ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժամանակին նրա մասին ողջ Փարիզն էր խոսում. Սերովբե-Լևոն Քյուրքչյան

Ժամանակին նրա մասին ողջ Փարիզն էր խոսում. Սերովբե-Լևոն Քյուրքչյան
24.02.2022 | 13:43

Ֆրանսահայ կերպարվեստում ուրույն տեղ գտած կենցաղանկարիչ Սերովբե-Լևոն Քյուրքչյանի անունը (որոշ աղբյուրներում՝ Քյուրքճյան, Քիւրքճեան), որի արվեստում ճշմարտացի արտացոլում են գտել հասարակ մարդկանց կյանքն ու կերպարները, այսօր ցավոք շատ քչերին է հայտնի, մինչդեռ ժամանակին նրա մասին ողջ Փարիզն էր խոսում։ Նրա կտավները ցուցադրվել են Վերսալում, Նանտում, Թուլուզում, Վիշիում, Լոնդոնում, Ստամբուլում և Փարիզում։

Այսօր, ցավոք, նրա աշխատանքներից լոկ մի կտավ է՝ «Բարդին ծովափին», պահվում Հայաստանի ազգային պատկերասրահում։
1872 թ․ մայիսի 2-ին Մարմարա ծովի ափին գտնվող Սամաթիայի (հայաբնակ թաղամաս Ստամբուլի եվրոպական հատվածում) փողոցներից մեկի աղքատիկ մի տանը ծնված մանչուկին՝ ապագա նկարչին, դժվարին ճակատագիր էր սպասվում։ Նրա ընտանիքն այնքան աղքատ էր (իսկ այդ թվականներին աղքատությունը համազոր էր ստրկության), որ Սուրբ Գևորգ եկեղեցում որդուն մկրտելիս ոչ ոք չի ցանկանում տղայի կնքհայրը լինել։ Ի վերջո այդ պաշտոնը վիճակվում է եկեղեցու վանեցի ժամակոչին։
Նախնական կրթությունը Կ. Պոլսի Սահակյան վարժարանում ստանալուց հետո բնավորությամբ ամաչկոտ ու մենասեր պատանին, ով չէր կարողանում իր ընդունակությունները գնահատել տալ, 1892 թ․ հոր կամքին հակառակ ընդունվում է Պոլսո Գեղարվեստից վարժարան, ուր չորս տարի յուղանկարչության դասեր է առնում։ Այդ տարիները նկարչի կյանքում հավանաբար ամենաանհոգն էին, չնայած որ լի էին վտանգներով․ նա ստիպված էր առավոտից երեկո մայրաքաղաքի փողոցներում անցկացնել, իսկ երբեմն տուն վերադառնալով ոտքով՝ ինքնապաշտպանության նպատակով զենքի դիմել, քանզի այդ տարիներին երբեմնի խաղաղ Սամաթիան «վեր էր ածվել վառոդի տակառի»։


Եվ ահա 1896 թ. օգոստոսի 14-ին (26 զինված հայեր 23-ամյա Բաբկեն Սյունու (Պետրոս Փարյան) գլխավորությամբ գրավում են Կ. Պոլսում գտնվող Օտոման բանկը՝ նպատակ ունենլով Հայկական հարցի վրա մեծ պետությունների ուշադրությունը հրավիրել) բռնկվում են Սամաթիայի ռմբային կռիվները, որոնց ժամանակ փողոցում զոհվում է նկարչի հայրը, ավերվում է հայրական տունը և դրա հետ՝ ընտանեկան անդորրը, պատանեկան երազները, ապագայի լուսվոր տեսլականը․․․։ Տանից մեծ դժվարությամբ դուրս պրծած և ծովափում ապաստանած երիտասարդը դեռ երկար էր իր մեջ ուժ գտնելու, որ կրկին մոտենար իրենց կիսաքանդ տանը։ Բայց հայրական տան պատկերը որպես հուշ կտավին հանձնելու անհագուրդ ցանկությունն այնքան մեծ էր, որ անտեսելով վիրավորած ձախ թևի սաստիկ ցավը՝ վերցնում է վրձինն ու երանգապնակը ու մտնում իրենց կիսաքանդ տուն։ Եվ քանի դեռ հուզմունքից խեղդվելով շուրջն էր դիտում, նկատում է, որ տան «օջախը» կանգուն է։ Նա կտավին է հանձնում ընտանիքի հավերժության ու բարեկեցության խորհուրդն ամբողջացնող այդ օջախը։ Արդյունքում ծնվում է մի կտավ, որը պետք է նրա ճանաչման ու հաջողության գրավականը դառնար։


Որոշ ժամանակ անց այս և նույն արվարձանի թաղերից մեկը ներկայացնող մի այլ կտավ ձեռքի տակ՝ որպես գծագրության ուսուցիչ մեկնում է Իզմիր և 1896-1899 թթ-ին գծագրություն ու գեղագրություն դասավանդում դպրոցներում, ինչպես նաև մասնավոր դասեր է տալիս։ Այստեղ դասախոսություններով, եկեղեցական պատկերներ նկարելով որոշ գումար է հավաքում և մեկնում է Փարիզ՝ ընդունվելով Ժան-Պոլ Լորանսի հիմնած «Ժյուլիան» ակադեմիան (1900 թ․)։ Սակայն, ապրուստի միջոց չունենալով, ստիպված է լինում կիսատ թողնել ուսումը և Լուվրի թանգարանի նկարներից ընդօրինակելով՝ օրապահիկ վաստակել։
Օրերից մի օր մասնակցում է «Ժյուլիանի» գեղարվեստի մասնավոր ակադեմիայում կազմակերպված մրցույթին և իր գծագրությունների համար քառասուներկու ուսանողների շարքում առաջին մրցանակն է շահում, իսկ 1905 թ․ վերջում կայացած դիմանկարի մրցմանը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում «Գինով կինը» կտավի համար արժանանում է արծաթե մեդալի։ Մի օր էլ ամաչելով և քաշվելով իր «Հայ օջախը» կտավը Ակադեմիայի աշխատանոց է տանում և մի քանի ընկերների ցույց տալիս։ Այսպես զարմանքի և զմայլանքի բացականչությունների շշուկները հասնում են Ժան-Պոլ Լորանսին, ով «հրապուրված նրա տաք գույներով» և ապշած երիտասարդ նկարչի տաղանդից՝ ստիպում է կտավը նույն տարում «Սալոն» (Ֆրանսիայում ժամանակակից արվեստի պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների հավաքական անվանումը) ուղարկել, որտեղ քննիչ հանձնախումբը, առանց առարկության և միաձայն, այն ընդգրկում է ցուցահանդեսում։
Ահա այսպես, մեկ կտավի շնորհիվ, Քյուրքչյանը Փարիզում համբավ և ճանաչում է ձեռք բերում՝ հայտնի դառնալով որպես վարպետ զարդանկարիչ։ Ավելի ուշ Փարիզում հայտնի մի շարք ապարանքների պատեր զարդարվում են վարպետի կտավներով։


Բազմաթիվ ամսագրեր և արվեստի քննադատներ, ինչպես նաև արվեստագետներ և արվեստակցական միություններ շտապում են իրենց հիացմունքն ու համակրանքն արտահայտել այս նկարին և հայ տաղանդավոր նկարչին։ «Հայ օջախը» կտավը տեսնելու համար անգամ Ֆրանսայի նախկին նախագահ Ժան Կազիմիր-Պերեն (1894-1895 թթ․) է նկարչին աշխատանոցում այցելում։ Այս նկարն այնպիսի աղմուկ է բարձրացնում, որ «The Société des Peintres Orientalistes Français» ընկերությունը անդամակցության և կտավն իրենց նկարահանդեսում կրկին ցուցադրելու առաջարկ է անում։
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, տաղանդաշատ բնագետ, հանրագիտակ, գրող, գրականագետ, խմբագիր և գեղագետ Սիմոն Երեմեանն իր «Գրական պատմութիւն եւ գեղեցիկը» գրքում (Ս․ Ղազար, 1915 թ․) Քյուրքչյանին համեմատում է վաղ Վերածննդի կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ Վիտտորե Կարպաչչոյի հետ, ով կյանքի թեմաներով կատարված նկարաշարերում առասպելական, սրբացված իրադարձությունները մեկնաբանել է որպես ժամանակակից իրական կյանքի պատկերներ՝ ներմուծելով քաղաքային բնապատկեր ու ինտերիեր, և հող նախապատրաստել XVI դարի վենետիկյան վարպետների գեղանկարչական հայտնագործումների համար։ «Ի՞նչ է այժմեան նոր նկարչութեան յատկութիւնը, կատարել իրապաշտ ընդօրինակութիւն, ուր տպաւորութիւն, զգացմունք և իրականութիւն հարազատ գծերով յայտնի կ’ըլլան։ Իտալացի Ֆավրէթթոն յայտնի կ’ընէ այդ յատկութիւնը իր Րիալթոյի նկարովը (Miracle of the Relic of the Cross at the Rialto Bridge)․ ու մեր մէջ նորագոյն նկարիչն Քիւրքճեան իր «Հայ Օճախը» անդրանիկ գործովն»։


Այլևս Քյուրքչյանի ճամփան հարթված էր։ Այժմ սիրված նկարիչը մեծ եռանդով գործի է լծվում և քաջալերված իրեն եղած ընդունելությունից՝ սկսում է անդադար նկարել՝ հիմնականում պատկերելով խոնարհ ու տառապած դասակարգի տեսարաններ։ Նա տարին մեկ անգամ յոթ տարի շարունակ իր կտավները ցուցադրում է Les Salons de la Société des Artistes Français-ում, որտեղ «Բրետանյան նախաճաշ» աշխատանքի համար մի քանի անգամ արժանանում է պատվո մեդալի։


Հարկավ անժխտելի է Քյուրքչյանի աստվածատուր շնորհը, սակայն առանց վարանման կարելի է ասել, որ նրա գեղագիտական աշխարհում շրջադարձային էր Կոմիտասի հայտնությունը, քանզի մինչ սա վարպետի վրձինը թեև շնորհալի, բայց օտարաշունչ էր․ բացակայում էր հայ մշակույթին հատուկ ոգեղենությունը, չկային հայ մարդու տիպական կերպարն ու հայկականության գունապնակը։ Մեծ երգահանի կերպարը մեծապես ազդում է Քյուրքչյանի՝ ազգայինի խոր զգացությունների և ընկալումների վրա, և Կոմիտասի ազդեցության տակ նա սկսում է «վրձինը թաթախել հարազատ ժողովրդի հոգու և սրտի մեջ»։
Կոմիտասի ժամանակակից դաշնակահարուհի, նրա արվեստի երկրպագու ու բարեկամ Աղավնի Մեսրոպյանը իր մի հուշում մի ազդեցիկ դրվագ է պատմում՝ նվիրված վարպետի՝ «Կոմիտաս» կտավի արարմանը և դրա հետագա ճակատագրին։


«Երաժշտասեր հայ նկարիչը բացառիկ սիրով և հարգանքով էր լցված Կոմիտասի նկատմամբ, առավելապես երբ ուսումնառության տարիներին (1899 թ.) Բեռլինում ունկնդրել էր նրա՝ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությանը նվիրված դասախոսություններից մեկն ու ներկա եղել համերգին։ Այդ օրվանից նկարիչը դարձել էր նրա ուխտյալ երկրպագուն ու փայփայել մի մեծ երազանք՝ նկարել ազգային մեծ երաժշտագետին՝ սրբացնելով նրա նվիրական կերպարը։
Եվ ահա Փարիզի Ժան Գուժոն փողոցում կառուցվող Ս. Հովհաննես Մկրտիչ նորակառույց հայկական եկեղեցու նկարազարդումները երբ վստահում են Լևոն Քյուրքչյանին (ըստ վերոնշյալ աղբյուրի՝ որմնանկարները նույնպես պատվիրել են Քյուրքչյանին, սակայն որմնանկարները պատկանում են նկարիչ Պոլ Լըղուայի վրձնին (Paul Leroy), իսկ Քյուրքչյանն իր կտավներով է զարդարել եկեղեցու պատերը, որոնցից պահպանվել է միայն մեկը՝ «Խաչելություն»-ը), նա որոշում է սրբապատկերների շարքում ներկայացնել նաև Կոմիտասին։
1905 թ-ին վարդապետը Փարիզում հանդես էր գալիս հայ ժողովրդական և հոգևոր երգերի մասին ընդարձակ դասախոսություններով, ինչպես նաև համերգներով, և այդ օրերին բնակվում էր նորակառույց եկեղեցու առաջնորդարանում, որտեղ ապրում և ստեղծագործում էր նաև նկարիչը։ Նրանք առիթներ շատ էին ունենում հանդիպելու և զրուցելու, ինչի արդյունքում էլ ավելի է ամրապնդվում մեծ վարդապետին սրբապատկերված ներկայացնելու Քյուրքչյանի ցանկությունը։


Որոշ ժամանակ անց սրբապատկերը գրեթե պատրաատ էր․ մեծադիր կտավի վրա Կոմիտասն էր՝ վերացած, աչքերը դեպի երկինք հառած, որտեղից ճառագած լույսն իջնում և լուսապսակի մեջ էր առնում նրա գլուխը։ Այն պատվիրատուին՝ Ալ. Մանթաշյանցին այնքան է դուր գալիս, որ նկարչին կրկնակի է վճարում:
1906 թ․ Կոմիտասը նույն առաքելությամբ կրկին Փարիզում էր (այդ թվականին փարիզյան համերգներից մեկի ժամանակ էր, երբ ֆրանսիացի մեծահամբավ երգահան, դաշնակահար և երաժշտաքննադատ Կլոդ Դեբյուսին ծնկի է իջնում Կոմիտասի առջև և ձեռքը համբուրելով ասում․ «Հանճարեղ այր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարի առջև խոնարհվում եմ»․․․)։
Մի օր, երբ Քյուրքչյանն արվեստանոցում կտավի վրա վերջին վրձնահարվածներն ու շտկումներն էր անում, անսպասելիորեն ներս է մտնում Կոմիտասը։ Նա մի պահ քարանում է ու, հանկարծակիի եկած, արձանանում իր ասես կենդանի կրկնօրինակ-պատկերի առջև։ Նա կարկամում է․ զգացածն արտահայտելու բառեր չի գտնում․ «Մեկ կողմեն Կոմիտասի հոգին կխոնարհեր մեծ նկարիչի վարպետության առջև, իսկ մյուս կողմեն հազիվ կկարողանար զսպել իր զայրույթը՝ տեսնելով զինքը աղերսագին հայացքով դեպի երկինք վերացած»,- գրում է Աղավնին։ Եվ երբ Քյուրքչյանը նրբամտությամբ հայտնում է վարդապետին, որ այդ նկարը դրվելու է նորակառույց եկեղեցում՝ որպես սրբապատկեր, Կոմիտասն ասես շանթահարվում է և ամենայն խստությամբ պահանջում անհապաղ ջնջել պատկերը, վերացնել այդ «մեղապարտ Կոմիտասին»։


Կոմիտասի ահագնացող զայրույթից ու այդ անսպասելի իրավիճակից անչափ հուզված և շփոթված՝ Քյուրքչյանը, արցունքն աչքերին, դողդոջուն ձեռքով սկսում է ջղաձգորեն ջնջել «իր ոգևորությամբ և խորին ներշնչանքով երկնած ստեղծագործությունը»։ Կոմիտասը, կարծես զգալով, որ իր անձն ու գործն այլև փրկված են հավերժական ծաղրանքից, և տեսնելով նկարչին պատճառած անասելի ցավը, համբուրում է նրա արասվալից աչքերը և ասում. «Իմ ազնի´վ բարեկամ, խնդրում եմ չվշտանաս… Քո միամիտ ու անկեղծ սիրուց մղված՝ սպանել էիր ինձ՝ պոկելով ինձ իմ ժողովրդից ու հայրենիքից և կապելով երկնքին: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին…»:
Քյուրքչյան-Կոմիտաս երկարատև բարեկամության մեջ այս դրվագը վճռական նշանակություն է ունենում Քյուրքչյանի արվեստի վերափոխման տեսանկյունից։
Աղավնին պատմում է, որ 1912 թ․ երբ Քյուրքչյանը, ով իր մոր ազգականն էր, երկու շաբաթով հյուրընկալել էր Պերայի իրենց բնակարանում, անդադար խոսում էր Կոմիտասի օջախում բնակություն հաստատելու միակ երազանքի մասին (Կոմիտասի օջախը դարձել էր Քյուրքչյանի ամենանվիրական անկյունը)՝ շնչելու համար հայ ժողովրդական երգի պարզ, կենդանի ու վեհ մթնոլորտը։ Պարզապես Կոմիտասի մեջ Քյուրքչյանը զգացել էր հայ ժողովրդի մեծությունը, ու ահա թե ինչու էր այս անգամ փափագում Կոմիտասին հավերժացնել «երկնքից պոկված և իր ժողովրդին և հայրենիքին կապված»։ Քյուրքչյանի այդ երազը, սակայն, դժբախտաբար չի իրականանում․․․


Կոմիտասի ողբերգության տարիներին Քյուրքչյանի միակ մխիթարանքը Շիչլիի «Hôpital de la Paix» հիվանդանոց հաճախակի այցելություններն էր, որտեղ հակառակ ստացած հուսահատեցուցիչ լուրերին՝ նկարիչը սպասում ու հավատում էր, որ իր ներշնչանքի աղբյուր դարձած հանճարեղ Կոմիտասն ապաքինվելու է։
Ի դեպ ընտանեկան շրջապատում Քյուրքչյանը հաճախ էր բարի նախանձով արտահայտվում և երանի տալիս Փարիզի Նկարչական ակադեմիայի իր դասընկեր Փանոս Թերլեմեզյանին, ով բախտ էր ունեցել ապրելու Կոմիտասի շնչի տակ։ Կոմիտասի մահից հետո՝ այլևս նրա արվեստի ընդհանուր հմայքով մղված՝ Քյուրքչյանը արժեքավոր գործերի մի ամբողջ շարք է ստեղծում, որոնք թե´ թեմայով, թե´ ոգով կապված էին իր հարազատ ժողովրդի կյանքի ու ձգտումների հետ։


«Իր ալբոմներուն մեջ Քյուրքճյան ուներ Կոմիտասի մատիտանկար ուրվագծերը, սակայն, կոմիտասյան դրաման մեկ կողմեն, և վրա հասած անակնկալ մահը մյուս կողմեն, չթողուցին, որ իր վարպետ վրձինով հավերժացներ Կոմիտասը՝ իր իսկության մեջ – հայացքը թափանցած հայ ժողովրդի հոգու խորքերը, սիրտը բաբախուն՝ հայրենի կարոտով։ Կոմիտաս կենդանի մահացավ, և ստվերապատվեց անոր նկարը Քյուրքճյանի վշտալի հոգիին մեջ»։
Քյուրքչյանն ուներ ամեն ինչ՝ ճանաչում, գնահատանք, բավարար գումար՝ բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Բայց սաստիկ հոգնել էր և ուզում էր մի փոքր կտրվել, մեկնել մի խաղաղ վայր՝ նոր պատկերներ, գաղափարներ փնտրելու, նոր ներշնչումներ ունենալու և, ինչու չէ, արևից և ծովից իր կարոտն առնելու։ Նա միշտ մեծ հուզմունքով էր հիշում Մարմարայի ծովափին անցկացրած իր պատանեկության տարիները, իր անրջանքի ու երազի երբեմնի ապրումները, պահերը․․․ Ուստի մեկնում է Բրետանի նահանգ (Թերակղզի Ֆրանսիայի հյուսիս -արևմուտքում)։ Ահա բնության գրկում, ազատ ամեն կապանքից, նկարիչը կրկին լծվում է աշխատանքի և բավարար պաշարով Փարիզ վերադառնում՝ 1911 թ․ «Սալ Ֆրանսեզի» սրահներում բացելով Բրետանի ծովափի տեսարաններով նկարների անհատական ցուցահանդեսը (յուղաներկի և պաստելի 35 աշխատանք), որոնք արժանանում են արվեստի քննադատ Թ․ Լֆեբրի խանդավառ գովեստին․ «Մեծ արժանիքների ավեստագետ, լուրջ ուսումնասիրող՝ կատարելագործված ոճով»։ Նկարիչը հիմնականում պատկերում էր հասարակ աշխատավորի, թշվառ մարդկանց առօրյան։ Կրկին գովեստի շշուկներ են տարածվում ամենուրեք։ Ֆրանսիական թերթերն ու գեղարվեստական հանդեսները մեծ դրվատաքով են խոսում այդ ցուցահանդեսի մասին: Նույն թվին երկրորդ ցուցահանդեսը բացվում է Բրյուսելում, որտեղ ցուցադրած իր նկարները շատ բարձր են գնահատվում տեղի թերթերի կողմից (այդ գործերը ներկայացվում են նաև Վերսալում, Նանտում, Թուլուզում, Վիշիում, անգամ՝ Լոնդոնում)։


Ի դեպ, 1910 թ․ երբ հայոց կուլտուրական միությունը որոշում է Երևանում կանգնեցնել անմահ Խաչատուր Աբովյանի արձանը, արձանի մոդելների համար դիմում է նաև Քյուրքչյանին, ով Փարիզից արձանի երկու մոդել է ուղարկում՝ ականատեսների ասելով՝ շատ հաջողված։
1912 թ․ չկարողանալով զսպել այրող կարոտը՝ վերադառնում է հայրենիք։ Հին ու տխուր քաղաքի՝ Սամաթիայի գեղեցկությունները, հարազատ ծովափը, ձկնորսները, հարավային քամու շառաչյունը, ամեհի ալիքներն այնքա՜ն հարազատ էին․․․ Նույն թվականին անդամակցում է Վարուժանի և Հակոբ Սիրունու նախաձեռնությամբ մշակութային մի ձեռնարկի՝ «Աստեղատան»՝ 12 անձից բաղկացած մտավորականների խմբակի հիմնադրմանը, որի լիիրավ անդամներն էին Կոմիտասը, Փանոս Թերլեմեզյանը, Վարուժանը, Սիամանթոն, Զապել Եսայանը, Կոստան Զարյանը, Հրանտ Նազարյանցը, Գեղամ Բարսեղյանը և Հակոբ Սիրունին։


1913 թվականին Փանոս Թերլեմեզյանի հետ ցուցադրվում է Կոստանդնուպոլսում, որտեղ ներկայացված 145 աշխատանքներից 55-ը պատկանում էին նրա վրձնին: Բայց քանի որ Բալկանյան պատերազմներն իրենց արհավրալից ստվերը գցել էին նաև Թուրքիայի վրա, Սամաթիայում երկար չի մնում, որոշում է մեկնել Կիլիկիա (1913 թ․), որտեղ նկարչություն է դասավանդում Ադանայում։
Սակայն այստեղ Քյուրքչյանին նույնպես անդորր չէր սպասվում․ ճակատագրի բերումով մահաբեր 1915 թ-ի արյունալից իրադարձությունների ականատեսը դարձած արվեստագետին հրաշքով է հաջողվում խուսափել տարագրութունից և մինչև զինադադարը ինժեներ-գծագրող աշխատել Բաղդադի երկաթգծի ընկերությունում։ Նա մի ամբողջ շարք է ստեղծում՝ գաղտնի վրձնելով Հայոց Մեծ եղեռնի ճանապարհին իրենց հայրենիքից տեղահանված, անապատ քշվող ջարդված, կողոպտված, հուսահատ հայ գաղթականների դեգերող քարավանները («Քարավանից դուրս մնացած փոքրիկ հայուհին», «Գավառահայ մամիկը», «Մշեցի կինը» և այլն)։ Ի տարբերություն այլ նկարիչների՝ Քյուրքչյանը պատկերել էր ոչ թե երիտթուրքերի գեհենից ազատված փախստականներին, այլ դեպի իրենց վախճանն ընթացող հայ մարդկանց։ 1920 թ-ին Փարիզում ցուցադրված այս աշխատանքներն օժտված էին մերկացնող մեծ ուժով և գեղարվեստական ու պատմական բացառիկ արժեք էին ներկայացնում։ Դժբախտաբար, անհայտ է նկարչի մահից հետո նշյալ ստեղծագործությունների պահպանման վայրը։
1918 թվականին կրկին վերադառնում է Կ. Պոլիս, նորից գործի է անցնում՝ զբաղվում ուսուցչությամբ։


1920 թ. Պոլսի եվրոպական թաղամասում՝ Բերայում, Հայ ակումբում Փանոս Թերլեմեզյանի հետ կազմակերպում է կարևոր մի ցուցահանդես, որը գրավում է բազմաթիվ այցելուների ուշադրությունը։ Նրանք միասին բացում են (Ստուդիա)՝ նկարչությանը հետևող տաղանդավոր հայ երիտասարդների գործնական դաստիարակության համար, որը սակայն քաղաքական պայմանների վատթարացման հետևանքով երկար կյանք չի ունենում։
1921 թ․ նոյեմբերին Կ. Պոլսում (Բերա) Խորհրդային Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ բացված «Հայ արվեստագետների միության» 6–րդ ցուցահանդեսում ներկայացվում են նաև Քյուրքչյանի 15 աշխատանք («Օրվա հոգսը», «Փոքրիկ խոհարարուհին», «Ձեռագործ անող հայուհին», «Արթուն կյանքը Սամաթիայում», «Երազանք», «Քրիզանթեմ», «Աղքատիկ կատուն», «Ձյան վրա ճառագայթ» և այլն)։
1922 թվականին Զմյուռնիայի աղետից խույս տալով՝ վարպետը կրկին մեկնում է Փարիզ՝ իր վերջին բնակավայրը։ 1923 թ․ գարնանը բարեկամների աջակցությամբ բացում է իր վերջին ցուցահանդեսը՝ բաղկացած 35 յուղաներկ գործերից, ուր Պոլսի ու շրջակայքի տեսարանների («Իշխանաց կղզիներ», «Քարթալ» և այլն) կողքին ներկայացնում է նաև մի բնանկար՝ «Ադանայից», ինչպես նաև «Հյուսող հայ կինը», «Պահակը», «Կիլիկեցի լեռնականը», «Մի պոլսեցի ծեր կին» և այլ կտավներ։ Դրանց շարքում էր նաև հանրահայտ «Հայ օջախը»։ Փարիզաբնակ հարուստ հայ բարեկամի բնակարանում կազմակերպված այդ նկարահանդեսը դժբախտաբար զգալի օգուտ չի բերում նկարչին, ով նյութական շատ նեղ դրության մեջ էր։ Ի դեպ, մոտ ծանոթների հավաստմամբ՝ վերջին այդ շրջանում նա չարաշափում էր թե´ ծխախոտը, թե´ ոգելից խմիչքները։


1924 ապրիլի 11-ին տուն վերադառնալիս (մեկուսցած ապրում էր ուսանողական թաղի Սորբոն փողոցում գտնվող աղքատիկ հյուրանոցի մի անշուք սենյակում) տան մոտակայքում՝ փողոցի վրա, ողջ կյանքը մենության ու բազում արհավիրքների թոհուբոհով անցած մեծանուն վարպետը սրտի կաթվածից հանկարծամահ է լինում։ Թաղվում է Փարիզի հանրային գերեզմանատանը։
Միայնակ, անտուն, աներկիր, անհույս, ան․․․որքան ցավ կար ժամանակին այդքան մեծ աղմուկ բարձրացրած նկարչի հոգում։ Ցավ, որը միահյուսված էր անվերջ արարելու անհագուրդ ցանկության հետ։ Ցավ, որից ծնվում էին արվեստի գործեր, որոնք զմայլում և ապշեցնում էին դիտորդին․․․․Բայց որտե՞ղ են դրանք այսօր, որտե՞ղ կորան այս ինքնատիպ նկարչի գործերը։ Գուցե մինչև հիմա էլ թաքնված մնում են անհատ հավաքածուներում, կամ իրենց արարող նկարչի ծանր ճակատագրի պես զոհ դարձան և կորսվեցին պատմության ծանր ստվերներում։
Ցավալին այն է, որ Քյուրքչյանը՝ իր անգին ժառանգությամբ, միակ կորսված հայ արվեստագետը չէ․․․

Լյուսյա Առաքելյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 25827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ