«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մենք ներկայացնում ենք Հայաստանը և պարտվելու իրավունք չունենք» (տեսանյութ, ֆոտոշարք)

«Մենք ներկայացնում ենք Հայաստանը և պարտվելու իրավունք չունենք» (տեսանյութ, ֆոտոշարք)
11.10.2012 | 17:42

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն 20 տարեկան է: Այս տարիներին նա բազում փայլուն հաջողություններ է արձանագրել իր ճանապարհին: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ մեծ հպարտությամբ ու խանդաղատանքով է խոսում իր սաների մասին, որոնք ոչ միայն պատվով ներկայացնում են Հայաստանը, նվաճում աշխարհի ճանաչված բեմեր, այլև մեծանում են հայրենասեր, կրթվում և դաստիարակվում են հայեցի ոգով:

Աշխարհում լավագույնը ճանաչված մանկական երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիա կատարած շրջագայությունից, մեծ համերգային ծրագրով հանդես է եկել նշանավոր համերգասրահներում: Այս ամենի մասին «Իրատես de facto»-ին իր տպավորություններն է պատմում մաեստրո Հեքեքյանը:

«ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԵՇՏ ՉԻ ՏՐՎԵԼ ՄԵԶ. ՄԵՆՔ ԴԺՎԱՐ ՈՒՂԻ ԵՆՔ ԱՆՑԵԼ»
-Պարոն Հեքեքյան, մենք շնորհավորում ենք Ձեզ երգչախմբի 20-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում ստեղծագործական նորանոր բարձունքներ: Կարծում եմ` յուրաքանչյուր հայ նույնպես հպարտ է «Հայաստանի փոքրիկ երգիչների» հաջողություններով ու հաղթանակներով: Ի՞նչ եք զգում, երբ Ձեր ղեկավարած երգչախումբը, որը դեռ այդքան երիտասարդ, արդեն սիրված ու ճանաչված է գրեթե ամբողջ աշխարհում:
-Անչափ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: ՈՒախ եմ, որ ոչ միայն ես ունեմ այդ հպարտության զգացումը, այլև հայ ժողովուրդը, որ ճանաչում և գնահատում է մեզ: Այդ ճանաչումը հեշտ չի տրվել մեզ, մենք դժվար ուղի ենք անցել: Անընդմեջ տարբեր երկրներ այցելելով` մենք սիրվեցինք, գնահատվեցինք և ճանաչելի դարձանք: Հպարտ եմ, որ նման երգչախումբ ունի Հայաստանը, հպարտ եմ, որ հենց ես եմ նրա ղեկավարը: Գիտե՞ք` ինչն է ուրախալի, որ իմ երեխաները երգում են ոչ թե երգելու համար, այլ լավագույն երգչախումբ են համարվում և դասվում առաջինների շարքում... Ես հպարտ եմ, որ մեր փոքրիկներն իրենց կատարումով կարողանում են նվաճել օտարերկրացիների սրտերը: Այնքան ուրախ եմ, որ դրսում պատահական մարդիկ, ինձ բոլորովին անծանոթ, կարող են մոտենալ և իրենց հրճվանքը, ուրախությունը հայտնել, շնորհավորել:
-Այնուամենայնիվ, ո՞րն է երգչախմբի այս 20 տարիների ամենալուրջ ձեռքբերումը։
-Այն, որ 2001-ին մեզ շնորհվեց «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսը, և մեկ տարի հետո` 2002-ին, Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվեցինք աշխարհի լավագույն մանկական երգչախումբ:
-Վերջերս եք վերադարձել Ճապոնիայից, համերգային ծրագրերով հանդես եք եկել շուրջ 40 քաղաքներում: Ի՞նչ նպատակ էր հետապնդում շրջագայությունը:
-Այո, ստեղծագործական շատ բուռն ամառ անցկացրինք: Մեծ համերգներ` խոշոր քաղաքներում, բազմաթիվ հանդիպումներ մշակույթի ճապոնացի գործիչների, հայտնի արվեստագետների, երիտասարդների և ճանաչված երգչախմբերի հետ: Շրջագայության հրավերը ստացել ենք «Մին Օն» կազմակերպությունից, որը տարեկան 1000 համերգ է կազմակերպում: Մեր այցն ի սկզբանե միտում ուներ մերձեցման եզրեր հաստատելու հայ և ճապոնացի ազգերի միջև, ներկայացնելու հայկական հարուստ մշակույթը, թեև հնչեցին նաև համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ (իհարկե, նաև մեծ թվով ճապոներեն երգեր, որոնք աննկարագրելի ոգևորությամբ ընդունեց հանդիսատեսը): Համերգային
ծրագիրը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20 և հայ գրատպության 500-ամյակներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:
-Ինչպե՞ս են ընտրվում երգչախմբերը: Ի՞նչ որակական չափանիշներ պետք է ունենան, եթե ուզում են մասնակցել նման կարգի համերգների:
-Երբ ճապոնացի կազմակերպիչներից մեկին հարցրինք` ինչպե՞ս եք ընտրում խմբերը կամ մենակատարներին, ասաց, որ ընդգրկում են միայն այն երաժիշտներին ու երգչախմբերը, որոնք, միջազգային ճանաչումից բացի, կարգով են բարձր Ճապոնիայում գործող նմանատիպ համույթներից կամ կատարողներից: Այսինքն, երբեք չեն հրավիրի մի ջութակահարի, որի նմանն արդեն ունեն:
-Դժվար չէ՞ փոքրիկ երգիչների համար խստապահանջ և զուսպ ճապոնացի ունկնդրի առջև ելույթ ունենալը:
-Թեև ճապոնացիները սիրում են հայ երգարվեստը, բայց պետք է խոստովանեմ, որ շատ բարդ է ճապոնացի ունկնդրի առջև ելույթ ունենալ, որովհետև որպես ազգ նրանք շատ զուսպ են, և այդ զսպվածությունն անդրադառնում է համերգի հուզական կողմի վրա: Պատճառը ոչ թե այն է, որ չունեն զգացմունք, այլ այն, որ չեն ցուցադրում, կարողանում են թաքցնել: Նրանք սովոր չեն ի ցույց դնելու իրենց հրճվանքն ու տխրությունը, դա համարում են թուլության նշան, ինչը գենետիկորեն է փոխանցվել:
-Իսկ հուզական ընկալման բացակայությունը չի՞ ազդում երգչախմբի ելույթի վրա, չի՞ կաշկանդում մեր փոքրիկ երգիչներին։
-Իհարկե, կաշկանդում է: Առաջին անգամ, երբ Ճապոնիայում ելույթ ունեցանք, բավականին բարդ էր, երեխաները սովոր չէին նման սառը վերաբերմունքի, նրանք սպասում էին, որ հանդիսատեսը հոտնկայս պետք է ծափահարի, բարձրաձայն ցուցադրի իր հրճվանքը: Ասեմ, որ տարբեր քաղաքներում ունկնդիրը տարբեր է, կենսախինդ ճապոնացիների ամենուրեք կարելի է հանդիպել: Չպետք է մոռանանք, որ նրանք աղետալի երկրաշարժ են տեսել, յուրաքանչյուրն ինչ-որ վիշտ ունի հոգու խորքում, չկա մի մարդ, որ ազգական կորցրած չլինի այդ արհավիրքի ժամանակ. պատկերացրեք, մեր առաջին ելույթը հենց հյուսիսում էր: Սկզբում պաղ էին, սառը ծափահարում էին և վերջ, բայց վերջում արտասվում էին, մոտենում, գրկում, շնորհավորում, հիացմունքի խոսքեր ասում: Ճապոնացի ունկնդիրը, որ բոլորովին չի սիրում հոտնկայս ծափահարել, Նագոյա քաղաքում ամբողջ 2200-տեղանոց դահլիճը ոտքի էր կանգնել, մինչդեռ Տոկիոյում դահլիճն այդպես էլ ոտքի չկանգնեց, թեև համերգի ավարտից հետո անպատմելի ջերմ վերաբերմունք ցուցաբերեց: Երբ երգչախումբը բուռն ծափերի ներքո մի կերպ լքեց բեմը, մեկ-երկու րոպե հետո հանդիսատեսի չդադարող ծափերն ու գոչյունները երկրորդ անգամ ստիպեցին մեզ բեմ բարձրանալ: Այդպիսի բան ես իմ կյանքում չէի տեսել, նման բան դեռ չէր եղել:
-Քաղաքից քաղաք նման մեծ դահլիճներում ելույթ ունենալը չէ՞ր հոգնեցնում փոքրիկներին: Ինչպե՞ս էին հաղթահարում այդ վիճակը:
-Տոկիոյի համերգը Opera City դահլիճում ամենավերջինն էր և ամենածանրը: Այն վերջին և ամենակարևոր փորձությունն էր, որ պետք է պատվով հաղթահարեինք: Նախավերջին համերգը փոքրիկ քաղաքում էր, երեխաները թեև լավ երգեցին, բայց զգում էի, որ նրանց էներգիան սպառվել է: Ես անհանգիստ էի, իսկ երեխաներն այնպես էին ջլատվել, ուժասպառ եղել, որ վախենում էի` այս վերջին համերգը անհաջող ընթանա, և ողջ շրջագայության հրաշալի պատկերն ի չիք լինի, ամբողջ չարչարանքը ջուրը կլցվի: Ես նրանց ասացի` նայե՛ք, սա վերջին համերգն է, ամենաբարձրակարգ խավն է լինելու, մեր երկրի դեսպանն է այստեղ (նա մյուս բոլոր համերգներին ներկա չէր), ի վերջո, սա մայրաքաղաքն է, և պետք է փայլեք ձեր ելույթով։ Երեխաները մի մարդու պես այնպես հավաքվեցին, կարծես նոր եկել էին:

«ԼԱՎ Է ԼԻՆԵՄ ԼԱՎ ՀԱՎԱՔԱՐԱՐ, ՔԱՆ ՎԱՏ ԴԻՐԻԺՈՐ»
-Մաեստրո, ի՞նչ առանձնահատկությամբ է օժտված «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը, որո՞նք են այն կարևոր հատկանիշները, որ չունեն այլ երգչախմբեր: Վերջապես, ո՞րն է երգչախմբի հմայքը:
-Սերը միմյանց հանդեպ: Սերը` իմ և երեխաների միջև: Սերը հայրենիքի նկատմամբ: Երևի կզարմանաք, բայց դա շատ կարևոր հատկանիշ է, մանավանդ դրսի համերգների ժամանակ։ Եթե մարդը հայրենասեր չեղավ, ես նրա հետ դժվար եմ լեզու գտնում: Ինձ համար պատնեշ է առաջանում, և երեխաները դա գիտեն: Եթե ընտանիքում հայրենասիրություն չի դաստիարակվել, ապա երգչախումբն այդ առումով շատ ամուր հիմքերի վրա է: Ամեն ինչի մեջ սեր պետք է լինի: Այդ մեծ զգացումից շատ բան է կախված: Այն խինդը, հաճույքը, որ զգում են նրանք բեմում, ամեն ինչ ասում է արդեն: Նրանք չեն երգում, ապրում են: Մեր երգչախմբի խանդավառ ելույթները չեն վրիպել նաև օտարազգի երաժիշտների աչքից: Ճապոնացի դիրիժոր Տանակա Հիդեյուկին ասաց, որ շատ լավ երգչախմբեր կան, որոնք հոյակապ երգում են, բայց այս փոքրիկներն ապրում են բեմում, երջանկանում են երգելիս:
-Ո՞րն է գաղտնիքը:
-Ես որևէ հնչյուն, որևէ բառ իրենց հենց այնպես չեմ սովորեցնում, ես նախ բացատրում եմ դրա իմաստը: Ավելին, այնքան եմ վերլուծում, որ այն դառնում է նրանց սեփականությունը: Իմ երգիչները շատ են չարչարվում, և այդ տառապանքը վերջում դառնում է վայելք:
-Որպես խմբի գեղարվեստական ղեկավար, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդում երգչախմբին, ինչպե՞ս եք ճանապարհ հարթում նրանց համար, ի վերջո, ի՞նչ եք սովորեցնում նրանց կարևորել ամենից շատ:
-Չկա այդպիսի սկզբունք, բայց կա ներքին մղում: Ես չեմ սիրում լինել երկրորդը, ես չեմ կարող լինել միջինը: Ես ավելի լավ է չլինեմ: Լավ է լինեմ լավ հավաքարար, քան վատ դիրիժոր, վատ երաժիշտ կամ վատ գիտնական: Ես հաճույքով կավլեմ փողոցը, եթե իմանամ, որ քաղաքում գոնե ինձ նման ավլող չկա, որ մարդիկ նայեն և ասեն` տեսեք ի՜նչ լավ է ավլում: Այո՛, ավելի լավ է լավ ավլող լինեմ: Եվ իրենց էլ եմ այդպես սովորեցնում, հաճախ եմ խոսում դրա մասին: Միշտ ասում եմ` ինչ էլ դառնաք կյանքում, աշխատեք լինել լավագույնը: Ես սովորեցնում եմ ձգտել հասնելու դրան, չարչարվել նպատակդ իրականություն դարձնելու համար: Երկրորդ` սովորեցնում եմ սիրել հայրենիքը: Քանի որ մենք հաճախ ենք արտասահմանում լինում, հայրենասիրությունն այդտեղ է օգնում: Դրսում դու այնքա՜ն շատ ես զգում քո երկրի պակասը, հասկանում ես, որ քո երկրի ներկայացուցիչն ես, որ իրավունք չունես երկիրդ վատ ներկայացնելու:
Մենք ներկայացնում ենք Հայաստանը` գիտակցելով, որ պարտվելու իրավունք չունենք:


Զրուցեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Հ. Գ.- Ի դեպ, պարոն Հեքեքյանը հերքեց հանրության շրջանում ստեղծված այն թյուր կարծիքը, թե «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ում ընդունելությունը որոշակի դժվարությունների հետ է կապված: «Մեր երգչախումբ կարող է ընդունվել 3-16 տարեկան ցանկացած երեխա: Մեր դռները բաց են բոլոր մանուկների առջև առանց որևէ խտրականության: Երգչախումբ ընդունվելը շատ հեշտ է, չի պահանջվում հատուկ միջնորդ կամ ծանոթ, ինչպես կարծում են շատերը»,- նշեց Տիգրան Հեքեքյանը:

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

'Mush'. Little Singers Of Armenia in Sweden at the festival 'Let The Future Sing'
Դիտվել է՝ 5568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ