Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայաստանի անկախության «իկոնան»

Հայաստանի  անկախության «իկոնան»
05.02.2013 | 00:50

«Էքստրիմը» կրկին թակեց հայոց դուռը: Այն, ինչ կատարվեց, ինչպես ասում են` չարիքի փոքրագույնն էր. քիլլերը վրիպեց: Քննարկման ենթակա չեն մնացյալ տարբերակները, որովհետև կրակի հետ չեն խաղում, և միայն խելագարի մտքով կանցներ մահափորձ խաղարկել` գնդակը կույր է:
Կար և դեռ շարունակվում է քաղաքական խոշոր, սառը և, որքան էլ պարադոքսալ, խիստ գրագետ հաշվարկ. սցենարը չաշխատեց:
Եվ այնուհանդերձ` ինչո՞ւ: Կար երկու սցենար: Ովքե՞ր էին «սցենարիստները», ամենևին էական չէ, որովհետև «հաղթանակները» բազում տերեր են ունենում, պարտությունները որբ են: Այնպիսին, ինչպիսին Հայաստանն է, շատերին էր ձեռնտու, որ նախընտրական խաղաղ, «անհետաքրքիր» գործընթացը «ջարդվեր», շատերն էին մարաղ մտած սպասում, իսկ շատերն էլ ուղղակի ու բացահայտ զգուշացնում էին` «զարգացումներ» կլինեն:
Ընտրությունները «ջարդելու» սցենարի մասին մենք բազմիցս ենք խոսել. նպատակը` հարամել ընտրությունների ընթացքը, անել ամեն ինչ, որ, ինչպես 2008-ին, Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը լինի «խորապես» կասկածելի: Սա մահափորձի մինիմում սցենարն էր:
Մաքսիմումը նոր ընտրություններն էին: Նոր ընտրությունների դեպքում անչափ կարևոր` հոգեբանական ճեղքվածք էր տեղի ունենալու: Այս երկիրը, այս էթնոսը զգայական է: ՈՒ երբ քիլլերը հաջողեր, թեկնածուն մահանար, ցնդելու էր Սերժ Սարգսյանի ուժեղ շախմատիստ ու հաշվող լինելու միֆը, անպայմանորեն նոր ընտրություններում «նոր» (ամեն նոր լավ մոռացված հինն է) թեկնածուներ էին առաջ գալու: Խաղն ամբողջովին փոխվելու էր, և եթե Սերժ Սարգսյանն այդ իրավիճակում հաղթեր էլ, «նորերի» համար, ի տարբերություն այսօրվա, անչափ հեշտ էր լինելու մոբիլիզացնել կրիտիկական զանգվածը և հետընտրական բարդություններ ստեղծել` իրենց հայտնի հետևանքներով հանդերձ:
Այլ կերպ ասած` դա մահափորձ էր Պարույր Հայրիկյանի, «հեղաշրջում»` երկրի նկատմամբ: Երկուսն էլ` չհաջողված:
Ընդ որում, մենք հեռու ենք այն գաղափարից, թե սա ներքին ուժերի սցենարն էր: «Հեղաշրջման» տանող նման սցենարները միշտ էլ համաձայնեցված են լինում որևէ ուժային կենտրոնի կամ գոնե այդ ուժային կենտրոնի համապատասխան թևերի հետ, որոնք «հեղաշրջվող» երկրի հետ կապված կոնկրետ նպատակներ և շահեր ունեն:
Դա է նաև պատճառը, որ, որպես օրինաչափություն, նման հանցագործությունները չեն բացահայտվում: Ինչպես չբացահայտվեց հայոց մեջ ամենամեծ դասական հեղաշրջման պատմությունը` հոկտեմբերի քսանյոթը:
Բոլոր դեպքերում, Հայաստանը կանգնել է հերթական ճակատագրական վճռի առաջ, որը, որքան էլ պարադոքսալ է, պետք է կայացնի մեկ անձ` Պարույր Հայրիկյանը` Հայաստանի անկախության «իկոնան»: Նա մասամբ դեռ մանևրում է: Վիրահատությունից երկու օր հետո 15 րոպեով գնաց տուն: Ինչը, մի կողմից, ապացույց էր, որ արդեն լավ է և պատրաստվում է ասելու` իսկ ինչո՞ւ հետաձգել ընտրությունները: Դավադրության տեսության կողմնակիցներն էլ ասում են` կարող է` գնացել էր տուն, «մարդու հետ հանդիպեր» (ասենք, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը կատեգորիկ դեմ էին ընտրությունները երկարաձգելու-չերկարաձգելու հարցով Հայրիկյանի հետ խոսելուն)։
Եվ այնուհանդերձ, Հայրիկյանին այցելել էր Հայոց կաթողիկոսը: Եվ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Հայրիկյանը նրան ընդունել էր:
Եվ ընդունել էր շատ ջերմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ