ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Первым делом самолеты, ну а девушки потом»

«Первым делом самолеты, ну а девушки потом»
18.09.2012 | 01:58

Աշխարհում ոչ մի խնդիր յոլա չի գնում առանց մեծ քաղաքականության: Նույնիսկ անմեղ համարվող այնպիսի հարց, ինչպիսին երեխաների բուժումն ու պատվաստումն է:
Այս առումով բավականին հետաքրքիր մանրամասներ պարզվեցին ուրբաթ-շաբաթ օրերին Ծաղկաձորում առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած համատեղ սեմինարի ընթացքում, որով ազդարարվեց հոկտեմբերի 1-ից սկսվող` երեխաների դիարեային հիվանդությունների դեմ ռոտավիրուսային պատվաստման մասին:
Ի դեպ, հայաստանյան բոլոր ընտանիքներն են, թերևս, բախվել այդ խնդրին` երեխաների աղիքային վարակին, որը, իմունային անբավարարության դեպքում, կրկնվելու շատ վատ սովորություն ունի:
Առողջապահության նախարարությունը, ուսումնասիրելով հիվանդության դինամիկան, հանգել է այն եզրակացության, որ սկսած վեց շաբաթականից մինչև տասներկու տարեկան, պետք է պատվաստվեն: Այդպիսով, պետք է ֆիքսել, որ ազգային օրացույցում այս վակցինան այսուհետ իր մշտական տեղն ունի: Այս ամրագրումը բավականին աշխատատար և նյութաֆինանսական ռեսուրսներ պահանջող գործընթաց է, գումարած, որ մեր հասարակության մենթալ պլանում ավանդաբար բարդույթային դրսևորումներ կան պատվաստումների, նույնիսկ դիֆտերիայի և փայտացման դեպքում, և մահացության եզակի դեպքեր վերջին տարում գրանցվել են, այնուհանդերձ, շրջանցելով այդ ամենի շուրջ հայոց առողջապահության ջանքն ու «սկրոմնի տրուդը», անցնենք խնդրի քաղաքական «մոմենտին»:
Մեկ արձանագրում կատարելուց հետո. պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան փրկվում է 2-3 միլիոն մարդու կյանք, մեկ միլիոն երեխա մահանում է` դրա բացակայությունից: Եվ ապա` Հայաստանը մինչև 2005 թ. շատ քիչ պետական հատկացումներ էր կատարում պատվաստումների համար, սակայն սկսած 2008-ից` պատվաստումների ութսուն տոկոս ներդրումն ինքն է կատարում, ինչն էլ վկայում է պետական մոտեցումների փոփոխության, ինչպես նաև սոցիալական ոլորտի, կոնկրետ դեպքում` առողջապահության բնագավառում հասցեական քաղաքականության հետաքրքիր դսևորումների մասին:
Իսկ հիմա բուն քաղաքականությունից. պարզվում է, նույնիսկ այս դեպքում` «первым делом самолеты, ну а девушки потом»: Ասել է` սկզբում ընտրությունները, հետո նոր փոքրիկների առողջությունը: Բանն այն է, որ ռոտավիրուսային այս պատվաստումների փաթեթը պատրաստ է եղել արդեն մարտ ամսին, սակայն այն չի ներդրվել, որովհետև առջևում խորհրդարանական ընտրություններ են եղել: Ըստ գործի պատասխանատուների` հարցն անպայման շահարկվելու էր քաղաքական ուժերի կողմից` վնաս հասցնելով բուն գործընթացին: Գաղտնիք չէ, որ կան ուժեր, որոնք ասում են`

ա) որ դրանք ոչ թե պատվաստումներ են, այլ փորձարկումներ, համապատասխան «չիպային ինֆորմացիաների» ներդրումներ պատվաստվողի մեջ` նրան վերահսկելի դարձնելու առումով:

բ) Այդ պատվաստումները բավականին «թիվ» արժեն, և առողջապահական կազմակերպություններն այս դեպքում նույնպես գլոբալ պատերազմի մեջ են. ասենք, Ռուսաստանը «գունավոր» հեղափոխությունների երկրներում` ՈՒկրաինայում և Վրաստանում, պայքարում է արևմտյան վակցինաների դեմ, ասելով, որ դրանք շատ վտանգավոր են։ Իր հերթին Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն ամեն օր հայտարարում է, որ ռուսական վակցինաների որակն այն չէ, և չի կարելի դրանք օգտագործել, որովհետև վատ հետևանքների են հանգեցնում:
Հետաքրքրվողներին էլ զարմացնենք, որ որքան էլ պարադոքսալ` Հայաստանը վակցինա է ներկրում բացառապես Եվրոպայից` կյանքում մի անգամ խախտելով իր ավագ եղբոր, իրականում մեր «շատ» սիրելի մայր-Ռուսաստանի նկատմամբ կախվածության ահավոր սինդրոմը:
Փաստորեն, հաճելին էս դեպքում համակցված է օգտակարի հետ. մեր երեխաներն ու թոռնիկները կպատվաստվեն իսկապես չարիք համարվող աղիքային հիվանդության դեմ` եվրոպաբար: Համ էլ` Ռուսաստանի հետ էս անգամ գործ չենք ունենա:


Վատ չի՜:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ