Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Հույսը, տղերք, լավ բան է»

«Հույսը, տղերք, լավ բան է»
22.01.2013 | 01:02

Եվրասիական ու Մաքսային միությունների գործընթացները, որոնք իրենց վրա են բևեռել աշխարհի ուշադրությունը, ինչպես և սպասվում էր, ձախողման վտանգի տակ են հայտնվել:
Գաղափարի, այսպես ասած, հիմնական ջահակիր (Ռուսաստանից հետո) Բելառուսը, յուր Բատկայով հանդերձ, գրեթե գերազանցեց միջազգային հանրության բոլոր սպասումները: Բատկայի պարանին, ճիշտ է, լվացք փռել չի լինի, և դա բոլորը գիտեն, զի նա ահավոր անկանխատեսելի գործիչ է: ՈՒ սա միջազգային հանրությունը, է՛լ առավել Ռուսաստանն ու պարոն Պուտինը գիտեն: Ոչ հեռու օրինակն էլ Ռուսաստան-Բելառուս օրումեջ ծնվող-մեռնող միությունն էր, ուր խորամանկ Բատկան մատի շուրջ մի բոլ պտտեցրեց մայր-Ռուսաստանին` իր պահանջների շուրջ երկու երկրների հարաբերությունները երբեմն-երբեմն հասցնելով գրեթե խզման սահմանագծին:
Նույնն այժմ կատարվում է Եվրասիական, Մաքսային միությունների հաշվով: Այն, որ ստեղծվելիք այդ միություններին անչափ դժվար էին ինտեգրվելու Ղազախստանն ու ՈՒկրաինան, ինքնին հասկանալի էր բազում պատճառներով, չթվենք: Բայց որ Բատկան կլիներ առաջինը, որ կբարձրաձայներ, թե ինչ կա` կա, ավելին պետք չէ, այն է` եվրասիական-մաքսային ինտեգրումը տնտեսականից դենը չպետք է անցնի` վերածվելով քաղաքականի, իհարկե, սպասելի, սակայն ինչ-որ առումով «նոու-հաու» էր, այն պարզ պատճառով, որ Բելառուսը կարող էր մեզ նման խելք ունենալ, սպասել, որ այլք բարձրաձայնեին այդ «անհարմարությունները»: Ասենք` կոնկրետ ՈՒկրաինան: Էլ առավել` Ղազախստանը: Բայց չէ. Բատյային պետք է հիմա և ամեն ինչ. նա հասկանում է, որ էս գործը գլուխ գալու բան չէ, ուստի փորձում է պոկել Ռուսաստանից ինչ հնարավոր է, ինչպես վարվում էր Ռուսաստան-Բելառուս միության «կայացման» ժամանակ:
Ահա և, մեկ-երկու օրվա տարբերությամբ, բարձրաձայնումը, թե քաղաքական ինտեգրումը նպատակահարմար չէ, հնչեց նախ Բելառուսի, ապա Ղազախստանի «շուրթերից»: ՈՒ թե դրան էլ հավելում ենք ՈՒկրաինայի չմասնակցությունը Եվրասիա-Մաքսային միության առնչությամբ Մոսկվայում վերջերս տեղի ունեցած համաժողովին, գումարում ենք այն հանգամանքը, որ օրերս Տաջիկստանն էլ այնտեղ ռուսական բազան իր տարածքում պահելու համար լրացուցիչ պայմաններ առաջ քաշեց, հետո էլ գումարում-հանում ենք Ադրբեջանի համանման պայմանների առաջքաշման նախադեպը, ինչն ստիպեց Ադրբեջանին հրաժարվելու Գաբալայից, ամեն բան ընկնում է իր տեղը` այս անգամ էլ արձանագրելով հաջորդ ֆիլմի հերոսի հայտնի խոսքը. «Մուրազը մնաց փորումը»:
Խորհրդային Միության վերականգնման մասով, ինչի խոստումը տվել էր Վլադիմիր Վլադիմիրովիչը աշխարհին ու բոլորիս:
Ընդ որում, պետք է նաև արժանին մատուցել տիկին Էշտոնին, ով, ի շարս մնացյալ եվրաչինովնիկների, ասել էր` թույլ չենք տա, որ Սովետմիությունը վերականգնվի: ՈՒ, ոնց երևում է, սողացող գործընթացներով արդեն իսկ ահագին բանի հասել են: Չնայած, դեռ սպասենք` վերջնական արդյունքներ արձանագրելու համար, որովհետև աշխարհն ու տարածաշրջանն անչափ փխրուն են:
Դառնանք մեզ: Ասել ենք, ասում ենք` վերջին շրջանում գլոբալ և գեոքաղաքական գործընթացները հօգուտ Հայաստանի (թու-թու-թու), հետևաբար` նախընտրական դեմարշի ելած Սերժ Սարգսյանի են ընթանում:
Հայաստանը կարողանում է գրագետ մանևրել Արևմուտք-Ռուսաստան տանդեմում` երկուսի համար էլ դառնալով ցանկալի խաղընկեր: Մենք չենք ասում` չենք ուզում: Ասում ենք` ուզում ենք մտնել Մաքսային միություն` որոշակի վերապահումներով, որովհետև ընդհանուր սահման չունենք: Ինչ վերաբերում է Եվրասիականին, մենք ասում ենք` մեզ դեռ պաշտոնապես չեն առաջարկել, ինքը` Ռուսաստանը, ասում է` մեզ որևէ մեկը դեռ չի դիմել:
Վատ չէ: Բայց դե, Ռուսաստանն էլ միամիտներից չէ. այս երկու օրը Հայաստանում կլինեն եվրասիական գծով փորձագետները` «փորձելու» մեզ: Նախընտրական այս փուլում առավելագույնն ստանալու հույսով:
Ինչպես ասաց նախորդ օրը Սերժ Սարգսյանը, «հույսը, տղերք, լավ բան է»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ