ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սև ծովը ջանում են դարձնել բարձր մակարդակի առճակատման տարածաշրջան

Սև ծովը ջանում են դարձնել բարձր մակարդակի առճակատման տարածաշրջան
18.09.2012 | 01:37

Երբ քննարկվում էր ՆԱՏՕ-ին Ռումինիայի հնարավոր անդամակցության հարցը, որը բավական երկար տևեց, Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ամեն կերպ փորձում էին նպաստել խնդրի դրական լուծմանը, և Եվրոպայի վերլուծական ընկերակցությունում տպավորություն էր ստեղծվել, թե ֆրանսիական հասարակությունն ու կառավարությունը վառվում են Ռումինիային` որպես «ազգակից» երկրի, ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու ցանկությունից: 1999 թ. Ժակ Շիրակի Ռումինիա կատարած այցն ընկալվեց որպես միության մեջ նրա ընդունմանը ցուցաբերվող լիակատար աջակցություն: Դրա հետ մեկտեղ, ավելի նեղ քաղաքական և վերլուծական շրջանակներում Ռումինիային և Բուլղարիային եվրատլանտյան կառույցների մեջ ընդունելու հարցին բավական զգուշավոր էին վերաբերվում, քանի որ Ֆրանսիան դեպի Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպա ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում էր ամերիկամետ և «հակաեվրոպական» բլոկի ստեղծում: Չնայած այդ բլոկի ստեղծումը, նախ և առաջ, ուղղված էր Գերմանիայի և Ռուսաստանի դեմ, և միաժամանակ փորձեր էին արվում այդ նախագծի մեջ ներգրավելու նաև Ֆրանսիան, բայց հատկապես Փարիզում այդ նախագիծը կոշտ արձագանք առաջ բերեց, շատ ավելի կտրուկ, քան Բեռլինում: Ֆրանսիան էր գլխավորում եվրոպական զինված ուժերի ստեղծման նախագիծը, և Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձեռնածությունները հակազդեցություն առաջացրին Ֆրանսիայում: Ֆրանսիայում բավական խուլ ընթացող այդ բանավեճի ընթացքում եզրեր առաջացան կանխելու ամերիկացիներին ու բրիտանացիներին, իսկ Ռումինիային ու Բուլղարիային վերակողմնորոշելու դեպի մայրցամաքային եվրոպական տերություններ: Դրա համար հարկավոր էր վարել հետևողական քաղաքականություն, այդ թվում` տնտեսական ոլորտում: Ընդ որում, Բուլղարիայի համար պատասխանատվություն պետք է կրեր Գերմանիան, իսկ Ռումինիայի համար` Ֆրանսիան: Իրականում պարզվեց, որ դա հնացած և ոչ օրախնդիր աշխարհաքաղաքական սխեմա է, և Եվրոպայում արդեն տեղ ունեն այլ գերակայություններ ու ռազմավարություններ, որոնք իրարից բաժանում են միջին ու փոքր չափի երկրները: Ֆրանսիան և Գերմանիան շատ շուտով սկսեցին հասկանալ, որ Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ծրագրերը խափանելու համար ավելի հեշտ կլիներ որոշակի դաշինքի մեջ մտնել Ռուսաստանի, ինչպես նաև ՈՒկրաինայի հետ:
ՆԱՏՕ-ին միանալուց հետո Ռումինիան և Բուլղարիան հաճույքով ընդունեցին ԱՄՆ-ի առաջարկությունը` Սև ծովի ավազանում ռազմավարական նոր նախաձեռնության իրականացման վերաբերյալ: Սոցիալ-տնտեսական և իրավական զարգացման մակարդակով այնպիսի երկիր, ինչպիսին Հորվաթիան է, չի զիջում այդ երկու բալկանյան պետություններին, բայց հենց Ռումինիան և Բուլղարիան արագացված կարգով ընդունվեցին ՆԱՏՕ ու Եվրամիություն` և հենց կապված սևծովյան նախագծի հետ: Ֆրանսիան և Գերմանիան ոչ մի կերպ չէին կարող խոչընդոտել դրան, քանի որ կորցրել են իրենց ազդեցությունն ու կկորցնեին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեռանկարը: Դրա վրա էլ կառուցված էր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հաշվարկը: Այսպիսով, Ֆրանսիան ու Գերմանիան հիանալի հասկանում էին, որ սևծովյան նախագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ արդեն գրեթե ավարտված հարավսլավական նախագծի շարունակություն, այսինքն` մայրցամաքային տերությունների աշխարհաքաղաքական շրջափակման, Փարիզ-Բեռլին-Մոսկվա առանցքի կազմավորումը կանխելու բաղկացուցիչ մաս:
Եվրոպայի վերահսկողությունն ԱՄՆ-ի համապարփակ վերահսկողության գերակա բաղադրամասն է և առանց այդ պայմանի ԱՄՆ-ի ամբողջ արտաքին քաղաքականությունն անիմաստ է: Եվրոպայի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության ծավալման ամեն փուլ պարզում է, որ ամենաճշմարիտ ծրագրերը, կարծես, խոցելի են և իրենց հետ բերում են եվրոպական շատ պետությունների անվերահսկելի գործողություններ: Կարծես ԱՄՆ-ի ու նրա առաջատար գործընկեր Մեծ Բրիտանիայի կենտրոնաեվրոպական ծրագրերը իրականացվել են` ստեղծվել է այն պետությունների աշխարհաքաղաքական միաբան բլոկ, որոնք միավորված են քաղաքական և տնտեսական ոլորտների ընդհանուր շահերով: Չի կարելի պնդել, թե այդ նախագիծը չի կայացել, բայց, երևի, ոչ այնքան ավարտուն տեսքով, որքան ենթադրվում էր: Դատելով ամերիկյան, մասամբ և բրիտանական քաղաքական գրականության մեջ տրվող գնահատականներից, ԱՄՆ-ում մեծանում են անվստահությունն ու դժգոհությունը ՆԱՏՕ-ի գծով նոր գործընկերներից: Կենտրոնական Եվրոպայի պետություններն աշխարհատնտեսական ոլորտում ավելի ու ավելի են կողմնորոշվում դեպի Գերմանիա ու Ռուսաստան և նախընտրում են չներփակվել ՆԱՏՕ-ի ու Եվրամիության շրջանակներում: Այդ պետությունները հաճույքով ընդունում են ավելի նեղ կամ այլընտրանքային քաղաքական «փնջերի» մասնակցելու առաջարկություններ: Ամերիկյան փորձագետներին թվում է, թե մոտ ապագայում Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի պետություններն ավելի ու ավելի շատ դուրս կգան ԱՄՆ-ի վերահսկողությունից: Ավելին, հենց ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին մասնակցությունն է, որ, որքան էլ տարօրինակ հնչի, հանգեցնում է ԱՄՆ-ից այդ պետությունների ավելի մեծ անկախության:
Այս իրողությունների կապակցությամբ անհրաժեշտ է Ֆրանսիայի ու հատկապես Գերմանիայի աշխարհաքաղաքական շրջափակման արդեն իրացված նախագծերը համալրել նոր նախագծերով։ Սև ծովն իրենցով անելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձգտումն ունի տարբեր նպատակներ, որոնք ներառում են էներգետիկ հաղորդուղիների վերահսկողությունը, առաջավոր բազավորման դիրքերը Եվրասիայի խորքերը հասցնելը և այլն: Բայց այս խնդիրը կարող է հաջողությամբ զուգորդվել Եվրոպայի «շրջափակման» նախագծի իրականացման հետ: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հետևում են, թե ինչպես է Սև ծովում ասես անհուսալիորեն շրջափակված Ռուսաստանը, ունենալով կորուստներ ու քաղաքական նվաստացումներ, արագորեն վերադարձնում իր դիրքերը հարավարևմտյան ուղղությունում: Նա հետևողականորեն գործընկերներ է ձեռք բերում, նախ և առաջ ի դեմս ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ պետությունների` Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, և նախադրյալներ կան ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ռումինիայի ու Հունգարիայի հետ: Սակայն գլխավորը ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության ձևավորման ակներև հեռանկարն է:
Թուրքիայի ներկա քաղաքականությունն ԱՄՆ-ի խոշորագույն ռազմավարական կորուստն է, և նա դժվարությամբ կարող է հաշտվել դրա հետ: Բայց եթե Թուրքիայի հետ «խզումն» ինչ-որ չափով նույնիսկ ձեռնտու է ԱՄՆ-ին, նկատի առնելով, որ անհնար է կատարել քաղաքական հարցերի առնչությամբ Անկարայի պահանջները, ապա Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը միանգամայն անընդունելի է ամերիկացիների և բրիտանացիների համար: ԱՄՆ-ին ավելի շատ ձեռնտու է նույնիսկ ոչ թե Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների շարունակումը, այլ բոլոր աշխարհառազմավարական ուղղություններում Թուրքիայի մեկուսացումը: Ռուս-թուրքական հարաբերությունների խարխլումը դարձել է Սև ծովում ամերիկա-բրիտանական ռազմավարության նպատակներից մեկը: Եվ բոլոր այս խնդիրներն ամենից լավ են համապատասխանում Եվրոպայի հարավ-արևելքից Ֆրանսիայի ու Գերմանիայի շրջափակման առաջադրանքին: Բայց այդ խնդրի լուծումն անհնար կլինի, եթե այդ գործում չներգրավվի ՈՒկրաինան: Այդ ծրագրերում ՈՒկրաինայի ներգրավումն արդեն տեղի է ունեցել, ու եթե Բուլղարիան, միգուցե նաև Ռումինիան մասնակցում են նաև այլ, ավելի ճիշտ «հանդիպական» նախագծերի, որոնց մեջ ներառվում են Հունգարիան և Սերբիան, ապա այդ դեպքում ՈՒկրաինայի դերը շատ ավելի արմատական է թվում: Նա ամուր կերպով հայտնվել է ԱՄՆ-ի սևծովյան ռազմավարության կենտրոնում: ՈՒկրաինան կոչված է հիմնական խոչընդոտը դառնալու էներգետիկ հաղորդուղիների «շրջանցման» ռազմավարության իրականացման ճանապարհին: Բայց ՈՒկրաինայի նույնիսկ առավել ակտիվ մասնակցությունը հաջողություն չի բերի, եթե Սև ծովը չդառնա «խցան» ռուս-գերմանական այդ ռազմավարությունում: ՈՒկրաինական քաղաքական վերնախավը հաջողությամբ կառուցում է իր հարաբերությունները Եվրամիության և եվրոպական առաջատար պետությունների հետ, ինչն ավելի ու ավելի է նշվում ընթացիկ քաղաքականության մեջ: Մասնավորապես, ուկրաինական գազամուղների վերակառուցմանը ԵՄ-ի մասնակցությունը պետք է Կիևի նշանակալի հաջողությունը համարել: Եթե այդ հաջողությունը շարունակություն ստանա, ապա Եվրոպայում կսկսեն կասկածել գազամատակարարման «շրջանցիկ» ուղիների կառուցման անհրաժեշտությանը: Այսինքն, «շրջանցման» ռազմավարության դեմ պայքարը մղվում է ծովում և ցամաքում: Մյուս կողմից, Փարիզում և Բեռլինում հասկանում են, որ ժամանակն է պատշաճ ուշադրություն դարձնելու Հարավարևելյան Եվրոպային և ներդրումային ու քաղաքական ծրագրերին մասնակից դարձնելու Ռումինիային և Բուլղարիային: Եվրոպայի մայրցամաքային տերությունները, ինչպես միշտ, սոսկ վազում են ամերիկացիների ու բրիտանացիների հետքով, բայց նրանց տնտեսական հնարավորություններն ավելի նախընտրելի են, և նրանց շահերն ավելի մեծ պատրաստակամությամբ են հաշվի առնվում Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի այդ երկրներում: Պետք է նշել, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Հարավսլավիայում այնքան հմտորեն ու ամուր շրջափակեցին Ֆրանսիային ու Գերմանիային, այդ երկու պետությունները մեծ ուշադրությամբ ու զգուշավորությամբ են վերաբերվում նման ծրագրերին:
Տարօրինակ կլիներ, եթե ԱՄՆ-ը չփորձեր ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական կարողությունն օգտագործել Սև ծովի ավազանի «յուրացման» համար, և 1991 թ. օգոստոսից ՆԱՏՕ-ի միացյալ ռազմածովային ուժերը պլանային կարգով ինտենսիվորեն յուրացնում են այն: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում Սև ծովում հարվածային և դեսանտային «երկկենցաղ» միավորումների օգտագործման ուղղությամբ: Ներկայումս Սև ծովում մշտապես գտնվում է ՆԱՏՕ-ի 20 ռազմանավ: Սկսած 1993 թվականից, անցացվում են ՆԱՏՕ-ի և սևծովյան ավազանի երկրների (ՈՒկրաինա, Բուլղարիա, Ռումինիա) ռազմածովային ուժերի համատեղ զորախաղեր`«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Ռումինիայի ու Բուլղարիայի ռազմակայաններում ռազմածովային ուժերի և ծովային ավիացիայի մշտական տեղակայման աշխատանքների իրականացմանը: Գերմանիայում գտնվող ամերիկյան զորքերն աստիճանաբար տեղափոխվում են այդ ռազմակայաններ:
Սև ծովում «գրանցում են ստացել» BLACKSEAFOR և «Ակտիվ ջանքեր» ռազմածովային նախագծերը: Ռուսաստանն արդեն ակտիվորեն մասնակցում է այդ նախագծերից առաջինին, որի մեջ մտնում են նաև Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը, Թուրքիան և ՈՒկրաինան: Այդ նախագծի շրջանակներում 2005 թ. մայիսին անցկացվեցին զորախաղեր, որոնց արդյունքների քննարկումը տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հենց այդ ժամանակ էլ ստորագրվեց «Գործակցության համաձայնագիրը», որն «Ակտիվ ջանքերին» պաշտոնապես թույլ տվեց ծավալվել Սև ծովում:
Գերմանիան ևս արդեն բավական վաղուց է ներկա Սև ծովում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի ռազմածովային ուժերի նավերն առաջին անգամ են մտնում այստեղ: Սակայն Գերմանիայի և հատկապես Ռուսաստանի մասնակցությունը սևծովյան զորախաղերին, նույնիսկ ՆԱՏՕ-ի զորախաղերի ժամանակ, բնավ նման չէ ԱՄՆ-ի մասնակցությանը: Եվ առհասարակ, ԱՄՆ-ը Սև ծովում ՆԱՏՕ-ի ներգրավումը համարում է ժամանակավոր և ոչ այնքան ցանկալի երևույթ, ընդ որում բազմիցս մատնանշվել է, որ Սև ծովի վերաբերյալ նախագիծը ամերիկյան նախագիծ է` Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ, և ՆԱՏՕ-ի չափազանց լայն մասնակցությունն ամենևին պարտադիր չէ: Նման բանավեճ ՆԱՏՕ-ում կա, թեև այդ հարցի վերաբերյալ տեղեկությունները շատ քիչ են և անգամ վկայակոչվում են Ռուսաստանի հնարավոր դժգոհությունները ՆԱՏՕ-ի ներկայության առթիվ, ինչը շատ տարօրինակ է թվում և բացահայտ ցինիզմի է նման: Բայց դա միանգամայն հասկանալի է, քանի որ ՆԱՏՕ-ի մասնակցությունը սևծովյան առաջադրանքների կատարմանը հանգեցնում է այն բանին, որ արդեն զուր են դառնում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի փորձերը շրջափակելու Եվրոպան այդ կողմից: Հարկ է նշել, որ Սև ծովը, ինչպես նաև Բալկանները` ներառյալ Դանուբի ավազանը, Արևմտյան Եվրոպայի կարևորագույն փոխադրական ջրուղին է, ընդ որում, խոսքը ոչ միայն գազի, այլև բազմապիսի այլ բեռների փոխադրման մասին է: Պետք է նշել նաև, որ Գերմանիան Կենտրոնական Ասիայի ուղղությամբ իր փոխադրական շահերը կառուցել է, հաշվի առնելով Ռուսաստանի շահերն ու առաջնահերթությունները: Ղազախստանն ու Կենտրոնական Ասիան, որպես գերմանական մետաղարտադրության ու քիմիայի կարևորագույն հումքային բազաներ, բացահայտորեն թերագնահատված են քաղաքական գրականության մեջ: Մինչդեռ այդ տարածքներում Գերմանիան արդեն էական դիրքեր ունի, և այստեղ հաջողությամբ շահագործվում են սև, գունավոր և այլ մետաղների եզակի և խոշորագույն հանքավայրեր: Պայքար է ընթանում նաև Ռուսաստանի և Ճապոնիայի միջև ուրանի հանքերի վերահսկողության համար: Այս ամբողջ կարողությունը հնարավոր կլինի հաջողությամբ յուրացնել միայն այն դեպքում, եթե Սև ծովը լինի ազատ ու թելադրանքից զերծ: Այստեղ պետք է նշել, որ Գերմանիան կցանկանար ունենալ այլընտրանքային երթուղի, որը շրջանցեր ռուսական ուղիները, թեև դա ենթադրվում է իբրև բեռնափոխադրումների պահեստային տարբերակ և ոչ թե հիմնական: Ահա այս պատճառով էլ ԱՄՆ-ը չի հրաժարվում գերմանա-ռուսական հարաբերություններում գժտություն մտցնելու մտքից և ուզում է Ֆրանսիան ու Գերմանիան դարձնել սևծովյան նախագծի եթե ոչ դաշնակիցներ, ապա գոնե այդ ծրագրի հանդեպ չեզոք դիրք ունեցողներ:
ՈՒշագրավ է, որ այն առաջադրանքների կատարումը, որոնց հետ կապվում է Սև ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը, շատ ավելի հեշտ է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի այլ բազաների միջոցով: Սև ծովի տարածաշրջանը ոչ բոլոր առումներով է հարմար առաջավոր բազավորման համար, թեկուզ այն պատճառով, որ բնավ էլ լուծված չեն քաղաքական խնդիրները, և տարածաշրջանում կան մի շարք հակամարտություններ, որոնց լուծումը մոտ ժամանակներս չի գտնվի, ու հեռանկարում ևս: Անհնար է ժխտել, որ Սև ծովը ընդհանուր առմամբ գրավիչ է տարբեր ուղղություններով աշխահառազմավարության կառուցման համար, և հնարավոր է, որ ակնկալվող օգուտը ծածկում է ենթադրվող վտանգներն ու ծախսերը: Բայց ինչ վերաբերում է մերձավորարևելյան հեռանկարին և Հարավային Ասիային, ապա առանց Սև ծովում հիմնվելու էլ կարելի է յոլա գնալ: Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում ծավալվում է «շրջանցումների» ռուս-գերմանական ռազմավարությունը, ինչն անընդունելի կլինի ԱՄՆ-ի համար, քանի որ դրանով հիմք է դրվում մի դաշինքի, որի մեջ կարող են հայտնվել ոչ միայն Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան, այլև Եվրոպայի որոշ երկրներ, որոնք առանց այն էլ ներգրավված են «Գերմանական աշխարհատնտեսական կայսրության» մեջ:
Բալթիկայում ռուս-գերմանական մերձեցման դեմ ռազմավարության կառուցման լարված իրավիճակ չկա: Լեհաստանի ու Լիտվայի փորձերը` ձախողելու բալթյան գազամուղի կառուցման ծրագրերը, և Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի խոշոր նախաձեռնությունը` եվրոպական նոր էներգետիկ խարտիայի ընդունման վերաբերյալ, որի նպատակներից մեկն էլ էներգահաղորդուղիների «շրջանցման» ռազմավարության ձախողումն էր, արդյունք չունեցան, քանի որ չեզոքացվեցին Գերմանիայի և Եվրոպայում ռուսական գազի մյուս սպառողների կողմից: Այս առթիվ եվրոպական ասպարեզում տեղի ունեցավ քաղաքական պայքար, որտեղ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պարտություն կրեցին, և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հարաբերությունները սրվեցին: Այն ժամանակ ֆրանս-գերմանական դաշինքին աջակցեցին Նիդերլանդները, Բելգիան, Ավստրիան, Հունգարիան և այլ պետություններ, և սկսեց պատկերվել եվրասիական մի մեծ ու կայուն դաշինքի հեռանկար` Ռուսաստանի մասնակցությամբ: ՈՒստի Սև ծովի կողմից եվրոպացիների շրջափակումն ավելի նշանակալի խնդիր է դառնում, քան առաջավոր բազավորման ծավալման ծրագրերը:
Այսպիսով, Սև ծովը ջանում են դարձնել բարձր մակարդակի առճակատման տարածաշրջան, օրախնդիր դարձնել ոչ այնքան սուր խնդիրներն ու վեճերը, Ռուսաստանի ու նրա ներկա գործընկերների միջև գժտություն մտցնել, տարածաշրջանում հակառուսական և հակագերմանական դաշինք ստեղծել, թույլ չտալ, որ Եվրոպայում ուժեղ և հեռանկարային այլընտրանքային դաշինք ձևավորվի: Այսինքն, այլ նպատակներին զուգընթաց, այդքան կարևոր ուղղությունում Գերմանիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հզոր շրջափակման խնդիր է լուծվում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ