«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Աստված մեկ անգամ ստեղծեց մարդուն, մարդն ամեն օր ստեղծում է իրեն» (ֆոտոշարք)

«Աստված մեկ անգամ ստեղծեց մարդուն, մարդն ամեն օր ստեղծում է իրեն» (ֆոտոշարք)
19.10.2012 | 11:38

«Իրատես de facto»-ի հյուրը ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է: Մեր առաջին զրույցը հայերեն առաջին տպագիր գրքի` 500-ամյա «ՈՒրբաթագրքի» աշխարհաբար թարգմանության և գիտական հրատարակության շուրջ էր:
Գրքի բնօրինակի վերծանումը, թարգմանությունը, վանքերի մասին տեղեկատուն, անձնանունների և տեղանունների ցանկ-բառարանները, քարտեզը, Հակոբ Մեղապարտի հարթաքանդակը և գեղարվեստական ձևավորումը Լուսինե Ավետիսյանինն են:
Արվեստասեր հասարակությանը նա հայտնի է նաև իր օճառե քանդակներով, որոնք ցուցադրվել են «Նարեկացի» արվեստի միությունում, ապա Ժողովրդական արվեստի թանգարանում, «ՈՒրբաթ» մամուլի ակումբի ցուցասրահում, Կամերային երաժշտության տանը և մշակութային այլ կենտրոններում: Հրավերներ է ստացել Մոսկվայում ցուցահանդեսով ներկայանալու: Նրա աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի առաջին հեռուստաալիքով, ԱՊՀ երկրների Мир հեռուստատեսության Вместе + հաղորդաշարով, Мир ռադիոալիքով:

-Հե՞շտ է օճառի հետ աշխատելը:
-Հեշտն ու դժվարը չգիտեմ, բայց հաճելի է: Իսկ եթե լուրջ, և՛ հեշտ է, և՛ դժվար, նայած որ նյութի հետ ենք համեմատում: Ի տարբերություն կավի` բավականաչափ զգուշություն է պահանջում, քարից ավելի դյուրին է տրվում երևակայությանդ ձևերին, փայտին հակառակ` համասեռ զանգված է: Իսկ նրա միակ խոցելի կողմը մարմնավորած կերպարների` հավերժության ձգտմանը հակադրվող վաղանցիկությունն է:
-Որքա՞ն կարող են պահպանվել դրանք:
-Վնասվելուց պաշտպանելու եղանակներ եմ փնտրում: Առայժմ միայն լաքապատումն է տրվել հնարամտությանս, որով բավականաչափ պաշտպանվում են խոնավությունից և եթերայուղերի տարրալուծումից: Գուցե շուտով փորձեմ ձուլել դրանք երկարակյաց նյութերից: Իսկ 10-12 տարվա օճառե քանդակները դեռ գոյատևում են։
-Նյութի պակասի՞ց, թե՞ ուրիշ մի մղումով ձեռքը մեկնեցիք օճառին:
-Փոքրիկ գյուտ էր, որ իրականում նյութի պակասից ծնվեց, սակայն լրացրեց քանդակագործական նյութերի շարքը և դարձավ իմ ներաշխարհն արտաշխարհացնող սուբստանց:
-Կա՞ն արվեստագետներ, որ աշխատում են օճառով:
-Սկզբում փնտրեցի ու չգտա որևէ մեկին, ով քանդակներ ստեղծեր օճառից, սակայն ավելի ուշ նյութն ինձ համար կորցրեց կարևորությունը` տեղը զիջելով այն կերպարներին, որոնք ձգտում էին մարմին առնել պարզապես որևէ նյութից: Իմ քանդակներից մեկը վերնագրեցի «Հոգի» և բնաբան գրեցի. «Ափսոս, որ աշխարհում ապրելու միակ հնարավոր եղանակը նյութի մեջ մարմնավորվելն է...»:
-Ժամանակակից տեխնոլոգիաները, նյութերը օգնո՞ւմ, թե՞ խանգարում են արվեստագետին:
-Ոչինչ չի կարող խանգարել արվեստագետին, ավելին, արվեստագետն ամեն ինչ կարող է ծառայեցնել իր արվեստին, որ վեր է բոլոր նյութերից, և նյութը կարևոր է այնքանով, որքանով անհրաժեշտ է գաղափարի մարմնավորման համար: Այն միշտ պիտի ստորադասվի գաղափարին, այլապես գաղափարը լավագույն դեպքում կենթարկվի զեղչումների, վատագույն դեպքում` կաղապարի կվերածվի:
-Քանդակ-պոեզիա շարք ունեք: Պոե՞տ, գրականագե՞տ, թե՞ քանդակագործ Լուսինեին են ավելի շատ ճանաչում:
-Կարծում եմ, որ զուտ քանդակ, զուտ պոեզիա չկա, և առհասարակ որևէ արվեստի գործ զուտ լինել չի կարող: Երևակայությունն այն աներևույթ ալքիմիկոսն է, որն աննկատ փնջում է ճկուն սիլուետներ, թրթռուն ելևէջներ, բյուրեղացած մտորումներ ու խաղացկուն գուներանգներ` հաստատ համոզվածությամբ, որ փնտրված «փիլիսոփայական քարը» հենց այդ շաղախից պիտի ձուլվի: Այդպես էլ չկան զուտ պոետ, զուտ քանդակագործ, զուտ գիտնական: Հիշեցի ֆրանսիացի բանաստեղծ Սեն-Ժոն Պերսի հետևյալ տողը. «Մտքի յուրաքանչյուր ստեղծագործություն նախ և առաջ պոետական է»: Ովքեր ճանաչում են ինձ, հենց այս համադրությամբ են ճանաչում:
-Ի՞նչ գնահատականների եք հանդիպում: Ի՞նչ «մաղով» է անցնում Ձեր արվեստը: Համաձա՞յն եք, որ ամենաճիշտ գնահատականը ժամանակն է տալիս:
-Թեև մասնագիտական կրթություն չունեմ, սակայն քանդակների մասին հիմնականում հիացական արտահայտություններ եմ լսել, անգամ նրանցից, ովքեր որպես մասնագետներ ինչ-որ թերություններ են տեսել գործերում` խոստովանելով, որ անկեղծությունն ու նրա բացահայտ դրսևորումներն են հիացմունք պատճառում դիտողին, և որ աշխատանքներից յուրաքանչյուրը մի փոքրիկ հուզիչ պատմություն է: Շատ մասնագետներ էլ, չիմանալով, որ պրոֆեսիոնալ չեմ, փորձել են պարզել` այստե՞ղ, թե՞ Ռուսաստանում եմ ստացել կրթություն: Քանդակները բարձր գնահատականի են արժանացրել շատ նկարիչներ ու քանդակագործներ` Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Վահան Տերունին, Խաչիկ Միրիջանյանը, Արարատ Հովսեփյանը, Գետիկ Բաղդասարյանը, Վիգեն Ավետիսը, արվեստաբան Սարո Սարուխանյանը և այլք: Իսկ ժամանակը չի գնահատում, այն հնարավորություն է տալիս ճիշտ գնահատելու:
-Կանացի խոհական ու ճկուն ֆիգուրներն են գերակշռում Ձեր գործերում: Թեմաները նույնպես բարի են ու ավելի շատ հոգևոր: Ճի՞շտ եմ նկատել:
-Համոզմունք է, որ յուրաքանչյուրը ստեղծում է իրեն: Արվեստը ինքնաճանաչման ազնվագույն ճանապարհ է: Ամեն մի ստեղծագործությամբ արվեստագետն ավելի է մոտենում այն մթին զանգվածին, որ իր էությունն է, ավելի ճիշտ` էությունն է մարդ արարածի: ՈՒրեմն, որքան շոշափելի լինելու աստիճանի մոտենա իրեն, այնքան կնմանվի գեղարվեստական հայելու, որում յուրաքանչյուրն իրեն կտեսնի, ավելին, կփափագի տեսնել, ուստի` վերստեղծել իրեն` ըստ այդ արտացոլանքի: Այստեղ էլ թաքնված է արվեստի մոգական ուժը: Աստված մեկ անգամ ստեղծեց մարդուն, մարդն ամեն օր ստեղծում է իրեն: Արարչագործությունը դեռ շարունակվում է:
-Ալիսիա Կիրակոսյանն ասում է` «Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես»: Սիրո Ձեր բանաձևը:
-Հնարավոր չէ վերլուծության ենթարկել մի բան, որ չի կրկնվել և չի կրկնվելու երբևէ, որովհետև յուրաքանչյուրն իր եզակիության համեմատ է այն ապրում: Անհնար է սահմանումներ տալ նրան, ինչը չի ընդունում բանաձևեր: Այն, ինչի մասին պատմում են, երգում, նկարում, սիրո թողած ազդեցությունն է: Յուրաքանչյուրն իրեն հասու ճամփաներով փորձում է բացահայտել գաղտնիքը այդ հին ու մթին առեղծվածի, սակայն այն մնում է անընդգրկելի, ինչպես տիեզերքը, աննկարագրելի, ինչպես Աստծո էությունը, մշտակա, ինչպես Աստծո ներկայությունը: Նրա էության եզրագծումը նշմարելի է միայն Հավերժության հայելու անդրադարձումներում:
-Թարգմանել եք «ՈՒրբաթագիրքը»: Ի՞նչ գիտենք մեր առաջին տպագիր գրքի մասին:
-«ՈՒրբաթագիրքը» բուժիչ աղոթքների, պահպանագրերի, չար ուժերը շղթայող բանաձևերի, սաղմոսների, կիսաառասպելական զրույցների, մաղթանք-աղերսանքների մի ժողովածու է, որի կիրառելիությունն ու կարևորությունը հայ մարդու կյանքում հաշվի առնելով` Հակոբ տպագրիչը ձեռնարկեց առաջինը ա՛յն տպագրել` հիմք ընդունելով պահանջարկ վայելող ձեռագիր ուրբաթագրքերից մեկը: Հանձնարարվել է կարդալ ուրբաթ օրը, որ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում համարվում է Քրիստոսին մարմնավորած Սուրբ խաչի օր և ունի երկակի բնույթ. զգուշավորության օր է, քանի որ և՛ մարդու արարման, և՛ Մարդու Որդու խաչելության օրն է միաժամանակ: «ՈՒրբաթագրքին» «Նարեկի» պես բուժիչ զորություն է վերագրվել: Ամփոփում է գեղարվեստականորեն բարձրարժեք չափածո աղոթքներ, որոնք նույնքան գրավիչ ու հրապուրիչ են հնչում աշխարհաբարով, որքան գրաբար բնագիրը:
-Մենք քննադատող ազգ ենք դարձել ու ավելի շատ վատի մասին ենք խոսում, նկատե՞լ եք:
-Մենք կորցրել ենք ներդաշնակությունը: Մենք ունենք հազարամյակներով բյուրեղացած արժեքներ և դրանց կողքին` արագընթաց ու արդեն իսկապես հոգնած Եվրոպային հասնելու անդիմադրելի ձգտում: Բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ խախտում են մեր ներքին խաղաղությունը: Բոլորն են զգում, որ ինչ-որ բան կամ բազում բաներ սխալ են մեր կյանքում, և եթե սկզբում իսկապես սխալները մատնանշում էինք` շտկելու համար, հետզհետե ծուլանում ենք, ու ավելի հեշտանում են ամեն ինչ տեղի-անտեղի քննադատելն ու դրանով բավականանալը: Այսօր սա իրոք մեր հասարակության ներսում գոյություն ունեցող արատներից մեծագույնն է: Ես չեմ ընդունում անհիմն լավատեսությունը, պարզապես գիտեմ, որ միտքը, խոսքը նյութականանալու հակում ունեն: Ամեն մեկիցս է կախված մեզ շրջապատող լույսի պայծառությունը: Ժխտում պարունակող բառերը չեն կարող բարություն սերմանել: Մայր Թերեզան հայտարարում էր. «Ես չեմ գնա ցույցի` «Ընդդեմ պատերազմի», եթե ինձ հրավիրում են ցույցի` «Հանուն խաղաղության»:
Ասել, որ մութ է, նշանակում է ոչինչ չասել, ավելին, նշանակում է մութն ավելացնել: Ասել, որ լույս չկա, նշանակում է ընդգծել լույսի բացակայությունը, լույսի, բայց ամեն դեպքում բացակայությունը: Մինչդեռ կարելի է ասել` Լույս է անհրաժեշտ… Եվ այս դեպքում արդեն հաստատ այն գտնելու ճանապարհին ես...
-Լուսինե, Բոտերոյի քանդակը հավանո՞ւմ եք. դժգոհության աղմուկը դադարեց, բայց քանդակն իր տեղում է, և դժգոհողները, ուզած թե չուզած, հանդուրժելու են նրա ներկայությունը:
-Ինքս հանդուրժող եմ արվեստի բոլոր գործերի նկատմամբ: Իհարկե, արվեստի բարձրարժեք գործեր եմ համարում նրանք, որոնք հաճելի զգացողություններ են առաջացնում` առթելով ներաշխարհի ճեղքերն ապաքինող թրթռացումներ: Իր տեսակի մեջ հետաքրքիր աշխատանք է, Բոտերոն էլ այդպե՛ս է տեսնում աշխարհը: Բայց ուրիշ է արվեստի գործը իր արժանիքներով ու թերություններով գնահատելը, ուրիշ` քաղաքի կենտրոնում տեղադրելով` այն անգիտակցական ու ենթագիտակցական շերտերին ամենօրյա ազդակներ ուղարկող ալեսփյուռ դարձնելը: Աշխարհն իր խտացուցիչով ընկալած ամեն արվեստագետի ամեն հետաքրքիր աշխատանք չէ, որ կարող է զարդարել մայրաքաղաքի դեմքը: Եվրոպայում շատ կան քաղաքներ, որոնց կպատշաճեր այդ քանդակը, բայց ոչ Երևանին: Արվեստի գործի ընկալումը ճաշակի խնդիր է, բայց ոչ երբեք հիմք` ճաշակ թելադրելու:
-Երևանը սիրո՞ւն քաղաք է:
-Այո, ամեն ինչ փոփոխվում է, և Երևանը նախկին սուրբ ու հարազատ դիմագծերը կորցրած գեղեցիկ քաղաք է:
-Ծրագրերի մասին:
-Նպատակների վերածված գաղափարներ շատ կան, որոնք սպասում են իրենց հերթին` կյանքի կոչվելու համար: ՈՒնեմ նոր թարգմանություններ, որոնցից ուզում եմ հատկապես հիշատակել Անանիա Շիրակացուն վերագրված, բայց իրականում 10-րդ դարի գիտնական և փիլիսոփա Անանիա Նարեկացու գրչին պատկանող, երբևէ չթարգմանված «Սակս բացայայտութեան թուոց» աշխատությունը:
«ՈՒրբաթագրքի» առնչությամբ նոր ու հետաքրքիր ծրագրեր կան: Կարծում եմ` արժի աշխարհաբարի վերածել Հակոբ Մեղապարտի հրատարակած մյուս 4 գրքերը ևս` ստեղծելով հայկական գրատպության առաջին գրքերի գեղեցիկ մի հնգյակ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Լուսինե Ավետիսյան -«ՆԵՐԲՈՂՆԵՐ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆԸ»-քանդակներ
Դիտվել է՝ 6934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ