«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ ԺՅՈՒՐԻՈՒՄ

ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ ԺՅՈՒՐԻՈՒՄ
26.11.2010 | 00:00

Հայ կինոյի երևելի դեմքերից է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը, որի ինքնատիպ ձեռագիրը, հետաքրքիր կինոմտածողությունը մեկ անգամ չէ, որ հավուր պատշաճի են գնահատվել համամիութենական կինոքննադատության կողմից: Մեզ մոտ միշտ էլ վախվորած է եղել շնորհալի այս ռեժիսորի նկատմամբ վերաբերմունքը, երբեմն` նաև թաքուն չարակամ, թեպետ հրապարակայնորեն ոչ ոք չի փորձում կասկածի տակ առնել նրա տաղանդը: Մենք գնահատական չենք համարում լղոզված, ընդհանուր ֆրազների մեջ սվաղված, համ ու հոտ չունեցող ընդհանրական բնութագրումները, որոնք, եթե անունը փոխես, կդառնան ցանկացած մեկի համար ասված խոսք: Իրավիճակը շտկելու մասնակի փորձ է տողերիս հեղինակի թարգմանությամբ ներկայացվող այս գրախոսությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Սեպտեմբերի տասնութը փառատոնի նախավերջին օրն է: Վաղը` տասնիննին, փակումն է ու հաղթողներին ներկայացնելու արարողությունը: Ախ, եթե ես լինեի ժյուրիում…
Սակայն անցած տարի «տասանոցին» խփելը ավելացնում է համարձակությունս: ՈՒրախությամբ տեղեկացնում եմ ընթերցողին, որ «Կինոշոկ-2009»-ը հաղթող ընտրեց Կիրա Մուրատովայի «Երաժշտություն շարմանկայի համար» կինոնկարը, և իմ գնահատականը համընկավ ժյուրիի կարծիքին:
Այս անգամ ընտրություն անելն ավելի դժվար է: Ե՛վ քիչ չեն հետաքրքիր ֆիլմերը, և՛ հասարակությունից հաճախ առաջ պոկված «ծանրքաշայինները», ինչպիսին Կիրա Մուրատովան է, կարծես թե, նեղել են անկանխատեսելի երիտասարդությանը: Մրցույթում շատ են դեբյուտանտները, սակայն դա ինքնին հրաշալի է: Բայց, դե, հարկավոր է ընտրություն կատարել: Եվ եթե ես լինեի ժյուրիում, ապա լիամետրաժ ֆիլմերի մրցույթում նախապատվությունը կտայի Հայաստանից Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» (սցենարի հեղինակը Սուրեն Բաբայանն է, օպերատորը` Գևորգ Սարգսյանը) ֆիլմին: Չէ՞ որ այդ կամերային ֆիլմն ամբողջովին պատասխանեց կինոյի մասին թեզիսին, որպես արվեստներից ամենադիտարժանի:
Իհարկե, Ռոման Բալայանի ֆիլմերը նախապատրաստել են նմանատիպ նյութի մասին մեր ընկալումը, սակայն, իրենց ողջ օտարվածությամբ հանդերձ, դրանք, այնուամենայնիվ, իրատեսական են: Սուրեն Բաբայանը սյուրի մեջ խրվել է առանց հետ նայելու: Եվ այնուհանդերձ: Նրա այդ սյուրռեալիստական հուզախռովությունը բնավ էլ մաքուր հոգեբանական ավտոմատիզմ չէ ու ոչ էլ միայն ենթագիտակցության աշխատանք: Վարանամտություն չէ, թեպետ ֆիլմը լեցուն է դեռևս 20-րդ դարի սկզբին այդ ուղղության մանիֆեստում սյուրռեալիզմի մասին խստագույնս գրառված ամեն տեսակի նախանշաններով: Երազները, տագնապները, բարդույթներն ու ծուղակները հետապնդում են Հերոսին (հենց այդպես են անվանում ֆիլմի գլխավոր հերոսին` չկայացած գեղագետին, ում մարմնավորել է Ժան-Պիեռ Նշանյան դերասանը` Ամերիկայից): Սակայն կինոժապավենը պարունակում է սյուժե, ֆաբուլայի դասական զարգացման ու հանգուցալուծման տրամաբանություն, հոգևոր ու հոգեբանական որոնում, անգամ` բարոյախոսություն (սյուրռեալիզմի համար` սկզբունքորեն օտարածին) և պարզապես ձևական, գեղեցիկ գյուտերի մի ամբողջություն:
Ի վերջո, հայելիներով (հայելու հե՞տ) այդպես չեն խաղացել անգամ Քերոլը` Բորխեսի և Բունյուելը` Տարկովսկու հետ, որ արտացոլվես այնտեղ ոչ թե ինքդ ինքնին, այլ որպես ուրիշ մարդ, անգամ` որպես կին։ Եվ որ քո արտացոլքը ներկայացնես ուրիշի տան հայելիներում ու, հակառակ քո կամքի, բնակեցնես նրան (քո նախկին եսի՞ն) ուրիշի տանը։ Կարոտել ու տխրել նրա համար (ինքդ քե՞զ): Դառնալ Ոչմեկը: ՈՒ ամբողջությամբ արժանին ստանալ անհավատարմության համար։
Նման բան դեռևս ոչ մեկի մոտ չի եղել:
Իսկ պատմությունը սկիզբ է առնում նրանից, որ մեր Հերոսը վաճառում է սրբապատկերը: Սրբությունը: Ինչի համար էլ ստիպված է լինում վճարել: Մեզ` հանդիսատեսներիս, բաժին են հասնում նրա արկածները, իսկ անձամբ իրեն` մղձավանջային երազը: Բայց դե, ինչպես ասում են, խրվել ես խմորի մեջ` քշտիր թևերդ։ Արվեստը զոհեր է պահանջում: Եվ, հուրախություն մեզ, Հերոսը դա անում է: Երկատվելով ու տարրալուծվելով, կորցնելով իրեն ու մարդկանցից չընկալվելով: Լինելով վախից, իր հետ կատարվողի անկանխատեսելիությունից ու խճճվածությունից ալեկոծված: Մարդը տառապում է, իսկ մենք հաճույք ենք ստանում: Ամեն ինչ այնպե՜ս գեղեցիկ ու հետաքրքիր է:
Եվ այդ հրաշալի փոխակերպումները: Գիտակցության ու տեսողության տակնուվերումները։ Իսկապես, կինոյի, որպես արվեստներից ամենադիտարժանի, հնարավորություններն այստեղ առավելագույնս են օգտագործված: Օպերատորական աշխատանքը ներձուլվել է ռեժիսորականին: Ի՜նչ արժե միայն հայելու միջով կրքի կեղծ էրոտիկ թեման, կնոջ համբույրը` արտացոլման համաչափությամբ փոխակերպված կնոջ էության գաղտնիքների գաղտնիքին: Սալվադոր Դալիի սիրած հնարքը: Սակայն տրամաբանությունը ֆիլմում արտահայտված է նույնիսկ այնտեղ, որտեղ դրան բնավ էլ չես սպասում:
Ինչու զարմանալ այն բանի վրա, որ Երևանի կենտրոնի ազգային ճարտարապետության (այն ստեղծողը ճարտարապետ Թամանյանն է, ի դեպ, ծնունդով Կուբանից, Կրասնոդարից) խիստ դասականությունը դարձել է հրաշալի դեկորացիա այդ կինոբեմադրության համար: Նրա համաչափ տարածությունների ու ծավալների հստակությունն ու մաքրությունը հարազատացած են երազներում ունեցած մեր երևակայությունների հետ, երբ, դրանք, երբեմն աբսուրդային, իրականությունից ավելի համոզիչ են դառնում:
Կլոր հրապարակի ճառագայթաձև կենտրոնում Հերոսի հայտնվելը ամենացայտուն տեսարաններից մեկն է: Այլ իրավիճակում այս պատկերը ծաղիկ է կամ արևի խորհրդանշան: Այստեղ սարդոստայն է, որում խճճվել է մեր հետապնդվող Հերոսը: Հերոսի ինքնապաշտպանության ժամանակ քարին թափված կարմիր գինին (ոչ արյունը) և փարաջանովյան ոգով գեղեցիկ ցիրուցան եղած նարինջների նատյուրմորտը, կարծում եմ, միայն ինձ չէ, որ հաճույք պատճառեցին:
Ֆիլմը բարի է: Բարի է ու լուրջ: Չնայած տեսանելի թեթևությանը: Որովհետև, ինչպես ասում է Հերոսը, մեջբերելով հին իմաստությունը, բոլոր մարդիկ ինդիվիդումներ են: Եվ յուրաքանչյուր ինդիվիդում կարող է բաժանվել մասերի, այսինքն` կազմալուծվել: Անհնար է կազմալուծել, մաս-մաս անել միայն անհատականությունը: Որովհետև անհատականությունն անքանդելի է: Այստեղ մենք մտածելու բան ունենք:
Մտածել է և նա` Հերոսը: Եվ կարողացել է իրեն` կազմալուծվածին, նորից հավաքել մեկ միասնության մեջ: Որովհետև (ևս մեկ իմաստուն պարադոքս-այլաբանություն կինոնկարից) յուրաքանչյուր հիվանդ գալիս է հույսով, իսկ երբ վերջնականապես կորցնում է այն, սկսում է առողջանալ: Նրան պարզապես այլ ելք չի մնում: Եվ այդ ելքը մեզ բերում է Աստծո մոտ: Ինչպես դեպի Նա եկավ Հերոսը:
«Կինոշոկ-2010»-ն արդեն տասնիններորդ անգամ համախմբեց մեր կորցրած հայրենիքի փլուզված աշխարհագրական տարածքը: Դա միայն Արվեստի հզոր կամքին է ի զորու: Որովհետև մշակույթը զորեղ է քաղաքականությունից:
Իսկ համացանցն ի զորու է մեզ բոլորիս ցույց տալու այն կինոն, որը 2010-ի սեպտեմբերի փառատոնային շաբաթվա ընթացքում ցույց չեն տվել Թատերական հրապարակում ու Անապայի կինոդահլիճներում, որովհետև անհնար է ընդգրկել անընդգրկելին:
Աննա ՄՈՐՈԶ, արվեստագետ
Անապա, 18 սեպտեմբերի, 2010 թ.

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ