարդ համակարգ է, բազմաթիվ հիերարխիաներով, ապա XVIII դարում Անգլիայում դասակարգերի բաժանումը շատ ավելի կոշտ էր ու հիմնված էր, գլխավորապես, մարդու ծագման, իր բարեկամական կապերի վրա: Իսկ հետագա դարերում զարգացող բարդ հիերարխիկ համակարգը նոր էր ձևավորվում:
Անգլիական Լուսավորչության լավատեսական մտքերը փոխանվել են եվրոպական այլ երկրներ: Առաջին հերթին` Ֆրանսիա, որի ակնառու ներկայացուցիչները, ինչպիսիք են Մոնտեսքյոն, Ժան Ժակ Ռուսոն, Դենի Դիդրոն, Վոլտերն ու ուրիշները հանդես էին գալիս ազատամիտ գաղափարների քարոզչությամբ: Ֆրանսիայի հետևից Լուսավորչությունը ներթափանցում է եվրոպական այլ երկրներ, այդ թվում նաև` Ռուսաստան:
Այսպիսով, XVIII դարում Անգլիայում հասարակական գիտակցությունն ապրում էր իր զարգացման գագաթնակետը: Ծնվում էին նոր գաղափարներ, որոնք պահանջում էին կողմնակիցներ ու հետագա մարմնավորում: Հայացքների բևեռությունը, անզիջողականությունը բերում էր սեփական դիրքորոշումն առավել սուր ձևով արտահայտելու անհրաժեշտությանը, լրագրության առավել տարածված ժանրը դարձավ պամֆլետը: Դրան էին դիմում ինչպես միջին ունակություններ ունեցող վարձու լրագրողները, այնպես էլ գրական բարձր կարողություններ ունեցող ու գեղարվեստական հրապարակախոսության իսկական գլուխգործոցներ ստեղծող անվանի հրապարակախոսները:

Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 9700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ