«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՀԵՏՈ ՆԱ ԿԴԱՌՆԱ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ»

«ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՀԵՏՈ ՆԱ ԿԴԱՌՆԱ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ»
15.04.2011 | 00:00

ՄԵՏԱՔՍԵ
Արդեն ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող էի, երբ Մարքսի փողոցում գտնվող գրողների տանը հանդիպեցի Սողոմոն Տարոնցուն։ Նա խորհուրդ տվեց ի մի բերել բանաստեղծություններս և, որպես պատրաստի գիրք, ներկայացնել հրատարակչություն, խոստանալով լինել առաջին գրքիս խմբագիրը։
Սեպտեմբերի կեսերին ընտրեցի գրածներիցս մի մեծ փունջ ու ներկայացա Հայպետ-հրատի գեղարվեստական գրականության բաժին, որն այդ տարիներին ղեկավարում էր դրամատուրգ, թատերագետ Սերոբ Սարգսյանը։ Հրատարակչություն գնացի կեսօրին։ Ընդմիջման ժամ էր։ Չորսդին` լռություն։ Միայն գեղարվեստական գրականության սենյակից ձայներ հասան ականջիս։ Առաջ գնացի ու կամաց դուռը բացելով, մեխվեցի շեմին, երբ տեսա, որ Սերոբ Սարգսյանի զրուցակիցը Վարպետն է` Ավետիք Իսահակյանը։ Հանկարծակիի եկած, շլմորած, անելիքս կորցրի։
-Արի՛, արի՛ առաջ,- կանչեց Սերոբն ու ձեռքիցս բռնեց, տարավ դեպի վարպետը։
-Ճանաչո՞ւմ ես այս մեծ մարդուն,- ժպտաց։
-Նրան աշխարհն է ճանաչում... Բայց որ այսօր ձեռքը սեղմելու բախտ ունեմ` հրաշք է,- շիկնելով ասացի` սեղմելով Վարպետի ձեռքը։
-Ո՞վ է այս աղջիկը,- հարցրեց Վարպետը։
-Կարմրուկի շրջան է ապրում, ոտանավորներ է գրում, Շիրակի հողից է,- սրամտեց Սերոբը։
-Ձեռքինդ գրածնե՞րդ են, տեսնե՛մ,- ասաց Վարպետն ու վերցնելով բանաստեղծություններիս փունջը` սկսեց լուռ կարդալ։
Ընթերցելուն զուգահեռ հարցեր էր տալիս, թե որտեղից են ծնողներս, նրանց անուննե՛րը, պապիս անո՛ւնը, և այսպես հարց ու պատասխանը կամաց-կամաց փոխվեց զրույցի։
Պատմեցի, որ մերոնք Կարսից են, պապս` Մարտիրոսը, կույր աշուղ է եղել, մամս` Անթառամը, գեղեցիկ չի եղել, բայց եղել է զորեղ անհատականություն և շատ աշխատասեր։ Անթառամը սիրել է մորս` գեղեցիկ Երմոնին, որ չորս հարսների մեջ միայն նա՛ էր հարգել գյումրեցիների ավանդույթը, և ի նշան մեծարանքի, սկեսուր-սկեսրարի հետ պահել է չխոսկանությունը։ Մամիս դուր է եկել մորս հնազանդությունը... Այս խոսքի վրա երկուսն էլ սրտաբուխ ծիծաղեցին` մամիս որակելով խելացի կին։ Զրույցի մեջ ասացի, որ հորս չեմ հիշում, վաղ է մահացել։ Մամս ամուսնացրել է մորս, իր վրա վերցնելով իմ ու քրոջս խնամակալությունը, բայց մի տարի անց մամս մահացավ։
-Երկրորդ անգամ որբացա՛ք, հետո՞,- ծոր տվեց Վարպետը։
-Հետո մնացինք հորեղբորս` Հաբեթի խնամքի տակ։ Ծանր տարիներ էին։ Ե՛վ սով, և՛ աքսոր։ Հորեղբորս ծեծուջարդից փրկելու համար, հարևանների խնդրանքով և Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Մացակ Պապյանի կարգադրությամբ, մեզ տարան Գյումրիի մանկատուն։
Վարպետը հարցրեց ազգանունս, ասացի` Պողոսյան է, բայց դա մեր տոհմականը չէ, մերոնք Հովհաննիսյաններ են։ Վարպետը լռեց, հետո դարձավ Սերոբին.
-Այս աղջիկը կարմրուկի շրջան չի ապրում։ Նրա գրածների մեջ բնատուր տաղանդի կայծեր կան, հույզ կա ու քնքշություն։ Այդ կայծերը կարող են յուրատեսակ հրդեհի վերածվել, եթե աշխատի, շա՛տ աշխատի։ Վարպետությո՛ւն է պետք, որ այստեղ դեռևս չկա, եթե աշխատի, կգա այդ վարպետությունը։ Նրա մտքի համարձակ թռիչքները նրան համբավ կբերեն ու մեծություն, բայց դա կլինի ուշ, իր կյանքի երկրորդ կեսին։ Տասնամյակներ հետո նա կդառնա մեր օրերի ամենախոշոր կին բանաստեղծը, որովհետև օժտված է բնությունից... Դու հրաժարվիր քո Պողոսյան ազգանունից։ Գրական անուն ընտրիր միայն անունդ, այդպես ավելի ճիշտ է և ավելի բարեհունչ։
Ես գլխով համաձայնության նշաններ արեցի։ Մի տեսակ շլմորել էի։ Հավատս չէր գալիս Վարպետի բացահայտումներին, հեռատեսությանը։ Մի կողմից` ուրախ էի, անսպասելի ցնծություն էր, որ դրականապես արտահայտվեց, թևավորեց ինձ որպես ստեղծագործողի, մյուս կողմից` հոգիս կարծես տեղահանվել էր, իմ հոգին չէր։ Չգիտեի ի՜նչ էր կատարվում ինձ հետ։ Շիկնել, թեժացել, գլուխս կախել լսում էի Վարպետի հանդարտ ու սրտացավ խոսքը։ Հանկարծ իմ մեջ գլուխ բարձրացրեց մի անզուսպ ներքին մղում` բռնեցի Վարպետի աջն ու համբուրեցի։ Հետո, զսպելով արցունքս, դուրս գցեցի ինձ։ Միջանցքում մարդ չկար։ Նոր էին մեկիկ-մեկիկ վերադառնում ընդմիջման գնացածները։ Ես հուզված, փոթորկուն քելքով հասա ելքի դռանը, ուր բախվեցի խմբագիր Դորա Եսայանին։ Նա իմ շփոթ վիճակից զարմացավ։
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց։
Ես չհասցրի պատասխանել։ Վազելով իջա աստիճաններից, որպեսզի հասնեմ Խաչատուր Աբովյանի անվան ինստիտուտ` մասնակցելու դասախոսիս` Արշալույս Բաբայանի գրականության սեմինարին:
Անցան շաբաթներ և իմ մեջ միտք հղացավ կազմակերպելու ինստիտուտում Ավետիք Իսահակյանի հանդիպումն ուսանողության հետ։ Եվ քանի որ ինստիտուտի կուսբյուրոյի անդամ էի և նման կազմակերպչական միջոցառումների պատասխանատուն, խնդրեցի ինստիտուտի ռեկտոր Վարդգես Համազասպյանին ընդառաջել այդ հանդիսության կայացմանը։
Համազասպյանն ուրախությամբ համաձայնեց։ Կանչեց դասախոս Վաչե Պարտիզունուն և հանձնարարեց, որ մենք երկուսով գնանք Ավետիք Իսահակյանի տուն և նրա համաձայնությունն առնենք։
Մեկ շաբաթ անց, հանդիպման օրը, գնեցի յոթանասունյոթ կարմիր մեխակ։ Ընտրեցի երեսունյոթ գեղեցիկ ուսանողուհի, նրանց տալով մի-մի կարմիր մեխակ ու կանգնեցրի առաջին հարկից մինչև երկրորդ հարկ, դահլիճ տանող աստիճանների երկու կողմում։ Երբ դասախոսների ուղեկցությամբ Ավետիք Իսահակյանը ոտք դրեց ինստիտուտի շեմին, ստացավ մեխակների փունջ, հետո երբ մոտեցավ դահլիճ տանող աստիճաններին, տեսավ ծաղիկներով իրեն սպասող ժպտադեմ աղջիկներին` սքանչացավ, ողջունեց բոլորին և սկսեց շարքերի միջով բարձրանալ աստիճաններն ի վեր` երկու կողմից աղջիկներից ստանալով կարմիր մեխակներ։ Նա բարձրացավ, հասավ բեմ և փոթորկվող ծափերի ներքո, մեխակներով ողողված, գնաց, նստեց իրեն հատկացված շքեղ բազկաթոռին։ Յոթանասունյոթ մեխակի փոքր ու մեծ բլուրների մեջտեղում, դարձած կարմիր Մասիսների արքա, երկար ժամանակ փառավորված ծափահարվում էր Վարպետը` լեփ-լեցուն դահլիճի կողմից:
Այս հիասքանչ հանդիսությանն առաջինը ողջունեց ինստիտուտի ռեկտոր Վարդգես Համազասպյանը, այնուհետև ելույթ ունեցան դասախոսներ Արշալույս Բաբայանը, Վաչե Պարտիզունին, Պարույր Սահակյանը, Հայկազ Պողոսյանը։ Ելույթներ ունեցան ուսանողները` Վահագն Կարենցը, Մկրտիչ Սարգսյանը և ուրիշներ։ Իսկ ես և Սուրեն Մուրադյանը կարդացինք մեր բանաստեղծությունները` նվիրված Վարպետին։
Հանդիսության վերջում Վարպետը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հետաքրքիր հարցերին ու լսեց իր բանաստեղծությունների ասմունքը շնորհակալ սրտով։
Մեծ կենսափորձ ունեցող հանճարեղ գրողն իր իմաստուն խորհուրդներով լիցքավորեց ուսանողներին, թևավորեց նրանց որպես Հայաստանի ապագա հույս ու պատվար և իր խոսքի վերջում կոչ արեց աչքի լույսի պես պահպանել հայոց լեզուն, որպես ազգային գոյատևության հավերժություն։
Հրաժեշտին հանդիսատեսների ծափողջույնների միջով Վարդգես Համազասպյանը Վարպետին թևանցուկ տարավ, նստեցրեց իր ավտոմեքենան։ Հրավիրեց Վաչե Պարտիզունուն նստելու մեքենա, իսկ երբ Պարտիզունին հրավիրեց մեր կուրսի գեղեցիկ Մարգոյին մեքենա նստելու` Համազասպյանը բարձրաձայնեց.
-Մետաքսեն պետք է նստի, այսօր նա՛ է վաստակել Վարպետին ուղեկցելու մեծ պատիվը:

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ