«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Մեղրաձորի ջրվեժը ցամաքում է. ահազանգում են բնապահպանները

Մեղրաձորի ջրվեժը ցամաքում է. ահազանգում են բնապահպանները
16.07.2013 | 12:03

Փոքր ՀԷԿ-ի հերթական զոհը Մեղրաձորի ջրվեժն է, որից մի բարակ առու է մնացել:

Բնապահպանների կողմից հնչեցվող ահազանգերին`կապված բնությանն առնչվող խնդիրների հետ, կարելի է ասել արձագանքում են բոլորը, բացի համապատասխան կառույցներից, ավելի կոնկրետ`բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի ներկայացուցիչներից: Թե ինչու են տեղի պատասխանատուները աչք փակում իրենց քթի տակ կատարվող անօրինական գործողությունների առաջ, միայն կարելի է ենթադրություններ անել:

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ներկայացուցիչները նշում են, որ Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժը համարյա ցամաքել է, մի բարակ առու է մնացել:Այդ փաստը բացահայտել են մի խումբ հեծանվորդներ: Նրանք բարձրացել են գետի վերին հոսանքները`պարզելու ջրվեժի ցամաքելու պատճառը և տեսել են, որ այնտեղ փոքր ՀԷԿ է կառուցված:

Հասնելով ՀԷԿ-ի ջրառի կետը` նրանք ականատես են եղել, որ ՀԷԿ-ը «կուլ է տալիս» գետի ամբողջ ջուրը և մտցնում խողովակի մեջ այնքան ագահորեն, որ մի գրամ ջուր անգամ չի թողնում գետին և բնությանը:

«Հասկանում ենք նաև, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, և անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական չափորոշիչներ: Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ, իսկ մինչ այդ դադարացնել նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը:

Կոնկրետ այս ահազանգը փոխանցում ենք բնապահպանության նախարարությանը` հորդորելով ձեռք առնելու համապատասխան միջոցառումներ»,-ասված է ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ստորև ներկայացնում ենք ՀԲՃ-ի նկարահանած տեսանյութը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Մեղրաձորի ջրվեժը ցամաքում է
Դիտվել է՝ 2671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ