Ձյունը ծառերի ճյուղերը ճկել,
ցուրտը պարում է ճերմակ բքի մեջ,
պատուհանի դեմ Քոռ Բուն է կքել,
ատելություն կա մենակության մեջ:
Մարդը դատավոր չի կարող լինել.
ինձ ոչ փնովեք, ոչ էլ մեղադրեք,
աղոթքները էլ դժվար թե օգնեն.
ես մեղք եմ գործել,
բայց դուք էլ սուրբ չեք:
Մրսում եմ, սակայն մի տաքացրեք.
ցուրտը էլ ոչինչ չի կարող անել,
այսպես եկել է, կգնա այսպես.
ես մեղք եմ գործել,
բայց դուք էլ սուրբ չեք:
Անսխալ ոչինչ չի կարող լինել,
մարդն իր բնույթով լոկ պատճենող է,
իմաստության բուն ճյուղերում կքել,
ինչ էլ որ լինի`
մենակություն է:
Ինչ էլ որ լինի` մենակություն է,
ոչ ես եմ տանում, ոչ դուք կտանեք,
ցուրտն ատելության դանակն է սրել,
ես մեղք եմ գործել,
բայց դուք էլ սուրբ չեք:
Վահունի Հովակիմյան