ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարդը պատրանքների և իրականության դեմ հանդիման

Մարդը պատրանքների և  իրականության դեմ հանդիման
05.10.2012 | 13:09

Ավարտվեց «Վարդան Օսկանյան» օպերացիայի առաջին արարը: Նախատեսված ավարտով: Ի սկզբանե պարզ էր, որ խաղը չէր սկսվի, եթե արդյունքը ապահովված չլիներ: Իսկ որ ընթացքը պիտի դրամատիկ լիներ, ժանրի կանոններն էին թելադրում: Խորհրդարանն իր քվեարկությամբ, թերևս նաև չքվեարկությամբ, անակնկալ ոչինչ ի հայտ չբերեց: Բոլորի գործողությունները կանխատեսելի ու հասկանալի էին: Հուզական, տրամաբանական, իրավական, քաղաքական, օրինաչափ ու տարօրինակ բոլոր ելույթներն էլ տեղավորվում են իրադարձությունների զարգացման առանցքում: Իհարկե, օպերացիայի ընթացքում ի հայտ եկան նաև դրսևորումներ, որ այնքան էլ ցանկալի չէին, բայց դա էլ ժանրի թելադրանքն է: Եվ հիմա արդեն կարելի է նախնական արդյունքները գրանցել:

1. Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանը գործնականում ներկայացված չէ ի դեմս ՀՀԿ խմբակցության պատգամավորների: ՀՀԿ խմբակցությունը, թեպետ բավականաչափ խայտաբղետ կազմ ունի, եթե հաշվի առնենք տարբեր տարիների տարբեր նախագահների հետ աշխատելու հանգամանքը, հիմա ընդունում է մեկի գերիշխանությունը: Եվ այդ մեկը գործող նախագահն է, նախորդ նախագահի հավակնությունները, փաստորեն, ապարդյուն էին: Պայմանականորեն` հոկտեմբերի 1-ի քվեարկությամբ կանխորոշվեց փետրվարյան քվեարկության ընթացքը: Սա, թերևս, ամենակարևոր ձեռքբերումն էր:
2. Խորհրդարանական ընդդիմությունը հերթական անգամ հավաստեց, որ ինքն ընդդիմադիր հայացքներ ունի, որ ինքը դեմ է գործող վարչակարգին ու նրա գործունեության բովանդակությանն ու ձևերին, և համաձայն է, որ երկրում ոչինչ չփոխվի: Նաև` լիովին հարմարավետ տեղավորվել է խաղի կանոնների մեջ ու առանձնապես այլընտրանքներ չի որոնում:
3. Եվ, այնուամենայնիվ, մի անակնկալ կար հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 2-ի իրադարձություններում: ԲՀԿ-ի վարքագիծը: Խորհրդարանական քննարկումներում ԲՀԿ-ի համարյա հեղափոխական մեկնարկը Նաիրա Զոհրաբյանի կատարմամբ այս արարի կուլմինացիան էր: Նրա ելույթը, որ թե՛ հուզական էր, թե՛ իրավական, թե՛ մարդկային, թե՛ մարտական, բավականաչափ խոսուն ու խոստումնալից էր: Թերևս` ակամայից, որովհետև ներկայացնում էր ծրագիր: Մենք չենք քվեարկում, մենք հեռանում ենք դահլիճից այս քառօրյայի ընթացքում, մենք կմտածենք` հետո ինչ ենք անելու, ակնարկվում էր նաև չվերադառնալու տարբերակը: Ի դեպ, ոչ ոք այդ տարբերակին չանդրադարձավ, ոչ մեկին այդ տարբերակը, հավանաբար, լուրջ չթվաց: Բնականաբար, որովհետև չափազանց ակնհայտ է, որ իրադարձությունների ոչ մի զարգացում ԲՀԿ խմբակցության պատգամավորներին չի ստիպի վայր դնել մանդատները` սկսած կուսակցության ու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից: Իսկ հաջորդ օրը, տիկին Զոհրաբյանի բացակայությամբ, դահլիճում բոլորովին այլ ԲՀԿ էր, և այդ ԲՀԿ-ն բացահայտորեն, մեղմ ասած, առաջինն էր հրաժարվել իր երկրորդ համարից: Համենայն դեպս, սա այն պահն էր, որ խմբակցության ղեկավարն անհետաձգելի գործերը հետաձգելու մարդկային պարտավորվածություն պիտի զգար ու խորհրդարանում լիներ: Քաղաքից անընդհատ բացակայելը պատգամավորի համար վատ սովորություն է, հատկապես վճռական պահերին:
Որքան էլ տարօրինակ է, Վարդան Օսկանյանի լավագույն փաստաբանները ՀՅԴ-ի պատգամավորներն էին. նրանք և՛ փորձառու են, և՛ պերճախոս, և՛ նպատակասլաց: ՀԱԿ-ը գործնականում պոպուլիզմով սպառնում է գերազանցել ՕԵԿ-ին իր լավագույն ժամանակներում: Թեպետ ՀԱԿ-ի ելույթները ևս բխում էին ժանրի կանոններից: Այս պարագայում ինքնատիպություն չէր մեխին ու գամին համաչափ զարկելու մարտավարությունը:

ԲՀԿ+ՀՅԴ+ՀԱԿ+«Ժառանգություն» չքվեարկողների դեմ քվեարկած կոալիցիան 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր քվեարկությամբ արդարադատությանը հանձնեց Վարդան Օսկանյանին: Մանրամասների ու նրբերանգների մեջ առանձնապես չխորանալով, այնուամենայնիվ, դիլետանտական մեկ հարց չեմ կարող չտալ` ինչպե՞ս է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարում, հավատացնում ու հավաստիացնում, որ անձեռնմխելիության կորստից հետո Վարդան Օսկանյանի կալանավորում չի հետևելու: Ի՞նչ է դա նշանակում: Գլխավոր դատախազը գիտի, որ Օսկանյանը մեղավոր չէ, ուստի ենթակա չէ կալանավորմա՞ն: Գլխավոր դատախազը համարում է, որ խաղն այսքան էր, ու ավարտված է առաջին արարը, երկրորդի ժամանակը հետո՞ է գալու, և այդ ժամանակի մեջ խաղի կանոնները կարող են փոխվել: Թե՞ գլխավոր դատախազը հետո հայտարարելու է, որ ինքն ուներ լավագույն մտադրություններ, և ինքը չէ մեղավորը, որ իրավիճակ է փոխվել, որ բացահայտվել են աններելի հանցանքներ, ուստի Վարդան Օսկանյանն իրեն այլընտրանք չի թողել:
Ի՞նչ կարող է լինել երկրորդ արարում: Տևական ժամանակ ոչինչ: Խաղի հրապարակային արարն ավարտված է: Գլխավոր իրադարձություններն այսուհետ ծավալվելու են այլ հարթությունում, և Աղվան Հովսեփյանին, ով, ի դեպ, խորհրդարանում ավելի շատ էր մեղադրյալի դերում, քան Վարդան Օսկանյանը, և ավելի շատ էր նման մեղավորի, քան Վարդան Օսկանյանը, առանձնապես շատ գործ չի մնում: Դարի ոճրագործությունը, երբ ոչ ոք իրեն տուժող չի համարում, բացահայտելը նման է բռնի երջանկացման, երբ բոլորն առանց այդ էլ երջանիկ են: Առաջին ջութակը ժամանակավորապես հանձնվում է ԲՀԿ-ին: Անձամբ Գագիկ Ծառուկյանին: Սա ճշմարտության պահն է մի մարդու համար, ով այլևս հարկադրված է վերջնական վճիռ ընդունելու: Գագիկ Ծառուկյանը մի քանի տարբերակներ ունի ընդամենը: Սահմանազատվել ու ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանից և վերջապես ու վերջնականապես դառնալ ինքնուրույն քաղաքական ուժ, որ իր որոշումները բխեցնում է իր ծրագրերից: Սա մեկ: Այս տարբերակը նաև մասամբ հարկադրական կարող է լինել, որովհետև այլընտրանքային ԲՀԿ-ն այլևս վերադարձի տեղ չի թողնում: Երկրորդ` վերջնականապես ու վերջապես կուսակցություն բերել Ռոբերտ Քոչարյանին և խաղալ բացահայտ: Այս տարբերակը թերևս ամենավտանգավորն է, որովհետև ԲՀԿ-ն կորցնում է ոչ միայն Սերժ Սարգսյանի հովանու տակ վերադառնալու, ուրեմն և իր տնտեսական ու քաղաքական կշիռը պահպանելու հնարավորությունը, այլև ժողովրդին: Եվ երրորդ` մնալ շատ կառուցողական, շատ այլընտրանքային, շատ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ոչ մի խնդիր չունի իշխանության հետ, որովհետև մասն է իշխանության, որքան էլ արտաքուստ բոլորովին այլ տեսք ունի: ՈՒ ոչ միայն մասն է իշխանության, այլև կարևոր անելիք ունի նախագահական ընտրություններում: Ի վերջո, համարյա անլուրջ է նախագահ դառնալ քվեաթերթիկում ոչ մի լուրջ մրցակից չունենալով: Իրադարձություններն օրավուր ակնհայտ են դարձնում, որ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վրա այս հարցում հույս դնելու չէ: Վարդան Օսկանյանն էլ բացահայտորեն այն կերպարը չէ, ում ուսերին նախագահական քղամիդ են գցում: Նա նույնիսկ իր հաշվեհամարների ելքն ու մուտքը չի կարողանում կարգավորել ու իրեն վստահված գումարների ելքն ու մուտքը չի վերահսկում, ո՜ւր մնաց երկիր ղեկավարի: Իսկ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական փորձառությունը նրան միշտ տարել է այնտեղ, ուր ծնվել է ապագայի ճշմարտությունը: Բայց դա արդեն կլինի երկրորդ արարը: Ամենահետաքրքիրը, ու գուցե ամենակարճը ժամանակի մեջ, երրորդ արարն է լինելու, որին անմիջապես հաջորդելու է հանգուցալուծումը: Երրորդ արարում ի հայտ է գալու կամ իր ի հայտ չգալն է ի հայտ բերելու նորին մեծություն ընտրողը, ում միշտ ընտրությունների ժամանակ մոռանում են որպես գործող անձի և միայն քվեարկության պահին են հիշում նրա գոյությունը` որպես այս կամ այն արդյունքը ձևավորողի: Նորին մեծություն ընտրողը, որ լավ հիշողություն ունի, բայց չունի քաղաքական հենարան, կարող է ինքնակազմակերպվել և հերթական հոգեխանգարմունքի իր խոսքն ասել: Ի սարսափ Աղվան Հովսեփյանի:
Իսկ ամենատխուրը հոկտեմբերի 1-2-ի իրադարձությունների մեջ Վարդան Օսկանյանի քվեարկությանը հետևած գրառումն էր ֆեյսբուքում: ՈՒ տխրության պատճառը նրա տխրությունը չէր, այլ այն, որ Վարդան Օսկանյանն ապրում է պատրանքային մի աշխարհում, որտեղ իրեն համոզել է, որ խորհրդարանական անցած ընտրությունների ժամանակ ինքն ու ԲՀԿ-ն գաղափարական պայքար էին մղում, որը հենք էլ ուներ, ու այդ պայքարի հենքը հակակշիռ ստեղծելն էր: Իսկ պատրանքների պատրանքը` որ հաշվի առնելով այս օրերին ժողովրդի տրամադրությունները` այդպիսի արդյունքն անխուսափելի էր: Նեղկուսակցական, կլանային ու անձնական շահերը նրան էլ թույլ չեն տալիս տեսնել ակնհայտը. փողով երկիր չես առնի: Փաստորեն` անարդարության էությունը միայն սեփական մաշկի վրա զգալուց հետո ես սկսում հասկանալ, և այդ ժամանակ առանձնապես մեծ մխիթարություն չէ, որ արդարությունը (ԱԺ-ում գերադասում են համարել ճշմարտությունը) հիվանդանում է, բայց... բեմը թողնենք Աղվան Հովսեփյանին, թող ինքը որոշի` ով է արդար, ով` մեղավոր, ով` հիվանդ, ով` անմահ: Մանավանդ որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նրա դիմումները խորհրդարանին համարյա հոբբի են դարձել, իսկ խորհրդարանն էլ հոբբի է դարձրել դատախազի հետ համաձայնելը: Բոլոր դեպքերում ու բոլորի դեպքերում:
ՈՒ, որքան հասկացա, շատ տխուր էր նաև Ռոբերտ Քոչարյանը, որ կատարվածը որակեց «խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով»: Նրա հիմնական որակումները վերաբերում են Վարդան Օսկանյանի նախարարական անցյալին և իշխանության փորձությանը, բայց ոչ ներկային, երբ նա «շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում», և բնավ ոչ ապագային, որ հայտնի չէ ոչ մեկին: Ռոբերտ Քոչարյանն ընդամենը իր համակրանքն ու աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին, որը կարելի՞ է հասկանալ հակակրանք ու չաջակցություն իշխանությանը: Այս հարցին Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չի պատասխանել և դեռ երկար չի պատասխանելու: Նա հիասթափված է: Նա որոնում է այլ հարցի պատասխան, որի հետ Վարդան Օսկանյանը բոլորովին կապ չունի: Եվ դա այն ամենն է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է անել Վարդան Օսկանյանի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Վարդերի հեղափոխության փշերն ի հայտ եկան Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Վրացիները նորից ապացուցեցին, որ իշխանափոխություն Հարավային Կովկասում միայն Վրաստանում է հնարավոր ու հնարավոր է նաև ընտրությունների միջոցով: Այս օրերին որքան էլ շնորհավորում են վրացական երազանքի տեր Բիձինա Իվանիշվիլուն, իրականում շնորհավորել պետք է իրեն արդեն ընդդիմություն հայտարարած և իր կուսակցության պարտությունն ընդունած նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Պատմությունը նրան հաստատ շատ հարցեր կտա, իսկ անաչառ գտնվելով` շնորհակալություն պետք է հայտնի թեկուզ ավելի փոքր տարածքում, բայց զարգացող Վրաստանի համար և այն հնարավորությունների, որ իր իշխանության մի քանի տարում նա ստեղծեց մի քանի սերնդի համար:

Դիտվել է՝ 5417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ