«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մեկնարկեց «Նռան հատիկ» ամենամյա թատերական փառատոնը

Մեկնարկեց «Նռան հատիկ» ամենամյա թատերական փառատոնը
22.10.2012 | 14:40

ՀՀ կառավարության և մշակույթի նախարարության հովանավորությամբ` հոկտեմբերի 21-27-ին «Մետրո» թատրոնում, Անանիա Շիրակացու անվան ճեմարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվի «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնը: Փառատոնին մասնակցում է 36 թատերախումբ (3-ը՝ ԼՂՀ-ից , 1-ը՝ Իրանից , 1-ը` Վրաստանից, 15-ը` ՀՀ մարզերից, 16-ը` Երևանից):

Այս տարի առաջին անգամ կմասնակցեն Նոր Գեղիի, Բալահովիտի, Այնթափի, Եղեգնաձորի, Գավառի արվեստի դպրոցի երաժշտական, Ներքին Բազմաբերդի, «Բում-բումիկ», «Առլեկին» և «Կրակե շոու» թատերախմբերը:
Տարբեր տարիների «Նռան հատիկին» մասնակցել են նաև թատերախմբեր սփյուռքից, ԼՂՀ-ից, Ջավախքից, Վրաստանից: Տարեցտարի ընդլայնվում է փառատոնի աշխարհագրությունը:
Փառատոնը կազմակերպել է «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն` իր հիմնադրման առաջին իսկ տարում (2001 թ.): Կազմակերպության նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող մանկապատանեկան թատերախմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը: 2010-ին ստեղծվել և գործում է «Նռան հատիկ» պատանի դերասանի թատրոնը, որը բեմադրություններով (անվճար) ներկայանում է հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում: Ասոցիացիան նպատակ ունի նաև հասնելու նրան, որ «թատրոն» առարկան ընդգրկվի դպրոցական ծրագրերում: Երևանի մի քանի դպրոցներում այդ ծրագիրն արդեն իրականացվում է: Ավելին՝ նպատակ կա հիմնելու միջնակարգ մասնագիտական քոլեջ:
«Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը կարևորում է փառատոնը, քանի որ այն միակ մանկապատանեկան փառատոնն է, որի միջոցով թատերական արվեստը լայն տարածում է գտել երեխաների շրջանում: Բացի այդ, երեխաները սովորում են խոսել մաքուր հայերենով:
Նշենք, որ 2007-ին ասոցիացիան արժանացել է վարչապետի շնորհակալագրին, ասոցիացիայի հիմնադիր երկու անդամ` ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևին` «Ոսկե մեդալի», վեցը` ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրին` երեխաների հետ տարվող լավագույն աշխատանքի համար:
Փառատոնի կազմակերպիչներին մշտապես աջակցում են Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և Երևանի «Մետրո» թատրոնը, որն արդեն 6-րդ անգամ անվճար տրամադրում է թատրոնի դահլիճը:
«Նռան հատիկ» ամենամյա թատերական փառատոնին այս տարիներին մասնակցել է շուրջ 200 թատերախումբ:
Փառատոնն այս տարի անցկացվում է 12-րդ անգամ, նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին:
Ներկայացումների մուտքն անվճար է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ